Հայաստան

Գարնանը Պատերազմ Կլինի՞

Ամեն օր ավելի ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանն այս պահին պատրաստ չէ Հայաստանի հետ խաղաղության որևէ պայմանագիր ստորագրելուն և ուզում է Հայաստանից միայն ուժի միջոցով ստանալ այն, ինչ հնարավոր է: Բնականաբար, այս ամենի ֆոնին պատերազմի հավանականությունն էլ է աճում, և շատ կարևոր է հետևել, թե որքանով է սահմանի հետ կապված Ադրբեջանի պրոպագանդան աշխատում, օրինակ՝ երկու օր առաջ իրենք երկու ապատեղեկատվություն տարածեցին, թե հայկական զորքերը կրակ են բացել իրենց դիրքերի ուղղությամբ:

Լեոնիդ Ներսիսյան

Այսօր պատերազմը քիչ հավանական է, բայց գարուն-ամառ շրջանում ռիսկերը կարող են բավականին աճել. Ռազմական փորձագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է APRI Armenia վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը

– Պարո՛ն Ներսիսյան, Ադրբեջանի նախագահը նախօրեին հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին, որում հնչեցրել է սպառնալիքներ Հայաստանի հասցեին, խոսել «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին: Հաշվի առնելով այս հռետորաբանությունը՝ ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել, որքանո՞վ եք հավանական համարում, որ Ադրբեջանը կդիմի ռազմական գործողությունների:

– Բավականին մտահոգիչ հարցազրույց էր այն իմաստով, որ ուլտիմատիվ մի քանի բան ասվեց, օրինակ՝ աբսուրդային կետն այն մասին, որ Հայաստանը պետք է չեղարկի զենքի-զինամթերքի գնման իր բոլոր պայմանագրերը, պետք է վերադարձնի այն, ինչ արդեն գնել է: Հետաքրքիր էր, որ միայն Ֆրանսիայի մասով կոնկրետ խոսեց, Հնդկաստանի մասին չասաց, որովհետև երևի քչից-շատից վախենում է Հնդկաստանի հետ քաղաքական առումով հարաբերությունները սրելուց: Այն, ինչ Ալիևը պնդում է, աբսուրդ է, ու Հայաստանը չի կարող ու չի էլ անելու, մտահոգիչը հենց դա է, որ նա դնում է պայմաններ, որոնք գրեթե անհնար է կատարել՝ նույն Սահմանադրության փոփոխությունը, ինչի մասին էլի խոսեց:

Ամեն օր ավելի ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանն այս պահին պատրաստ չէ Հայաստանի հետ խաղաղության որևէ պայմանագիր ստորագրելուն և ուզում է Հայաստանից միայն ուժի միջոցով ստանալ այն, ինչ հնարավոր է: Բնականաբար, այս ամենի ֆոնին պատերազմի հավանականությունն էլ է աճում, և շատ կարևոր է հետևել, թե որքանով է սահմանի հետ կապված Ադրբեջանի պրոպագանդան աշխատում, օրինակ՝ երկու օր առաջ իրենք երկու ապատեղեկատվություն տարածեցին, թե հայկական զորքերը կրակ են բացել իրենց դիրքերի ուղղությամբ:

Եթե այս միտումը շարունակվի, և այդ կարգի ապատեղեկատվությունները շատ ինտենսիվ դառնան, դա կնշանակի, որ պատերազմի հավանականությունն ավելի է բարձրանում, որովհետև մենք նախկինում տեսել ենք, որ իրենք այդ գործիքակազմն օգտագործել են իրենց հանրությանը պատերազմի պատրաստելու համար: Մենք կարող ենք 2-3 շաբաթվա համար հարյուր տոկոսանոց ինչ-որ բան ասել, ու այսօր այդ կտրվածքով պատերազմ դժվար թե սպասվում է, բայց եթե ավելի երկարաժամկետ դիտարկենք՝ գարուն-ամառ ժամանակահատվածում, կարող է բավականին ռիսկային լինել, այդ ընթացքում պատերազմի հավանականությունը կարող է ավելի բարձր լինել, քան անցած տարի:

– Կա՞ միջազգային կոնսենսուս, որ Ադրբեջանը կրկին լայնածավալ ռազմական գործողությունների կդիմի:

– Ճիշտն ասած՝ այսօր ոչ մի հարցում միջազգային կոնսենսուս չկա, եթե մենք վերցնենք անգամ ռուս-ուկրաինական պատերազմը: Մենք տեսնում ենք որոշ կարծիքների բավականին ֆրագմենտացիա նաև Արևմուտքում, ու ինձ թվում է, Ադրբեջանը փորձում է նաև դրանից օգտվել: Նաև մենք տեսանք նարատիվներ, որոնք, Ալիևի կարծիքով՝ պետք է դուր գան Դոնալդ Թրամփին, օրինակ՝ համեմատությունը, որ «Հայաստանը սորոսական պետություն է, մենք՝ չէ», որովհետև Թրամփն ու իր թիմը հիմա շատ ակտիվ հենց Սորոսի մասին են վատ բաներ ասում: Ադրբեջանը հիմա սպասում է, թե ինչ է լինելու ԱՄՆ-ի հետ նաև, ու դրանից ելնելով էլ որոշումներ ընդունել:

– Իսկ համակարծի՞ք եք այն տեսակետներին, որ Ալիևի այս կոշտ հռետորաբանությունը նաև Թրամփի ընտրվելու հանգամանքով է պայմանավորված, պարո՛ն Ներսիսյան:

– Չեմ կարծում, թե միայն դա է, որովհետև այս վերջին մեկ տարվա մեջ մենք տեսել ենք այդ կոշտության ավելանալու դինամիկան: Ինչ-որ չափով կապված են Դոնալդ Թրամփի հետ, բայց նաև մենք տեսնում ենք դինամիկա, որն այնքան էլ փոխկապակցված չէ դրսի գործոնների հետ: Նա կարծում է, թե նաև իր ռեսուրսներն են բավական: Կա շատ հաճախ հնչող կարծիք, թե Ադրբեջանին ինչ-որ մեկը ստիպում է, որ Հայաստանի հետ պատերազմի, բայց ինձ չի թվում, որ դա ակտուալ է, ամենաշատ Ադրբեջանն է դա ուզում:

– «Զանգեզուրի միջանցքի» բացման մասով գիտենք Իրանի դիրքորոշումը, սա հաշվի առնելով, կարծում եք, Ադրբեջանն ու Թուրքիան գնալո՞ւ են մինչև վերջ:

– Դժվար հարց է, բայց Իրանի հետ կապված միակ մտահոգությունն այն է, որ կես տարվա մեջ նրա քաշն ահագին իջավ, որովհետև նրանք շատ կատաստրոֆիկ պարտություններ կրեցին Մերձավոր Արևելքում, կարելի է ասել, որ այդ պրոքսի զորքերի համակարգը, որ իրենք ունեին, այս պահին շատ ծանր վիճակում է:

Այստեղ կարող է երկու տարբերակ լինել, որ Իրանը ավելի քիչ զսպող ուժ հանդիսանա ու որոշում չընդունի, եթե ինչ-որ պատերազմ լինի մեզ մոտ: Երկրորդ՝ կարող է հակառակը լինել, քանի որ իրենց ուրիշ անելիքներ չի մնացել, իրենց սահմանի մոտ կատարվողի նկատմամբ ավելի հետաքրքրված ու ակտիվ լինեն:

– Հայաստանի Հանրապետության իշխանությունների աշխատանքը այս պահի ո՞րը պետք է լինի՝ հաշվի առնելով Ադրբեջանից հնչող բացահայտ սպառնալիքները:

– Պատրաստվել պատերազմի՝ ոչ թե ագրեսիվ, այլ պաշտպանողական, ու սրա մեջ մտնում են ոչ միայն բանակի հետ կապված փոփոխությունները, այլ նաև քաղաքական կոնտակտները, դիվանագիտական ու նմանատիպ աշխատանքներն այն երկրների հետ, որոնք որևէ ձևով կարող են զսպել Ադրբեջանին:

– Որո՞նք են այդ երկրները:

– Այս պահին Ֆրանսիայի մասին գիտենք, մասամբ Հնդկաստանն է, եթե ոչ այդքան քաղաքական, այլ բանակի մասով, ԱՄՆ-ն էր մինչև Թրամփը աջակցում: Հիմա չգիտենք, թե ԱՄՆ-ն ինչ է անելու հունվարի 20-ից հետո, ԱՄՆ-ի հետ պետք է շատ ակտիվ աշխատանք տարվի, ԵՄ-ի հետ պետք է ակտիվ աշխատանքը շարունակվի: ԱՄՆ-ի հետ կապված բազմաթիվ գործոններ կան, որոնք մենք դեռ չենք կարող գուշակել, ու նաև ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հարաբերությունների դինամիկայի հետ կապված:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *