ՀՅԴ‑ն փաստացի հրաժարվել է Դավիթ Իշխանյանի հայրենադարձության համար իր հնարավորություններն ու միջազգային կապերն ի սպաս դնելու բարոյական պարտավորությունից:
Վահրամ Աթանեսյան
Մամուլը հաղորդում է, որ ՀՅԴ Ընդհանուր ժողովն ավարտել է աշխատանքները: Մինչ այդ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցների պատվիրակներն ընտրել են կուսակցության ղեկավար մարմնի՝ Բյուրոյի նոր կազմ՝ Արմեն Ռուստամյան, Լիլիթ Գալստյան, Տարոն Տոնոյան,Արսեն Համբարձումյան, որ ներկայացնում են ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը: Սեւան Դանիելյանը Բյուրոյում կներկայացնի Դաշնակցության Իրանը կառույցը, Տարոն Տեր-Խաչատրյանը՝ Միացյալ Նահանգների դաշնակցականներին, Հովսեփ Տեր-Գեւորգյանը եւ Մուրադ Փափազյանը Ֆրանսիայից են, Հակոբ Բագրատունին՝ Լիբանանից, իսկ Րաֆֆի Տոնապետյանը՝ Կանադայից:
Անդրանիկ նիստում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել «Հայաստան» խմբակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Ի՞նչ է աչքի զարնում հենց առաջին հայացքից. Բյուրոյի կազմում ՀՅԴ Արցախի կազմակերպությունից ընտրյալ չկա: Մինչդեռ անցած երկու շրջափուլում Արցախի դաշնակցականները Բյուրոյում ներկայացված էին նախ Գեորգի Պետրոսյանի, ապա՝ Դավիթ Իշխանյանի միջոցով:
Հնարավոր է՝ Դաշնակցության Կանոնադրությունը նման «նուրբ դեպքերի» համար որոշակի կարգավորումներ ունի, բայց ցանկության դեպքում Ընդհանուր ժողովը կարող էր պայմանականությունները զանց առնել եւ Բյուրոյի կազմում վերընտեր 2023 թվականի հոկտեմբերի 3‑ին Ստեփանակերտում Բաքվի հատուկ ծառայությունների կողմից պատանդառված Դավիթ Իշխանյանին, ով մինչ օրս գտնվում է ադրբեջանական բանտում եւ մեղադրվում է «ռազմական հանցագործություններ կատարելու» մեջ:
Ակամայից հիշվում է, որ երբ Դավիթ Իշխանյանը Ստեփանակերտում ընտրվեց Ազգային ժողովի նախագահ, ՀՅԴ գործիչներից մեկը մամուլին հպարտությամբ բացահայտեց, որ Արցախի իշխանությունները խնդրանքով դիմել են Դաշնակցությանը, Բյուրոն մի քանի օր քննարկել է հարցը եւ համաձայնություն տվել, որ Դավիթ Իշխանյանը քաղաքական մեծ պատասխանատվություն ստանձնի՝ ԼՂ-ում ներկայացնելով ՀՅԴ Բյուրոյի մոտեցումները:
Բացառված չէ, որ Ադրբեջանը Դավիթ Իշխանյանին առեւանգելու պատճառ ամեն դեպքում կգտներ, բայց փաստ է, որ նա պատանդառվել է որպես Արցախի Ազգային ժողովի նախագահ եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ: Դաշնակցության Ընդհանուր ժողովում որպես ՀՅԴ Բյուրոյի անդամ նրա վերընտրությունը բարոյական մեծ աջակցություն կլիներ ոչ միայն Դավիթ Իշխանյանին, նրա հարազատներին, այլեւ Դաշնակցության Արցախի կառույցին առհասարակ:
ՀՅԴ Ընդհանուր ժողովն, ինչպես տեսնում ենք, ոչ միայն այդ աջակցությունը չի ցուցաբերել, այլեւ անտեսել է կուսակցության Արցախի կառույցի գոյությունը՝ Բյուրոյի կազմում չընտրելով արցախցի որեւէ դաշնակցականի:
Ի՞նչ հետեւություն կարելի է անել:
ՀՅԴ‑ն փաստացի հրաժարվել է Դավիթ Իշխանյանի հայրենադարձության համար իր հնարավորություններն ու միջազգային կապերն ի սպաս դնելու բարոյական պարտավորությունից: Այդու՝ Դաշնակցությունն իրեն զրկել է Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության, հայ ռազմագերիների հայրենադարձության հարցում թերանալու համար Նիկոլ Փաշինյանին, կառավարությանը եւ իշխող քաղաքական մեծամասնությանը քննադատելու իրավունքից, քանի որ եթե մի կուսակցություն մոռացության է մատնել իր ղեկավար մարմնի անդամին, նրան չի օժտել Բյուրոյի անդամի լիազորություններով, ապա չի կարող օրվա իշխանություններից հակառակը պահանջել:
ՀՅԴ Բյուրոյի անդամների ընտրությունը, սակայն, հուշում է ամենաանցանկալին. ՀՅԴ‑ն Արցախի իր կառույցն այլեւս առանձին կազմակերպություն չի ճանաչում, չկա, Դաշնակցության Արցախի ԿԿ‑ն փաստացի գոյություն չունի: Կարելի՞ է ենթադրել, որ ՀՅԴ համար այլեւս գոյություն չունի նաեւ Արցախի հարց, Դաշնակցությունը «թեման փակել է»՝ մեկով ավելացնելով ձախողված ապստամբությունների թիվը՝ Սասունից սկսած:
Մենք այլեւս չենք ասի. «Կեցցե՜ Դաշնակցությունը, հայ Դաշնակցությունը իսկական»՝ մինչեւ չհամոզվենք, որ մեր այս դիտարկումները միայն իրավիճակի ոչ ամբողջական ընկալումից ածանցված ենթադրություններ են: Եթե համոզվենք, որ այդպես է, մենք ներողություն կխնդրենք: Իսկ եթե պարզվի, որ այն եւ այնպես է՝ ինչ եւ ինչպես ասված է, ապա ստիպված կլինենք ի լուր հայության արձանագրել, որ ՀՅԴ 2025 թվականի Ընհանուր ժողովն իր համար Արցախի հարցը փակել է:
