Մաս 4
Տասնյակ հայ տղամարդիկ սպանվել են ադրբեջանական ՆԳ նախարարության հատուկ ջոկատայինների եւ խորհրդային զինվորների դիմահար կրակից:
Ինքնավար մարզի գրեթե բոլոր բնակավայրերում անցկացվել են «անձնագրային ռեժիմի ստուգումներ»:
Վահրամ Աթանեսյան
1991թ. հունիսի 2-ին ԼՂ Ներքին գործերի վարչության Ստեփանակերտի քաղաքային բաժնի հերթապահ մաս է ներխուժել խորհրդային պատժիչ զորքերի մի խումբ եւ ծառայության վայրից առեւանգել միլիցիայի մայոր Հրաչիկ Շահբազյանին: Ծնունդով Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղից՝ Հրաչիկ Շահբազյանը կնոջ եւ երեք երեխաների հետ ապրում էր Ստեփանակերտում, ծառայում էր որպես տեղամասային տեսուչ:
Նույն գիշերը Շահբազյանը տեղափոխվել է Շուշիի բանտ, որտեղ ենթարկվել է անմարդկային կտտանքների: Ըստ որոշ տեղեկությունների, Ադրբեջանի ՊԱԿ-ի աշխատակիցները նրան մեղադրել են երկու տարի առաջ Ստեփանակերտի ադրբեջանցի բնակիչներին «իրենց տներից եւ բնակարաններից բռնությամբ տեղահանելու գործողությունը կազմակերպելու մեջ»: Իրականում Ստեփանակերտից ադրբեջանցի մի քանի հարյուր բնակիչ հեռացել է, երբ Շուշիից բռնատեղահանվել են վերջին հայերը:
Մեկշաբաթյա որոնումներից հետո ԼՂ ՆԳ վարչության աշխատակիցներին հաջողվել է պարզել, որ Հրաչիկ Շահբազյանը գտնվում է Շուշիի բանտում: Նրան պատանդառությունից ազատ արձակելու հարցով սկսվել են բանակցություններ: Դրանց մասնակցել է նաեւ արտակարգ դրության շրջանի զինվորական պարետությունը:
Վերջին պահին, սակայն, երբ պետք է Հրաչիկ Շահբազյանը զինվորական մեքենայով հասներ Ստեփանակերտ, ադրբեջանական կողմը հայտնել է, որ նա «բանտախցում ինքնասպանություն է գործել»: Շահբազյանի դիակը հայկական կողմին է հանձնվել հունիսի 11-ին: Դատաբժշկական փորձաքննություն իրականացվել է Ստեփանակերտում՝ ԽՍՀՄ ՆԳՆ Հատուկ քննչական խմբի աշխատակիցների մասնակցությամբ:
Լրագրող Նվարդ Սողոմոնյանին հաջողվել է երկու տարի անց ԼՂ դատախազության արխիվներից հայտնաբերել Շահբազյանի դիակի երկու լուսանկար: Դրանք հրապարակված են նրա «Կոլցո» գրքում: Նույնիսկ այդ շատ անորակ լուսանկարները վկայում են, որ Շահբազյանը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ մահացել կյանքի հետ անհամատեղելի վերքերից, որ նրան պատճառել են Շուշիի բանտի պահնորդական ծառայության աշխատակիցները:
Մեկ ամիս անց ադրբեջանական կողմից Մարտակերտի շրջանային հիվանդանոց է տեղափոխվել Կիչան գյուղի բնակիչ երեսունամյա Յուրի Ղուլյանը: Մեկ շաբաթ առաջ նա հայրենի գյուղում ձերբակալվել էր խորհրդային զինվորականների կողմից եւ հանձնվել Ադրբեջանի ՆԳՆ Աղդամի շրջբաժնի աշխատակիցներին:
Յուրի Ղուլյանը պահվել է Շահբուլաղի «ուղղիչ աշխատանքային գաղութում», որ այդ փուլում ծառայում էր որպես «Կոլցո» գործողության ընթացքում ձերբակալված հայազգի անձանց համար համակենտրոնացման ճամբար: Դաժան ծեծի հետեւանքով Յուրի Ղուլյանը Մարտակերտի շրջանային հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած վիճակում: Դատաբժշկական փորձաքննության արդյունքներով՝ նա ստացել է կողոսկրերի ջարդվածք, ինչի հետեւանքով ունեցել է ներքին սուր արյունահոսություն:
Հրաչիկ Շահբազյանի եւ Յուրի Ղուլյանի սպանության դեպքերը Լեռնային Ղարաբաղում «Կոլցո» ռազմագործողության հետեւանքով մարդկային կորուստների շղթայի երկու օղակ են ընդամենը: Տասնյակ հայ տղամարդիկ սպանվել են ադրբեջանական ՆԳ նախարարության հատուկ ջոկատայինների եւ խորհրդային զինվորների դիմահար կրակից:
Ինքնավար մարզի գրեթե բոլոր բնակավայրերում անցկացվել են «անձնագրային ռեժիմի ստուգումներ»: Այդ ընթացքում ձերբակալվել եւ բանտ են նետվել հարյուրավոր տղամարդիկ: Նրանցից ոմանց ճակատագիրն առայսօր մնում է չպարզված եւ երբեւէ այլեւս չի պարզվի: Բաքվի բանտում մահկանացուն է կնքել Բերդաձորի ինքնապաշտպանության կազմակերպիչ Առնո Մկրտչյանը: Տասնյակ հայ տղամարդիկ 1992թ. գարնանը փոխանակվել են ԼՂ-ում գերված ադրբեջանցի գրոհայինների հետ եւ վերադարձել: Նրանցից ամենահայտնին Նորայր Դանիելյանն է, որ կարճ ժամանակ անց դարձել է Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար, ՊԲ քաջարի զորականներից մեկը: Նորայր Դանիելյանը 1993թ. աշնանը սպանվեց դավադիր կրակոցով:
Ցավոք, ղարաբաղյան առաջին պատերազմից հետո «Կոլցո» ռազմագործողության հետ կապված որեւէ հետաքննություն չի անցկացվել: Այդ թեման առհասարակ փակ էր անգամ մամուլի եւ հեռուստատեսության, լրագրողական հետաքննության համար: Բոլոր դիմումներին տրվում էր մի պատասխան. «Հեռանալով Ստեփանակերտից՝ ադրբեջանական Կազմկոմիտեն, արտակարգ դրության շրջանի պարետությունը ոչնչացրել են արխիվները»: Իսկ ԼՂ պատկան մարմիններն իրենց արխիվները չունեի՞ն: Այս հարցը «Ղարաբաղի գաղտնիքներից» մեկն է:
(Շարունակելի)