Արցախ

«Գաղտնիք Ղարաբաղի»

Մաս 19

Ներքին լարվածությունը, սակայն, բացահայտվեց 1999 թվականի ամռանը, երբ հայտնի էին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Մինչ այդ, ըստ տարածված տեսակետի, Սամվել Բաբայանը մեծ աջակցություն էր ցուցաբերել Արտաշես Գեղամյանի գլխավորած նախընտրական դաշինքին՝ փաստացի օժանդակելով Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան տանդեմի քաղաքական մրցակցին: 

Վահրամ Աթանեսյան

Փաստացի՝ Սամվել Բաբայանի, ֆորմալ առումով՝ Ժիրայր Պողոսյանի կազմավորած կառավարությունը գործեց ընդամենը մեկ տարի: Այդ ընթացքում իրականություն դարձավ կենսաթոշակային բարեփոխումը, կառավարությունը մի քանի ներդրումային ծրագրեր նախաձեռնեց՝ նպատակ ունենալով ստեղծել նորաշխատատեղեր: Այդ փուլի ներքաղաքական ամենակարեւոր բարեփոխումը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի ընդոունումը եւ ընտրությունների կազմակերպումն էր: Հարավային Կովկասում ԼՂՀ-ն առաջինն էր, որ անցկացրեց մայրաքաղաքի համայնքապետի եւ ավագանու անդամների ուղղակի ընտրություն: Ստեփանակերտի քաղաքապետ ընտրվեց Սամվել Բաբայանի ավագ եղբայրը՝ Կարեն Բաբայանը, որ ամիսներ առաջ ներքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական էր տվել:
Տպավորություն էր, որ Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը նախապատրաստվում է քաղաքական ավելի լուրջ դերակատարության եւ հաջորդ ընտրություններում կառաջադրվի նախագահի թեկնածու: Մինչ այդ նա այդ պաշտոնին հավակնելու իրավական հիմք չուներ. օրենքը սահմանում էր, որ ԼՂՀ նախագահի թեկնածու կարող է առաջադրվել միայն 35 տարեկանից բարձր տարիք ունեցող անձը, իսկ1997թվականին Սամվել Բաբայանն ընդամենը  32 տարեկան էր: Քաղաքական հաշվարկում, նա, ամենայն հավանականությամբ, թույլ էր տվել սկզբունքային վրիպում՝ հուսալով, որ ԱրկադիՂուկասյանն «իր մոտ նախագահ կաշխատի»:
Ներքին լարվածությունը, սակայն, բացահայտվեց 1999 թվականի ամռանը, երբ հայտնի էին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Մինչ այդ, ըստ տարածված տեսակետի, Սամվել Բաբայանը մեծ աջակցություն էր ցուցաբերել Արտաշես Գեղամյանի գլխավորած նախընտրական դաշինքին՝ փաստացի օժանդակելով Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան տանդեմի քաղաքական մրցակցին:
Ներքաղաքական նոր լարվածության մեկնարկը տվեց նախագահ Արկադի Ղուկասյանը՝ բոլորի համար անսպասելի հրավիրելով բազմամարդ մամուլի ասուլիս, որ նրա պաշտոնավարման երկու տարիներին առաջինն էր: Ղուկասյանը հանրայնացրեց, որ ԼՂՀ-ում առկա է ռազմականից քաղաքական կառավարման անցնելու խսիտ անհրաժեշտություն: Առանց կոնկրետ Սամվել Բաբայանին թիրախավորելու՝  նա բանակին քննադատեց երկրի սոցիալ-տնտեսական կյանքին միջամտելու, մենաշնորհներ ունենալու մեջ: Հանրության համար Ղուկասյանի խոսքում, ըստ էության, նոր ոչինչ չկար, գրեթե բոլորը գիտեին, որ Ստեփանակերտում «զուգահեռ իշխանություն» է: Ընդ որում, պատերազմական ժամանակների տպավորությամբ մարդիկ իրենց խնդիրները լուծելու համար ավելի շատ դիմում էին Պաշտպանության բանակի հրամանատարին, քան՝ վարչապետին կամ նույնիսկ նախագահին:
Սենսացիոն մամուլի ասուլիսից մի քանի օր անց Արկադի Ղուկասյանը պաշտոնից հեռացրեց վարչապետ Ժիրայր Պողոսյանին: Նոր վարչապետի նշանակումը, սակայն, ավելի քան մեկ շաբաթով հետաձգվեց: Քաղաքական «կողասրահներում» խոսակցություններ կային, որ Ղուկասյանը վարչապետի պաշտոնն առաջարկել է Սամվել Բաբայանին, բայց պայմանով, որ նա պաշտպանության նախարար չի նշանակվի եւ չի օգտագործի բանակի հրամանատարության նկատմամբ ազդեցությունը, բայց Բաբայանը չի համաձայնել: Վարչապետ նշանակվեց Անուշավան Դանիելյանը: Ստեփանակերտում նրան շատ քչերը գիտեին: Պետական քարոզչությունը, սակայն, այդ բացը «լրացրեց» եւ նրան ներկայացրեց որպես ժամանակին Վրաստան տեղափոխված արցախցիների ժառանգ, ում նախնիներն Ասկերանի շրջանի Խաչեն գյուղից են, իսկ ինքը ծնվել է Վրաստանի Բոլնիս-Խաչենում:
Սամվել Բաբայանը պաշտպանության նախարար չվերանշանակվեց, բայց մնաց Պաշտպանության բանակի հրամանատար: Պաշտպանության նախարար նշանակվեց Սեյրան Օհանյանը, որ, սակայն, բանակի եւ զինվորականության նկատմամբ փաստացի ոչ մի ազդեցություն չուներ: Վիտալի Բալասանյանը նշանակվեց Սեյրան Օհանյանի տեղակալ: Այդ որոշումը ոչ միայն քաղաքական, այլեւ գործնական նշանակություն ուներ. Բալասանյանը ղարաբաղյան առաջին պատերազմում զորամասի, այնուհետեւ դիվիզիայի հրամանատար է եղել, ուներ մարտական ընկերների վստահելի շրջապատ, որ կարողացավ Սեյրան Օհանյանի համար բավարար հեղինակություն եւ պաշտոնական լիազորությունների իրականացման միջավայր ապահովել:
Բանակի վերնախավը վարչապետի պաշտոնում Անուշավան Դանիելյանի նշանակումը չընդունեց: Ժիրայր Պողոսյանի կառավարության պաշտոնազրկված մի քանի անդամներ նույնպես խիստ քննադատական էին տրամադրված: Այդ օրերին Ստեփանակերտում տարածվեց «Бандитский Крым»/ «Ավազակային Ղրիմ» վերտառությամբ գիրք, որի հեղինակը պատմում էր Ղրիմում Անուշավան Դանիելյանի գլխավորած «մաֆիայի» գործունեության, նրա նկատմամբ հարուցված քրեական գործի, Ուկրաինայից փախուստի եւ Երեւանում կաբելի գործարանի տնօրեն նշանակվելու մասին: Ներքաղաքական դիմակայությունը հասավ ճգնաժամային վիճակի:
(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *