Արցախ

«Գաղտնիք Ղարաբաղի»


Մաս 21

Ղուկասյանն այդ հնարավորությունը չօգտագործեց: Ըստ երեւույթին, նրա երրորդ ժամկետով պաշտոնավարման հարցը քննարկվել է Երեւանում, գուցե՝ երրորդ երկրի մայրաքաղաքում էլ: Նա ԼՂ կարգավորման «մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ վերապահումներ ունե՞ր, թե՞ որոշակի ուժերի ձեռնտու էր Ստեփանակերտում ունենալ իշխանություն, որ կընտրեր  «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ» Արցախի անկախության հասնելու ճանապա՞րհը, այսինքն միջազգային միջնորդության հանդեպ կգտնվեր «ավելի՞ պահանջատեր»:

Վահրամ Աթանեսյան

Արկադի Ղուկասյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտին Ստեփանակերտում ամենաքննարկվող թեման այն էր, որ նա մտադիր է սահմանադրություն ընդունել եւ կրկին նախագահի թեկնածու առաջադրվել: Քննարկվե՞լ է նման հնարավորություն՝ հայտնի չէ: Սահմանադրական հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ, երբ տողերիս հեղինակը դիմեց նրան եւ փորձեց հիմնավորել, որ ԼՂ կարգավորման բանակցային գործընթացին լավատեղյակ լինելով, կարգավորման համար քաղաքական եւ անձնական պատասխանատվություն կրելով՝ ինքը չպետք է իշխանությունից հեռանա, Ղուկասյանը բավական կոշտ արձագանքեց, թե չի ուզում Լուկաշենկո լինել: Որքանո՞վ էր նա անկեղծ՝ դժվար է ասել, բայց Ղուկասյանի շատ մերձավոր շրջապատից տեղեկություն էր տարածվել, որ նա «մեկ տարի հետո վերադառնալու պայմանավորվածություն ունի»:
2006-07 թվականներին «մադրիդյան սկզբունքների» շուրջ բանակցությունները մտել էին առարկայական քննարկումների փուլ: Արկադի Ղուկասյանի երրորդ ժամկետով պաշտոնավարումն, իհարկե, կլիներ ժողովրդավարությունից նահանջ: Մյուս կողմից, սակայն, միջազգային հանրությունը եւ Ադրբեջանը, միեւնույն է, նախագահական ընտրությունների օրինականությունը չէին ճանաչում եւ սկզբունքորեն էական չէր, թե Ստեփանակերտն ո՞վ է ներկայացնելու՝ «բռնապետ Լուկաշենկո՞ն», թե՞ ժողովրդավար մեկը: Հանուն ճշմարտության պետք է խոստովանել, որ քաղաքական ուժերի, հանրային լայն շրջանակների դժգոհությունը ոչ այնքան Արկադի Ղուկասյանի, որքան վարչապետ Անուշավան Դանիելյանի դեմ էր, որի գլխավորած կառավարությունը սոցիալ-տնտեսական քաղաքականության լուրջ թերացումներ ուներ:
Դա մի շրջան էր, որ սովորաբար անվանում են «սեփականության վերաբաժանման» փուլ. Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի հեռացումից, ապա ձերբակալությունից եւ ազատազրկումից հետո կառավարությունը փաստացի իր համար տնտեսական նոր հենարան ստեղծելու քաղաքականություն էր վարում՝ ձեւավորելով գործարարների նոր «թիմ»: Այդ տարիներին կառավարության ամենասուր քննադատն ԱԺ ՀՅԴ խմբակցությունն էր, որ հատկապես շեշտադրում էր վերաբնակեցման ծրագրի նկատմամբ գործադիր իշխանության ոչ հետեւողական եւ նպատակադրված մոտեցումը: 2005 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Դաշնակցությունն այլեւս կառավարության մաս չէր կազմում, կորցրել էր նաեւ Վերաբնակեցման եւ միգրացիայի վարչության պետի պորտֆելը:
Վերաբնակեցման, բազմազավակության եւ ծնելիության խթանման հարցում ՀՅԴ մոտեցումները լիովին կիսում էր նաեւ «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որ Ազգային ժողովում ներկայանալի խմբակցություն ուներ, իսկ նրա առաջնորդներից Արայիկ Հարությունյանը գլխավորում էր խորհրդարանի ֆինանսա-տնտեսական եւ բյուջեի հարցերի հանձնաժողովը: Քաղաքական այս դասավորվածության, կառավարության նկատմամբ համատարած անվտահության եւ վարչապետ Անուշավան Դանիելյանի մասին հանրային բացասական կարծիքի պայմաններում Արկադի Ղուկասյանի երրորդ ժամկետով պաշտոնավարումը չափազանց խնդրահարույց կլիներ, բայց նա կարող էր ներքաղաքական վերադասավորումների միջոցով քաղաքական եւ հանրային բավարար աջակցություն ստանալ:
Ղուկասյանն այդ հնարավորությունը չօգտագործեց: Ըստ երեւույթին, նրա երրորդ ժամկետով պաշտոնավարման հարցը քննարկվել է Երեւանում, գուցե՝ երրորդ երկրի մայրաքաղաքում էլ: Նա ԼՂ կարգավորման «մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ վերապահումներ ունե՞ր, թե՞ որոշակի ուժերի ձեռնտու էր Ստեփանակերտում ունենալ իշխանություն, որ կընտրեր «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ» Արցախի անկախության հասնելու ճանապա՞րհը, այսինքն միջազգային միջնորդության հանդեպ կգտնվեր «ավելի՞ պահանջատեր»: Նախագահի պաշտոնից Արկադի Ղուկասյանը հեռացավ 2007թվականի սեպտեմբերին: Մեկ ամիս անց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական վերադարձի եւ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց: Ավելի քան տանչորս տարվա ընդմիջումից հետո Տեր-Պետրոսյանը 2007 թվականի աշնանն այցելեց Ստեփանակերտ եւ հանդիպեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Ի՞նչ խորհուրդ ուներ այդ այցը: ԼՂՀ քաղաքական պատմության «փակ էջերից» մեկն էլ, հավանաբար, դա է:
(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *