Հայաստան

Մենք Չենք Ասի. «Կեցցե՜ Դաշնակցությունը»

ՀՅԴ-ն փաստացի հրաժարվել է Դավիթ Իշխանյանի հայրենադարձության համար իր հնարավորություններն ու միջազգային կապերն ի սպաս դնելու բարոյական պարտավորությունից:

Վահրամ Աթանեսյան

Մամուլը հաղորդում է, որ ՀՅԴ Ընդհանուր ժողովն ավարտել է աշխատանքները: Մինչ այդ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցների պատվիրակներն ընտրել են կուսակցության ղեկավար մարմնի՝ Բյուրոյի նոր կազմ՝ Արմեն Ռուստամյան, Լիլիթ Գալստյան, Տարոն Տոնոյան,Արսեն Համբարձումյան, որ ներկայացնում են ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը: Սեւան Դանիելյանը Բյուրոյում կներկայացնի Դաշնակցության Իրանը կառույցը, Տարոն Տեր-Խաչատրյանը՝ Միացյալ Նահանգների դաշնակցականներին, Հովսեփ Տեր-Գեւորգյանը եւ Մուրադ Փափազյանը Ֆրանսիայից են, Հակոբ Բագրատունին՝ Լիբանանից, իսկ Րաֆֆի Տոնապետյանը՝ Կանադայից:

Անդրանիկ նիստում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել «Հայաստան» խմբակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Ի՞նչ է աչքի զարնում հենց առաջին հայացքից. Բյուրոյի կազմում ՀՅԴ Արցախի կազմակերպությունից ընտրյալ չկա: Մինչդեռ անցած երկու շրջափուլում Արցախի դաշնակցականները Բյուրոյում ներկայացված էին նախ Գեորգի Պետրոսյանի, ապա՝ Դավիթ Իշխանյանի միջոցով:

Հնարավոր է՝ Դաշնակցության Կանոնադրությունը նման «նուրբ դեպքերի» համար որոշակի կարգավորումներ ունի, բայց ցանկության դեպքում Ընդհանուր ժողովը կարող էր պայմանականությունները զանց առնել եւ Բյուրոյի կազմում վերընտեր 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտում Բաքվի հատուկ ծառայությունների կողմից պատանդառված Դավիթ Իշխանյանին, ով մինչ օրս գտնվում է ադրբեջանական բանտում եւ մեղադրվում է «ռազմական հանցագործություններ կատարելու» մեջ:

Ակամայից հիշվում է, որ երբ Դավիթ Իշխանյանը Ստեփանակերտում ընտրվեց Ազգային ժողովի նախագահ, ՀՅԴ գործիչներից մեկը մամուլին հպարտությամբ բացահայտեց, որ Արցախի իշխանությունները խնդրանքով դիմել են Դաշնակցությանը, Բյուրոն մի քանի օր քննարկել է հարցը եւ համաձայնություն տվել, որ Դավիթ Իշխանյանը քաղաքական մեծ պատասխանատվություն ստանձնի՝ ԼՂ-ում ներկայացնելով ՀՅԴ Բյուրոյի մոտեցումները:

Բացառված չէ, որ Ադրբեջանը Դավիթ Իշխանյանին առեւանգելու պատճառ ամեն դեպքում կգտներ, բայց փաստ է, որ նա պատանդառվել է որպես Արցախի Ազգային ժողովի նախագահ եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ: Դաշնակցության Ընդհանուր ժողովում որպես ՀՅԴ Բյուրոյի անդամ նրա վերընտրությունը բարոյական մեծ աջակցություն կլիներ ոչ միայն Դավիթ Իշխանյանին, նրա հարազատներին, այլեւ Դաշնակցության Արցախի կառույցին առհասարակ:

ՀՅԴ Ընդհանուր ժողովն, ինչպես տեսնում ենք, ոչ միայն այդ աջակցությունը չի ցուցաբերել, այլեւ անտեսել է կուսակցության Արցախի կառույցի գոյությունը՝ Բյուրոյի կազմում չընտրելով արցախցի որեւէ դաշնակցականի:
Ի՞նչ հետեւություն կարելի է անել:
ՀՅԴ-ն փաստացի հրաժարվել է Դավիթ Իշխանյանի հայրենադարձության համար իր հնարավորություններն ու միջազգային կապերն ի սպաս դնելու բարոյական պարտավորությունից: Այդու՝ Դաշնակցությունն իրեն զրկել է Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության, հայ ռազմագերիների հայրենադարձության հարցում թերանալու համար Նիկոլ Փաշինյանին, կառավարությանը եւ իշխող քաղաքական մեծամասնությանը քննադատելու իրավունքից, քանի որ եթե մի կուսակցություն մոռացության է մատնել իր ղեկավար մարմնի անդամին, նրան չի օժտել Բյուրոյի անդամի լիազորություններով, ապա չի կարող օրվա իշխանություններից հակառակը պահանջել:

ՀՅԴ Բյուրոյի անդամների ընտրությունը, սակայն, հուշում է ամենաանցանկալին. ՀՅԴ-ն Արցախի իր կառույցն այլեւս առանձին կազմակերպություն չի ճանաչում, չկա, Դաշնակցության Արցախի ԿԿ-ն փաստացի գոյություն չունի: Կարելի՞ է ենթադրել, որ ՀՅԴ համար այլեւս գոյություն չունի նաեւ Արցախի հարց, Դաշնակցությունը «թեման փակել է»՝ մեկով ավելացնելով ձախողված ապստամբությունների թիվը՝ Սասունից սկսած:

Մենք այլեւս չենք ասի. «Կեցցե՜ Դաշնակցությունը, հայ Դաշնակցությունը իսկական»՝ մինչեւ չհամոզվենք, որ մեր այս դիտարկումները միայն իրավիճակի ոչ ամբողջական ընկալումից ածանցված ենթադրություններ են: Եթե համոզվենք, որ այդպես է, մենք ներողություն կխնդրենք: Իսկ եթե պարզվի, որ այն եւ այնպես է՝ ինչ եւ ինչպես ասված է, ապա ստիպված կլինենք ի լուր հայության արձանագրել, որ ՀՅԴ 2025 թվականի Ընհանուր ժողովն իր համար Արցախի հարցը փակել է:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *