14.8 C
Yerevan

Պուտի­նը Քաղում Է Իր Հաղթա­նա­կի Պտուղնե­րը

Այժմ, երբ Թրամփը հանել է Մոսկվա­յին դժվար դրությունից և դադա­րեցրել է Կիև­ին տրա­մադրվող կարև­որ ռազմա­կան օգնությունը, Պուտի­նը տեսնում է հնա­րա­վո­րություն՝ արմա­տա­պես փոխե­լու Ռուսաստա­նի դիրքը աշխարհում, ասում են վերլուծա­բաննե­րը։

The Wall Street Journal

Ավե­լի քան 10 տարի առաջ, մինչ ՌԴ զինված ուժե­րը հատե­ցին Ուկրաի­նա­յի սահմա­նը, նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը հանդես եկավ համաշխարհա­յին առաջնորդնե­րի առջև և արտա­սա­նեց երկար, սառնարյուն խոսք՝ պահանջե­լով համաշխարհա­յին կարգի արմա­տա­կան վերա­նա­յում։
«Մենք հասել ենք այն սահմա­նագծին, երբ պետք է լուրջ մտա­ծենք գլո­բալ անվտանգության ամբողջ ճարտա­րա­պե­տության մասին», — ասաց Պուտի­նը 2007 թվա­կա­նի Մյունխե­նի իր ելույթում՝ մեղադրե­լով Հյուսի­սատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ)՝ խոստումը խախտե­լու և Արև­ելյան Եվրո­պա­յում ընդլայնվե­լու մեջ ու կոչ անե­լով վերջ տալ ԱՄՆ‑ի գերիշխա­նությա­նը։
Հետա­գա տարի­նե­րին լարվա­ծությունը Մոսկվա­յի և Արևմուտքի միջև աճում էր։ Ռուսաստա­նը զորքեր ուղարկեց Վրաստան, Սիրիա և Ուկրաի­նա։ 2022 թվա­կա­նին Ուկրաի­նա­յում լայնա­ծա­վալ պատե­րազմի սկիզբը դրդեց Արևմուտքին ջանքեր գործադրել Մոսկվա­յի մեկուսացման ուղղությամբ և խթա­նեց նոր երկրնե­րի անդա­մակցությունը ՆԱՏՕ-ին։
Պուտի­նը պահպա­նում էր դիրքե­րը, երբ նրա բանա­կը պարտություն էր կրում մարտի դաշտում, իսկ տնտե­սությունը ճնշվում էր արևմտյան պատժա­մի­ջոցնե­րով։ Նա խաղում էր երկա­րատև խաղ։ Այժմ այս համա­ռությունը, կարծես, տալիս է իր արդյունքնե­րը, քանի որ աշխարհը վճռա­կա­նո­րեն շարժվում է նրա ուղղությամբ։ ԱՄՆ‑ը դադա­րեցրել է ռազմա­կան օգնությունը Ուկրաի­նա­յին և կոչ է անում դադա­րեցնել Մոսկվա­յի մեկուսա­ցումը։ Նրանք հեռա­նում են իրենց ավանդա­կան դաշնա­կիցնե­րից Եվրո­պա­յում։
«Մենք բոլորս տեսնում ենք, թե որքան արագ է փոխվում աշխարհը», — ասաց Պուտի­նը իր անվտանգության ծառա­յություննե­րին հինգշաբթի՝ Սաուդյան Արա­բիա­յում ռուս-ամե­րիկյան հանդի­պումից հետո։ Ըստ նրա՝ այժմ Մոսկվան և Վաշինգտո­նը պատրաստ են լուծե­լու «աշխարհի ճարտա­րա­պե­տության ռազմա­վա­րա­կան խնդիրնե­րը»։
Պուտի­նի նույնիսկ ամե­նաագրե­սիվ խորհրդա­կաննե­րը զարմա­ցած էին այն արա­գությամբ, որով վերջին շաբաթնե­րին փոխվեց Սպի­տակ տան տոնը, ասում են մարդիկ, ովքեր այցե­լում են Մոսկվա և խոսում ռուս պաշտոնյա­նե­րի հետ։
«Նոր վարչա­կազմը արա­գո­րեն փոխում է բոլոր արտա­քին քաղա­քա­կան կոնֆի­գուրա­ցիա­նե­րը», — անցած շաբաթ ասել է Պուտի­նի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկո­վը՝ անդրա­դառնա­լով նախա­գահ Թրամփի թիմին։
Վերջին օրե­րին Թրամփը, որը կոչ էր անում կողմե­րին դադա­րեցնել հակա­մարտությունը, իր ուշադրությունը կենտրո­նացրել է Ուկրաի­նա­յի վրա։ Նա Ուկրաի­նա­յի նախա­գահ Վլա­դի­միր Զելենսկուն անվա­նել է բռնա­պետ և մեղադրել է նրան պատե­րազմ սանձա­զերծե­լու մեջ՝ կրկնե­լով ռուս պաշտոնյա­նե­րի հայտա­րա­րություննե­րը։ Այս ամենն իր գագաթնա­կե­տին հասավ Սպի­տակ տանը՝ Զելենսկու և Թրամփի միջև տեսախցիկնե­րի առջև տեղի ունե­ցած բախումով։
Ռուսա­կան պետա­կան լրատվա­մի­ջոցնե­րը մեծ ոգև­ո­րությամբ լուսա­բա­նե­ցին այդ միջա­դե­պը Օվա­լաձև աշխա­տա­սենյա­կում։ Կիրա­կի օրը Ռուսաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Սերգեյ Լավրո­վը գովա­բա­նեց Թրամփի «ողջա­միտ» մոտե­ցումը և մեղադրեց եվրո­պա­ցի առաջնորդնե­րին՝ հակա­մարտությունը երկա­րաձգե­լու մեջ։
Անցյալ ամիս Մյունխե­նում, Պուտի­նի ելույթից 18 տարի անց, ԱՄՆ փոխնա­խա­գահ Ջեյ Դի Վենսն ասաց, որ ժողովրդա­վա­րության քայքա­յումը Եվրո­պա­յում ավե­լի մեծ սպառնա­լիք է մայրցա­մա­քի համար, քան Ռուսաստա­նը կամ Չինաստա­նը՝ կրկնե­լով Պուտի­նի ավանդա­կան թեզե­րը։
«Նման բան մենք դեռ չենք տեսել… ոչ միայն քաղա­քա­կան վերա­կա­ռուցում, այլև արժեքնե­րի վերախմբա­վո­րում», — ասել է Սերգեյ Ռադչենկոն, Ռուսաստա­նի պատմա­բան և Մոսկվա­յի սառը պատե­րազմի ռազմա­վա­րության վերա­բերյալ նոր գրքի հեղի­նակ։
Պուտի­նի համար ներկա պահը համբե­րության ռազմա­վա­րության հաստա­տումն է, որը նա կատա­րե­լա­գործել է իշխա­նության քառորդ դարի ընթացքում։
Խորհրդա­յին անվտանգության կոմի­տեի (ԿԳԲ) նախկին գործա­կա­լը, ով աննշա­նությունից վեր բարձրա­ցավ և դարձավ Ռուսաստա­նի առաջնորդը հազա­րամյա­կի սահմա­նին, երկար ժամա­նակ պայքա­րել է ԱՄՆ‑ի ղեկա­վա­րած համաշխարհա­յին կարգի դեմ, որը հաստատվել էր 1991 թվա­կա­նին Խորհրդա­յին Միության փլուզումից հետո։ Պուտի­նը դա անվա­նել է «դարի մեծա­գույն աշխարհա­քա­ղա­քա­կան աղետ»։
Թոմաս Գրե­հե­մի՝ ԱՄՆ նախկին նախա­գա­հի Ջորջ Բուշ կրտսե­րի օրոք Ռուսաստա­նի հարցե­րով Սպի­տակ տան նախկին խորհրդա­կա­նի խոսքով, Պուտի­նի Մյունխե­նում արտա­հայտած զգացմունքնե­րը բխում են ԱՄՆ‑ի նկատմամբ խորա­ցող դժգո­հությունից, որը հատկա­պես սրվել էր 2004 թվա­կա­նին։ Այդ տարի Ուկրաի­նա­յում տեղի ունե­ցավ Արևմուտքի աջակցությամբ հեղա­փո­խություն, իսկ Չեչնիա­յի անջա­տա­կաննե­րը գրա­վե­ցին դպրոց Հյուսի­սա­յին Կովկա­սում։ Պուտի­նը մեղադրեց ԱՄՆ-ին՝ անջա­տա­կան շարժումը խրա­խուսե­լու մեջ։
«Այս երկու իրա­դարձություննե­րը Պուտի­նին ստի­պե­ցին հավա­տալ, որ ԱՄՆ‑ն իսկա­պես չի ցանկա­նում գործընկե­րություն Ռուսաստա­նի հետ, որ ահա­բեկչության դեմ պայքա­րը և ժողովրդա­վա­րության առաջխա­ղա­ցումն իրա­կա­նում պարզա­պես ծխա­ծածկույթ են՝ Ամե­րի­կա­յի աշխարհա­քա­ղա­քա­կան տարածման համար՝ Ռուսաստա­նի հաշվին… Այդ պահին նա եզրա­կացրեց, որ ԱՄՆ‑ի իրա­կան նպա­տա­կը Ռուսաստա­նի՝ որպես մեծ տերության, հեղի­նա­կության նվա­զե­ցումն է», — ասում է Գրե­հե­մը, ով վերջերս վերա­դարձել է Մոսկվա­յից։
Պուտի­նի 2007 թվա­կա­նի ելույթը առա­ջին անգամ հստակ ցույց տվեց ԱՄՆ‑ի ենթադրյալ մեծամտության հանդեպ նրա զայրույթի խորությունը։ Այդ ժամա­նակ շատ արևմտյան պաշտոնյա­ներ կարծես անտե­սե­ցին Պուտի­նի նախազգուշա­ցումը։ «Մի սառը պատե­րազմն արդեն բավա­կան էր», — պատասխա­նեց ԱՄՆ պաշտպա­նության նախա­րար Ռոբերտ Գեյթսը։
Անցած տարի Թրամփի ընտրություննե­րից հետո Պուտի­նը անցավ «հմայքի հարձակման»։ Նա կրկնեց 2020 թվա­կա­նի ընտրություննե­րի վերա­բերյալ կեղծ պնդումնե­րը և գովա­բա­նեց Թրամփի արձա­գանքը հուլի­սին իր դեմ կատարված մահա­փորձին։
Այժմ, երբ Թրամփը հանել է Մոսկվա­յին դժվար դրությունից և դադա­րեցրել է Կիև­ին տրա­մադրվող կարև­որ ռազմա­կան օգնությունը, Պուտի­նը տեսնում է հնա­րա­վո­րություն՝ արմա­տա­պես փոխե­լու Ռուսաստա­նի դիրքը աշխարհում, ասում են վերլուծա­բաննե­րը։
Նա ցանկա­նում է շատ ավե­լին, քան պարզա­պես կարգա­վո­րում և մարտա­կան գործո­ղություննե­րի դադա­րե­ցում։ Պուտի­նի նպա­տա­կը Ուկրաի­նան վերա­ծելն է «կաստրացված» պետության, որը մշտա­պես խոցե­լի կլի­նի Ռուսաստա­նի ռազմա­կան ագրե­սիա­յի համար և արգելված կլի­նի վերա­զինվել Արևմուտքի աջակցությամբ։ Նրա հավակնություններն ընդգրկում են ՆԱՏՕ‑ի ամբողջա­կան դուրսմղումը Արև­ելյան Եվրո­պա­յից։
Պատմա­բան Սերգեյ Ռադչենկոն պատմա­կան զուգա­հեռներ է անցկացնում Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմից հետո տեղի ունե­ցած իրա­դարձություննե­րի հետ, երբ խորհրդա­յին բռնա­պետ Իոսիֆ Ստա­լի­նը փորձում էր ԱՄՆ-ից համա­ձայնություն ստա­նալ Եվրո­պան ազդե­ցության գոտի­նե­րի բաժա­նե­լու վերա­բերյալ։ Սակայն ԱՄՆ‑ն շարունա­կեց գործել մայրցա­մա­քում՝ հանդես գալով որպես անվտանգության երաշխա­վոր և սահմա­նա­փա­կե­լով Ստա­լի­նի հավակնություննե­րը։
Վերա­դառնա­լով մեր օրեր՝ Ռադչենկոն նշում է, որ Կրեմլը փորձում է առաջ մղել նմա­նա­տիպ տեսլա­կան։ «Բայց ինձ զարմացնում է այն, որ հենց Թրամփի վարչա­կազմն է այժմ ընդունում այդ աշխարհընկա­լումը», — ասում է նա։
Իհարկե, այսօրվա աշխարհը զգա­լիո­րեն տարբերվում է հետպա­տե­րազմյան կարգից։ Եվրո­պան 1945 թվա­կա­նից հետո պարտված և ավերված էր պատե­րազմով, և Ստա­լի­նը օգտվեց հնա­րա­վո­րությունից՝ ստեղծե­լու ազդե­ցության գոտի նրա հաշվին։ Այսօր մայրցա­մա­քը կեղեքված է տարա­ձայնություննե­րով, սակայն միա­վորված է մեկ միասնա­կան աշխարհա­քա­ղա­քա­կան բլո­կի մեջ։ Կիրա­կի օրը եվրո­պա­ցի առաջնորդնե­րը հանդի­պե­ցին Լոնդո­նում՝ քննարկե­լու Կիև­ին հետա­գա աջակցության ուղի­նե­րը։
Պուտի­նը խաղում է ռիսկա­յին խաղ՝ մնա­լով այս մաքսի­մա­լիստա­կան դիրքո­րոշման մեջ, ասում են վերլուծա­բաննե­րը։ Թրամփը, որը ցանկա­նում է արագ խաղաղ համա­ձայնա­գիր կնքել Կիևի և Մոսկվա­յի միջև, կարող է փորձել ստի­պել Մոսկվա­յին վճա­րել, եթե բանակցություննե­րը ձգձգվեն։ Պաշտոն ստանձնե­լուց անմի­ջա­պես հետո նա զգուշացրել էր, որ Ռուսաստա­նը կարող է հանդի­պել նոր պատժա­մի­ջոցնե­րի և մաքսա­տուրքե­րի, եթե չգնա գործարքի։ Ռուսաստա­նը հայտա­րա­րել է, որ կշա­րունա­կի Ուկրաի­նա­յում պատե­րազմը այնքան ժամա­նակ, մինչև բանակցություննե­րը հանգեցնեն իրեն հարմար արդյունքի։ Նա նշում է, որ անհրա­ժեշտ է վերացնել «հակա­մարտության հիմնա­կան պատճառնե­րը», որոնք, Մոսկվա­յի կարծի­քով, ներա­ռում են Ուկրաի­նա­յի արևմտա­մետ ուղղվա­ծությունն ու ՆԱՏՕ‑ի ընդլայնումը Արև­ելյան Եվրո­պա­յում։
Պաշտպա­նա­կան ոլորտի փորձա­գետնե­րը նշում են, որ Ռուսաստանն ունի ռեսուրսներ Ուկրաի­նա­յում ևս առնվազն մեկ տարի պատե­րազմե­լու համար՝ կամաց-կամաց կտրե­լով ուկրաի­նա­կան հողե­րը, որոնք, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կպահպա­նի, երբ խաղաղ համա­ձայնա­գի­րը վերջնա­կա­նա­պես կնքվի։
Պուտի­նը չի շտա­պի ընդունել այն գործարքը, որը կարող է առա­ջարկել Թրամփը, քանի որ Ռուսաստա­նի նախա­գա­հը տասնամյակներ շարունակ կոչ է արել համաշխարհա­յին վերա­կազմա­կերպման, որն, ըստ նրա, վերջա­պես սկսել է իրա­կա­նա­նալ։ «Նրա սկզբնա­կան գաղա­փա­րը Ուկրաի­նա­յի վերա­բերյալ, որ նա պետք է անի այն, ինչ ուզում է, և Արևմուտքը ստիպված կլի­նի նահանջել, ճիշտ էր… Հիմա նա ասում է.՝ արեք մեզ առա­ջարկ, որից չենք կարող հրա­ժարվել։ Մենք կսպա­սենք», — ասում է Ռուսաստա­նի նախկին դիվա­նա­գետ Բորիս Բոնդարևը, որը հրա­ժա­րա­կան էր տվել պատե­րազմի պատճա­ռով և այժմ ապրում է Եվրո­պա­յում։

Աղբյուրը՝ WSJ

թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ