Այս ամենը դեռևս ավտոմատ չի նշանակում, որ մեր հետ էլ է նույնը կատարվելու, քանի որ մեր հետ նմանատիպ զարգացումներ՝ համակերպվել ռազմական ուժի ու շանտաժի միջոցով ունեցած կորուստների հետ, արդեն իսկ կատարվել են 2020-2023 թթ.։ Մենք կարծես թե պատրանքներից ազատվել ենք վերջին երկու տարում և պրագմատիկ ձևով փորձում ենք կանխել հետագա գոյաբանական կորուստները։
Սոսի Թաթիկյան
Ինչպես սովորաբար, մեր հանրային ու փորձագիտական դաշտը սև ու սպիտակ է, բևեռայնացած ու կենտրոնացած է միմյանց թիրախավորելու, ծաղրելու ու ոչ կոմպետենտ հռչակելու, այլ ոչ թե համակողմանի վերլուծության վրա։
Մինչ մի բևեռը գուժում է, որ ԱՄՆ֊ն ու Արևմուտքը մեզ արդեն հանձնել է, ինչպես Ուկրաինային, և պետք է հանձնվել Ռուսաստանին գոյությունը պաշտպանելու համար, մյուս բևեռը ծաղրում է նրանց, որ նրանք չեն հասկանում, թե ԱՄՆ֊ն ինչ հմուտ խաղ է խաղում Ռուսաստանի գլխին ու ինչպես է դրանից հաղթանակած դուրս գալու, և Եվրոպան կանգնել է Ուկրաինայի թիկունքին։
Իրականում ամեն ինչ շատ ավելի երանգային ու բարդ է։ ԵՄ֊ն իսկապես խիստ շոկի մեջ ու մտահոգ է տեղի ունեցողով, եվրոպական լիդերները չունեն բավարար աջակցություն ոչ իրենց երկրների ներսում, և ոչ էլ ԵՄ֊ում, ԵՄ֊ն մասնատված է ու չի կարողանում միասնական դիրքորոշում ընդունել, ռեսուրսները մոբիլիզացնել և գործնական քայլերի շուրջ համաձայնության գալ առանցքային հարցերի շուրջ։ Ուկրաինան իրապես ծանր վիճակում է։ Արդյունքում օգտվում են Չինաստանը, Հնդկաստանը և այո, Ռուսաստանը ռեաբիլիտացվել է մի օրում։
Այս ամենը դեռևս ավտոմատ չի նշանակում, որ մեր հետ էլ է նույնը կատարվելու, քանի որ մեր հետ նմանատիպ զարգացումներ՝ համակերպվել ռազմական ուժի ու շանտաժի միջոցով ունեցած կորուստների հետ, արդեն իսկ կատարվել են 2020-2023 թթ.։ Մենք կարծես թե պատրանքներից ազատվել ենք վերջին երկու տարում և պրագմատիկ ձևով փորձում ենք կանխել հետագա գոյաբանական կորուստները։
Դա իհարկե մեզ չի պաշտպանում հետագա կորուստների հնարավորությունից։ Ինչպես ցույց եմ տվել վերջին երկու հոդվածներումս, Ադրբեջանը դեռևս դեկտեմբերից, հատկապես Ալիևի վերջին երկու հարցազրույցներում խորամանկորեն իր նարատիվները նախօրոք ադապտացնում էր Տրամպի արժեքային համակարգին և օպորտյունիստական ձևով շահարկում եվրատլանտյան դաշինքի միասնության մեջ առաջացած ճեղքվածքը։ Նա իհարկե ամեն հնարավորություն օգտագործելու է իր ուժային առավելությունը և ժողովրդավարական ու լիբերալ արժեքների մոդայից դուրս գալը օգտագործելու համար։ Սակայն մենք էլ ունենք մի քանի խաղաթուղթ արժեքահամակարգային այդ պայքարում։ Ամեն դեպքում, պետք է ամեն օր ադապտացնել մեր նարատիվներն ու զգույշ նավարկել փոթորկված ծովում։