Արցախ

«Գաղտնիք Ղարաբաղի»

Մաս 20

Ստեփանակերտում տարածված էր, որ Սամվել Բաբայանը «պատրաստվում է գրավել նախագահի նստավայրը եւ իրեն հռչակել ԼՂՀ առաջնորդ»։ Ներքին գործերի նախարարի պաշտոնում Արթուր Աղաբեկյանի նշանակումը խորհրդանշում էր, որ Արկադի Ղուկասյանին աջակցում է ոչ միայն Հայաստանի իշխանությունը, այլեւ՝ ՀՅԴ-ն։

Վահրամ Աթանեսյան

1999թ․ ամռան ներքաղաքական լարվածության սկզբնական շրջանում Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հայտարարեցին, որ եթե Սամվել Բաբայանը պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարական է տվել, ապա նախագահ Ղուկասյանը նույնպես պետք է հեռանա, անցկացվեն նոր ընտրություններ։ Հիմնավորումն այն էր, որ Ղուկասյանը 1997-ին նախագահ չէր ընտրվի, եթե նրան չաջակցեր Բաբայանը։ Նախաձեռնողները մտադիր էին անհրաժեշտ ստորագրություններ հավաքել եւ օրենքի ուժով հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ։
Տողերիս հեղինակն այդ ժամանակ Ստեփանակերտում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից էր եւ Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանի հետ հարցազրույց անցկացնելու հանձնարարություն էր ստացել։ Բավական երկար ժամանակ պահանջվեց, մինչեւ Եսայանը համաձայնություն տվեց։ Հարցազրույցը վարում էի նրա ծառայողական առանձնասենյակում։ Եսայանը խոսում էր, բայց պայմանով՝ ոչ չեմ ձայնագրում։ «Ինչ որ պետք է հրապարակելու համար, հետո կասեմ»,- ձայնագրիչը միացնելու խնդրանքիս մի քանի անգամ առարկեց նա։
Նրա խոսքը բավական մանվածապատ էր, անդրադառնում էր Շարժման առաջին փուլին, հետագա իրադարձություններին, Պաշտպանության պետական կոմիտեի ստեղծման հարցում իր «վճռորոշ դերակատարությանը»,- մինչդեռ «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի խմբագրությանը մի հարց էր հետաքրքրում․ եթե Բաբայանի կողմնակիցներին հաջողվի տասնմեկ պատգամավորի ստորագրություն հավաքել, Եսայանը՝ որպես Ազգային ժողովի նախագահ, արտահերթ նիստ կհրավիրի՞, Արկադի Ղուկասյանի պաշտոնանկության հարցը կքննարկվի։
Այս հարցի եթե ոչ կոնկրետ, ապա գոնե հավաստիության տեղ թողնող պատասխանն էի փորձում ստանալ «միջանկյալ» կերպով, երբ ներս մտավ նրա օգնականը եւ ինչ-որ բան կմկմաց։ Եսայանը ընդհատեց զրույցը, վեր կացավ։ Բնականաբար, ոտքի կանգենցի նաեւ ես եւ վերցնելով ձայնագրիչը՝ քայլեցի դեպի ելքի դուռը։ Այն է՝ դուրս էի գալիս, երբ դեմ առ դեմ հանդիպեցի մի խումբ բարձրաստիճան զինվորականների։ Նույն օրը լուր տարածվեց, որ բանակի բարձրագույն սպայակազմը պետական պարգեւները վերադարձրել է նախագահի աշխատակազմ, իսկ ԱԺ նախագահից պահանջել, որպեսզի արտահերթ նիստ հրավիրի։
Թե ինչ տոնայնության զրույց էր ունեցել Եսայանը զինվորականության հետ՝ կարելի է միայն ենթադրել, բայց նրան, ամենայն հավանականությամբ, հաջողվել էր մեղմել նրանց զայրույթը։ Կարճ ժամանակ անց, սակայն, հայտնի դարձավ, որ արտահերթ նիստ պահանջող պատգամավորների մի մասը հրաժարվել է սեփական ստորագրությունից, Արկադի Ղուկասյանի հրաժարականի հարցը՝ հանվել ներքաղաքական օրակարգից։
Այդ փուլում Լեռնային Ղարաբաղի միակ քաղաքական ուժը ՀՅԴ տեղական կառույցն էր։ Բաբայան-Ղուկասյան դիմակայության հարցում Դաշնակցությունն ի՞նչ կողմնորոշում ուներ՝ հրապարակային որեւէ դրսեւորում հայտնի չէր. ՀՅԴ-ն Ազգային ժողովում ոչ միայն խմբակցություն չուներ, այլեւ ներկայացված չէր։ Դրանից, անշուշտ, չի հետեւում, թե Դաշնակցությունը ներքաղաքական գործընթացներից անմասն էր։ Ավելի քան բնութագրական էր, որ ճգնաժամային այդ փուլում Արթուր Աղաբեկյանը, որ զբաղեցնում էր Հատուկ ծրագերի վարչության պետի պաշտոնը, հրավիրվեց Ստեփանակերտ եւ նշանակվեց ներքին գործերի նախարար։
Ստեփանակերտում տարածված էր, որ Սամվել Բաբայանը «պատրաստվում է գրավել նախագահի նստավայրը եւ իրեն հռչակել ԼՂՀ առաջնորդ»։ Ներքին գործերի նախարարի պաշտոնում Արթուր Աղաբեկյանի նշանակումը խորհրդանշում էր, որ Արկադի Ղուկասյանին աջակցում է ոչ միայն Հայաստանի իշխանությունը, այլեւ՝ ՀՅԴ-ն։
ՆԳ նախարարի պաշտոնում, սակայն, Աղաբեկյանը պաշտոնավարեց շատ կարճ, երեւի թե՝ մեկ ամիս։ Ինչո՞վ էր պայմանավորված նրա հրաժարականը։ Տարածված է, որ նրան «Բաբայանն է սպառնացել»,- բայց այդ պատասխանատվությունն ստանձնելիս մի՞թե պարզ չէր, որ Պաշտպանության բանակի հրամանատարի հետ դիմակայությունն անխուսափելի է։ Կարելի է շատ զգուշորեն ենթադրել, որ Աղաբեկյանին պաշտոնից ետ է կանչել ՀՅԴ-ն՝ հասկանալով, որ Բաբայան-Ղուկասյան դիմակայությունը քաղաքական-քաղաքակիրթ հանգուցալուծում չունի, ամեն ինչ գնում է առճակատման խորացման, որի հետեւանքները կանխատեսելն արդեն մեծ դժվարություն չէր։
Արթուր Աղաբեկյանին ՆԳ նախարարի պաշտոնում փոխարինեց Բակո Սահակյանը։ Մինչ այդ նա Մոսկվայում Հայաստանի Ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչն էր։ Բակո Սահակյանը ՆԳ նախարարությունում շատ արագ կազմավորեց նոր ղեկավարություն։ Թե ինչու՞ հատկապես Մոսկվայում բավարար պատրաստություն անցած Բակո Սահակյանը պիտի գլխավորեր ԼՂՀ ՆԳՆ-ն՝ քաղաքական «չբացված փակագծերից» եւս մեկն է։
(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *