Աղբյուրը չի հստակեցրել, թե ով կարող է դա լինել, սակայն նշել է, որ հենց Թրամփի ներկայությունը «ֆանտաստիկ կլիներ»:
Newsweek-ը գրում է, որ Պուտինը հաղթանակի շքերթին սպասում է ԱՄՆ-ից խորհրդավոր «մեծ հյուրի»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկսել է նախապատրաստվել մայիսին նշվող Հաղթանակի օրվան նվիրված ամենամյա ռազմական շքերթին և, ըստ Կրեմլի աղբյուրի, սպասում է ԱՄՆ-ից հատուկ հյուրի:
Այս տարի նշվում է Հաղթանակի օրվա 80-րդ տարեդարձը: Պուտինը սովորաբար օգտագործում է այս օրը՝ Ռուսաստանի ռազմական հզորությունը ցուցադրելու և Կարմիր հրապարակում կազմակերպվող շքերթին օտարերկրյա առաջնորդներին հրավիրելու համար:
Եթե այս տարի շքերթին ներկա լինի հյուր ԱՄՆ-ից, ամենայն հավանականությամբ, դա կլինի Թրամփի ապագա վարչակազմի ներկայացուցիչ կամ որևէ կապ ունեցող անձ: 2020 թվականին Մոսկվայի տոնակատարություններին մասնակցել էր ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը: Այդ ժամանակ ամերիկյան պաշտոնյաները հայտնել էին, որ Դոնալդ Թրամփը, ով այն ժամանակ ԱՄՆ նախագահն էր, իր խորհրդականների ճնշման ներքո հրաժարվել էր մասնակցել այցին:
Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը ռուսական անկախ Meduza լրատվամիջոցին հայտնել է, որ մայիսի 9-ին Պուտինը սպասում է ԱՄՆ-ից «մեծ հյուրի»: Աղբյուրը չի հստակեցրել, թե ով կարող է դա լինել, սակայն նշել է, որ հենց Թրամփի ներկայությունը «ֆանտաստիկ կլիներ»:
Կրեմլի մեկ այլ աղբյուր նշել է, որ ակնհայտ է՝ Ռուսաստանը պետք է Ուկրաինայի հակամարտությունում որևէ հաղթանակ հռչակի, սակայն մանրամասների մասին պաշտոնյան վստահ չէ:
Կրեմլի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ այս տարվա Հաղթանակի օրվա տոնակատարությունը համեստ կլինի, քանի որ Ռուսաստանը ռազմական կարիքների համար գերազանցել է բյուջեն և չի կարող թույլ տալ լայնածավալ միջոցառումներ:
Ուկրաինայի հակամարտության սկսվելուց ի վեր Ռուսաստանի ռազմական ծախսերը քառապատկվել են, և ընդհանուր ծախսերի գումարը կարող է զգալիորեն գերազանցել պաշտոնապես հայտարարված թվերը, կարծում է Morgan Stanley-ի նախկին ներդրումային բանկիր Քրեյգ Քենեդին:
Աղբյուրը` Newsweek
Թարգմանեց`
Արայիկ Մկրտումյանը