Հայաստան

«Գաղտնիք Ղարաբաղի»

Մաս Ա

Խորհրդային Ադրբեջանի ՊԱԿ-ի նախագահ Հուսեյնովը, ինչպես ինքն է վկայում, հասկացել է, թե իրենից «ինչ է պահանջվում» եւ կապվել է Ադրբեջանի նախագահ Մութալիբովի հետ ու ասել, որ «Կիրովաբադի գրավումը կանխելու միակ երաշխիքը» հայակական գյուղերի բռնատեղահանությունն է, որի համար ինքն «ամաբողջական պատասխանատվություն» է ստանձնում:

Վահրամ Աթանեսյան

1991թ. մարտի 15-ին Մոսկվա է այցելել Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը: ԽՍՀՄ նախագահ Գորբաչովի հետ բանակցություններում կողմերը վերահաստատել են հավատարմությունը «Բարեկամության եւ եղբայրության մասին» ռուս-թուրքական պայմանագրին, որի ստորագրման 70-րդ տարելիցին էլ, ըստ էության, նվիրված էր Գորբաչով-Օզալ հանդիպումը: Այդ բանակցությունները չափազանց կարեւոր էին այն առումով, որ 1991թ. մարտի 17-ին նշանակված էր ԽՍՀՄ պահպանման հարցով միութենական հանրաքվե:
Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշել էր չմասնակցել այդ համաժողովրդական քվեարկությանը, փոխարենը, ինչպես սահմանված էր խորհրդային օրենսդրությամբ, անցկացնել անկախության հանրաքվե: Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը, վերհիշելով այդ շրջանը, հարցազրույցներից մեկում հպարտացել է, թե համոզված էր, որ Խորհրդային Միությունը միեւնույն է՝ փլուզվելու է, բայց ստեղծված առիթն օգտագործել է, որպեսզի ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվեին մասնակցության դիմաց Գորբաչովին պարտադրի Լեռնային Ղարաբաղում «հատուկ ռազմագործողություն» սկսելու մասին որոշումը:
Ակնհայտ է, որ Գորբաչովը նման քայլի կարող էր գնալ ավելի լայն, աշխարհաքաղաքական նշանակության համաձայնության համատեքստում: Այս առումով Թուրքիայի նախագահ Օզալի Մոսկվա այցը Լեռնային Ղարաբաղի դեմ պատժիչ գործողություն սկսելու գորբաչովյան որոշման հիմնական նախապայմանն է:
Նույն թվականի մարտին ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվեին Ադրբեջանը մասնակցել է առանց Լեռնային Ղարաբաղի: Քվեարկության արդյունքների նախնական ամփոփումից հետո Ադրբեջանի նախագահ Մութալիբովն անհապաղ ուղեւորվել է Մոսկվա եւ Գորբաչովին ներկայացրել Լեռնային Ղարաբաղում, Շահումյանի շրջանում եւ Գետաշենում «հայկական ապօրինի զինված խմբավորումների զինաթափելու» մասին հրամանագիր ստորագրելու պահանջ: Խորհրդային Ադրբեջանի Պետական անվտանգության կոմիտեի վերջին նախագահ Վագիֆ Հուսեյնովը հուշերի «Ավելին, քան մի կյանք» երկհատորանոց գրքում վկայում է, որ խորհրդային կենտրոնական իշխանություններն Ադրբեջանին արտոնել էին «միայն զինաթափել հայկական ապօրինի ռազմական խմբավորումներին»: Ադրբեջանցի նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որպես ռազմագործողության կազմակերպիչ, վկայում է, որ անձամբ բանակցություններ է վարել ԽՍՀՄ ԶՈՒ չորրորդ բանակի Կիրովաբադի դեսանտային դիվիզիայի հրամանատարության հետ, որպեսզի իրականացնի Գետաշեն, Մարտունաշեն, Կամո եւ Ազատ գյուղերում «զինաթափման եւ անձնագրային ռեժիմի ստուգման գործողությունը»:
Վագիֆ Հուսեյնովի ներկայացմամբ՝ առաջին օրն ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները հանդիպել են «կատաղի դիմադրության» եւ ստիպված են եղել նահանջել: Ադրբեջանական կողմը Կիրովաբադի խորհրդային դիվիզիայից լրացուցիչ օժանդակություն է խնդրել: Ի պատասխան դեսանտային դիվիզիայի հրամանատարությունն ասել է, որ «հայկական խմբավորումների դեմ ուժ կգործադրի, եթե ունենա համապատասխան հրաման»: Ըստ Հուսեյնովի՝ 1991թ. մարտի 30-ին Կիրովաբադում Ադրբեջանի բոլոր ուժային կառույցների եւ խորհրդային ԶՈՒ դեսանտային դիվիզիայի հրամանատարության մասնակցությամբ «օպերատիվ խորհրդակցություն է անցկացվել», որի մասնակիցները եկել եզրակացության, որ Խանլարի շրջանի Գետաշեն, Կամո եւ Ազատ գյուղերի «հարցի լուծման մի տարբերակ կա, բայց ոչ ոք այդ պատասխանատվությունը վերցնել չի կարող»:
Խորհրդային Ադրբեջանի ՊԱԿ-ի նախագահ Հուսեյնովը, ինչպես ինքն է վկայում, հասկացել է, թե իրենից «ինչ է պահանջվում» եւ կապվել է Ադրբեջանի նախագահ Մութալիբովի հետ ու ասել, որ «Կիրովաբադի գրավումը կանխելու միակ երաշխիքը» հայակական գյուղերի բռնատեղահանությունն է, որի համար ինքն «ամաբողջական պատասխանատվություն» է ստանձնում: Հաջորդ առավոտյան ԽՍՀՄ ԶՈՒ Կիրովաբադի դեսանտային դիվիզիայի հերտանին, օդուժը եւ զրահատեխնիկան սկսել են Գետաշենի հրթիռա-հրետակոծությունը, որ տեւել է մոտ երկու օր: Այնուհետեւ խորհրդայաին ԶՈՒ զրահամեքենաներից բարձրախոսով ընթերցվել է Խանլարի շրջգործոկոմի որոշումը, որ Գետաշենի բնակիչներին առաջարկել է ստորագրել գյուղը կամավոր լքելու մասին համաձայնություն: Երեկու օր հետո Գետաշենը լիովին բռնատեղահանված էր:
(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *