Արցախ

«Գաղտնիք Ղարաբաղի»

Մաս 12

Սկզբունքորեն անհայտ է մնում, թե 1998 թվականին ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանն ի՞նչ մոտիվացիայով էր առաջադրել վարչապետի պաշտոնից Լեոնարդ Պետրոսյանին հեռացնելու եւ սոցիալ-տնտեսական նոր ուղեգիծ ընտրելու հարցը:

Վահրամ Աթանեսյան

Մենք կասենք՝ «կեցցե՜ Դաշնակցությունը, հայ Դաշնակցությունը իսկական»
Հայաստանում 1998թ. «իշխանափոխությունից» երկու-երեք ամիս անց Ստեփանակերտում ներքաղաքական «ամպրոպ պայթեց». Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը մամուլի ասուլիս հրավիրեց եւ հայտարարեց, որ ԼՂՀ կառավարությունը գործունակ չէ, չունի սոցիալ-տնտեսական զարգացման հայեցակարգ:

Պաշտպանության բանակի հրամանատարի քննադատության հիմնական թիրախը ԼՂՀ վարչապետ Լեոնարդ Պետրոսյանն էր: Նա 1992 թվականին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնի համար մրցակցության մեջ ՀՅԴ հետ քաղաքական դիմակայությունը տանուլ տալուց հետո տեղափոխվել էր Երեւան եւ Հատուկ ծրագրերի պետական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա եւ նախագահ պաշտոնավարել:

Լեւոնարդ Պետրոսյանը Ստեփանակերտ էր վերադարձել 1995թ. հունվարին եւ նշանակվել ԼՂՀ վարչապետ, երբ Ռոբերտ Քոչարյանը Գերագույն խորհրդի կողմից լիազորությունների երկամյա ժամկետով ընտրվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ:
Մինչ այդ նա զբաղեցնում էր ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը: Պետական կառավարման այդ մարմինն ստեղծվել էր Լեռնային Ղարաբաղի համար ծայրահեղ ծանր իրավիճակում, երբ Ադրբեջանը գրավել էր Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի գրեթե իննսուն տոկոսը, մարտական գործողություններն ընթանում էին տառացիորեն Ստեփանակերտի մատույցներում:

Այդ օրերին եւ ավելի քան երեսուն տարի անց էլ պատմագիտական տեսակետ կա, որ Շահումյանի եւ Մարտակերտի անկումը «ծրագրված էր, որպեսզի Ստեփանակերտում իշխանությունն անցնի ՀՀՇ աջակցությունը վայելող Ռոբերտ Քոչարյանին»:
Այս գնահատականը հերքող անառարկելի ապացույցներ չկան: Փաստ է, սակայն, որ Ստեփանակերտում Պաշտպանության պետական կոմիտեի կազմավորումից կարճ ժամանակ անց զորքերի շփման գծում իրավիճակը կայունացել է, իսկ 1993թ. փետրվարի առաջին օրերին Պաշտպանության բանակն անցել է ռազմավարական նշանակության հակահարձակման եւ սկսել Մարտակերտի օկուպացված տարածքների ազատագրումը:
Պատերազմի այդ փուլում ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի շնորհիվ հաջողվել է հաղթահարել ռազմական խմբավորումների կուսակցականության բարդույթը:

Այդուհանդերձ, քաղաքական ընկալումներում ամուր էր նստած դժգոհությունը, որ ԼՂՀ Գերագույն խորհուրդը զրկվել է իշխանության բարձրագույն մարմնի օրինական լիազորություններից, իսկ իրական քաղաքականությունը որոշում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Պաշտպանության պետական կոմիտեն։
Սկզբունքորեն անհայտ է մնում, թե 1998 թվականին ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանն ի՞նչ մոտիվացիայով էր առաջադրել վարչապետի պաշտոնից Լեոնարդ Պետրոսյանին հեռացնելու եւ սոցիալ-տնտեսական նոր ուղեգիծ ընտրելու հարցը: Դա մի շրջան էր, երբ ԼՂ-ում սպասվում էին տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները:
Մինչ այդ ներքին գործերի նախարարի պաշտոնից անսպասելի հրաժարական էր ներկայացրել Կարեն Բաբայանը՝ Սամվել Բաբայանի ավագ եղբայրը: Նա ղարաբաղյան պատերազմի հայտնի զորամիավորումներից մեկի հրամանատարն էր, խարիզմատիկ անձնավորություն եւ արդեն իսկ տեղեկություններ կային, որ առաջադրվելու է Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու:
ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանն, իհարկե, հասավ իր հռչակած նպատակին. Արկադի Ղուկասյանն ստորագրեց Լեոնարդ Պետրոսյանին վարչապետի պաշտոնից ազատելու հրամանագիր: Ձեւավորվեց նոր կառավարություն՝ Ժիրայր Պողոսյանի գլխավորությամբ: Կարեն Բաբայանը, ինչպես եւ սպասվում էր, առաջադրվեց Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու:

Միակ քաղաքական ուժը, որ նրան մրցակից առաջադրեց, ՀՅԴ-ն էր: Ընդ որում, Դաշնակցությունը «մենամարտի» նետեց իր ամենահեղինակավոր անդամներից մեկին՝ ԼՂՀ ԳԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանին:
Դաշնակցությունը, կարելի է չկասկածել, համոզված էր, որ առկա իրավիճակում իր թեկնածուն հաղթելու ոչ մի, նույնիսկ տեսական շանս չունի: Ի՞նչ նպատակ էր հետապնդում Գերոգի Պետրոսյանի քաղաքական «մսխումը»: ՀՅԴ-ն Գերոգի Պետրոսյանի միջոցով փորձում էր Ստեփանակերտի քաղաքապետի այլընտրանքային-ժողովրդավարական ընտրության պատրանք ստեղծե՞լ, թե իրականում մարտահրավեր էր նետում ամբողջատիրական քաղաքականությա՞նը:

(շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *