2008-ի մարտի մեկի սպանությունները, հետագա ամիսներին ու տարիներին շարունակվող հետապնդումները, անորոշ ու ձգձգվող դատավարությունները Հայաստանում ամրացրին այն տրամադրությունները, որ այս երկրում ոչինչ փոխել չի կարելի, պետք է համակերպվել կամ հեռանալ։ 2008-ի ողբերգությունը նաև ընդդիմությանը վախեցրեց ու կոտրեց։
Մեր Ուղին
Հայաստանի Հանրապետությունը մի քանի ողբերգական դրվագներ ունի և դրանցից մեկը 2008թ․ մարտի մեկի սպանդն է, երբ իշխանությունների դեմ բռնկված ցույցը նախ դարձավ տուրուդմբոց և ապա՝ տասը քաղաքացու մահ։ 2008թ․ ցույց տվեց, որ 1990-ականներին Հայաստանում արմատավորված հանցավոր ու քրեական տրամադրությունները ոչ մի տեղ չեն նահանջել ու ամեն վայրկյան պատրաստ են ցույց տալու իրենց։ Ընտրությունների դեմ անհամաձայնություն հայտնող քաղաքացիների ողբերգական մահը ժողղովրդավարության պարտությունն էր և ահաբեկման մթնոլորտի դաժան տիրապետության շարունակությունը։ Եթե մինչև 2008թ․ ևս մարդիկ արդեն երկար տարիներ ի վեր վախենում էին ցույց անել, խոսել, բողոքել, ցույց տալ իրենց անհամաձայնությունը, ապա 2008թ․ մարտի մեկին բոլորի համար պարզ դարձավ, որ այդ վախը պարզապես անորոշ և ուրվականային չէ, այլ հստակ հետևանք։ 2008-ի սպանություններից հետո երկար տարիներ երկիրը շարունակեց ապրել վախի տրամադրությունների տակ՝ ընկճված ու հուսահատ։ Խաղաղ եղանակով որևէ հարց լուծելու անհնարինությունն ու իշխանության կոպիտ փոխանցումը մի նախագահից մյուսին՝ ուժեղացրեց արտագաղթը, քաղաքացիական տրամադրությունների անկումը և վատատեսությունը։
Այդ օրերի և դրան հաջորդող արտակարգ դրությունը տեսած մարդիկ շատ լավ են հիշում Երևանի հրապարակներում կանգնած զինվորներին, երեք հոգուց ավել մեկ տեղում չհավաքվելու արգելքը, երկիրը ողողած անհատական հետապնդումների ալիքը։ Լավ են հիշում, թե ինչպես Երևանի մեկ այս շենքում, մեկ մյուս շենքում լուռ ձերբակալվում էին ցույցերին մասնակցած առավել ակտիվ մարդիկ, ինչպես էին շատերը շշնջալով անիծում ու հայհոյում։ Վախը բռնել էր շատերի կոկորդը և մարդիկ չէին ուզում սպանվել փողոցում կամ դժբախտ պատահարի զոհ դառնալ, ծեծվել ոստիկանական բաժանմունքներում։ Մարդկանց ուղեղում դաջվել էր «6-ի պադվալում» արտահայտությունը։ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչությունը, կամ ինչպես ժողովուրդն էր ասում «6-ի վարչությունը» հանրային գիտակցման մեջ ընկալվում էր որպես պատժարան, որտեղ մարդիկ իրենց կամքով չէին մտնում և իրենց ոտքով դուրս չէին գալիս։ Ծեծ ու ջարդի խորհրդանիշ հանդիսացող այդ վարչության անունը տասնյակ անգամներ ավելի շատ էր տրվում այդ օրերին և հաջորդող ամիսների ընթացքում։ Այդ ամենից շատ տարիներ հետո՝ 2020թ․ մարդիկ մի տեսակ թեթևության զգացումով ու չհավատալով իրար հարցնում էին, թե տեղյա՞կ են, որ «6-րդ վարչությունը լուծարվել է, 6-ի վարչությունն էլ չկա»։ Հենց միայն այն, որ այդ վարչությունն այլևս չկա, մարդկանց մոտ այն տպավորությունն էր առաջացնում, որ իրենք ազատվել են մի տեսակ մութ ու ծանր հրեշից։
Իհարկե խնդիրը 6-րդ վարչության գոյությունը չէր, այլ այն, որ ոստիկանությունը, որ վերածվել էր իշխանության կողմից քաղաքացիների դեմ պայքարի դարբնոց ու դրա լուծարումն էլ խորհրդանշական «ազատության զգացում» տվեց։ Բայց 2008-ի մարտի մեկի սպանությունները, հետագա ամիսներին ու տարիներին շարունակվող հետապնդումները, անորոշ ու ձգձգվող դատավարությունները Հայաստանում ամրացրին այն տրամադրությունները, որ այս երկրում ոչինչ փոխել չի կարելի, պետք է համակերպվել կամ հեռանալ։ 2008-ի ողբերգությունը նաև ընդդիմությանը վախեցրեց ու կոտրեց։ Ընդդիմությունը, որ հավանաբար ինքն էլ չէր պատկերացնում, որ իր կազմակերպած ցույցերը մեծ ազդեցություն կունենան, բավարար չափով պատասխանատու չգտնվեց իր կոչին արձագանքած մարդկանց կրքերը ավելի խիստ հսկելու, պրովոկացիաներից խուսափելու և իր շարքերում հանցավոր ու մեղավոր տրամադրություններ ունեցած զանգվածներից խոսափելու։ Մի կողմից դա, մյուս կողմից ամեն գնով իշխանությունը պահելու մոլուցքը Հայաստանի վրա շատ թանկ նստեցին։
2018թ․ Հայաստանում սկսված ցույցերի և թավշյա հեղափոխության արմատները պետք է փնտրել նաև 2008-ի դաժանության մեջ։ Մարդկանց կողմից իշխանություններին ատելու և նույնիսկ չնչին պատճառից նրանց դեմ դուրս գալու ցանկությունը պարզապես «սորոսական դավադրություն» չէր, այլ երկար, շատ երկար տարիներ խոսելու արգելքը, գործելու արգելքը, փոփոխություններ չունենալու իրողությունը։ 2018-ի իրադարձությունների, ինչպես նաև դրանից առաջ 2013-ի, 2015-ի, 2017-ի ընտրությունները, քվեարկությունները և ամեն անգամ իշխանությունների «հաղթանակը» և շատ այլ բաներ։ 2008-ի մարտի մեկը ըստ էության տրամաբանական շարունակությունն էր 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերի։ Հանցանքը հանցանք է ծնում, չպատժված հանցանքը՝ խրախուսում է նորը կատարելու։ 2008-ի մարտի մեկը չէր լինի, եթե դրանից առաջ հոկտեմբերի 27-ը տեղի ունեցած չլիներ։ 2008-ից հետո Հայաստանում մարդիկ ավելի վախեցած էին իշխանությունների դեմ խոսելու, ուր մնաց մեծ ցույց կազմակերպելու կամ քաղաքական հակառակության դիմելու հարցում։ Վախ կար, ընդ որում ոչ անհիմն, որ քեզ կարող են սպանել, իսկ ծեծը այսպես թե այնպես անխուսափելի էր։
2008-ից հետո Հայաստանում այլևս ոչ մի քաղաքական մեծամասշտաբ ցույց տեղի չունեցավ։ Կարելի է թերևս առանձնացնել 2013-ի դեպքերը, բայց դրանք շատ արագ վերաճեցին հիասթափության ու ծաղրանքի, երբ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ով պայքարում էր ընտրակեղծիքի դեմ, թվում էր թե ձգտում է համաժողովրդական ցույցի, բայց չկարողացավ ոչինչ անել, նախ մարդկանց հավաքեց հրապարակում, հետո կոչ արեց սպասել մի քանի ժամ, այնուհետև ոչինչ տեղի չունեցավ, նա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյաի հետ գնաց Ծիծեռնակաբերդ, Սերժ Սարգսյանն էլ հանգիստ շարունակեց իր պաշտոնավարումը։ Դրանից հետո Հայաստանում միայն քաղաքացիական-սոցիալական հարցերով ինչ որ բաներ տեղի ունեցան, «Դեմ եմ պարտադիրին», «150 դրամ», «Էլեկտրիկ Երևան» և այլն, որոնք բոլորն էլ ենթարկվեցին դաժան ծեծ ու ջարդի ու հաղթեց իշխանությունը, միայն «150 դրամի» ակցիաների ժամանակ, երբ արդեն մարդ էր դանակահարվել, քաղաքային իշխանությունները հրաժարվեցին մայրաքաղաքի տրանսպորտը 100-ից 150 դարձնել։
Հաջորդ խոշոր իրադարձությունը, որ շարունակվեց «մարտիմեկյան» սկզբունքով 2016թ․ «Սասնա Ծռերի» ապստամբությունն էր, ոստիկանական գնդի գրավումը։ Թեև այն չունեցավ 2008-ի մասշտաբը, բայց աչքի ընկավ դաժանությամբ, երբ ոստիկանների կողմից աննախադեպ ֆիզիկական բռնություններ սկսվեցին հասարակ բնակիչների հանդեպ, երբ նրանց հետապնդելու ընթացքում նաև ներխուժեցին Սարի Թաղ հասարակ մարդկանց բնակարաններ ու ջարդուփշուր արեցին շատերի ունեցվածքը, շատերը տուժեցին ֆիզիկապես, իսկ մարզից Երևան եկած մի պատանի, ով եկել էր պարզապես իր համար հագուստ գնելու, ընկել էր «ոտքի տակ» ու կորցրել աչքը։
Հայաստանում մարտի մեկը ազատություն էր տվել իշխանությունների անելու ինչ ուզում էին։ Քաղաքացիական բնակչությանը վախով ուղղորդելու, անգամ խոսելն արգելելու ստալինյան մեթոդները ի վերջո հանգեցրին 2018-ի դեպքերին։ Իշխանություններից մինչև կոկորդը կուշտ մարդիկ պատրաստ էին հետևելու ում ասես, կատարելու ցանկացած մեկի հրամանը, ընտրելու առաջին իսկ պատահած մարդուն, ով իրենց կազատեր իշխանությունների, արդեն հավերժ դարձած կերպարից։ Մարդկանց առանձնապես չէր հետաքրքրում ով է Նիկոլ Փաշինյանը, հարցն այսպես էր, կարո՞ղ ենք ազատվել Սերժից, թե՞ ոչ։
Նիկոլ Փաշինյանը երբեք չէր կարողանա որևէ հաջողության հասնել, եթե մարդիկ Հայաստանում հավատային արդարությանը, չվախենային ու չատեին իշխանություններին։ Բայց 2018-ին փողոց դուրս ելած հասարակ մարդիկ «սորոսականներ» չէին, ոչ էլ «ձրի լափ ուզողներ», ինչպես հիմա նշում են ընդդիմադիրներից շատերը, ոչ էլ խաբվածներ կամ մոլորվածներ։ Փողոց դուրս եկած հասարակ մարդկանց ճնշող մեծամասնությունը հստակ գիտեր, որ ուզում է, որ Սերժ Սարգսյանի դեմքով հանդես եկող խավը հեռանա։ Հասարակ մարդը քաղաքագետ ու դիվանագետ չէ, բայց երբ նա իրեն կորցրած ելնում է փողոց, նշանակում է նրան շատ երկար են նեղացրել ու նա շատ շատ երկար է համբերել ու ինչքան շատ է համբերել, այնքան ավելի կատաղի է նրա ցասումը։
Բայց այսօրվա ընդդիմադիր հատվածը, որ բաղկացած է գերազանցապես այդ նույն նախկին իշխանություններից, չեն կարողանում սկզբունքորեն հասկանալ, թե ժողովուրդն ինչու է իրենց անընդհատ մերժում և ինչու է այդպես պինդ պահում Նիկոլ Փաշինյանին, ով քիչ սխալներ չունի իշխանությունից հեռացվելու և այլևս չվերադառնալու համար։ Բայց ժողովուրդը Փաշինյանի սիրույն չի անում այդ ամենը, այլ շատ թարմ հիշում է, թե ինչպես էին իրենց հետ խոսում այսօրվա ընդդիմադիրները, երբ առաջ իշխանություն էին։ Վախը և նորից վախեցած չապրելու բնական պահանջը։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան կարելի է պատկերացնել։
2008-ի մարտի մեկը դաս պիտի լինի նաև այսօրվա իշխանությունների համար, որ չլինի թե չափից ավելի ինքնավստահ դառնան ու մոռանան, թե ժողովուրդն ինչու է իրենց վստահել։ Ժողովուրդը համբերող է ու շատ երկար ժամանակ կարող է ներողամիտ լինել, ներել աններելին, բայց երբ ժողովուրդն է բարկանում, նրան զսպելն անկարելի է։
Ներկաներն ու նախկինները թող երբեք չմոռանան սա։