ՄԵՐ ՈՒՂԻՆ

Կամ Մեզ Հետ Եք, Կամ՝ Դավաճան

Հայ ժողովուրդը, Հայաստանի հանրությունը չունի արժանապատվության վերականգնման խնդիր: Քառասունչորսօրյա պատերազմը հայ ժողովրդի ստորացումը չէ, այլ՝ «ազգային գաղափարախոսության» ֆիասկոն, քանի որ Հայաստանի իշխանությունը, որին մաս է կազմել ՀՅԴ-ն երկու տասնամյակ քարոզել է, որ կարեւորը «զենքը չէ, այլ՝ զինվորի ոգին»:

Վահրամ Աթանեսյան

ՀՅԴ ներկայիս վերնախավն այլեւս ազգային գործչի իդեալ չէ Մամուլը փոխանցում է, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ ընդհանուր ժողովում ունեցած ելույթում հայտարարել է. «Այսօր մենք ունենք հանձնառություն՝ նոր իրողությունների պայմաններում մեր ժողովրդին առաջարկել պայքարի ու վերականգնման նոր տեսլական ու ծրագիր, վերականգնել վստահության կամուրջները, հաղթահարել հուսալքությունը»։
Ըստ նրա՝ այսօր խնդիր կա դիմագրավել նոր թափ առած հակադաշնակցականությանը, «որն արդեն վերածվել է ազգային գաղափարախոսության դեմ պայքարի»։ Այս տրամաբանությամբ՝ «հակադաշնակացականությունը» նույնական է «հակաազգայնությանը», իսկ եթե վերծանումը շարունակենք, ապա կստացվի՝ ինչպես խորհրդային ռուս բանաստեղծ Մայակովսկին է ասել. «Մենք ասում ենք՝ Լենին, հասկանում ենք կուսակցություն»: Այս դեպքում. «Մենք ասում ենք ազգային գաղափարախոսություն, հասկանում ենք Դաշնակցություն, մենք ասում ենք՝ ՀՅԴ, հասկանում ենք Բյուրո եւ Հայաստանի Գերագույն մարմին»: Այսինքն, ով քննադատում է ՀՅԴ Բյուրոյին կամ Հայաստանի Գերագույն մարմնին, նա ոչ միայն Դաշնակցության, այլեւ հայ ժողովրդի եւ Հայաստանի թշնամին է:
Այդպես մեռել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությունը, հասել այնպիսի դեգրադացիայի(քայքայում), որ երբ յոթանասունամյա կայսրությունը մատնվեց փլուզման, քսան միլիոն կոմունիստներից ոչ մեկը չդիմադրեց, չպաշտպանեց երկիրը: Ինչու՞: Որովհետեւ դա իր երկիրը եւ պետությունը չէր, պատկանում էր վերնախավին, որ շատ վաղուց էր հեռացել ժողովրդից, նրա հոգսերից, խնդիրներից, իրական սպասումներից:
Դաշնակցությունը Հայաստանում վաղուց ասոցացվում է նախկին իշխանությունների հետ, ՀՅԴ վերնախավը՝ պետական չինովնիկության եւ տնտեսական օլիգարխիայի: Դաշնակցությունը ներկայիս առաջնորդներով չի կարող ժողովրդին «վերականգնման նոր տեսլական առաջարկել», որովհետեւ Հայաստանի հանրության գերակշիռ մեծամասնությունը շուրջ քառորդ դար է՝ ՀՅԴ ասպետականությանը, ասկետիզմին(ժուժկալություն) եւ քաղաքական հաստատակամությանը չի հավատում:
Բայց չհիշեցնենք անցյալը, չգնահատենք ՀՅԴ վերնախավի օրվա վարքնուբարքը: Ավելի կարեւոր է փորձել հասկանալ, թե ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչն ինչու՞ է վերստին կարեւորում «ազգային գաղափարախոսությունը», ոչ թե՝ ազգային գաղափարը, որ ենթադրում է նպատակի սահմանում: «Գաղափարախոսությունը» միջոց է, գործիք, գործիքակազմ, որ քարոզում է «գաղափարը»: Հետեւաբար, նախ պետք է սահմանվի նպատակը, ապա ընտրվի դրան հասնելու միջոցների ամբողջությունը, որից հետո միայն հնարավոր է քարոզչությամբ համախմբել ժողովրդին, նրան ապագայի հանդեպ հավատ ներշնչել եւ խելացի կառավարման միջոցով քայլ առ քայլ ընթանալ առաջ:
ՀՅԴ-ն այսօր ի՞նչ «գաղափար», ավելի ճիշտ՝ պետական ի՞նչ նպատակ է ձեւակերպում՝ հանրության լայն խավերի համար մնում է անհասկանալի: Եթե Դաշնակցությունն «ազգային գաղափարախոսություն» ասելով նկատի է ունենում մոտ մեկուկեսդարյա վաղեմության իր Ծրագիրը, ապա պետք է համոզված լինի, որ այն շոշափելի աջակցություն չի կարող ունենալ:
Մենք ապրում ենք 21-րդ դարի երրորդ տասնամյակում, ոչ ոք հայդուկային պատերազմի հաջողությանն այլեւս հավատ չի ընծայի ոչ թե նրա համար, որ նվազ հայրենասեր է կամ վարակված է սորոսականությամբ կամ նիկոլականությամբ, այլ՝ որովհետեւ տեսել է քառասունչորսօրյա պատերազմը եւ համոզվել, որ անգամ մահապարտ նվիրվածությունն է ժամանակակից սպառազինությունների դեմ անզոր: Այս իմաստով հայ ժողովուրդը, Հայաստանի հանրությունը չունի արժանապատվության վերականգնման խնդիր: Քառասունչորսօրյա պատերազմը հայ ժողովրդի ստորացումը չէ, այլ՝ «ազգային գաղափարախոսության» ֆիասկոն, քանի որ Հայաստանի իշխանությունը, որին մաս է կազմել ՀՅԴ-ն երկու տասնամյակ քարոզել է, որ կարեւորը «զենքը չէ, այլ՝ զինվորի ոգին»:
Քառասունչորսօրյա պատերազմում հայ զինվորականի, աշխարհազորայինի, կամավորականի ոգին ընկճվել է ոչ թե թշնամու «ոգեղենության», այլ՝ նրա ունեցած սպառազինությունների դիմաց:
Դաշնակցությունը կարո՞ղ է վերագտնումի իր ճանապարհն անցնել, եթե դա պահանջում է «մտնել քավարան»: Հայաստանին, հայ ժողովրդին մատուցած նրա մեծագույն ծառայությունը դա կլիներ: Որովհետեւ ժողովրդին վերագտնումի առաջնորդելու համար նախ պետք է ինքնավերագտնվել: Ինչպե՞ս: Ակունքներին վերադարձի՞, թե՞ կուսակցական կազուիստիկայից (դիպվածաբանություն) ձերբազատվելու ճանապարհով՝ ՀՅԴ Ընդհանուր ժողովի պատվիրակների որոշելիքն է: Մի բան ակնհայտ է. Դաշնակցության վերնախավն այլեւս ազգային գործչի իդեալ չէ:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *