Հայաստան

Թրամփը Միջնորդ Երևանի Ու Բաքվի Միջև

Պետք է նաև հիշենք, որ երբ 2016-ին Թրամփն առաջին անգամ դարձավ ԱՄՆ նախագահ, այդ նույնն էր կատարվում, այդ ժամանակ էլ բոլոր բարի ցանկությունները հնչեցվում էին, բայց վերջում ոչ մի բան տեղի չունեցավ, ավելին՝ Թրամփը սկսեց Ուկրաինային «Ջավելիններ» մատակարարել:

Դավիթ Ստեփանյան

Թրամփն ուզում է խաղաղարար դառնալ, մենք կարող ենք առաջարկել, որ նա միջնորդ լինի հայ-ադրբեջանական հարաբերություններում.Դավիթ Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, ինչպե՞ս եք գնահատում ուկրաինական պատերազմի վերաբերյալ ռուս-ուկրաինական բանակցությունները, ի՞նչ են ուզում ԱՄՆ-ն ու Ռուսաստանն իրականում:

– ԱՄՆ-ն ուզում է կնքել գործարք, որի շրջանակներում ինքը, որևէ բան չզիջելով, կոնկրետ՝ զրո զիջումներով, Ուկրաինայի տարածքների ինքնիշխանության ու անկախության հաշվին գործարք կնքի Պուտինի հետ: Խոսքն անձամբ Թրամփի մասին է, ստանա խաղաղարարի կարգավիճակ, ու եթե այս ճանապարհին ուկրաինական մի քանի մարզ կզիջվի այս կողմ կամ այն կողմ, դա իրեն չի հետաքրքրում:

Ռուսաստանը, անձամբ՝ Պուտինը, ուզում է հնարավորություն ստանալ այս փուլում այս պատերազմը կանգնեցնել, ոչ թե վերջնակապես ավարտել: Նախապես ուզում եմ ասել, որ վերջնական խաղաղության մասին խոսք չկա, հերթական հրադադարն է իրենց պետք, որովհետև իրենք էլ են շատ վատ վիճակում, չեն կարողանում պատերազմը շարունակել, ու դա անել այնպես, որ Պուտինի դեմքը փրկեն, այսինքն՝ լինի ինչ-որ փաստաթուղթ, որով Ռուսաստանը լուրջ տարածքային զիջումների չի գնալու:

-Այսինքն՝ Ռուսաստանը վերջնական խաղաղության գնալու նպատակ չունի՞:

– Կողմերի միջև վերջնական համաձայնություն չկա, կա միայն բանակցությունները նորից սկսելու նշմարվող տեսակետների համադրում: Այս գործընթացը երկար է տևելու, լավագույն դեպքում լինելու է հրադադար, այլ ոչ թե խաղաղության պայմանագիր:

– Իսկ այդ հրադադարի շանսերը տեսնո՞ւմ եք:

– Տեսնում եմ այնքանով, որ կողմերը հյուծված ու սպառված են, ու զուտ այդ տրամաբանությունից ելնելով, ես կարծում եմ, որ վաղ թե ուշ հրադադարը պետք է կնքվի:

– Պարո՛ն Ստեփանյան, իսկ ռուս-ամերիկյան հարաբերություններն ինչպե՞ս կգնահատեք:

– Այդ հարաբերություններն ունեն լավանալու միտում, բացի դրանից այս պահին որևէ այլ բան չկա, այսինքն՝ որևէ առաջընթաց չկա, պատժամիջոցները շարունակում են կիրառվել, գետնի վրա ռեալ քայլ չի արվել, կան միայն հայտարարություններ ու բարի ցանկություններ:

Պետք է նաև հիշենք, որ երբ 2016-ին Թրամփն առաջին անգամ դարձավ ԱՄՆ նախագահ, այդ նույնն էր կատարվում, այդ ժամանակ էլ բոլոր բարի ցանկությունները հնչեցվում էին, բայց վերջում ոչ մի բան տեղի չունեցավ, ավելին՝ Թրամփը սկսեց Ուկրաինային «Ջավելիններ» մատակարարել:

– Այսինքն՝ չե՞ք բացառում, որ կարող է հիմա էլ նույնը տեղի ունենալ:

– Իհարկե, այս պահին ոչ մի ռեալ քայլ չի արվել, միայն խոսվում է բարի ցանկությունների մասին, բայց բանակցային ռեալ արդյունք չկա, դրանք ուղղակի մեկնարկել են ու շատ դժվար են լինելու:

– Իսկ հայ-ամերիկյան հարաբերություններն ինչպե՞ս կգնահատեք, ի՞նչ սպասելիքներ պետք է ունենա Հայաստանը:

– Սպասելիքները կախված են բացառապես մեզանից ու մեր գործողություններից, մենք վատ գործողություն չենք արել տարեսկզբին՝ ստորագրելով ռազմական հարաբերությունների մասին խարտիան ԱՄՆ-ի հետ: Այնտեղ մեծ հաշվով ամեն ինչ գրված է, պետք է այդ ամենն իրականացնել, անընդհատ շփան մեջ լինել նոր վարչակազմի հետ, կամուրջներ կառուցել, մոտավորապես այն մակարդակի, որոնք եղել են նախկին վարչակազմի հետ, ու պետք է առաջարկություններ ներկայացնել: Եթե Թրամփը ցանկանում է գործարքներ կնքել ամբողջ աշխարհով մեկ, ապա մենք էլ մեր գործարքները պետք է առաջարկենք:

Այստեղ շատ բան կախված է ժամկետներից, Ուկրաինայում կնքվելիք գործարքից, մենք չգիտենք էլ այս պահին՝ դա կնքվելու է, թե ոչ: Եթե մենք սպասենք, որ իրադարձություններն իրենց հունով զարգանան, ապա Թրամփը կարող է Հարավային Կովկաս հասնել վեց ամիս հետո, կարող է նաև չհասնել: Դրա համար ես կարծում եմ, որ պետք է չսպասել ու ԱՄՆ-ին անել քաղաքական ու տնտեսական առաջարկներ:

Թրամփն ուզում է խաղաղարար դառնալ, ավելի լավ, մենք կարող ենք առաջարկել, որ նա միջնորդ լինի հայ-ադրբեջանական հարաբերություններում, թող Ալիևը հրաժարվի, եթե կարող է:

Տնտեսականը՝ ատոմակայան, հանքերի շահագործում, մասնագետներն են ասում, որ Հայաստանում կա նոր հանքեր բացելու պոտենցիալ, կարող ենք առաջարկել, որ խաղաղության պայմանագրի արդյունքում նոր կոմունիկացիաներ բացվեն մեր տարածաշրջանում, որոնք աշխատելու են Չինաստանի դեմ:

Այս բոլոր առաջարկները բխում են Թրամփի ու ԱՄՆ-ի շահերից, եթե մենք սա առաջարկում ենք, դրանով շատ վատ վիճակում ենք դնում Ալիևին ու Ադրբեջանին: Սա մեզ համար հնարավորություն է:

– Արվո՞ւմ են այդ առաջարկները:

– Ես տեսնում եմ, որ կան բանակցություններ ԱՄՆ-ի հետ, ես տեսնում եմ, որ կան մեր պաշտոնյաների սպասվող այցեր ԱՄՆ, թույլ տվեք անուններ չտալ, տեսնում եմ, որ կա երկուստեք ձեռնտու հարաբերություններ ձևավորելու ցանկություն, ես դա տեսնում եմ: Քայլեր արվում են, որ հարաբերությունները լինեն այն մակարդակին, ինչ Բայդենի ժամանակ էր, ես դա տեսնում եմ:

– Այսինքն՝ խոսակցությունները, որ ԱՄՆ-ին ամենևին էլ չի հետաքրքրում մեր տարածաշրջանը, կարծում եք՝ այնքա՞ն էլ այդպես չէ:

– Այդ խոսակցությունները տասնամյակներով տարածում են մեր երկրում հայկական ազգանուններով ռուսական ազդեցության գործակալները, ինչի համար ես կարող եմ ցավել, դա իրականությանը չի համապատասխանում: Եթե դա իրականությանը համապատասխաներ՝ Ադրբեջանը վաղուց գրավել էր ոչ միայն Սյունիքի մարզը, այլ նաև ամբողջ Հայաստանը, որովհետև հենց ԱՄՆ-ն թույլ չի տվել, որ դա տեղի ունենա:

– Պարո՛ն Ստեփանյան, ձեզ հակադարձողներն ասում են՝ բա այդ նույն ԱՄՆ-ն ինչպե՞ս թույլ տվեց Արցախի ամբողջական հայաթափում ու բռնազավթում Ադրբեջանի կողմից:

– Լավ են անում ասում են, իսկ ո՞վ է ասել, որ աշխարհի որևէ պետություն, ԱՄՆ-ն էլ ներառյալ ճանաչել է Արցախը որպես անկախ պետություն: Միջազգային իրավունքի տեսանկյունից, ցավոք, այդ բոլոր տարիներին Արցախը մնում էր Ադրբեջանի մաս, որովհետև Ադրբեջանը երբեք չհրաժարվեց իր իրավունքներից:

Բազմիցս եմ ասել, որ Արցախի հարցով եղել է միջազգային կոնսենսուս, և ԱՄՆ-ն այդ կոնսենսուսի մաս է, այդ մարդկանց կողմից այդքան սիրված ռուսները ևս այդ կոնսենսուսի մաս են: Հայաստանն ու չճանաչված Արցախը տարբեր բաներ են, ու համեմատություններն առնվազն տեղին չեն, բայց նորից եմ ասում՝ ոչ մեկը չի ասում, որ Հայաստանի վրա վտանգ կախված չէ:

Եթե մենք չգործենք ու ձեռքներս ծալած սպասենք, թե Ադրբեջանն ինչ է անում, ապա մի օր կարող է այնպիսի իրավիճակ լինել, որ այդ կոնսենսուսը կարող է ձևավորվել նաև Հայաստանի շուրջ, որովհետև այսօր աշխարհում ամեն ինչ հնարավոր է, ու այստեղ պետք է մեղադրենք մեզ:

Մեր բոլոր նախագահները՝ Տեր-Պետրոսյանից սկսած, Փաշինյանով վերջացրած, բոլոր ձվերը դրել են մի զամբյուղի մեջ՝ սխալ քաղաքականություն վարելով: Զամբյուղի տերն էլ՝ Ռուսաստանը, մի օր այդ զամբյուղը դեն նետեց, ձվերն էլ ջարդվեցին, իսկ եթե մենք դա չանեինք, գուցե ձվերի կեսը մնա՞ր:

Ինձ ասում են՝ արևմտամետ ես, թեև ես ինձ այդպիսին չեմ համարում, ես ասում եմ այն, ինչ տեսնում եմ, Թրամփն այսօր վարում է դեստրուկտիվ քաղաքականություն Ուկրաինայի նկատմամբ, եթե վաղը Մակրոնը գործի Հայաստանի դեմ, դա էլ եմ ասելու, իսկ իրենց համար Պուտինն անթերի է: Այս պահին կա դիվերսիֆիկացման անհրաժեշտություն՝ ձվերը պետք է դնել տարբեր զամբյուղների մեջ, որպեսզի եթե մեկ զամբյուղը դեն նետեն, գոնե մյուսը մնա, իրական քաղաքականությունը սա է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *