Ինչպես Թրամփը, այնպես էլ Պուտինը ակնարկում է, որ կցանկանար քննարկել ավելի լայն հարցերի շրջանակ, քան Ուկրաինայի հակամարտությունն է։
The New York Times-ը գրում է, որ մինչ Թրամփն ու Պուտինը պտտվում են միմյանց շուրջ, Ուկրաինայից դուրս օրակարգ է ձևավորվում։
Նախագահ Թրամփը սպառնալիքներ է հնչեցնում Ռուսաստանի առաջնորդի հասցեին, իսկ Վլադիմիր Պուտինը պատասխանում է հաճոյախոսություններով։ Սակայն նրանց մրցակցությունը նաև որոշակի ազդանշաններ է պարունակում, այդ թվում՝ միջուկային զենքի վերահսկման շուրջ քննարկումների ակտիվացում։
Արդեն յոթ օր է, ինչ նրանք զգուշորեն պտտվում են միմյանց շուրջ՝ ուղարկելով զրույցի հրավերներ, խառնելով հեգնանքը հաճոյախոսություններին։ Նրանք ենթադրում են, որ Ուկրաինայում հակամարտությանը վերջ դնելու միակ ուղին նրանց հանդիպումն է, հավանաբար՝ առանց ուկրաինացիների։
Նախագահ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը, որոնց հարաբերություններն առաջին անգամ Թրամփի պաշտոնավարման ժամանակ հանելուկային և դրամատիկ էին, կրկին սկսել են աշխատել։ Բայց սա պարզապես կրկնություն չէ։ Անցած շաբաթ Թրամփն անսովոր կոշտ էր իր խոսքում՝ հայտարարելով, որ Պուտինը «կործանում է Ռուսաստանը» և սպառնալով պատժամիջոցներով ու մաքսատուրքերով, եթե նա չնստի բանակցությունների սեղանի շուրջ։ Դա, սակայն, բավականին անիմաստ սպառնալիք է՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև առևտրի չնչին ծավալները մեր օրերում։
Միշտ հաշվենկատ ու զուսպ Պուտինը պատասխանեց հաճոյախոսություններով։ Նա համաձայնվեց Թրամփի հետ, որ Ուկրաինայում հակամարտությունը չէր սկսվի, եթե Թրամփը երեք տարի առաջ նախագահ լիներ։ Նա կրկնեց, որ պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել Եվրոպայի ճակատագիրը՝ որպես գերտերություն գերտերության հետ, որպես առաջնորդ` առաջնորդի հետ։
Մինչ այժմ նրանք չեն զրուցել, թեև շաբաթ երեկոյան Թրամփն Air Force One ինքնաթիռում լրագրողներին ասաց, որ «նա ցանկանում է խոսել, և մենք շուտով կխոսենք»։
Առաջին զրույցի նախապատրաստության ընթացքում նրանք ազդանշաններ են ուղարկում, որ ցանկանում են բանակցել ոչ միայն Ուկրաինայի մասին։ Պուտինը հայտարարում է, որ դա պարզապես այն բեմերից մեկն է, որտեղ Արևմուտքը պայքարում է Ռուսաստանի դեմ։
Երկուսն էլ, կարծես, պատկերացնում են, թե ինչպես կարելի է կարգավորել Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները։ Հնարավոր է, որ նրանք ներառեն նաև միջուկային զենքի շուրջ բանակցությունների վերսկսումը՝ զրույց, որը մոտենում է վերջնաժամկետին։ Երկու երկրների զինանոցները սահմանափակող հիմնական պայմանագրի ժամկետը լրանում է գրեթե մեկ տարի անց։ Դրանից հետո նրանք ազատ կլինեն սկսել զենքի այնպիսի մրցավազք, ինչպիսին աշխարհը չի տեսել սառը պատերազմի ամենածանր օրերից։
Հիշելով 2020 թվականին Պուտինի հետ զրույցները՝ մինչև նույն տարվա ընտրություններում իր պարտությունը, Թրամփն անցած շաբաթ հայտարարեց. «Մենք ցանկանում ենք տեսնել, արդյոք կարող ենք հասնել միջուկազերծմանը, և կարծում եմ, որ դա լիովին հնարավոր է»։ Հավանաբար, նա նկատի ուներ, որ Չինաստանն էլ կմիանա այդ քննարկումներին։ (Պեկինը հրաժարվել է՝ առնվազն առայժմ):
Թեև Թրամփը հաճախ օգտագործում էր «միջուկազերծում» բառը, գրեթե վստահ է, որ նա նկատի ուներ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ ռազմավարական միջմայրցամաքային միջուկային զենքի պաշարների կրճատման, այլ ոչ թե դրանց վերացման մասին։
Իր հերթին, Պուտինը խոսել է «ռազմավարական կայունության» շուրջ քննարկումների վերսկսման մասին։ Այս տերմինը կիրառվում է բանակցություններում, որոնք ընդգրկում են ոչ միայն կողմերի միջուկային զենքի քանակը, այլև դրանց տեղակայման վայրերը, ստուգման մեխանիզմները և դրանց կիրառումը կանխելու համար ձեռնարկվող քայլերը։
Վերջին նախնական բանակցությունները զինաթափման վերահսկման շուրջ դադարեցվել էին 2022 թվականի փետրվարից քիչ առաջ։ Այդ ժամանակից ի վեր Պուտինը պնդում է, որ միջուկային զենքի սահմանափակման շուրջ ցանկացած բանակցություն պետք է ներառի Ուկրաինայի հակամարտությունը։ Բայդենի վարչակազմը հրաժարվել է միացնել այս երկու հարցերը՝ մտավախություն ունենալով, որ Պուտինի իրական նպատակը միջուկային զինանոցը սահմանափակելու փոխարեն Ուկրաինայում գրաված տարածքները պահելն ու այլ զիջումներ ստանալն է։
Սակայն Թրամփը, կարծես, բաց է ավելի լայնածավալ բանակցությունների համար, ինչը հենց այն է, ինչ ցանկանում է Պուտինը։
Անհասկանալի է, թե ինչ երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ, եթե այդպիսիք ընդհանրապես լինեն, Թրամփը պատրաստ է առաջարկել Վլադիմիր Զելենսկուն։ Վերջին օրերին ԱՄՆ նախագահը պնդում է, որ Զելենսկին պետք է գործարք կնքեր Պուտինի հետ և խուսափեր կործանարար առճակատումից։
Թրամփը ակնհայտորեն ցանկանում է իրեն ներկայացնել որպես խաղաղարար։ Իր առաջին պաշտոնավարման ժամանակ նա հայտարարել էր, որ արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակին, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայի ամենամեծ պատերազմի դադարեցումը կզորացներ նրա փաստարկները։ Նա, կարծես, մտահոգված չէ Ուկրաինային էական դեր տալու հարցում՝ ի տարբերություն նախկին նախագահ Ջո Բայդենի, որի կարգախոսն էր՝ «Ոչինչ Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի»:
«Այս բոլոր աղմկոտ հայտարարությունների ետևում Պուտինը առավելապես ցանկանում է լսել, որ սա գործարք է, որը Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կնքելու են միայնակ», — ասում է Ռուսաստանի և Եվրասիայի հետազոտությունների փորձագետ և Պետդեպարտամենտի նախկին աշխատակից Սթիվեն Սեստանովիչը։
Թոշակառու գեներալ Քիթ Քելլոգը, որին Թրամփը հանձնարարել է սկսել բանակցությունները, պնդում է, որ հիմնական գործոնը կլինի ոչ թե կորուստները, այլ տնտեսությունը։ «Երբ դուք նայում եք Պուտինին, չեք կարող պարզապես ասել՝ «Դադարեք սպանել», քանի որ, անկեղծ ասած, դա նրանց մտածելակերպը չէ», — ասել է նա անցած շաբաթ Fox News-ի եթերում։
Թրամփը «տարբեր մոտեցում ունի պատերազմի նկատմամբ․ նա տնտեսությունը դիտարկում է որպես այս պատերազմի մի մաս»։ Քելլոգը պնդում է, որ Թրամփը կկենտրոնանա Ռուսաստանի նավթային եկամուտների սահմանափակման վրա։
Պուտինը, վստահ լինելով իր դիրքերին մարտի դաշտում՝ չնայած Ռուսաստանի մեծ կորուստներին, փորձում է Թրամփին ցույց տալ սպասողական դիրքորոշում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նպատակները չեն փոխվել, և թեև Մոսկվան պատրաստ է քննարկել հակամարտության դադարեցումը, դա կանի միայն իր պայմաններով։
Միևնույն ժամանակ Պուտինը ակնարկել է, որ պատրաստ է համագործակցել Թրամփի և, ընդհանրապես, ԱՄՆ-ի հետ՝ Բայդենի վարչակազմի երեք տարվա դիվանագիտական մեկուսացումից հետո։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գրեթե ամեն օր լրագրողներին հայտնում է, որ Պուտինը պատրաստ է ընդունել Թրամփի զանգը։ «Մենք սպասում ենք ազդանշանների, բոլորը պատրաստ են», — ասել է նա ուրբաթ։ Իր հերթին, Պուտինը անցած շաբաթ երկու անգամ ջանք է գործադրել Թրամփին գովելու համար՝ ստուգված միջոց ԱՄՆ նախագահի համակրանքը շահելու համար։
Ինչպես Թրամփը, այնպես էլ Պուտինը ակնարկում է, որ կցանկանար քննարկել ավելի լայն հարցերի շրջանակ, քան Ուկրաինայի հակամարտությունն է։ Ուրբաթ օրը պետական հեռուստատեսությանը տված մեկնաբանություններում Պուտինը հայտարարել է, որ Կրեմլը և Թրամփի վարչակազմը կարող են «համատեղ լուծումներ գտնել այսօրվա առանցքային խնդիրների համար, ներառյալ ռազմավարական կայունությունն ու տնտեսությունը»։
«Ռազմավարական կայունություն» տերմինի հիշատակումը ցույց է տալիս զենքի վերահսկման բանակցությունների նկատմամբ հնարավոր հետաքրքրությունը, որոնք Կրեմլը կարճ ժամանակով սկսել էր Բայդենի վարչակազմի հետ 2021 թվականին։
Պուտինի լայնածավալ բանակցությունների հրավերը ընդգծում է նրա, կարծես, անփոփոխ լավատեսությունը Թրամփի նկատմամբ՝ չնայած անցած շաբաթ ԱՄՆ նախագահի կոշտ հայտարարություններին Ռուսաստանի հասցեին և այն փաստին, որ Թրամփն իր առաջին պաշտոնավարման ընթացքում մի շարք պատժամիջոցներ էր կիրառել Ռուսաստանի դեմ։
Թեպետ Պուտինը ողջունում է Թրամփի հետ բանակցությունները, ռուս պաշտոնյաները չեն հրաժարվում ԱՄՆ-ի մասին իրենց սովորական «չար ուժի» նարատիվից։ Սա վկայում է, որ Կրեմլը պահուստային տարբերակներ է թողնում այն դեպքի համար, եթե Թրամփի հետ բանակցությունները ձախողվեն։
ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Վենդի Շերմանը, ով մեծ փորձ ունի Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու հարցում, զգուշացնում է, որ եթե Մոսկվայի հետ բանակցությունները սկսվեն, Թրամփի վարչակազմը պետք է պատրաստ լինի։ «Պուտինը կցանկանա այն, ինչի մասին միշտ է խոսել՝ որքան հնարավոր է շատ տարածք, ոչ մի Ուկրաինա ՆԱՏՕ-ում, և ոչ մի արևմտյան միջուկային զենք Եվրոպայում, որը կարող է ուղղվել Ռուսաստանի դեմ»։
Հաշվի առնելով այս ամենը՝ նա կարծում է, որ նոր ՍՆՎ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները «հավանաբար չեն մտնի Պուտինի ցանկերի ցուցակի մեջ»։
Աղբյուրը`
Թարգմանեց`
Արայիկ Մկրտումյանը