Մաս 14
Տարածվեցին շշուկներ, որ «Բեկորն» սպանվել է «թիկունքից արձակված կրակոցով», շրջանառվեցին կասկածներ, որ դա «քաղաքական սպանություն է»: Իշխող տեսակետ էր, որ նա «սպանվել է, որպեսզի ՀՅԴ դիրքերը վերջնականապես թուլանան»:
Վահրամ Աթանեսյան
ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը օժտվա՞ծ էր գործադիր իշխանության նոր մարմին ձեւավորելու լիազորությամբ, թե նման որոշում իրավասու էր ընդունել բոլոր պատգամավորների մասնակցությամբ գումարված նստաշրջանը,- ստեղծված ճգնաժամային իրավիճակում քննարկման առարկա չդարձավ:
Հատկանշական է, որ Պաշտպանության պետական կոմիտեի ստեղծումից մեկ օր անց Ստեփանակերտը ենթարկվեց օդային եւ հրթիռա-հրետանային աննախադեպ դաժան հարձակման: Ընդ որում, թիրախավորվել էր քաղաքի կենտրոնը, որտեղ կենտրոնացած էին Գերագույն խորհուրդը, ՊՊԿ-ն, Ներքին գործերի նախարարությունը, Ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն: Բարեբախտաբար մարդկային զոհեր չեղան:
Ռազմաճակատում իրավիճակը շարունակում էր մնալ ծայրահեղ ծանր: Օգոստոսի 20-ին հակառակորդը գրավեց Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղը եւ վերահսկողության տակ վերցրեց Սարսանգի ջրամբարը եւ հիդրոհանգույցը: Այդ մարտերում զոհվեց կամավորական առաջին վաշտի հրամանատար Աշոտ Ղուլյանը («Բեկորը»):
Նրա կորուստը ծանր էր ոչ միայն ռազմական, այլեւ ներքաղաքական ասեկոսությունների առումով: Տարածվեցին շշուկներ, որ «Բեկորն» սպանվել է «թիկունքից արձակված կրակոցով», շրջանառվեցին կասկածներ, որ դա «քաղաքական սպանություն է»: Իշխող տեսակետ էր, որ նա «սպանվել է, որպեսզի ՀՅԴ դիրքերը վերջնականապես թուլանան»:
Աշոտ Ղուլյանի հուղարկավորությունը ցնցող էր. նրան հրաժեշտ էր տալիս գրեթե ամբողջ Ստեփանակերտը՝ չնայած հնչում էին օդային տագնապի ահազանգեր: Հազարավոր մարդիկ գլուխ էին խոնարհում ղարաբաղյան զինված պայքարի խորհրդանիշ դարձած մարտիկի հիշատակին: Աչքի զարկեց, որ նրա հուղարկավորության արարողությանը պաշտոնական դամբանական չհնչեց ոչ Պաշտպանության պետական կոմիտեի, ոչ Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարության կողմից:
Դա քաղաքական որոշու՞մ էր, թե՞ անկազմակերպվածության արդյունք: Հնարավոր է, իշխանությունը խուսափել էր մարդկային կուտակումներից եւ արարողության երկարաձգումից, որովհետեւ քաղաքը ցանկացած պահի կարող էր ռմբակոծվել կամ ենթարկվել հրթիռա-հրետանային հարձակման: Այդ դեպքում զանգվածային զոհերից խուսափելն անհնար կլիներ:
Սեպտեմբերի 2-ին, ի նշանավորումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման առաջին տարեդարձի, Պաշտպանության պետական կոմիտեն կազմակերպեց Պաշտպանության բանակի երդման հանդիսավոր արարողություն: Դա նշանակում էր, որ զինված կազմավորումներն արդեն մեկ-միասնական ուժ են եւ ենթարկվում են քաղաքական իշխանությանը՝ ի դեմս ՊՊԿ-ի:
Հակառակորդը շարունակում էր առաջխաղացումը: Սեպտեմբերի 26-ին հյուսիսային ուղղությամբ ընկավ պաշտպանական վերջին բնագիծը, թշնամին ընդհուպ մոտեցավ Խաչենի կամրջին: Այդ օրն Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց, որ դեպի Ստեփանակերտ «ճանապարհը բաց է»:
Մարտակերտի նորաստեղծ զորամիավորման, Կենտրոնական պաշտպանական շրջանի առանձին եւ Հայաստանի «մահապարտների գումարտակի», Շուշիի առանձնակի գումարտակի, ինչպես նաեւ ներքին գործերի ծառայողների համահավաք վաշտի եւ աշխարհազորայինների ուժերով թշնամու առաջխաղացումը հաջողվեց կասեցնել Կիչանի մատույցներում: Ռազմաճակատի այդ գիծը գրեթե անփոփոխ մնաց մինչեւ 1993 թվականի փետրվարի 4-ը, երբ, իրականացնելով ուժերի վերախմբավորում, Պաշտպանության բանակն անցավ հակահարձակման:
Գերագույն խորհրդի նախագահությունը ՊՊԿ-ին օժտել էր վեցամսյա լիազորություններով, որն սպառվելուց հետո պետք է ընդուներ կատարված աշխատանքների մասին հաշվետվություն եւ նոր որոշում ընդուներ: Այդ ժամկետը համընկավ Մարտակերտի շրջանի ազատագրման լայնածավալ ռազմագործողության մեկնարկին: Քաղաքական «կողասրահներում» խոսում էին, որ «ժամանակն է ՊՊԿ-ից իշխանությունը ետ վերցնել»: Տարածվեց, որ Ռոբերտ Քոչարյանը «հրաժարվում է Գերագույն խորհրդին հաշվետվություն ներկայացնել»:
Ներքաղաքական լարվածությունը կրկին գլուխ էր բարձրացնում, ԳԽ նախագահության անդամները, որ նախկինում մեծ ազդեցություն ունեին գործադիր իշխանության վրա, փորձում էին վերականգնել դիրքերը: Հասունանում էր ՊՊԿ-ն լուծարելու, Ռոբերտ Քոչարյանին պաշտոնազրկելու իրավիճակ: Այդ օրերին վճռական խոսք ասաց Պաշտպանության բանակը։ Մամուլում հրապարակվեց պաշտպանական շրջանների հրամանատարների հայտարարությունը. նրանք լիակատար աջակցություն էին հայտնում ՊՊԿ-ին՝ հասկացնելով, որ քաղաքական որեւէ փոփոխություն բանակը չի ընդունի: Այդ ճնշման տակ Գերագույն խորհրդի նախագահությունը ստիպված եղավ համաձայնել, որ ՊՊԿ հաշվետվությունը ներկայացնի Ռոբերտ Քոչարյանի առաջին տեղակալ Բորիս Առուշանյանը:
«Կնճիռը հարթվեց», Պաշտպանության պետական կոմիտեն ստացավ նոր ժամկետով լիազորություն, որ իրականացրեց մինչեւ 1994թվականի դեկտեմբերի 24-ը: Այդ օրը Ռոբերտ Քոչարյանը Գերագույն խորհրդի նստաշարջանում բաց քվեարկությամբ երկամյա ժամկետով ընտրվեց ԼՂՀ նախագահ:
(Շարունակելի)