Բայց այն ժամանակ մենք ունեինք Խրիմյան Հայրիկ կաթողիկոս, ունեինք քաղաքական ու ազգային պայքարի տրամաբանությունը հասկացող քաղաքական կուսակցություններ, հայրենասեր մտավորական էլիտա, որոնք միանգամից զանգվածային պայքար սկսեցին այդ հայահալած քաղաքականության դեմ։ Այսօր, ցավոք սրտի եկեղեցին, ինչպես և քաղաքական դաշտը պառակտված է փոխադարձ մեղադրանքներով, մանր ինտրիգներով ու իրարամերժությամբ։ Այսօր չունենք ոչ միայն համընդհանուր պայքարի մթնոլորտ, այլև չունենք համընդհանուր պայքարի տրամաբանություն ու դա առաջ տանող նշանավոր ու երևելի անձանց։
Արայիկ Մկրտումյան
Մի քանի օր առաջ լուր տարածվեց այն մասին, որ Երուսաղեմի իշխանությունները պատրաստվում են բռնագրավել Հայոց Պատրիարքարանի ունեցվածքը՝ իբրև փոխհատուցում 1994թ․ հետո գոյացած պարտքերի դիմաց։
Այդ փորձն արդեն իսկ դատապարտել են բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ, ինչպես օրինակ Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը՝ ի դեմս խորհրդի գլխավոր քարտուղար՝ պրոֆեսոր Ջերի Փիլայի հայտարարության։
Այն, որ վտանգը ոչ միայն տեսանելի է, այլև հստակ շոշափելի՝ պարզ է, բայց կա մի երևույթ, ավելի ճիշտ այդ երևույթի բացակայությունը, որը ոչ միայն անհասկանալի է, այլև տարակուսանք առաջացնող։ Դա հայ եկեղեցու առաջնորդների՝ մասնավորապես կաթողիկոսների արձագանքի բացակայությունն է։ Այն, ինչ կատարվում է Երուսաղեմում, ոչ միայն ու ոչ թե Պատրիարքարանին է հարվածում, այլ կրոնական ազատությանը, հայ եկեղեցուն և հայ համայնքին ընդհանրապես։ Եվ այս պարագայում կաթողիկոսների կողմից ոչ թե պետք է պարզապես հայտարարություն կամ դատապարտման կոչ լինի(եթե այդպիսիք առհասարակ կան), այլ աննահանջ պայքար, որովհետև դա ընդամենը հողատարածք կամ նյութական միջոց չէ, դա հարձակում է հայկականի վրա։
Առհասարակ Երուսաղեմում պարբերաբար ականատեսն ենք լինում հայերի ու հայկական եկեղեցու դեմ պայքարի, հարձակումների ու ճնշումների։ Ունեցվածքի բռնագրավման այս որոշումը, որն ըստ էության կրկնությունն է 1903թ․ հունիսի 12-ի տխրահռչակ օրենքի, երբ ռուսական ցարական արքունիքը, Կովկասի հակահայ փոխարքա Գոլիցինի ակտիվ դերակատարմամբ փորձեց բռնագավել հայ եկեղեցու ունեցվածքը։ Թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա մենք գործ ունենք խիստ հակահայկական երևույթի հետ։ Բռնագրավելով Պատրիարքարանի ունեցվածքը, Երուսաղեմի իշխանությունները ըստ էության քաղաքական ակտ են իրականացնում հայկական համայնքի ու հայության դեմ՝ նպատակ ունենալով սնունցման արմատից կտրել հայերին, մասնավորապես Հայոց Պատրիարքարանը դարձնել անուժ և անկարող մի երևույթ, որն ի վիճակի չէ որևէ ազգային գործունեություն ծավալել։ Նույն կերպ էին իրենց պահում ռուսական իշխանությունները 1900-ականների սկզբին, երբ արգելում էին հայկական դպրոցների գործունեությունը, փորձում էին բռնագրավել եկեղեցու ունեցվածքը։
Բայց այն ժամանակ մենք ունեինք Խրիմյան Հայրիկ կաթողիկոս, ունեինք քաղաքական ու ազգային պայքարի տրամաբանությունը հասկացող քաղաքական կուսակցություններ, հայրենասեր մտավորական էլիտա, որոնք միանգամից զանգվածային պայքար սկսեցին այդ հայահալած քաղաքականության դեմ։ Այսօր, ցավոք սրտի եկեղեցին, ինչպես և քաղաքական դաշտը պառակտված է փոխադարձ մեղադրանքներով, մանր ինտրիգներով ու իրարամերժությամբ։ Այսօր չունենք ոչ միայն համընդհանուր պայքարի մթնոլորտ, այլև չունենք համընդհանուր պայքարի տրամաբանություն ու դա առաջ տանող նշանավոր ու երևելի անձանց։
Հարց է առաջանում, թե ինչո՞ւ մինչև հիմա հայ եկեղեցու երևելի անձնանց կողմից արդեն իսկ մեծ աղմուկ չի բարձրացվել, ինչու եկեղեցական վերնախավը որևէ գործուն միջամտություն չի իրականացրել։ Շատ ավելի լավ, եթե ինչ որ բան արվում է, բայց իրապես լավ կլիներ, եթե մենք բոլոր այդ ամենին ականատես լինեինք և դա մեզ համար ևս մեկ օրինակ դառնար ընդհանուր պայքարի ու հաղթանակի օրինակի։
Այսօր՝ փետրվարի 24-ին պիտի տեղի ունենա վարչական հայցի լսում Երուսաղեմում, որ ձեռնարկել է Հայոց Պատրիարքարանը։ Այդ ամենը իհարկե մեկ լսումով չի ավարտվի, քանի որ հարցը լուրջ է դրված, բայց արդյո՞ք Պատրիարքանաը միայնակ չէ իր այս պայքարում։ Արդյո՞ք ազնիվ է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի կողմից լսել մտահոգություն և դատապարտում, բայց ոչ ՀԱԵ կողմից, հաշվի առնելով, որ բազմաթիվ եկեղեցականներ բավական ակտիվ են ՀՀ ներքաղաքական իրադարձություններում։
Եթե Երուսաղեմի իշխանությունները հաջողեն Պատրիարքարանից խլել ունեցվածքը, ապա սա հարված է լինելու առաջին հայերին՝ հայ համայնքին։ Առանց այն էլ վերջին տարիներին մենք էապես կորուստ ենք ունեցել Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես Սիրիայում, Լիբանանում։ Հայկական ծաղկուն համայնքները գրեթե ոչնչացված են ավերիչ պատերազմների հետևանքով, էապես կորցրել են իրենց դիրքերը և այժմ՝ Երուսաղեմում ևս պարտություն կրելով մենք, խոշոր հաշվով դուրս ենք մնում Մերձավոր Արևելքի կարևորագույն կենտրոններից՝ ավելի թուլացնելով հայկական ներուժը։
Բացառված չէ, որ այս ամենի հետևում կանգնած լինեն ադրբեջանական գործողությունները, որոնք կարող են իրենց հրեա գործընկերներին խոշոր «նվերների դիմաց» դրդել նման միջոցառումների, որոնց նպատակը մեկն է՝ քայքայել հայոց ուժը ցանկացած տեղ, որտեղ որ հնարավոր է։ Հաշվի առնելով, որ այս անգամ հարվածն ուղղված է ոչ թե անհատ որևէ գործչի կամ ինչ որ գրախանութի, ֆիլմի ցուցադրման, այլ հայկական ներկայության խորհրդանիշներից կարևորագուններից մեկի՝ Պատրիարքարանի դեմ, կարող ենք ենթադրել, որ «գույք՝ պարտքի դիմաց» այս սկբունքը ունի նաև թաքնված հակահայկական ջատագովներ։
Այս իրավիճակում կենսականորեն անհրաժեշտ է ՀԱԵ ակտիվ և չդադարող պայքարը բոլոր հնարավոր ձևերով ու միջոցներով։ ՀԱԵ-ը, որ հավանաբար լավ հասկանում է, թե ինչ է նշանակում Պատրիարքարանի դեմ այս արշավը, պետք է բազմապատիկ ավելի ներգրաված լինի սրա դեմ, քան ՀՀ ներքաղաքական իրավիճակներում ներգրավածությունն է։ Եթե Պատրիարքարանը կորցնի իր ունեցվածքը, Իսրայելի հայ համայնքին կհասցվի խորտակիչ մի հարված, որի հետևանքը, դժբախտաբար շատ ծանր է լինելու։
Մեր թշնամիները հայ եկեղեցուն կրակելիս վրիպեցին 1903թ․ հունիսի 12-ին, բայց վտանգ կա, որ այդ գնդակը մեզ կդիպչի 2025-ին՝ Երուսաղեմում։