Ուկրաինական պաշտոնյաներին հյուսիսկորեացի գերիներից մեկը հայտնել է, որ իրեն նախապես չեն ասել, որ ուղարկվում է Ռուսաստան, և նույնիսկ չի իմացել, թե ում դեմ է կռվելու։ Ըստ նրա՝ հյուսիսկորեացիները անակնկալի են եկել իրենց զորքերի ռուսական դաշնակցին ուղարկելու որոշումից։
Newsweek-ը գրում է, որ հյուսիսկորեացիները ձևացնում են, թե տուբերկուլյոզ ունեն՝ պատերազմ չգնալու համար
Նոր զեկույցի համաձայն՝ հյուսիսկորեական ընտանիքները կեղծ տուբերկուլյոզի ախտորոշման համար վճարում են միջին ամսական աշխատավարձից 100 անգամ ավելի, որպեսզի իրենց երիտասարդներին չուղարկեն Ռուսաստան։
Radio Free Asia-ի հյուսիսկորեական աղբյուրների համաձայն՝ հիվանդանոցների աշխատակիցներին կաշառելու արժեքը, որպեսզի նրանք տուբերկուլյոզի կեղծ տեղեկանք տրամադրեն, հինգ անգամ մեծացել է՝ հասնելով 500 դոլարի, մինչդեռ անցած տարի այն կազմում էր 100 դոլար։ Այս թանկացումը պայմանավորված է նրանով, որ ավելի ու ավելի շատ ընտանիքներ փորձում են իրենց երիտասարդներին զերծ պահել Ռուսաստան ուղարկվելուց։
Սա շշմեցուցիչ գումար է, հաշվի առնելով, որ Հյուսիսային Կորեայի պետական ծառայողների միջին ամսական աշխատավարձը կազմում է 5000-10000 վոն (3-6 դոլար)։
Հյուսիսային Կորեան տուբերկուլյոզի ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի՝ 513 դեպք 100,000 մարդու հաշվով, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2023 թվականի գնահատականների։
«Գաղտնի վախ կա, որ եթե նրանց որդիները գնան բանակ և ուղարկվեն Ռուսաստան, ծնողները այլևս երբեք նրանց ողջ չեն տեսնի», — ասել է Ռյանգանի բնակիչներից մեկը, որը խոսել է անանունության պայմանով՝ անվտանգության նկատառումներով։
Ուկրաինական պաշտոնյաներին հյուսիսկորեացի գերիներից մեկը հայտնել է, որ իրեն նախապես չեն ասել, որ ուղարկվում է Ռուսաստան, և նույնիսկ չի իմացել, թե ում դեմ է կռվելու։ Ըստ նրա՝ հյուսիսկորեացիները անակնկալի են եկել իրենց զորքերի ռուսական դաշնակցին ուղարկելու որոշումից։
Տանը իշխանությունները զոհվածների ընտանիքներին մահվան վկայականներ են տալիս, որոնցում նշվում է, որ նրանց հարազատները զոհվել են «հայրենիքի պատվին նվիրված սուրբ ռազմական պատրաստության ժամանակ», առանց բացահայտելու նրանց մահվան իրական հանգամանքները։
Զորքերը մարտի դաշտ մտցնելուց մի քանի շաբաթ անց ապշած հյուսիսկորեացիները սկսեցին հարցեր տալ, թե ինչու են պատերազմում Ուկրաինայի, այլ ոչ թե ԱՄՆ-ի դեմ՝ այն երկրի, որը նրանց մանկուց ներկայացվել է որպես գլխավոր թշնամի։
«Ո՞վ է մեր թշնամին։ Ինչո՞ւ մենք նոր թշնամի ունենք», — Radio Free Asia-ին ասել է Ռյանգանի բնակիչներից մեկը։
Հարավային Կորեայի Միավորված շտաբների կոմիտեն հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն պատրաստվում է Ռուսաստան լրացուցիչ ուժեր ուղարկել։ Վաշինգտոնում հիմնված Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը կանխատեսում է, որ դա կարող է տեղի ունենալ արդեն մարտի կեսերին, և հաջորդ զորակոչային ալիքը՝ դրա հետ կապված կորուստներով, կարող է շատ ավելի մեծ լինել։ Ըստ գնահատականների՝ Փհենյանը կարող է ամսական կորցնել 45,000 զինվոր։
ԿԺԴՀ-ն ունի 1,3 միլիոնանոց մշտական բանակ, որը աշխարհում չորրորդն է իր մեծությամբ։ Բացի այդ, 7,6 միլիոն պահեստազորային, ինչը կազմում է երկրի բնակչության մոտ 30%-ը, ամրապնդում են նրա ռազմական հզորությունը։ Այդ քանակի զինծառայողներ պահելու համար տղամարդիկ պարտադիր ծառայում են 10 տարի, իսկ կանայք՝ 5 տարի։
Աղբյուրը՝ Newsweek
Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը