Հայաստան

Հայրենավաճառք՝ Փակ Դռների Հետևում

Հանդիպելով Թուրքիայի նախագահ Դէմիրելի հետ փոխպետքարտուղար Թալբոթը նշել է Բաքւում այս համաձայնութիւնից այնքան են ոգեւորուած, որ տպաւորութիւն է, թէ ինչ-որ բան կարող է ստորագրուել դրանից մի քանի շաբաթ անց Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում: Փոխպետքարտուղարն անգամ խնդրել էր Միացեալ Նահանգների նախագահի ու պետքարտուղարի աշխատանքային գրաֆիկում (ծրագիրին մէջ) տեղ պահել` Ալիեւ-Քոչարեան հնարաւոր համաձայնութեանը ներկայ լինելու համար։

Asbarez

Ըստ Ամերիկայի Արտաքին Գործոց Նախարարութեան Գաղտնազերծած Փաստաթուղթերուն՝ Տեղի Ունեցած Են Մեղրին Արցախով Փոխանակելու՝ Քոչարեան-Ալիեւ Բանակցութիւններ

Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութիւնը գաղտնազերծեց փաստաթուղթեր, որոնք կը վկայեն 90ականներու աւարտին, այդ օրերու Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահներ Ռոբերտ Քոչարեանի ու Հէյտար Ալիեւի միջեւ գումարուած դէմ դիմաց՝ առանց միջնորդներու հանդիպումին գոյացած համաձայնութեան՝ Արցախի հարցը լուծելու տարածքներու փոխանակումով` Մեղրին Արցախի դիմաց: Ամերիկեան գաղտնի հեռագիրները կը բացայայտեն մանրամասնութիւններ, որոնք ցարդ երբեք չեն հրապարակուած:

Ստորեւ՝ «Ազատութեան» կողմէ այս մասին լոյս տեսած թարգմանուած յօդուածը եւ փաստաթուղթերը.

«Ղարաբաղեան բանակցութիւններում տարածքների փոխանակման տարբերակը յայտնի է որպէս Գոբլի պլան` Պետքարտուղարութեան նախկին աշխատակից Փօլ Գոբլի անունով: Հէնց նա էր հրապարակ հանել այդ գաղափարը 1992ին, երբ նախկին պետքարտուղար Սայրուս Վենսը ՄԱԿի յանձնարարութեամբ այցելել էր Ղարաբաղ:

«Գոբլը Պետդեպում բարձր պաշտօն չէր զբաղեցնում, նրա առաջարկն էլ պաշտօնական չէր: Բայց, ինչպէս գաղտնազերծուած փաստաթղթերն են վկայում, այդ հարցը 90ականների սկզբին արդէն փակ դռների ետեւում սկսել էր քննարկուել ամենաբարձր մակարդակով, ընդ որում, ոչ թէ Գոբլի, այլ` Թուրքիայի իշխանութիւնների կողմից: Եւ այսօր դժուար է ասել` ով էր այն առաջինը շրջանառել: Յստակ է, որ Թուրքիայի նախագահը դեռ 1992ին` Հայաստանի անկախացումից մէկ տարի անց, այդ առաջարկը դրել է Ամերիկայի նախագահի սեղանին: Թուրքութ Օզալը, ըստ Սպիտակ տան գաղտնազերծած փաստաթղթի, ասել էր (տե՛ս այստեղ).

«Ես մի գաղափար ունեմ. Լեռնային Ղարաբաղի բնակչութեան 80 տոկոսը հայեր են, 20 տոկոսը`ադրբեջանցիներ: Նրանք կարող են տարածքների փոխանակում անել` Ղարաբաղն անցնի Հայաստանին, իսկ Ադրբեջանը Հայաստանից ստանայ մի հատուած, որը երկու մասի է բաժանում Ադրբեջանը»:

«Բուշ-աւագի վարչակազմին այս առաջարկը կարծես չի ոգեւորել: Անկարան, սակայն, չի մոռացել եւ վերստին այն շրջանառութեան մէջ է դրել ԱՄՆ յաջորդ նախագահի` Բիլ Քլինթոնի օրօք: 1997ին, ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի, Թուրքիայի փոխարտգործնախարար Օնուր Օյմենը զանգահարել է փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթին եւ կրկին առաջարկել Ղարաբաղեան հարցը լուծել «սահմանների փոփոխութեան» տարբերակով (փաստաթուղթը տե՛ս այստեղ).

«Օյմենն ասաց, որ խօսել է Թուրքիայի նախկին վարչապետ Էջեւիթի հետ, ով մի գաղափար է առաջ քաշել Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ` տարածաշրջանում սահմանների փոփոխութիւն, որի դէպքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը կը զիջի Հայաստանին, Հայաստանն էլ տարածքային զիջումներ կ՛անի Ադրբեջանին»:

«Օյմենը պնդել է, թէ թուրքական կողմն արդէն քննարկել է այս հարցը ռուսների հետ, եւ հարցրել` ո՞րն է Վաշինգտոնի դիրքորոշումը: Փոխպետքարտուղար Թալբոթն արձագանգել է` այդ տարբերակը կարող է շեղել հակամարտող կողմերին Մինսկի խմբի առաջարկներից, եւ ոչ թէ լուծել, այլ` է’լ աւելի խճճել խնդիրը:

«Աշխարհի տարբեր անկիւններում փորձը ցոյց է տալիս, որ սահմանների փոփոխութիւնը նման է Պանդորայի արկղ բացելուն. Ղարաբաղի դէպքում այն լաւագոյն դէպքում փակուղի կը մտցնի հարցը, վատագոյն դէպքում` կը յանգեցնի բռնութիւնների», ասել է նա:

«Միաժամանակ, Թալբոթը պնդել է` եթէ ադրբեջանցիները եւ հայերը բանակցութիւնների միջոցով` առանց ուժի գործադրման, որոշեն գնալ այդպիսի լուծման, Մինսկի խումբն ու Ամերիկան կ՛աջակցեն դրան:

«Այդ տարիներին Հայաստանում իշխող վարչակազմը, սակայն, հրաժարուել է քննարկել այդ գաղափարը, ինչի մասին նշւում է 1997ի Սեպտեմբերի դիւանագիտական հեռագրերից մէկում (փաստաթուղթը տե՛ս այստեղ)։

«Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութիւնից յետոյ, սակայն, ինչպէս գաղտնազերծուած փաստաթղթերն են վկայում, տարածքների փոխանակման գաղափարը մտել է բանակցային օրակարգ` Ռոբերտ Քոչարեան-Հէյդար Ալիեւ տետ ա տետ (դէմ դիմաց) հանդիպումների շնորհիւ: Դրանից առաջ միջնորդների ներկայացրած փուլային, փաթեթային, ընդհանուր պետութեան տարբերակները մերժուել էին այս կամ այն կողմից. այդ փուլում, երբ թւում էր` բանակցութիւնները փակուղի են մտել, Քոչարեանն ու հայր Ալիեւը սկսել էին հանդիպել առանց միջնորդների:

««Ազատութեան» տրամադրութեան տակ են Պետդեպի գաղտնազերծած մի քանի փաստաթղթեր, որտեղ ամերիկացի դիւանագէտներն ու նրանց բարձրաստիճան զրուցակիցները նշում են` հէնց այդ հանդիպումների արդիւնքում` 1999ի Սեպտեմբերին, Քոչարեանը սկզբունքօրէն համաձայնել է տարածքների փոխանակման Ալիեւի առաջարկին: Ըստ ամերիկացի դիւանագէտների, դա տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանի Սադարակի հատուածում:

«Դա Ալիեւ-Քոչարեան արդէն հինգերորդ հանդիպումն էր 1999 թուականի ընթացքում, եւ եզակիներից մէկը, որի աւարտին երկու նախագահներն էլ հրապարակաւ ասել էին, թէ պատրաստւում են գնալ զիջումների:

«Ռոբերտ Սեդրակովիչն ու ես մտածում ենք` ով ինչ փոխզիջման կարող է գնալ», ասել էր Հէյդար Ալիեւը:

«Այո՛, պէտք է ասեմ, որ մենք քննարկել ենք հէնց փոխզիջումների, բանակցային գործընթացում, այսպէս ասած, միմեանց ընդառաջ գնալու աստիճանը», արձագանգել էր Ռոբերտ Քոչարեանը:

«Նախագահները բաժանուել էին բարձր տրամադրութեամբ, քննարկել, թէ քանի ոչխար են մորթելու, երբ վերջնական համաձայնութիւնը կը ստորագրեն, չբացայայտելով` կոնկրետ (ճիշդ) ինչպէս են պատրաստւում հարցը լուծել:

«Մանրամասները պարզւում են այդ հանդիպումից յետոյ Վաշինգտոն ուղարկուած մի դիւանագիտական հեռագրից, որ կազմել են այդ ժամանակ Հայաստանում ու Ադրբեջանում աշխատող ամերիկացի դեսպանները (փաստաթուղթը տե՛ս այստեղ): «Հիմա խաղաղութեան հեռանկարը շատ աւելի տեսանելի է, քան երբեւէ հակամարտութեան մեկնարկից`1988ից ի վեր` շնորհիւ նախագահներ Քոչարեանի ու Ալիեւի ջանքերի», գրել են ամերիկացի դիւանագէտները, մանրամասնելով.

«Խաղաղութեան հեռանկարները հիմա շատ աւելի յուսադրող են, քան երբեւէ հակամարտութեան մեկնարկից ի վեր` նախագահներ Քոչարեանի ու Ալիեւի ջանքերի շնորհիւ: 1999ի Ապրիլին նախագահ Ալիեւը Վաշինգտոնում` ՆԱՏՕի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը առաջարկել է տարածքների փոխանակում: Նախագահ Քոչարեանը սկզբունքօրէն համաձայնել է, եւ երկու նախագահները մտել են քննարկումների ակտիւ (աշխոյժ) փուլ` Ալիեւի առաջարկների հիման վրայ»:

«Սադարակում տեղի ունեցած այդ հանդիպումից յետոյ ԱՄՆ փոխնախագահ Ալ Գորը ուղերձ էր յղել կողմերին` քաջալերելով «ուղիղ երկխօսութեան արդիւնքում ձեռք բերուած կարեւոր առաջընթացը»: Ամերիկայի փոխնախագահի ուղերձում ասւում էր․

«Հասկանում եմ, որ այդ բանակցութիւնները նախատեսում են ոչ հեշտ զիջումներ, որոնց պէտք է գնան երկու կողմերը, բայց ես, միաժամանակ, կարծում եմ, որ ձեր որոշումը` օգտուել այդ բացառիկ հնարաւորութիւնից, իմաստուն է ու քաջ»:

«ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարն էլ այդ օրերին տարածաշրջան էին գործուղել Ղարաբաղեան խնդրով զբաղուող փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթին, ով հանդիպել էր նախ Ադրբեջանի, յետոյ` Հայաստանի ղեկավարութեան հետ, վերջում` մեկնել Անկարա:

«Հանդիպելով Թուրքիայի նախագահ Դէմիրելի հետ` փոխպետքարտուղար Թալբոթը նշել է` Բաքւում այս համաձայնութիւնից այնքան են ոգեւորուած, որ տպաւորութիւն է, թէ ինչ-որ բան կարող է ստորագրուել դրանից մի քանի շաբաթ անց Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում: Փոխպետքարտուղարն անգամ խնդրել էր Միացեալ Նահանգների նախագահի ու պետքարտուղարի աշխատանքային գրաֆիկում (ծրագիրին մէջ) տեղ պահել` Ալիեւ-Քոչարեան հնարաւոր համաձայնութեանը ներկայ լինելու համար (փաստաթուղթը տե՛ս այստեղ

«Սակայն, Միացեալ Նահանգների փոխպետքարտուղարը տարածաշրջանից չէր հեռացել, երբ Հայաստանի խորհրդարանում սպաննուեցին վարչապետ Վազգէն Սարգսեանը, ԱԺ ղեկավար Կարէն Դեմիրճեանն ու 6 այլ պաշտօնեաներ: Մի քանի ժամում, մինչ Թալբոթը Երեւանից կը հասնէր Անկարա, Հայաստանում ուժերի հաւասարակշռութիւնն անդառնալիօրէն փոխուեց, եւ ստեղծուեց մի իրավիճակ, որը հետագայ տարիներին ազդեցութիւն ունեցաւ ոչ միայն երկրի, այլեւ Մեղրիի հարցով ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների վրայ: Դիւանագիտական փաստաթղթերում նաեւ այդ մասով մանրամասներ կան:

«Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերի Քաւանոն, մասնաւորապէս, գաղտնի հեռագրերից մէկում պնդում է, թէ Հոկտեմբերի 27ի կէսօրին Հայաստանի նախագահականում վարչապետ Վազգէն Սարգսեանը կողմ է եղել Քոչարեանի ու Ալիեւի միջեւ ձեռք բերուած համաձայնութեանը: Փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթը, մինչդեռ, նոյն օրը` Հոկտեմբերի 27ին հասնելով Անկարա, Թուրքիայի նախագահին ասել է` Վազգէն Սարգսեանը Քոչարեանի ծրագրերից ամբողջութեամբ տեղեակ չէր (փաստաթուղթը տե՛ս այստեղ)․

«Փոխպետքարտուղարը նախագահ Դեմիրելին ասաց, որ նախագահ Քոչարեանի հետ իր հանդիպմանը վարչապետ Սարգսեանն առաջին անգամ էր լսում Քոչարեան-Ալիեւ քննարկումների որոշ մանրամասներ»:

«Թէ որոնք են եղել այդ մանրամասները, Պետդեպի հեռագիրը չի յստակեցնում: Թալբոթը Դեմիրելին միայն փոխանցել է, որ Ռոբերտ Քոչարեանը, ի տարբերութիւն Հէյդար Ալիեւի, առաւել զգուշաւոր էր եւ յորդորում էր իրեն շատ չշտապեցնել: Հոկտեմբերի 27ի ահաբեկչութիւնից ժամեր անց Ամերիկայի փոխպետքարտուղարը Թուրքիայի նախագահին հետեւեալն է պատմել հայկական կողմի հետ իր բանակցութիւններից.

«Քոչարեանի զգուշաւորութեան մի մասը իր մտահոգութիւնն էր, որ ռուսները հնարաւոր է` ամբողջութեամբ տեղեակ չեն իր ու Ալիեւի միջեւ ձեռք բերուած առաջընթացից: Քոչարեանը կը հանդիպի Ելցինին Նոյեմբերի 5ին ու կը խօսի նրա հետ: Քոչարեանն անհանգստացած էր` յանկարծ այնպէս չստացուի, որ Մոսկուային թուայ` ինքը կամ ամերիկացիներն աշխատում են ռուսների թիկունքում»:

«Յայտնելով այս մանրամասները` Թալբոթը զգուշացրել է` թէ՛ Ալիեւը, թէ՛ Քոչարեանը խնդրում են, որ իրենց համաձայնութիւնը մնայ խիստ գաղտնիութեան պայմաններում: Դէմիրելը խոստացել է` տեղեկութիւնը սենեակից դուրս չի գայ: Փոխպետքարտուղարի հետ այդ հանդիպմանը Հայաստանի նախագահը հարց է բարձրացրել նաեւ Իրանի հետ կապերը պահելու անհրաժեշտութեան վերաբերեալ.

«Քոչարեանն ասաց, թէ Հայաստանը ուզում է Ադրբեջանի եւ/կամ Թուրքիայի հետ երկխօսութեան միջոցով ինչ-որ ճանապարհ գտնել` երաշխաւորելու իր համար կարեւոր առեւտրային կապերն Իրանի հետ: Դեմիրելը համաձայնեց` Ադրբեջանը դա անելու համար կարող է ինչ-որ ձեւ գտնել»:

«Բաքւում, սակայն, մտադիր չէին նոր զիջումների գնալ: Սադարակում տեղի ունեցած հանդիպումից շաբաթներ անց` 1999ի Նոյեմբերին, հայր Ալիեւը Վաշինգտոն է գործուղել ներկայացուցչական պատուիրակութիւն, որի կազմում էին երկրի վարչապետն ու ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւը: Փոխպետքարտուղարի հետ նրանց հանդիպման սղագրութիւնից ակնյայտ է, որ նրանք Վաշինգտոն էին մեկնել հէնց տարածքների փոխանակման տարբերակը քննարկելու(փաստաթուղթը տե՛ս այստեղ).

«Ալիեւն ու Ռասիզադէն ասացին, որ դրական հանդիպումներ են ունեցել Արժոյթի միջազգային հիմնադրամում ու Համաշխարհային բանկում, եւ յստակ տպաւորութիւն ստացել, որ երկու կառոյցներն էլ պատրաստ են արագօրէն գնալ առաջ` աջակցելու Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ձեռք բերուած խաղաղութեան համաձայնագրի իրագործմանը»:

«Այդ ժամանակ Իլհամ Ալիեւն ամերիկեան կողմին հաւաստիացրել է` Ադրբեջանն ուզում է գործը գլուխ բերել հնարաւորինս արագ, նեղսրտելով, թէ ընդդիմութեան կողմից տարածուող շշուկներն ու կասկածները թուլացնում են իրենց դիրքերը.

«Ալիեւն ասաց` Ադրբեջանի ժողովուրդը գնալով աւելի անհանգիստ է դառնում, նրանք գիտեն, որ ինչ-որ բան է կատարւում, բայց չգիտեն մանրամասները: Մինչդեռ ընդդիմութիւնը շահարկում է իրավիճակը»:

«Ադրբեջանական կողմը ենթադրել է, թէ հայկական կողմը սկսել է դանդաղել Մոսկուայի թելադրանքով: ԱՄՆ փոխպետքարտուղարը, սակայն, փարատել է այդ կասկածները, պնդելով, թէ պատճառը հայաստանեան ներքաղաքական վիճակն է. նախագահ Քոչարեանին անհրաժեշտ է ժամանակ տալ` Հոկտեմբերի 27ի ահաբեկչութիւնից յետոյ իր շուրջը աջակցութիւն կոնսոլիդացնելու (ամրացնելու) եւ խիզախ որոշումներ կայացնելու համար: Պետդեպի փաստաթղթի յաջորդ նախադասութիւնը գաղտնազերծում է` ինչ էր քննարկման սեղանին.

«Իլհամ Ալիեւը նշեց, թէ հասկանում է` որքան դժուար է ղարաբաղցի հայի` Քոչարեանի համար, հրաժարուել Մեղրիի շրջանից»:

«Ամիսներ անց, երբ այս հարցն արդէն Միացեալ Նահանգների պետքարտուղարն ու Ռուսաստանի արտգործնախարարն են քննարկել, Մադլէն Օլբրայթը յորդորել է Մոսկուային համոզել Հայաստանին, թէ այս գործարքը լաւ է տարածաշրջանի անվտանգութեան համար: Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Իւանովը ի պատասխան նոյն փաստարկն է բերել` Քոչարեանի դիրքերը թուլացել են Հոկտեմբերի 27ից յետոյ (փաստաթուղթը տե՛ս այստեղ).

«Իւանովն ասաց, որ ինքը երկար զրուցել է թէ՛ Քոչարեանի, թէ՛ Ալիեւի հետ այս հարցերի շուրջ: Քոչարեանն անկեղծ էր, երբ ասում էր, թէ իրեն ներքին կայունութիւն է պէտք նման կարեւոր համաձայնութիւն կայացնելուց առաջ, նա կարծում է, որ չունի այն աջակցութիւնը, որը վայելում էր մինչ սպանութիւնները: Չնայած այն փաստին, որ Երեւանն աւելի շատ տարածք է ստանում այս գործարքով, նրանք կարծում են, որ այն իրենց թողնում է երեք կողմից թուրքերով ու նրանց մերձաւոր զարմիկներով շրջապատուած, մինչդեռ Վրաստանն անկայուն վիճակում է»:

«Ըստ այդ համաձայնութեան, հայկական կողմը պէտք է դուրս գար Ղարաբաղի շրջակայ բոլոր տարածքներից` բացառութեամբ Լաչինի:

«Լեռնային Ղարաբաղի Անվտանգութեան խորհրդի նախկին քարտուղար Սամուէլ Բաբայեանը 2019ին  հայտարարել էր` նման առաջարկ չէր կարող քննարկուել առանց իր իմացութեան: «Ինձ յետոյ ոչ ոք չի բանակցել, դուրս եկողը մենք պիտի լինէինք, բայց ինձ ոչ ոք ոչինչ չի ասել», պնդել էր նա:

«Պետդեպի գաղտազերծած փաստաթղթերի համաձայն, սակայն, միջնորդները հոգ էին տարել նաեւ Ղարաբաղին տեղեակ պահելու մասին: 1999ի Դեկտեմբերին` Սադարակի հանդիպումից մօտ երկու ամիս անց, Մինսկի խումբը, Ադրբեջանի նախագահ Հէյդար Ալիեւի խնդրանքով, այցելել է Ստեփանակերտ` համոզուելու, որ ղարաբաղեան կողմը համաձայն է լուծման այդ տարբերակին: Ամերիկացի համանախագահ Քերի Քաւանոն զրոյցի մանրամասներն օրեր անց հեռագրել է Վաշինգտոն (փաստաթուղթը տե՛ս այստեղ), մանրամասնելով.

«Արկադի Ղուկասեանն անմիջապէս հաստատեց, որ ինքը լիովին աջակցում է Քոչարեան-Ալիեւ գործարքին, եւ ես խոստացայ փոխանցել դա Ադրբեջանի նախագահին»:

«Ըստ դիւանագիտական հեռագրերի, այդ ժամանակ միջնորդները սկսել էին աշխատել միջազգային դոնորների (նուիրատուներու) հետ` համաձայնագրի ստորագրումից յետոյ տարածքների վերակառուցման ու մարդկանց վերաբնակեցման համար: Ֆրանսիացի համանախագահն անգամ հարցրել է` ե՞րբ է նպատակայարմար, որ Համաշխարհային բանկը կարիքների գնահատման այց կատարի: Ղուկասեանը արձագանգել է` որքան շուտ, այնքան` լաւ, միաժամանակ խոստանալով այդ մասին տեղեկութիւնները պահել գաղտնի.

«Նա ասաց, որ կ՛որդեգրի լիակատար գաղտնապահութիւն, ինչը, նրա համոզմամբ, կենսական նշանակութիւն ունի արդիւնքի հասնելու համար: Նա աւարտեց իր խօսքը ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի ստատուս քուոն (գոյավիճակը) ընդունելի չէ, ոչ էլ հնարաւոր է այն անժամկէտ պահել, եւ որ անհրաժեշտ է խաղաղութիւն ու զարգացում»:

«Դիւանագիտական փաստաթղթերը, միաժամանակ, վկայում են, որ «Հոկտեմբերի 27»ից յետոյ Հայաստանի նախագահն առաւել յաճախ է յղում արել ներքին անկայունութեանն ու Իրանի հետ սահմանը պահելու անհրաժեշտութեանը` յորդորելով յաւելեալ ժամանակ տալ իրեն:

«2000 թուականի Յունուարին արդէն, ըստ Պետդեպի փաստաթղթերի, Ռոբերտ Քոչարեանը Դաւոսում` Ալիեւի հետ առանձնազրոյցում, նոր պահանջ է դրել սեղանին` անակնկալի բերելով ոչ միայն ադրբեջանցի գործընկերոջը, այլեւ համանախագահող երկրներին: Այդ մասին Հէյդար Ալիեւը պատմել է Ադրբեջանում Ամերիկայի դեսպան Սթենլի Էսկուդերոյին 2000ի Փետրուարին (փաստաթուղթը տե՛ս այստեղ).

«Ընդգծելով հայ-իրանական սահմանի ծայրաստիճան կարեւորութիւնը` Քոչարեանն առաջարկել է տալ Մեղրին եւ կորցնել այդ սահմանը, ինչպէս ի սկզբանէ պայմանաւորուել էին Նախիջեւանում, եթէ Թուրքիան համաձայնի քննարկել 1915-16 թուականների ցեղասպանութիւնը»:

«Ալիեւը հակադարձել է` ցեղասպանութեան հարցը երբեք չի եղել հայ – ադրբեջանական յարաբերութիւնների օրակարգում, եւ ինքը չի կարող նման հարց բարձրացնել թուրքական կողմի առաջ: Միաժամանակ, սա հիմք է տուել Ալիեւին ամերիկացի դիւանագէտի մօտ պնդել` ստացւում է, որ Իրանի հետ սահմանի հարցն այնքան էլ կենսական չէ հայկական կողմի համար: «Եթէ Քոչարեանը պատրաստ է հրաժարուել դրանից ցեղասպանութիւնը ճանաչելու գնով, ուրեմն Մեղրին ոչ թէ սկզբունքային նշանակութիւն ունի, այլ` սակարկման մանրադրամ է հայկական կողմի համար», պնդել է նա:

«Որ Հայաստանի նախագահն այդ փուլում նման հարց է դրել, նշել է նաեւ Մինսկի խմբի համանախագահ Քերի Քաւանոն Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասեանի հետ հանդիպումից յետոյ Վաշինգտոն ուղարկուած հեռագրում (փաստաթուղթը տե՛ս այստեղ).

«Աւելի վաղ հեռախօսով տեղեկութիւններ ստանալով Երեւանից` Ղուկասեանը կրկնեց Քոչարեանի փաստարկները, թէ անհրաժեշտ է ժամանակ տալ, մինչ Հայաստանը փորձում է ստիպել Թուրքիային ընդունել իր մտահոգութիւնները Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու վերաբերեալ»:

«Ամերիկացի համանախագահը, սակայն, նոյն հեռագրում նկատել է` հայկական կողմի հաշուարկներն անհիմն են ու սխալ. «Թուրքերն իրենց խոստացածից` սահմանները բացելուց եւ յարաբերութիւններ հաստատելուց հեռուն չեն գնայ: Նոյնն է պնդել նաեւ Միացեալ Նահանգերի պետքարտուղար Մադլէն Օլբրայթը, երբ քննարկել է այս հարցը Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Իւանովի հետ 2000 թուականի Փետրուարի 1ին Մոսկուայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ (փաստաթուղթը տե՛ս այստեղ).

«Պետքարտուղարն ասաց` ինքը փոխանցել է Ալիեւին եւ Քոչարեանին, որ նրանք չպէտք է կորցնեն խաղաղութեան հասնելու հնարաւորութիւնը, որ այսօր ունեն: Թւում է` Անկարան հիմա վարում է առաւել բաց ու աջակցող քաղաքականութիւն, սակայն նրանք երբեք այնքան հեռուն չեն գնայ, որքան հայերի իդէա ֆիքսն (ամրացած գաղափարն) է` Ցեղասպանութեան համար ներողութիւն խնդրելը»:

«2021 թուականի նախընտրական արշաւի ժամանակ Ռոբերտ Քոչարեանը պնդել էր` ինքը Մեղրիի վերաբերեալ իր գրքում գրել է «շատ պարզ` ինչպէս է այդ հարցը քննարկուել»:

«Երկրորդ նախագահի ինքնակենսագրականում, սակայն, դռնփակ այս քննարկումների ու սակարկումների մասին որեւէ բառ չկայ: Թէ՛ 2000ականներին, թէ՛ պաշտօնը թողնելուց յետոյ Քոչարեանն ընդգծուած մէկ բան է շեշտում` նման առաջարկ Մինսկի խմբի կողմից չի ներկայացուել:

«Եղել է երեք առաջարկ` Ընդհանուր պետութիւնը, Քիվեսթեանը, որից Ալիեւը հրաժարուեց, եւ Մադրիդեան սկզբունքները», յայտարարում է նա:

«Թղթի վրայ գուցէ եղել է երեք առաջարկ, բայց փաստ է, որ Քոչարեանի օրօք ներկայացուած առաջին տարբերակի` 1998ի «Ընդհանուր պետութեան» եւ 2001ի Քի Վեսթի միջեւ Ալիեւն ու Քոչարեանը առնուազն տասը տետ ա տետ զրոյց են ունեցել` առանց միջնորդների: Գաղտնազերծուած փաստաթղթերը նշում են, որ նրանք այդ ընթացքում հակամարտութեան կարգաւորման սեփական` տարածքների փոխանակման տարբերակն ու դրա մոդիֆիկացիաներն (փոփոխութիւնները) էին քննարկում: Եւ եթէ գործընթացի սկզբում բանակցութիւններից տեղեակ է եղել միայն ամերիկեան կողմը, ապա ամիսներ անց այս համաձայնութիւնը քննարկուել է արդէն Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների պաշտօնական հանդիպումներում: 2000 թուականի Մարտին, օրինակ, Միացեալ Նահանգների դիւանագէտները` փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթի ղեկավարութեամբ, հանդիպել են Ֆրանսիայի արտգործնախարարութեան քաղաքական հարցերով տնօրէն Ժերար Էրրերայի հետ եւ ի թիւս այլ թեմաների քննարկել նաեւ այս հարցը (փաստաթուղթը տե՛ս այստեղ).

«Յատուկ յանձնարարութիւններով դեսպան Սթիւ Սեստանովիչը յորդորեց Մինսկի խմբի համանախագահներին Ապրիլին Ժընեւում հանդիպել համապատասխան միջազգային կառոյցների հետ` կազմակերպելու առաքելութիւն, որը կը գնահատի տարածաշրջանում մարդկանց վերաբնակեցման ու վերակառուցման կարիքները: Սեստանովիչը նշեց, որ Քոչարեանն ակնյայտօրէն ուզում է լուծել խնդիրը, ինչին ի պատասխան Էրրերան արձագանգեց` տուեալ գործարքը բխում է նրա շահերից, եթէ հաշուի չառնենք Իրանի հետ կապի խնդիրը»:

«Տարիներ առաջ, խօսելով այս թեմայի մասին, Ռոբերտ Քոչարեանը նաեւ պնդել էր` իր օրօք Թուրքիան այս պատմութեան մէջ չկար:

«Փաստացի, սակայն, հակառակն է` Թուրքիան կար առաջին օրից: 1992ին հէնց Անկարան է փակ դռների ետեւում շրջանառել տարածքների փոխանակման գաղափարը: Աւելին, Քոչարեանի նախագահութեան օրերին Անկարան տեղեակ է եղել ու կողքից հետեւել է նրա ու Հէյդար Ալիեւի տետ այ տետ բանակցութիւններին: 1999ին, օրինակ, Թուրքիայի նախագահը բաց տեքստով ասել է Միացեալ Նահանգների փոխպետքարտուղարին, որ կուլիսներում աշխատում է Հէյդար Ալիեւի հետ ու խորհուրդներ տալիս (փաստաթուղթը տե՛ս այստեղ).

«Դեմիրելն ասաց …մտավախութիւն ունի, որ դժուար կը լինի երկու առաջնորդների համար նման համաձայնութիւնը վաճառել իրենց մայրաքաղաքներում, եւ որ ինքը խորհուրդ է տուել Ալիեւին թոյլ տալ, որ Մինսկի խումբը ներկայացնի երկու նախագահների առաջարկը, որպէսզի երկու խորհրդարաններն այն դիտարկեն որպէս Մինսկի խմբի առաջարկ»։

«Միացեալ Նահանգների յատուկ յանձնարարութիւններով դեսպան Սեստանովիչը 2000 թուականի գարնանը կարծիք էր յայտնել, թէ Քոչարեանը մեծ կարեւորութիւն է տալիս Ռուսաստանում սպասուող նախագահական ընտրութիւններին եւ կը ցանկանայ առաջ գնալ Պուտինի ակնկալուող ընտրութիւնից յետոյ:

«Հայաստանի երկրորդ նախագահը, սակայն, թէ՛ այդ օրերին, թէ՛ դրանից տարիներ անց հաստատակամօրէն պնդում էր` ինքը ի սկզբանէ եւ աներկբայ մերժել է տարածքների փոխանակման գաղափարը:

«Խօսքը միայն կոմունիկացիաների (հաղորդակցութիւններու) մասին էր, երբեք չի եղել տարածքների փոխանակման տարբերակ սեղանին: Քննարկուել է հետեւեալ սկզբունքը, օրինակ` տարածքային փոխանակումը ընդունելի՞ է: Ասում ես` ոչ, դրանով կորցնում ենք ռազմավարական սահմանը Իրանի հետ: Վերջ, սրանով աւարտւում է: Հողերը հայկական հողերով ես չեմ փոխում», ասել էր նա 2008 Փետրուարի 16ին հեռուստաընկերութիւններին տուած հարցազրոյցում:

«Միայն թէ բաց է մնում` եթէ նման հարց երբեւէ սեղանին չէր եղել եւ չէր քննարկուել, ինչո՞ւ է հայկական կողմը յետոյ պատրուակներ փնտռել` մերժումը հիմնաւորելու համար: Իսկ որ եղել է նման խօսակցութիւն` 2000 թուականի Փետրուարին Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Բերդեննիկովն է պատմել ամերիկեան կողմին` Բաքու եւ Երեւան այցելելուց յետոյ (փաստաթուղթը տե՛ս այստեղ).

«Քոչարեանը նրան ասել է` եթէ Դեմիրճեանն ու Սարգսեանը ողջ լինէին, նա կը կարողանար առաջ տանել այդ համաձայնութիւնը, սակայն առանց նրանց դա անհնար է. այդ գործարքի դէմ քննադատութիւնն աճում է քաղաքական դաշտի աջ հատուածից ու նախկին նախագահ Տէր Պետրոսեանի աջակիցների շարքերից: Բերդեննիկովը նաեւ ասաց` Քոչարեանն իրեն փոխանցել է, որ ինքը կը կարողանար այս գործարքը գլուխ բերել, եթէ ինչ-որ սահմանային կապ լինէր Իրանի հետ, հակառակ դէպքում ինքը կորած է: Ինչ վերաբերում է Թուրքիային, Քոչարեանն ասաց, որ Թուրքիայի կողմից ցեղասպանութիւնը քննարկելու մերժումը կը բերի որպէս պատրուակ Բաքուի մօտ` համաձայնութիւնից հրաժարուելու համար»:

«Նոյն այդ օրերին, երբ համանախագահ երկրների բարձրաստիճան դիւանագէտները Վաշինգտոնում, Փարիզում ու Մոսկուայում քննարկում էին` ինչու է Քոչարեանը ետ կանգնում սկզբնական պայմանաւորուածութիւններից, Հայաստանի արտգործնախարարը Երեւանում պնդում էր` «տարածքների փոխանակման առաջարկութիւն հնչել է, բայց Հայաստանի կողմից դա որեւէ կերպ չի ընդունուել կամ արձանագրուել որպէս սեղանի վրայ եղող առաջարկ»: Այս յայտարարութիւնից ուղիղ 25 տարի անց` այս տարեսկզբին, այդուամենայնիւ, Վարդան Օսկանեանն ընդունեց, որ հայկական կողմն ինչ-ինչ նկատառումներով աշխատել է այդ առաջարկի ուղղութեամբ:

«Առաջարկութիւնը եղել է Ալիեւի կողմից Ժընեւի հանդիպման ժամանակ` 1999 թուականին: Այդ օրը Քոչարեանն էր, ես էի, Վազգէնն էր, բայց եղել է տետ ա տետ, ես ու Վազգէնը չենք մասնակցել: Քոչարեանը երբ այդ հանդիպումից դուրս եկաւ, ասաց` Ալիեւն այսպիսի առաջարկ է անում: Մեր առաջին ռէակցիան (հակազդեցութիւնը) էր` Ալիեւը պատրաստ է Ղարաբաղը տալ, ուշադրութիւնը դրա վրայ դրուեց: Այդ օրերին Քոչարեանից ու Վազգէն Սարգսեանից ես շատ յստակ յանձնարարութիւն ունէի որպէս ԱԳ նախարար` առանց Հայաստանի տարածքից որեւէ թիզ հող զիջելու փորձել օգտուել Ալիեւի ցանկութիւնից` Ղարաբաղը տալու: Եւ այդ գործընթացը մեզ տարաւ այնտեղ, որ մենք Քի Վեսթում ունեցանք արդիւնք», պնդում է Օսկանեանը:

«Քիվեսթեան տարբերակում, ըստ դիւանագէտների վկայութիւնների, սեղանին եղել է արդէն Սադարակում ձեռք բերուած համաձայնութեան փոփոխուած տարբերակը, որով Ադրբեջանը Նախիջեւանին կապուելու համար ոչ թէ Մեղրին, այլ` «ինքնիշխան միջանցքներ» պէտք է ստանար: Միջազգային ճգնաժամային խումբը պնդում է, թէ 2005ին Երեւանում Հայաստանի իշխանութիւններն իրենց ցոյց են տուել այդ համաձայնութեան ոչ պաշտօնական նախագիծը, որի երկրորդ յօդուածում նշւում էր` Ղարաբաղը պէտք է տրուէր Հայաստանի ինքնիշխանութեանը: Սակայն գործնական արդիւնք այս փաստաթուղթը չունեցաւ. Հէյդար Ալիեւը մինչեւ Քի Վեսթ մեկնելն էր Ամերիկայի դեսպանին ասել` գործարքին կը համաձայնի միայն մէկ դէպքում` եթէ Նախիջեւանն ամբողջութեամբ միանայ Ադրբեջանին (փաստաթուղթը տե՛ս այստեղ).

«Ադրբեջանի նախագահը պատմեց, որ Քոչարեանն առաջարկել է, թէ կարող են տարբերակներ` որոշ վարիացիաներ (տարբերակներ) լինել Մեղրիի փոխանցման հարցում: Ալիեւն արձագանգել է, թէ ինքը չի կարող դիտարկել որեւէ բան, որը չի երաշխաւորում Ադրբեջանի վերամիաւորումը Նախիջեւանի հետ»:

«Ի դէպ, մինչ այդ` 1997ին, Միացեալ Նահանգներում պատասխանելով լրագրողներից մէկի հարցին, հայր Ալիեւը պնդել էր, թէ Նախիջեւանի եւ Ադրբեջանի արեւմտեան շրջանների միջեւ ընկած` Սիւնիքով անցնող 46 կիլոմետրանոց հատուածը վաղնջական ժամանակներից պատկանել է Ադրբեջանին:

«Խորհրդային Միութիւնը հիմնելուց յետոյ Ստալինը Նախիջեւանը Ադրբեջանի հիմնական տարածքից բաժանող այդ հատուածը որպէս նուէր տուել է Հայաստանին: Նրանք ուզում էին երկու մասի բաժանել Ադրբեջանը, ուստի Հայաստանին տուեցին այդ 46 կմ.անոց հողակտորը», ասել էր նա:

«2000ականներին չհասնելով յաջողութեան` Բաքուն` Թուրքիայի աջակցութեամբ, Հայաստանի տարածքով Նախիջեւանի հետ կապուելու պահանջը վերականգնեց Ղարաբաղեան երկրորդ պատերազմից յետոյ, երբ հայկական կողմի դիրքերն ամենաթոյլն էին բանակցային ողջ պատմութեան մէջ:

«Ամրագրուել է , որ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւնը պէտք է կապուի Ադրբեջանի հետ: Հաղորդակցութեան բոլոր ուղիների ու ճանապարհների բացմանը զուգահեռ նշւում է, որ պէտք է ստեղծուի եւ կը ստեղծուի նոր տրանսպորտային (փոխադրութեան) ենթակառուցուածք: Այդ կէտը մտցուել է յայտարարութեան տեքստ (բնագիրին մէջ) իմ պնդմամբ, քանի որ այդ դրոյթի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան միջեւ ուղիղ կապ չկայ: Բայց ես ուրախ եմ, որ իմ հետեւողական պահանջներն ընդունուեցին», 2020 Նոյեմբերի 8ին յայտարարեց Իլհամ Ալիեւը, ով մինչեւ այսօր խօսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին:

«Թէ ինչպէս է Իլհամ Ալիեւը հիմնաւորել Ղարաբաղեան խնդրի հետ կապ չունեցող այս պահանջը 44օրեայ պատերազմն աւարտող փաստաթղթում, եւ թէ դրանից առաջ ու յետոյ ինչ դռնփակ քննարկումներ են եղել այս թեմայով, յայտնի չէ:

«Հայաստանի կառավարութիւնը, թէեւ փաստացի համաձայնել է Մինսկի խմբի լուծարմանը, սակայն դեռ չի գաղտնազերծել Ղարաբաղեան խնդրի շուրջ աւելի քան 30 տարի տեղի ունեցած բանակցութիւնները, միջնորդների ներկայացրած առաջարկներն ու հայկական կողմի պատասխանները: 2024ի Դեկտեմբերին «Ազատութեան» հարցմանն ի պատասխան Կառավարութիւնից փոխանցել էին` այդ փաստաթղթերի գոյքագրմամբ են դեռ զբաղուած, առաջիկայում էլ պէտք է քննարկեն` «նպատակայարմա՞ր է արդեօք դրանց գաղտնազերծումը, թէ՞ ոչ»: Մինչ այդ, նորանկախ Հայաստանի համար ճակատագրական բանակցութիւնների մասին ստիպուած ենք տեղեկանալ օտար երկրների աղբիւրներից: Պետդեպարտամենտը դիւանագիտական փաստաթղթերը գաղտնազերծում է Տեղեկատուութեան մասին օրէնքով, ըստ որի` երկրի քաղաքացիներն իրաւունք ունեն իմանալ` ինչի շուրջ, ինչ եւ ինչպէս են իրենց պաշտօնեաները բանակցել փակ դռների ետեւում»:

 Asbarez Staff January 31, 2025

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *