Մաս 4
Բակո Սահակյանի նախագահության երկրորդ շրջանում, երբ փոխվարչապետ էր պաշտոնավարում Արթուր Աղաբեկյանը, ՀՅԴ-ն Արցախում ոչ միայն հէկ-երի շինարարության, այլեւ Արաքսի հովտում եւ Քաշաթաղի հարավային գոտում գյուղատնտեսական հավակնոտ ծրագեր է նախաձեռնել: Այդ շրջանակներում պետական բյուջեից, ըստ տարբեր աղբյուրների, շուրջ տասը միլիարդ դրամ գումար է ծախսվել, իսկ ավելի քան չորս միլիարդ դրամ որպես արտոնյալ վարկային միջոցներ տրամադրել է Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը:
Վահրամ Աթանեսյան
ԼՂՀ 2010-ի խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ն մասնակցեց արդեն որպես իշխանության կուսակցություն եւ ստացավ Ազգային ժողովի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններ։ Երկու տարի անց, երբ Բակո Սահակյանը երկրորդ ժամկետով նախագահի թեկնածու առաջադրվեց, Դաշնակցությունը ոչ թե իր նախկին կոալիցիոն գործընկեր Վիտալի Բալասանյանի, այլ գործող նախագահի թիմում էր։
Նախագահական այդ ընտրությունները Լեռնային Ղարաբաղում աննախադեպ էին․ Վիտալի Բալասանյանն ստացավ ձայների ավելի քան մեկ երրորդը։ Տպավորություն կար, որ նոր կառավարություն կձեւավորվի քաղաքական այդ հարաբերակցության նկատառմամբ, բայց Բակո Սահակյանը վարչապետի պաշտոնում վերանշանակեց Արայիկ Հարությունյանին, իսկ փոխվարչապետի պաշտոնում հրավիրվեց Արթուր Աղաբեկյանը: Նա ղարաբաղյան առաջին պատերազմի դաշտային հրամանատարներից է, Պաշտպանության բանակի կազմավորման ընթացքում նշանակվել է Հադրութի զորամասի հրամանատար: Այնուհետեւ Աղաբեկյանը տեղափոխվել է Հայաստան,զբաղեցրել բանակային կորպուսի հրամանատարի, պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, այնուհետեւ գլխավոր Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովը:
Երկրորդ ժամկետով Բակո Սահակյանի պաշտոնավարումը համընկավ Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններին եւ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերընտրությանը: Այդ փուլում Հայաստանի ներքաղաքական կյանքում Հայ Ազգային Կոնգրեսը քաղաքական դասավորություններից դուրս մնաց, ԱԺ-ում ձեւավորվեց նոր ընդդիմություն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյան-Էդմոն Մարուքյան տանդեմի «Ելք» դաշինքի: Նոր ձեւավորված կառավարության կազմում ՀՅԴ-ն ստացավ տարածքային կառավարման նախարարի պորտֆելը, որ բաժին ընկավ Դավիթ Լոքյանին: Ըստ երեւույթին, ԼՂՀ-ում դաշնակցական Արթուր Աղաբեկյանին փոխվարչապետ, իսկ Հայաստանում Դավիթ Լոքյանին տարածքային կառավարման նախարար նշանակելու միջեւ քաղաքական առնչություն կար: Որպես փոխվարչապետ՝ Արթուր Աղաբեկյանը հանդես եկավ արտաքին ներդրումներ ներգրավելու, նոր արտադրություն կազմակերպելու եւ աշխատատեղեր ստեղծելու նախաձեռնությամբ:
Նույն շրջանում ԼՂՀ կառավարությունը հռչակեց «էներգիայի սպառողից էլեկտրականություն արտահանողի վերափոխվելու» ծրագիր՝ շեշտը դնելով Քարվաճառի եւ Քաշաթաղի ջրային ռեսուրսների հաշվին փոքր հէկ-երի ցանց ստեղծելու վրա: Այդ ծրագրի գործնական դրսեւորումն սկսվեց Աղավնո գետի վրա փոքր հէկ-ի կառուցումից: Ի՞նչ միջոցների հաշվին է կառուցվել այն՝ հրապարակային տեղեկություններ չկան: Բայց, ինչպես ասում է ժողովուրդը՝ «մախաթը պարկում չես թաքցնի». Բերձորում, ապա եւ Ստեփանակերտում այդ կառույցն անվանեցին «դաշնակցականների հէկ»: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ կառույցի նախաձեռնողը Հայաստանի տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանն է, բաժնետերերը՝ ՀՅԴ հայաստանյան, արցախյան եւ Սփյուռքի մի քանի գործիչներ: Մասնագետների պարզելու հարց է, թե այդ, ինչպես նաեւ ՀՅԴ եւ ԼՂՀ որոշ պաշտոնյաների կառուցած փոքր հէկ-երի արտադրած էլեկտրաէներգիան գործնականում որքանո՞վ է նպաստել Արցախի էներգետիկ անվտանգությանը, արդյոք Հայաստանը որեւէ օգուտ ստացել է, թե ամեն ինչ ձեռնարկատիրական գործունեությունը հայրենասիրական քարոզչությամբ սքողելու նպատակ էր հետապնդում:
Ակնհայտ է, որ Բակո Սահակյանի նախագահության երկրորդ շրջանում, երբ փոխվարչապետ էր պաշտոնավարում Արթուր Աղաբեկյանը, ՀՅԴ-ն Արցախում ոչ միայն հէկ-երի շինարարության, այլեւ Արաքսի հովտում եւ Քաշաթաղի հարավային գոտում գյուղատնտեսական հավակնոտ ծրագեր է նախաձեռնել: Այդ շրջանակներում պետական բյուջեից, ըստ տարբեր աղբյուրների, շուրջ տասը միլիարդ դրամ գումար է ծախսվել, իսկ ավելի քան չորս միլիարդ դրամ որպես արտոնյալ վարկային միջոցներ տրամադրել է Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը: Գյուղատնտեսական այդ ծրագրերին ներգրավվել են Սիրիայից եւ Լիբանանից Արցախում հաստատված մի քանի անձինք: Ըստ էության առարկայական շատ նվազ նշանակություն ունեցող ծրագրերի շուրջ Արցախի պետական քարոզչությունը ձեւավորել էր այնպիսի մթնոլորտ, որ տպավորություն էր ստեղծվում, թե Մերձավոր Արեւելքի հայության բոլոր կարող ուժերը «վերաբնակվել են» Արաքսի հովտում՝ Իրանի սահմանին հարող տարածքներում: Այդ քարոզչությունը Բաքուն պատճենահանում եւ ներկայացնում էր իրեն ցանկալի կտրվածքով, որ «Ադրբեջանի բռնազավթված տարածքներում Հայաստանը սիրիացի եւ լիբանանցի ահաբեկիչներ է կուտակում, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերը հատկացնում թմրանյութերի արտադրության համար անհրաժեշտ մշակաբույսերի»:
(Շարունակելի)