Նա առավելագույնը, որ կարող է անել, Ուկրաինային պատժելն է, մենակ թողնելով պատերազմում։ Բայց արդյունքում ԱՄՆ շատ ավելի մեծ բան է կորցնում՝ իր հուսալի դաշնակից լինելու իմիջը, վերջացրած Եվրոպային․․․
Ստեփան Սաֆարյան
Կասեմ, որ Թրամփի թիմը վատ էր հաշվարկել ռեակցիաները ու Զելենսկու անսպասելի հակադարձումը շոկ էր նրա ու նրա թիմի համար։ Վստահաբար՝ դա իրենց պլանների մեջ չէր մտնում․ սցերանով պետք է Թրամփը հայրաբար-մեծավարի խրատեր Զելենսկուն, լրատվամիջոցները դա հեռարձակեին՝ որպես Թրամփի Ամերիկայի հզորության ցուցիչ, որից հետո ստորագրվեր հազվագյուտ հանքավայրերի մասին համաձայնեցված համաձայնագիրը, որը սեղանին էր դրված գրիչներով հանդերձ․․․ Մինչդեռ ամեն ինչ գնաց հակառակ ուղղությամբ։
Ճիշտն ասած, չեմ հասկանում ռուսամետների ուրախությունը, որովհետև եթե անգամ Զելենսկու ու Ուկրաինայի վիճակը լավ չէ, նույնքան վատ ու վտանգավոր է լինելու ԱՄՆ-ի ու Թրամփի վիճակը․․․ Այնպես չէ, որ Թրամփը շատ մեծ գործողության դաշտ ունի։
Նա առավելագույնը, որ կարող է անել, Ուկրաինային պատժելն է, մենակ թողնելով պատերազմում։ Բայց արդյունքում ԱՄՆ շատ ավելի մեծ բան է կորցնում՝ իր հուսալի դաշնակից լինելու իմիջը, վերջացրած Եվրոպային․․․ Ի վերջո՝ խաղի կանոն ու պայման թելադրողի իմիջը, որը փորձում է ստեղծել Թրամփը ԱՄՆ-ի համար, դա դաշնակցի ու գործընկերոջ իմիջ չէ․․․ Ու այս ամենը չափազանց ծանր ազդեցություն է թողնելու ամերիկա-եվրոպական հարաբերությունների վրա, որի հետևանքները հենց նույն Թրամփի համար ծանր են լինելու։
Իսկ դա անելու դեպքում նա ուղղակի իրեն զրկում է Ուկրաինայի ու Եվրոպայի հարցում Ռուսաստանի հետ պայմանավորվելու լայն օրակարգից․․․ Առավելագույնը, որ կարող է անել, ԱՄՆ-Ռուսաստան նեղ օրակարգով պայմանավորվելն է, որտեղ նա իջնում է Պուտինի մակարդակի վրա․․․ Իսկ դա ամենևին “մեծ Ամերիկայի” մասին չէ․․․
Թվիթերում արդեն իսկ նկատելի է ամերիկյան հասարակության ազդեցիկ մարդկանց աջակցության արշավը հօգուտ Զելենսկու և ամոթանաքը Թրամփին․․․ Անգամ ԱՄՆ-ում սարսափած են նրա արածից, որքան էլ Էլոն Մասկը շտապել է տեսանյութեր տեղադրել ու Թրամփից կերտել հզոր գլխավոր հրամանատարի կերպար․․․ ԱՄՆ նախագահի կերպարը միայն այդ չափումը չէ, որ ունեցել է․․․ Իսկ դա ներքաղաքական պրոյեկցիաներ է ունենալու։
Հետևաբար, պնդում եմ, որ չնայած անգամ բանակցային այս շրջափուլի ձախողմանը, Թրամփը ստիպված է բանակցային խողովակներն ու դուռը Զելենսկու համար բաց պահել, ինչը և նրա եզարափակիչ գրառման մեջ տեսանելի է։