Հայաստան

Պետության Հիմքը Անհատն Է

Երազանքը պետք է ոգեշնչի, խթանի, բայց չդառնա պետության քաղաքականության ու ապրելու սկզբունք, քանի որ երազանքները կարող են ներկան չտեսնելու արդյունք դառնալ, իսկ վերջինս էլ շատ ծանր նստի հասարակության ու պետության վրա։

Ռուբեն Բաբայան

ԼՈՒՐԵՐ-ը զրուցել է Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական հարցերով խորհրդական, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված գաղափարախոսական ուղերձը, որով վարչապետը դիմել էր ժողովրդին։ Այդ ուղերձում վարչապետն առանձնացրել էր մի շարք կետեր, որոնցով հիմնավորում էր իրական Հայաստանի կարևորությունը և դրա գիտակցման կենսական անհրաժեշտությունը։

Ռուբեն Բաբայանն այն կարծիքն արտահայտեց, որ երբ ասում ենք իրական Հայաստան, պետք է հասկանալ, որ դա որևէ հակադրում չէ որևէ բանի։ Իրական Հայաստան բառերը կարելի է ընդունել, որ Հայաստանն իրական է։ Մեզ չի առաջարկվում ընդունել մեկ այլ Հայաստան ու դա իրական համարել, այլ, առաջին հերթին ընդունել, որ այս Հայաստանը, որ ունենք, դա իրական է։ Վարչապետն ասում է, որ ապագա կա, այո՛, և ապա կա միայն այն դեպքում, եթե կա ներկա ու ներկայի գոյությունը հենց այս՝ իրական Հայաստանն է։

Ռեժիսորի կարծքով շատ ավելի լավ կլիներ, եթե այս գաղափարախոսությունը ոչ թե վարչապետի կողմից հնչեր, այլ օրինակ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի անունից կամ որևէ այլ ինստիտուտի, մենք ունենք նման կառույցներ, որոնց ավելի է «սազում» այդ գործառույթը։ Այնպես չէ, որ վարչապետի կողմից այս ամենի մասին խոսելը սխալ է, բայց մյուս կողմից էլ երբ Փաշինյանն է ինչ-որ բան խոսում, ապա այդ ամենը մեծ չափով ենթակա է քաղաքական դիմադրության։ Կուսակցական հակառակորդները կարող են հակադրվել այն ամենին, ինչ ասում է Փաշինյանը, այդ իսկ պատճառով էլ գուցե ավելի լավ լիներ, որ վարչապետը ոչ թե անձամբ խոսեր այդ մասին, այլ նախ դա հայտարարվեր որևէ համարժեք կառույցի, օրինակ ԳԱԱ-ի կողմից, և վարչապետն էլ իր մասնակցությունն ուներ այդ ամենին։

Բաբայանը նշեց, որ նա ավելի շատ հակված է ոչ թե «գաղափարախոսություն», այլ «արժեքներ» բառը։ Ժողովուրդներն ապրում են արժեքներով, և հենց այդ արժեքներն է պետք հասկանալ, ընդունել։ Արժեքների պահպանումը չի նշանակում ապրել անցյալով, մնալ անցյալում։ Իհարկե, այդ ամենը նաև չի նշանակում մոռանալ անցյալը, հրաժարվել անցյալից, հրաժարվել երազելուց, բայց երազանքը չի կարող դառնալ պետական քաղաքականության օրվա ընթացքը։ Երազանքը պետք է ոգեշնչի, խթանի, բայց չդառնա պետության քաղաքականության ու ապրելու սկզբունք, քանի որ երազանքները կարող են ներկան չտեսնելու արդյունք դառնալ, իսկ վերջինս էլ շատ ծանր նստի հասարակության ու պետության վրա։

Ռեժիսորը քննարկեց վարչապետի կողմից բարձրաձայնված մի շարք տեսակետներ, ինչպես օրինակ խաղաղության, անհատի ու պետության կապի և այլն՝ ընդգծելով, որ խաղաղությունը, այո, պետք է արվեստ դառնա, ընդ որում՝ հավասարակշռված արվեստ։ Եթե մենք շարունակենք կախված մնալ մեկ կետից, ապա մեզ հետ տեղի կունենա այն, ինչ եղավ 2020-ին։ Մենք ունեինք դաշնակցային հրաշալի հարաբերություններ աշխարհի հզորագույն պետություններից մեկի հետ, բայց դա ի՞նչ տվեց մեզ։

Բաբայանը նաև նշեց, որ անհատը չպետք է ինքն իրեն ստորադասի ու մտածի, որ ինքը չի կարող ինչ-որ բան փոխել, չի կարող ինչ-որ բան անել։ Մարդը շատ բան կարող է անել՝ սկսած ընտրությունից, որի իրավունքը նրան տրվում է ծնվելուն պես, մինչև փոխելը, ստեղծելը։ Մարդը պետք է հասկանա, որ պետության համար ամենակարևոր արժեներից ու հենարաններից մեկը ինքն է։ Ինքն է ստեղծում պետությունը, ինքն է այն պահպանում կամ քանդում։ Միևնույն ժամանակ, շատ բաներին հասնելու համար մենք կարիք ունենք ներքին խաղաղության, եթե ուզում ենք նաև արտաքին խաղաղության հասնել։ Մենք չենք կարողանա հարևանի հետ գիտակցված խաղաղության հասնել, եթե մենք մեր մեջ խաղաղություն չունենանք, մենք չենք կարող հասկանալ այդ խաղաղության արժեքը, եթե հասարակության ներսում անհատները իրար հետ խաղաղություն չունենան։
Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *