Հայաստան

ՀՅԴ-ը «Գոդոյին Սպասելիս»

Մարդիկ սովորել են, որ այն կուսակցությունը, որ «Մահ կամ Ազատություն» ասելով իրոք կարողանում էր մահվան ու ազատության ընտրություն կատարել, ընդ որում ընտրելով կյանքը, այսօր կարծես պայքարի մեջ է մտել պետության դեմ՝ հանուն քաղաքական դաշտում մնալու ինչ որ խոստումների դիմաց։ ՀՅԴ դրոշի վրա այսօր էլ գրված է «Մահ կամ Ազատություն, բայց տպավորություն է, որ դա զուտ իրենց համար։ Այսինքն մահ բոլոր նրանց, ովքեր կխանգարեն կուսակցությանը։ Կամ էլ կուսակցությունը այնքան է կարևորում իր քաղաքական ազատությունը, որ ձգտում է մեռնել, բայց չստորադասել իր շահերը պետականությանը։

Մեր Ուղին

Մի քանի անգամ առիթ ունեցել ենք անդրադառնալու ՀՅԴ գործունեության որոշ անհասկանալի ու անտրամաբանական գործողությունների՝ մասնավորապես Արցախի խնդրի հետ կապված այն կեցվածքին, որով կուսակցությունը վտանգի տակ է դրել, ոչ միայն Արցախի հետագա ճակատագիրը , այլև ՀՀ անկախությունը վերածել քննարկման նյութի։
Թիվ 55-րդ շրջաբերականի մասին շատ է խոսվել, այժմ ցանկանում ենք տարիներ առաջ մեր կատարած անդրադարձը նորից մատուցել, բայց դրանից առաջ փորձենք հասկանալ, թե այսքան քննարկումներից հետո ՀՅԴ-ում ինչ որ բան փոխվե՞լ է, թե ոչ։ Նայելով կուսակցության վերաբերմունքին, կարելի է ասել, որ ոչինչ չի փոխվել։ Ոչ միայն այն առումով, որ քիվեսթյան բանակցություններում կուսակցությունը դրսևորել է անհասկանալի պահվածք, այդպես էլ չկողմնորոշվելով ընտրել սեփական կուսակցության, թե Հայաստանի ապագան, ՀՅԴ-ը նաև այսօր չի ցանկանում ընդունել որևէ սխալ։ Կուսակցությունը հիվանդագին է արձագանքում իր հասցեին ասված ցանկացած բառի ու քննադատության։ ՀՅԴ-ը պարզապես չի ուզում ընդունել, որ կան հարցեր, որոնց հաշվով վրիպել է, ընդ որում շատ լուրջ։
Սխալվելը նորմալ տրամաբանական է, իսկ դրանից դասեր քաղելը՝ կենսական։ Դա նաև մարդու էվոլյուցիայի նորմալ ճանապարհն է, բայց ՀՅԴ-ում երևի կարծում են, որ իրենք ոչ մի հարցում չեն սխալվել։ Անցյալ տարի տեղի ունեցած տեղեկատվական արտահոսքը, որը վերաբերում էր ՀՅԴ հերթական շրջաբերականին, որը ստեղծվել էր 2023-ից առաջ ու այնտեղ արդեն հստակ գրված էր, որ կան իրավիճակներ, որ անկախությունը չի կարող առաջնային լինել, ՀՅԴ Բյուրոն ոչ հաստատեց, ոչ էլ մերժեց ու դա խոշոր հաշվով զարմանք չառաջացրեց։ Մարդիկ սովորել են, որ այն կուսակցությունը, որ «Մահ կամ Ազատություն» ասելով իրոք կարողանում էր մահվան ու ազատության ընտրություն կատարել, ընդ որում ընտրելով կյանքը, այսօր կարծես պայքարի մեջ է մտել պետության դեմ՝ հանուն քաղաքական դաշտում մնալու ինչ որ խոստումների դիմաց։ ՀՅԴ դրոշի վրա այսօր էլ գրված է «Մահ կամ Ազատություն, բայց տպավորություն է, որ դա զուտ իրենց համար։ Այսինքն մահ բոլոր նրանց, ովքեր կխանգարեն կուսակցությանը։ Կամ էլ կուսակցությունը այնքան է կարևորում իր քաղաքական ազատությունը, որ ձգտում է մեռնել, բայց չստորադասել իր շահերը պետականությանը։ Հետաքրքիր է, որ Առաջին Հանրապետության գոյության տարիներին ՀՅԴ-ում նշույլ անգամ չկար կուսակցասիրության, ամեն ինչ արվում էր հանուն հանրապետության, ընդ որում այնպիսի լրջությամբ, ասես պետականության մեծ փորձ ունենար։ Իհարկե եղան ծանր սխալներ, որոնք ընդունեցին այնպիսի խոշոր դեմքեր, ինչպես Քաջազնունին, Վրացյալը և այլք, բայց ապշեցնող է այն, որ այսօր ՀՅԴ-ը ինքն իրեն ընդունում է որպես անսխալական։ ՀՅԴ կոմիտեներին քննարկումները դեռևս 1910-14թթ ընթացքում կարող են քաղաքագիտական դաս դառնալ այսօրվա կուսակցության համար, այսօր կարծես մոռացվել են։ Այն վերաբուժական մանրազնին հայացքով, որով 1914թ․ պատերազմի նախօրյակին Ռուբենն ու Արամը նայում էին դեպքերի ընթացքին, կարծես, թե անհետացել է։ ՀՅԴ-ը այսօր ոչ միայն չի կարողանում համահայկականության իր թիկնոցը կրել, այլև ողջ կուսակցությամբ քննարկում է անկախությունը կամ տրանսպորտի թանկացման դեմ պայքարը դարձնում այնպիսի պաթոս, ասես Գում-Գափուի ցույցը, կամ Բանկ Օտտոմանի գործը լինի։ Այդքան խանդավառություն ՀՅԴ-ի կողմից մի հարցի, որը նույնիսկ քաղաքական էլ չէ, պետք է գոնե ազդակ լինի հենց ՀՅԴ համար, որ կուսակցությունն իր նշաձողը իջեցրել է անհավանական աստիճանի։ Պետականություն ստեղծած կուսակցությունը նույնիսկ փողոցային ցույցեր չի կարողանում իրականացնել։ Ցարի ու սուլթանի դեմ կռված կուսակցությունը, որ դիմացավ կրակին ու Ցեղասպանությանը, այսօր մեռնում է խաղաղության մեջ։
ՀՅԴ-ում նաև չեն ուզում խոսույթ փոխել։ Ինչո՞ւ։ Որովհետ եթե սխալներն ընդունեն, ապա չեն կարող նայել ճշմարտության աչքերի՞ն, թե այնքան են կրկնել նույն բանը, որ իրենք են հավատում իրենց ասածին։ Միայն իրենք։ Ամեն անգամ երբ ՀՅԴ-ը, խոսելով Մեղրիով Արցախ փոխելու մասին, միանգամից հայհոյանք է զուգակցում, ցույց է տալիս, որ կուսակցությունը շատ լավ հասկանում է իր արածը, բայց երբեք չի ընդունի։ Ամեն անգամ, երբ ՀՅԴ-ը ամեն ինչ անում է Քոչարյանին պաշտպանելու, Ռուսաստանը պաշտպանելու համար, հասկանալի է դառնում, որ կուսակցության հետ ինչ որ սարսափելի բան է տեղի ունեցել։ Այնքան սարսափելի, որ կուսակցության աճը քաղաքական իմաստով վաղուց կանգնել է։ Կուսակցությունն այլևս քաղաքական արտադրանք չի տալիս, նա միայն քաղաքական պատվերներ է կատարում։ Կուսակցությունում այլևս ոչինչ տեղի չի ունենում, ոչ մի քաղաքական նորություն, ոչ մի քաղաքական իրադարձություն, միայն պայքար իշխանության դեմ՝ անձնավորված «Փաշինյանականությամբ» ու ոչ ավելին։
Այն տխուր կանխատեսումը, որ ՀՅԴ-ում արել էին թիվ 55 շրջաբերականում, թե ի՞նչ կլինի կուսակցության ապագան այդ տարբերակներն ընդունելու դեպքում, իրականացան ամենավատ ձևով։ ՀՅԴ-ը մսխեց իր հարյուրամյա ողջ ժառանգությունը՝ գոյատևելով միայն հին դաշնակցականների արած մեծ գործերի հաշվին։
Իսկ հիմա ՀՅԴ-ը պարզապես «սպասում է Գոդոյին» ու բնականաբար այնտեղ այլևս ոչ ոք չի գալիս, ոչ ոք չի գնում, ոչինչ տեղի չի ունենում։ Այնտեղ համակերպվել են ոչ մի բանին ու ապրում են անցյալով։

Մեր Ուղին

Մեր Ուղինի անդրադարձը թիվ 55 շրջաբերականին՝

ՀՅԴ շարքերը համակերպվեցին…

2001թ. ապրիլի 16-ին ՀՅԴ շարքերին ուղղված թիվ 55 շրջաբերականը բավական զարմանալի և հետաքրքիր իրականություն է ներկայացնում, որն առավել կարևոր է այս օրերին ընթերցելու համար, քանի որ արդեն շատ բան անվերադարձ կորած է:
Իսկ ինչի մասին էր թիվ 55 շրջաբերականը:
Ի թիվս այլ, ներկուսակցական հարցերի, որոնք այդքան էլ հետաքրքիր չեն, այնտեղ խոսվում էր շատ կարևոր մի երևույթի՝ արցախյան հարցի մասին: Ըստ շրջաբերականի, հիմնական մտահոգությունն այն է, որ Քի Վեսթի ձևաչափով բանակցությունները հասել են մի վիճակի, որտեղ Մինսկի խմբի համանախագահների կողմից հունիսի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին պիտի առաջարկվի հարցի լուծման հետևյալ տարբերակը՝ Արցախը Լաչինի միջանցքով մաս պիտի կազմեր Հայաստանին, ազատագրված շրջանները հանձնվելու են Ադրբեջանին: Ադրբեջանը հնարավորություն է ունենալու Սյունիքի վրայով կապվելու Նախիջևանին: Առաջիկայում նախատեսվում է, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանի տարածքով պիտի դեպի Ռուսաստան ճանապարհ ունենալ:
Շրջաբերականում որպես տեղեկատվություն հիմնականում նշվում է սա, որից հետո գալիս է այդ տարբերակին կողմ և դեմ լինելու էությունն ու իմաստը:
Այնտեղ հստակ նշված է, որ այդ տարբերակն ազգայնորեն ընդունելի չէ, նախ այն պատճառով, որ Ադրբեջանին հանձնվելիք տարածքները պատմականորեն հայկական հողեր են, ապա այն, որ Սյունիքի վրայով ճանապարհ տալն Ադրբեջանին նշանակում է բացել թուրանական ճանապարհն ու ազատ ելումուտ անել ողջ թուրքական աշխարհով, դրա գումարած դեռևս անհայտ որոշ մանրամասներ դաշտային Մարտակերտի, Շահումյանի մասին:
Հիմնական մտահոգությունն այն է, որ այդ պարագայում գուցե և առաջանան բազմաթիվ խնդիրներ Հայաստանի հարավային մասի ապահովության և հայ ժողովրդի կենսագործունեության հետ կապված ընդհանրապես: Մտահոգություն կա, որ այդ գործելաոճը կտանի ավելի հեռուն և ի վերջո ինչ բարոյական իրավունք ունեն հողեր զիջել թշնամուն: Եվ բացի դրանից նաև մի այլ հարց՝ արդյո՞ք ժողովուրդը չի դատապարտի ՀՅԴ-ին, որ վերջինս հարմարավետ տեղավորվել է նախարարական աթոռներին և կորցրել իր դեմքը, չի պայքարում:
Եվ բացի այս ամենից, խոսվում է նաև այդ տարբերակը մերժելու մասին:
Այստեղ առաջ են քաշվում մտահոգություններ ոչ պակաս և ըստ էության ավելի ծանր հետևանքների մասին, որոնք հավանական են՝ այդ առաջարկը մերժելու տարբերակում:
Հիմնական մտահոգություններն այն են, որ դրա մերժումը հանգեցնելու է մի շարք խոշոր խնդիրների: Մասնավորապես, որ ՀՅԴ-ին շարունակելու են համարել ծայրահեղական և ահաբեկչական կառույց, որ ՀՅԴ-ն այդ պայքարում կարող է միայնակ մնալ, որ սոցիալապես անմխիթար վիճակում գտնվող ժողովուրդը գուցե և չկարողանա հավուր պատշաճի պատրաստվել ապագային: Եվ այդ շրջաբերականում միանգամայն տեղին հարց է առաջնում, թե արդյո՞ք կարողանալու են այնպիսի պայմաններ ապահովել, որ Հայաստանը պատրաստ լինի ապագայում այդ հարցը լուծել, պատրաստ լինել և՛ ներքին, և՛ արտաքին ճակատում: Ինչպես նաև պատրաստ լինել տնտեսապես, ռազմապես: Որովհետև չհամաձայնվելու դեպքում, շատ մեծ վտանգ կա, որ ապագայում կլինի արհեստական մի ծանր պատերազմ և ի վերջո կլինի այնպես ինչպես հիմա է առաջարկվում, բայց արդեն ռազմապես պարտված, և ըստ դրա ավելի ծանր հետևանքներով և ավելի քիչ արդյունքներով: Մեջբերում. «Իսկ համաձայնութեան ձախողութեան գործում յաջողութիւն ունենալու պարագային, հնարաւոր չե՞նք դարձնելու արուեստական պատերազմի հաւանականութիւնը, որի արդիւնքը լաւագոյն դէպքում լինելու է այն՝ ինչ լինելու է այս նոր տարբերակում նշուածը, բայց արդէն իսկ որպէս ներկայ պատերազմում պարտուած կողմի պարտադրուած պայմաններ։»

Եվ հետո շարունակվում է նոր մտահոգությունների ցանկ՝ սկսած նրանից, որ ՀՅԴ-ի նկատմամբ հնարավոր է, որ հալածանքներ լինեն, նոր արգելակումներ և շատ ավելի ծանր, քան Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ:
Եվ ի վերջո հնչում է գլխավոր հարցը, եթե մերժել այս տարբերակը, ապա ի՞նչ այլընտրանք և ի՞նչ առաջարկ կա: Նույնիսկ նշվում է, որ այդ առաջարկված փաթեթը պարտություն չի նշանակում:
Այնուհետև նշնում է, որ կուսակցությունն ունի այդ փաթեթի, թե կողմ և թե դեմ լինելու գործընթացների վրա ազդելու հնարավորություն, բայց հարկավոր է աչալուրջ լինել և զգալ պահի կարևորությունը:

Հիմա գանք մեր օրեր: Անցած տարվա պատերազմից հետո նոյեմբերի 9-ը եկավ հաստատելու, որ այդ առաջարկը մերժելու հետևանքով առաջացած հետևանքը ավելի ծանր է, քան նույնիսկ կանխագուշակածը: Բաց թողնելով էմոցիան և մնացած այլ ճնշող զգացումները, երկու հարց է միայն առաջանում:

  1. Դուք մերժեցիք այդ առաջարկը, առաջ քաշելով ոչմիթիզականությունը: Այդ դեպքում ինչո՞ւ չկառուցեցիք այն երկիրը, որը պատրաստ լիներ հարցին նոր մոտեցում ցույց տալու: Ինչո՞ւ:
  2. Եթե դուք գիտեիք, հասկանում էիք, թե ինչերի է հանգեցնելու այդ մերժումը և հասկանում էիք, որ չեք կարողանալու ապահովել այն, որ Հայաստանը պատրաստ լինի ապագայի ձեր իսկ կանխատեսած պատերազմին, ապա ինչո՞ւ մերժեցիք: Ինչո՞ւ հենց այն ժամանակ վճռական չեղաք, որովհետև հիմա շատ ավելի վատ է, հիմա մենք չունենք Հայաստանի մաս կազմող Արցախ, չունենք Հադրութ, չունենք Շուշի, ունենք հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կործաներ, գերիներ և քաղաքական անկայուն վիճակ, տնտեսապես՝ սարսափելի վիճակ: Ի վերջո 2001թ. էր: Կարող էիք և՛ կողմ լինել առաջարկված փաթեթին ու ազատել ժողովրդին ապագայի սպանդից, որ ինքներդ էիք գուշակում: Կամ էլ մերժելուց հետո միանգամից, կայծակի արագությամբ ոտքի կանգնեցնել երկիրը: Ունեիք մոտ 20 տարի:

Ո՞վ է պատասխան տալու այսքան տարիների անգործության ու ի վերջո բռնկված պատերազմի հետևանքների համար:
Ի՞նչ է այս ամենը, հանցավոր միտումնավորություն, թե հանցավոր անխոհեմություն:
Ինչպես գիտենք, բոլոր առաջարկները մերժվեցին, չեղան, չաշխատեցին:

Բայց այս ամենից բացի կա նաև մի շատ կարևոր և ըստ դրա՝ էլ ավելի անհասկանալի մի կետ: Բոլոր նրանք, ովքեր չգիտեն, ՀՅԴ-ում, ըստ կանոնադրության՝ միանձնյա որոշումներ չեն կայացվում, այլ լինում են համընդհանուր, այսինքն կոլլեգիալ: Իսկ դա նշանակում է, որ ՀՅԴ-ում մեկ մարդ չէր կարող ասել համաձայն ենք, կամ համաձայն չենք: Ավելին: Այդ նյութը, որի մասին խոսվեց, շրջաբերական է, այսինքն բոլոր անդամներին ուղղված: Դա էլ նշանակում է, որ բացառապես բոլոր դաշնակցականները(ովքեր մեկուսացված կամ այլ պատճառով անմասն չէին մնացել ընդհանուր գործունեությունից) պիտի ծանոթանային այդ նյութի բովանդակությանը և հստակ դիրքորոշում հայտնեին: Ու այստեղ առաջանում են ևս մի քանի հարցեր: Շարքերն ընդհանրապես ծանոթացե՞լ են այս փաստաթղթին, գիտե՞ն դրա մասին թե ոչ: Եթե ծանոթ չեն, չեն իմացել, ուրեմն ՀՅԴ-ում տեղի է ունեցել աղաղակող անարդարություն, կանոնադրության, բոլոր օրենքների կոպիտ խախտում: Շարքերին արհամարհել են, թքած ունեցել նրանց կարծիքի վրա: Բայց դա մի քիչ անհավանական է, որովհետև շրջաբերականում հստակ նշված է, որ դաշնակցականները պիտի ծանոթանան այդ փաստաթղթին, քննարկեն և մարմին առ մարմին, հստակ քվեարկությամբ արտահայտեն իրենց կարծիքն ու որոշումը:
Դե իսկ եթե նրանք ծանոթացել են այդ փաստաթղթին, ուրեմն մնում է եզրակացնել, որ կամ շարքերն այնքան անհեռատես են եղել, որ ոչինչ էլ չեն ձեռնարկել, կամ մի ողջ կուսակցություն սխալվել է հրեշավոր կերպով, կամ էլ շարքերի կարծիքն ուղղակի հաշվի չեն առնվել:
Առավել հավանական է այն, որ կամ այդ շրջաբերականը շարքերին չի հասել, կամ էլ նրանց կարծիքն ուղղակի հաշվի չի առնվել:
Բոլոր տարբերակները շատ վատն են: Մենք կարող ենք միայն ենթադրել, ոչ ավելին: Բայց փաստը մնում է փաստ:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *