Այժմ, երբ Թրամփը հանել է Մոսկվային դժվար դրությունից և դադարեցրել է Կիևին տրամադրվող կարևոր ռազմական օգնությունը, Պուտինը տեսնում է հնարավորություն՝ արմատապես փոխելու Ռուսաստանի դիրքը աշխարհում, ասում են վերլուծաբանները։
The Wall Street Journal
Ավելի քան 10 տարի առաջ, մինչ ՌԴ զինված ուժերը հատեցին Ուկրաինայի սահմանը, նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ համաշխարհային առաջնորդների առջև և արտասանեց երկար, սառնարյուն խոսք՝ պահանջելով համաշխարհային կարգի արմատական վերանայում։
«Մենք հասել ենք այն սահմանագծին, երբ պետք է լուրջ մտածենք գլոբալ անվտանգության ամբողջ ճարտարապետության մասին», — ասաց Պուտինը 2007 թվականի Մյունխենի իր ելույթում՝ մեղադրելով Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ)՝ խոստումը խախտելու և Արևելյան Եվրոպայում ընդլայնվելու մեջ ու կոչ անելով վերջ տալ ԱՄՆ-ի գերիշխանությանը։
Հետագա տարիներին լարվածությունը Մոսկվայի և Արևմուտքի միջև աճում էր։ Ռուսաստանը զորքեր ուղարկեց Վրաստան, Սիրիա և Ուկրաինա։ 2022 թվականին Ուկրաինայում լայնածավալ պատերազմի սկիզբը դրդեց Արևմուտքին ջանքեր գործադրել Մոսկվայի մեկուսացման ուղղությամբ և խթանեց նոր երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին։
Պուտինը պահպանում էր դիրքերը, երբ նրա բանակը պարտություն էր կրում մարտի դաշտում, իսկ տնտեսությունը ճնշվում էր արևմտյան պատժամիջոցներով։ Նա խաղում էր երկարատև խաղ։ Այժմ այս համառությունը, կարծես, տալիս է իր արդյունքները, քանի որ աշխարհը վճռականորեն շարժվում է նրա ուղղությամբ։ ԱՄՆ-ը դադարեցրել է ռազմական օգնությունը Ուկրաինային և կոչ է անում դադարեցնել Մոսկվայի մեկուսացումը։ Նրանք հեռանում են իրենց ավանդական դաշնակիցներից Եվրոպայում։
«Մենք բոլորս տեսնում ենք, թե որքան արագ է փոխվում աշխարհը», — ասաց Պուտինը իր անվտանգության ծառայություններին հինգշաբթի՝ Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան հանդիպումից հետո։ Ըստ նրա՝ այժմ Մոսկվան և Վաշինգտոնը պատրաստ են լուծելու «աշխարհի ճարտարապետության ռազմավարական խնդիրները»։
Պուտինի նույնիսկ ամենաագրեսիվ խորհրդականները զարմացած էին այն արագությամբ, որով վերջին շաբաթներին փոխվեց Սպիտակ տան տոնը, ասում են մարդիկ, ովքեր այցելում են Մոսկվա և խոսում ռուս պաշտոնյաների հետ։
«Նոր վարչակազմը արագորեն փոխում է բոլոր արտաքին քաղաքական կոնֆիգուրացիաները», — անցած շաբաթ ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով նախագահ Թրամփի թիմին։
Վերջին օրերին Թրամփը, որը կոչ էր անում կողմերին դադարեցնել հակամարտությունը, իր ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինայի վրա։ Նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն անվանել է բռնապետ և մեղադրել է նրան պատերազմ սանձազերծելու մեջ՝ կրկնելով ռուս պաշտոնյաների հայտարարությունները։ Այս ամենն իր գագաթնակետին հասավ Սպիտակ տանը՝ Զելենսկու և Թրամփի միջև տեսախցիկների առջև տեղի ունեցած բախումով։
Ռուսական պետական լրատվամիջոցները մեծ ոգևորությամբ լուսաբանեցին այդ միջադեպը Օվալաձև աշխատասենյակում։ Կիրակի օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը գովաբանեց Թրամփի «ողջամիտ» մոտեցումը և մեղադրեց եվրոպացի առաջնորդներին՝ հակամարտությունը երկարաձգելու մեջ։
Անցյալ ամիս Մյունխենում, Պուտինի ելույթից 18 տարի անց, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասաց, որ ժողովրդավարության քայքայումը Եվրոպայում ավելի մեծ սպառնալիք է մայրցամաքի համար, քան Ռուսաստանը կամ Չինաստանը՝ կրկնելով Պուտինի ավանդական թեզերը։
«Նման բան մենք դեռ չենք տեսել… ոչ միայն քաղաքական վերակառուցում, այլև արժեքների վերախմբավորում», — ասել է Սերգեյ Ռադչենկոն, Ռուսաստանի պատմաբան և Մոսկվայի սառը պատերազմի ռազմավարության վերաբերյալ նոր գրքի հեղինակ։
Պուտինի համար ներկա պահը համբերության ռազմավարության հաստատումն է, որը նա կատարելագործել է իշխանության քառորդ դարի ընթացքում։
Խորհրդային անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) նախկին գործակալը, ով աննշանությունից վեր բարձրացավ և դարձավ Ռուսաստանի առաջնորդը հազարամյակի սահմանին, երկար ժամանակ պայքարել է ԱՄՆ-ի ղեկավարած համաշխարհային կարգի դեմ, որը հաստատվել էր 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո։ Պուտինը դա անվանել է «դարի մեծագույն աշխարհաքաղաքական աղետ»։
Թոմաս Գրեհեմի՝ ԱՄՆ նախկին նախագահի Ջորջ Բուշ կրտսերի օրոք Ռուսաստանի հարցերով Սպիտակ տան նախկին խորհրդականի խոսքով, Պուտինի Մյունխենում արտահայտած զգացմունքները բխում են ԱՄՆ-ի նկատմամբ խորացող դժգոհությունից, որը հատկապես սրվել էր 2004 թվականին։ Այդ տարի Ուկրաինայում տեղի ունեցավ Արևմուտքի աջակցությամբ հեղափոխություն, իսկ Չեչնիայի անջատականները գրավեցին դպրոց Հյուսիսային Կովկասում։ Պուտինը մեղադրեց ԱՄՆ-ին՝ անջատական շարժումը խրախուսելու մեջ։
«Այս երկու իրադարձությունները Պուտինին ստիպեցին հավատալ, որ ԱՄՆ-ն իսկապես չի ցանկանում գործընկերություն Ռուսաստանի հետ, որ ահաբեկչության դեմ պայքարը և ժողովրդավարության առաջխաղացումն իրականում պարզապես ծխածածկույթ են՝ Ամերիկայի աշխարհաքաղաքական տարածման համար՝ Ռուսաստանի հաշվին… Այդ պահին նա եզրակացրեց, որ ԱՄՆ-ի իրական նպատակը Ռուսաստանի՝ որպես մեծ տերության, հեղինակության նվազեցումն է», — ասում է Գրեհեմը, ով վերջերս վերադարձել է Մոսկվայից։
Պուտինի 2007 թվականի ելույթը առաջին անգամ հստակ ցույց տվեց ԱՄՆ-ի ենթադրյալ մեծամտության հանդեպ նրա զայրույթի խորությունը։ Այդ ժամանակ շատ արևմտյան պաշտոնյաներ կարծես անտեսեցին Պուտինի նախազգուշացումը։ «Մի սառը պատերազմն արդեն բավական էր», — պատասխանեց ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը։
Անցած տարի Թրամփի ընտրություններից հետո Պուտինը անցավ «հմայքի հարձակման»։ Նա կրկնեց 2020 թվականի ընտրությունների վերաբերյալ կեղծ պնդումները և գովաբանեց Թրամփի արձագանքը հուլիսին իր դեմ կատարված մահափորձին։
Այժմ, երբ Թրամփը հանել է Մոսկվային դժվար դրությունից և դադարեցրել է Կիևին տրամադրվող կարևոր ռազմական օգնությունը, Պուտինը տեսնում է հնարավորություն՝ արմատապես փոխելու Ռուսաստանի դիրքը աշխարհում, ասում են վերլուծաբանները։
Նա ցանկանում է շատ ավելին, քան պարզապես կարգավորում և մարտական գործողությունների դադարեցում։ Պուտինի նպատակը Ուկրաինան վերածելն է «կաստրացված» պետության, որը մշտապես խոցելի կլինի Ռուսաստանի ռազմական ագրեսիայի համար և արգելված կլինի վերազինվել Արևմուտքի աջակցությամբ։ Նրա հավակնություններն ընդգրկում են ՆԱՏՕ-ի ամբողջական դուրսմղումը Արևելյան Եվրոպայից։
Պատմաբան Սերգեյ Ռադչենկոն պատմական զուգահեռներ է անցկացնում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետ, երբ խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինը փորձում էր ԱՄՆ-ից համաձայնություն ստանալ Եվրոպան ազդեցության գոտիների բաժանելու վերաբերյալ։ Սակայն ԱՄՆ-ն շարունակեց գործել մայրցամաքում՝ հանդես գալով որպես անվտանգության երաշխավոր և սահմանափակելով Ստալինի հավակնությունները։
Վերադառնալով մեր օրեր՝ Ռադչենկոն նշում է, որ Կրեմլը փորձում է առաջ մղել նմանատիպ տեսլական։ «Բայց ինձ զարմացնում է այն, որ հենց Թրամփի վարչակազմն է այժմ ընդունում այդ աշխարհընկալումը», — ասում է նա։
Իհարկե, այսօրվա աշխարհը զգալիորեն տարբերվում է հետպատերազմյան կարգից։ Եվրոպան 1945 թվականից հետո պարտված և ավերված էր պատերազմով, և Ստալինը օգտվեց հնարավորությունից՝ ստեղծելու ազդեցության գոտի նրա հաշվին։ Այսօր մայրցամաքը կեղեքված է տարաձայնություններով, սակայն միավորված է մեկ միասնական աշխարհաքաղաքական բլոկի մեջ։ Կիրակի օրը եվրոպացի առաջնորդները հանդիպեցին Լոնդոնում՝ քննարկելու Կիևին հետագա աջակցության ուղիները։
Պուտինը խաղում է ռիսկային խաղ՝ մնալով այս մաքսիմալիստական դիրքորոշման մեջ, ասում են վերլուծաբանները։ Թրամփը, որը ցանկանում է արագ խաղաղ համաձայնագիր կնքել Կիևի և Մոսկվայի միջև, կարող է փորձել ստիպել Մոսկվային վճարել, եթե բանակցությունները ձգձգվեն։ Պաշտոն ստանձնելուց անմիջապես հետո նա զգուշացրել էր, որ Ռուսաստանը կարող է հանդիպել նոր պատժամիջոցների և մաքսատուրքերի, եթե չգնա գործարքի։ Ռուսաստանը հայտարարել է, որ կշարունակի Ուկրաինայում պատերազմը այնքան ժամանակ, մինչև բանակցությունները հանգեցնեն իրեն հարմար արդյունքի։ Նա նշում է, որ անհրաժեշտ է վերացնել «հակամարտության հիմնական պատճառները», որոնք, Մոսկվայի կարծիքով, ներառում են Ուկրաինայի արևմտամետ ուղղվածությունն ու ՆԱՏՕ-ի ընդլայնումը Արևելյան Եվրոպայում։
Պաշտպանական ոլորտի փորձագետները նշում են, որ Ռուսաստանն ունի ռեսուրսներ Ուկրաինայում ևս առնվազն մեկ տարի պատերազմելու համար՝ կամաց-կամաց կտրելով ուկրաինական հողերը, որոնք, ամենայն հավանականությամբ, կպահպանի, երբ խաղաղ համաձայնագիրը վերջնականապես կնքվի։
Պուտինը չի շտապի ընդունել այն գործարքը, որը կարող է առաջարկել Թրամփը, քանի որ Ռուսաստանի նախագահը տասնամյակներ շարունակ կոչ է արել համաշխարհային վերակազմակերպման, որն, ըստ նրա, վերջապես սկսել է իրականանալ։ «Նրա սկզբնական գաղափարը Ուկրաինայի վերաբերյալ, որ նա պետք է անի այն, ինչ ուզում է, և Արևմուտքը ստիպված կլինի նահանջել, ճիշտ էր… Հիմա նա ասում է.՝ արեք մեզ առաջարկ, որից չենք կարող հրաժարվել։ Մենք կսպասենք», — ասում է Ռուսաստանի նախկին դիվանագետ Բորիս Բոնդարևը, որը հրաժարական էր տվել պատերազմի պատճառով և այժմ ապրում է Եվրոպայում։
Աղբյուրը՝ WSJ
թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը