Թեեւ «տարածքների փոխանակման» մասին իշխանության «միջանցքներում» եւ քաղաքական շրջանակներում գրեթե բոլորն էին խոսում, բայց մի բան է «շշուկը», բոլորովին այլ՝ երբ այդ մասին գրում է հանրապետական պաշտոնաթերթը, ընդ որում՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հեղինակությամբ:
Վահրամ Աթանեսյան
Ցավալիորեն թե Քոչարյանը խաբվեց, թե՝ ՀՅԴ-ն կամ, գուցե, միմյանց խաբեցի՞ն։ Մեղրիի եւ Լեռնային Ղարաբաղի փոխանակման «թեմային» Երեւանում եւ Ստեփանակերտում հարյուրավոր մարդիկ գոնե ընդհանուր գծերով տեղյակ են եղել, եւ շատերը ողջունել են այդ ծրագիրը»: Նրանց հիմնավորումը մեկն էր. «Շարժումն սկսվել է «միացում» կարգախոսով, ուրեմն այդպես էլ պետք է լինի»: Քիուեսթի բանակցություններին ընդառաջ Երեւանում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի եւ Արցախի ԿԿ-ի համատեղ նիստ է գումարվել, հետո Բյուրոն «Շրջաբերական» է տարածել շարքերին:
Այդ օրերին «Ազատ Արցախ» թերթում հոդված հրապարակեցի, որ դա լուծում չէ, Իրանի հետ սահմանից զրկվելով կամ դրա նկատմամբ ինքնիշխանությունը Բաքվի հետ կիսելով՝ Հայաստանը հայտնվում է արդեն գլոբալ-աշխարհաքաղաքական շրջափակման մեջ: Հաջորդ օրն Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանը հրավիրեց իր մոտ եւ ասաց, որ «Դաշնակցություն» խմբակցությունը պահանջ է դրել, որ թողնեմ հանրապետական թերթում աշխատանքս, թեեւ օրենքը պատգամավորիս թույլ էր տալիս զբաղվել գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական վճարովի գործունեությամբ: Ստեփանակերտի ՀՅԴ-ականները, սակայն, գտնում էին, որ հանրապետական թերթում աշխատանքը «պետական պաշտոն է, քանի որ հիմնադիրը ԼՂՀ խորհրդարանը եւ կառավարությունն են, իսկ ժուռնալիստիկան ստեղծագործական մասնագիտություն չէ»: Հասկանալի էր, որ «Դաշնակցություն» խմբակցությունը հրահանգավորված է:
Թեեւ «տարածքների փոխանակման» մասին իշխանության «միջանցքներում» եւ քաղաքական շրջանակներում գրեթե բոլորն էին խոսում, բայց մի բան է «շշուկը», բոլորովին այլ՝ երբ այդ մասին գրում է հանրապետական պաշտոնաթերթը, ընդ որում՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հեղինակությամբ: Ըստ երեւույթին, դեր էր խաղացել նաեւ Սահմանադրական դատարանի նստավայրում «Գերագույն խորհուրդ» ՀԿ կազմակերպած քննարկմանը ելույթս, որտեղ ասել էի, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման՝ խաղաղ-բանակցային կարգավորման ցանկացած տարբերակ, որ կերաշխավորի հայ բնակչության անվտանգությունը եւ ազատ ինքնակառավարումը, ընդունելի է, բացի մեկ դեպքից. Դա չպետք է տեղի ունենա Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից նույնիսկ մեկ քառակուսի կիլոմետրի օտարման գնով: Ստիպված էի կատարել «յեղափոխական» գործընկերներիս պահանջը: Աշխատանքից ազատման դիմումս այդպես էլ ձեւակերպել էի. «Ելնելով ԼՂՀ ներքաղաքական կյանքում հակասություններ չստեղծելու անհրաժեշտությունից, խնդրում եմ ինձ ազատել հանրապետական «Ազատ Արցախ» թերթի քաղաքական մեկնաբանի պարտականություններից»:
Այդ փուլի ստեփանակերտյան «փակ քննարկումներում» հարցը համարվում էր վերջնականապես լուծված: Քաղաքական շրջանակներին եւ գործադիր իշխանության ներկայացուցիչներին հուզում էին առարկայական խնդիրներ: Ամենատարածված հարցադրումն այն էր, թե Հայաստանի կազմում Լեռնային Ղարաբաղն ընդգրկվելու է որպես «շարքային մա՞րզ», ունենալու է, դիցուք, Եղեգնաձորին հավասար վարչա-տարածքային միավորի կարգավիճա՞կ, թե՞ որոշակի ինքնավարություն է ստանալու: Բերվում էր Ադրբեջանի կազմում Նախիջեւանի օրինակը, որ ունիտար պետության կազմում է, բայց ունի ինքնավար հանրապետության կարգավիճակ: Գերակայում էր, այսպիսով, ոչ թե հարցի լուծման հավանական-անհավանականության, օգտակարության-անօգտակարության, այլ տեղական էլիտայի համար նպատակահարմարության- ոչ նպատակահարմարության խնդիր:
Մի փուլում նույնիսկ բավական վստահելի տեղեկություն ստացվեց, որ ԼՂՀ քաղաքական ղեկավարությունը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջարկել է վերջնական համաձայնության հասնելուց հետո նախկին ԼՂԻՄ-ի տարածքը Կարկառ գետի հունով բաժանել եւ կազմավորել երկու մարզ: Այս եւ այլ մանրմասներ հայտնի էին: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումը, երեւի, բացահայտեց «տարածքային փոխանակումների» ծրագրին ՀՅԴ ոչ այնքան ջանադիր, բայց եւ իշխանություններին ոչ պակաս ձեռնտու աջակցության շարժառիթը:
Ըստ երեւույթին, Ռոբերտ Քոչարյանը վստահեցրել էր, որ վերջնական կարգավորման բաղադրիչներից մեկն էլ Թուրքիայի կողմից ցեղասպանության գոնե մասնավոր ճանաչումը կլինի: Եթե ԼՂ Հայաստանին միացումը դիտվում էր որպես հետտերպետրոսյանական իշխանության տրիումֆ, ապա Թուրքիայի կողմից ցեղասպանության «ճանաչումը» ՀՅԴ «հաղթակամարը» կլիներ: Ցավալիորեն թե Քոչարյանը խաբվեց, թե՝ ՀՅԴ-ն: Կամ, գուցե, միմյանց խաբեցի՞ն։