Սիրիայում ապստամբների վերջին հաջողությունները կարող են դրդել Տուադերային դիտարկել այլընտրանքային անվտանգության երաշխիքներ
The Times-ը գրում է, որ Պուտինը փորձում է հանգստացնել աֆրիկացի դաշնակցին Ասադի տապալումից հետո
Նախագահ Պուտինը փորձել է համոզել իր աֆրիկացի կարևոր դաշնակցին, որ կարող է հույս դնել Կրեմլի ռազմական օգնության վրա այն բանից հետո, երբ Ռուսաստանը չկարողացավ կանխել Ասադի ռեժիմի տապալումը Սիրիայում։
Կենտրոնաֆրիկյան Հանրապետության (ԿԱՀ) նախագահ Ֆաուստին-Արկանժ Տուադերային աջակցում են ռուսական «Վագներ» խմբի վարձկանները 2018 թվականից, երբ նրանք ուղարկվեցին ադամանդներով և ոսկով հարուստ այս աֆրիկյան երկիր։
Տուադերան վերջերս այցելել է Մոսկվա՝ քննարկելու մի շարք հարցեր, այդ թվում՝ «անվտանգության ապահովման հետ կապված բավականին զգայուն խնդիրներ», հայտնել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
2023 թվականին «Վագների» ուժերը օգնեցին Տուադերային անցկացնել հանրաքվե, որի արդյունքում վերացվեցին նախագահի պաշտոնավարման ժամկետի սահմանափակումները։ Քվեարկությունն անցկացվեց, չնայած որ երկրի զգալի մասը վերահսկվում էր ապստամբ ուժերի կողմից, իսկ բնակչության մեկ երրորդը տեղահանված էր ռազմական գործողությունների հետևանքով։
«Վագները» վերահսկողություն է ձեռք բերել ոսկու և ադամանդի շահութաբեր հանքավայրերի, ինչպես նաև փայտանյութի արդյունահանման վրա՝ Տուադերայի իշխանությունը պահպանելու դիմաց։ «Վագների» մարտիկներին մեղադրում են բազմաթիվ մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ արտադատական սպանությունների և բռնաբարությունների մեջ։ Խումբը նաև ղեկավարում է քարոզչական արշավներ։
Դմիտրի Պոդոլսկին՝ «Վագների» հրամանատարը, որը կորցրել է ձեռքը Բախմուտի ճակատամարտի ժամանակ, սեպտեմբերին նշանակվել է ԿԱՀ նախագահի անվտանգության գլխավոր խորհրդական։ Քննադատները Տուադերային անվանում են «Վագների նախագահ»՝ վարձկանների խմբի վրա նրա կախվածության համար։
Ասադի ճակատագիրը հարված է հասցրել «Մոսկվայի՝ որպես հուսալի դաշնակցի գլոբալ իմիջին՝ վտանգի տակ դնելով նրա ազդեցությունը աֆրիկյան ավտոկրատների վրա, որոնց Ռուսաստանը ձգտում է աջակցել», նշվում է ամերիկյան Institute for the Study of War վերլուծական կենտրոնի զեկույցում։
Սիրիայում ապստամբների վերջին հաջողությունները կարող են դրդել Տուադերային դիտարկել այլընտրանքային անվտանգության երաշխիքներ, կարծում է RUSI վերլուծական կենտրոնի Ռուսաստանից Աֆրիկայի վրա ազդեցության փորձագետ Սամուել Ռամանին։ Ռուսաստանը ձգտում է ԿԱՀ-ում ռազմական բազա բացել, սակայն համաձայնությունը դեռ չի կայացել։
Աղբյուրը` The Times
Թարգմանեց`
Արայիկ Մկրտումյանը