Հայաստան

ՀՅԴ-ն, Ցավոք, Չվերածնվեց

Երկրորդ նախագահի գաղափարական հենարանը Դաշնակցությունն է, իսկ ՀՀԿ-ն իրեն նույնացնում է Գարեգին Նժդեհի հետ: Ահա թե ինչու Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը նախորդեց ՀՅԴ Ընդհանուր ժողովին, իսկ Սերժ Սարգսյանի թիմը հակադարձումների անցավ այն օրերին, երբ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցների պատվիրակները Ծաղկաձորում Ընդհանուր ժողովի էին հավաքվել:

Վահրամ Աթանեսյան

Չպետք է միամտանալ եւ խորքային կապ չտեսնել ՀՅԴ Ընդհանուր ժողովի անցկացման եւ երկրորդ ու երրորդ նախագահի թիմերի «բանակռվի» միջեւ: Թեկուզ այն պատճառով, որ Հայաստանում գործադիր իշխանության ձեւավորման սահմանադրական կարգի չեղարկման պատասխանատուն Դաշնակցությունն է, որ 1998 թվականի «պետական հեղաշրջումից» անմիջապես հետո, ինչպես ռուս դասականը կասեր՝ «նավից հայտնվեց պարահանդեսում»:

Ի՞նչ է տեղի ունեցել: Հայաստանի սահմանադրությունը վարչապետի նշանակման իրավունքը վերապահում էր նախագահին, որ նաեւ կառավարության անդամներին էր նշանակում՝ վարչապետի ներկայացմամբ: Հայաստանում սահմանադրական կարգը խախտվեց, երբ ձեւավորվեց «կոալիցիոն հուշագիր ստորագրելու» ավանդույթը, եւ ՀՅԴ-ն, Ազգային ժողովում երբեք ազդեցիկ խմբակցություն չունենալով, սկսեց կառավարության մաս կազմել: Եթե կա «կոալիցիոն հուշագիր», ապա հետեւում է, որ պետք է կատարվի նախարարական պորտֆելների բաշխում: Ահա այդպես է աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար նշանակվել ոչ այնքան հաջողված բանաստեղծ եւ նույնքան էլ «միջակ» լրագրող ընկեր Աղվանը, իսկ կրթության նախարարի պորտֆելը բաժին է ընկել ընկեր Լեւոնին: Վերջինս, ընդ որում, այդ պաշտոնին նշանակվել-ազատվել է երեք անգամ, իսկ ընկեր Աղվանի «ընկերվարական պաշտոնավարումը» ցայսօր չհերքված չարաշահումների բիծ է թողել Դաշնակցության վրա:

Բաժանելու ի՞նչ ունեն երկրորդ եւ երրորդ նախագահները: Եթե գնահատենք ըստ էության, ապա պիտի ասենք, որ երկու թիմերի գաղափարա-քաղաքական ծագումնաբանությունը նույնն է կամ նրանք ավելի քան երկու տասնամյակ Հայաստանի եւ Արցախի հանրությանը, Սփյուռքին ներշնչել են, որ առաջնորդվում են ազգային նվիրական իղձերի իրականացման համար անմնացորդ պայքարի սկզբունքով՝ ինչպես անցյալ դարասկզբին՝ Դաշնակցությունը եւ Գարեգին Նժդեհը: Ճիշտ է, ոչ ոք Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում չի կենտրոնացել պատմա-քաղաքական իրողության վրա, որ Դաշնակցությունը եւ Գարեգին Նժդեհն, այո, հեղափոխական էին, բայց ավելի շատ հակոտնյա էին, քան՝ համախոհ:

Այսօր, կարծես, այդ հակասությունը բացահայտվում է. երկրորդ նախագահի գաղափարական հենարանը Դաշնակցությունն է, իսկ ՀՀԿ-ն իրեն նույնացնում է Գարեգին Նժդեհի հետ: Ահա թե ինչու Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը նախորդեց ՀՅԴ Ընդհանուր ժողովին, իսկ Սերժ Սարգսյանի թիմը հակադարձումների անցավ այն օրերին, երբ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցների պատվիրակները Ծաղկաձորում Ընդհանուր ժողովի էին հավաքվել:
Այլեւս պարզ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում, լինեն դրանք արտահերթ, թե կայանան մեկ տարի հետո, Հայաստանում ազգային-հայրենասիրական-պահպանողական-ավանդական ուժերի կոալիցիա չի ձեւավորվելու: Կարող են ասել, որ չի ձեւավորվել նաեւ 2021 թվականին, բայց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անհատական կազմին եթե նայենք՝ կտեսնենք, որ այն կոալիցիոն թիմ է: Ի՞նչ քայլ է սպասվում ՀՅԴ-ից: Իրականություն է, որ Հայաստանում ազգային-ավանդական արժեքների վերածննդի ներուժ կա, հանրության մի զգալի հատվածը հավատում է, որ հայրենասիրական արժեքներ դավանող իշխանությունը կարող է Ադրբեջանի հետ հասնել արժանապատիվ խաղաղության, լուծել ռազմագերիների եւ պատանդների հայրենադարձության հարցը, վերարծարծել Արցախի խնդիրը: Մարդկային ռեսուրս, այո, առկա է, բայց նա հավատ չի ընծայում ոչ Ռոբերտ Քոչարյանին, ոչ՝ Սերժ Սարգսյանին, իսկ Դաշնակցության հանդեպ թերահավատ է՝ նկատի ունենալով նրա վերնախավի «կոալիցիոն անցյալը» եւ օրվա հարմարվողական վարքը: Տրամաբանական է թվում, որ Հայաստանում ազգային արժեքների վերածնունդ կարող է նախաձեռնել ՀՅԴ-ն: Եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերի «բանակռիվն» այն մասին էր, թե նրանցից ու՞մ նախապատվություն կտա «վերածնված» Դաշնակցությունը:
ՀՅԴ Ընդհանուր ժողովի որոշումների մասնակի հրապարակումներից հետո այդ «փոխհրաձգությունը» կավարտվի, որովհետեւ Դաշնակցությունը ոչ միայն չի վերածնվել, այլեւ ավելի է ինքնակաղապարվել: Բյուրոյի այդ կազմով նա չի կարող Հայաստանում առողջ հայրենասիրություն գեներացնել եւ առաջնորդել: Մնում է սպասել՝ Դաշնակցությունը Ռոբերտ Քոչարյանին հավատարի՞մ կմնա, թե՞ «կոալիցիոն» ավելի գրավիչ առաջարկի դեպքում կմոռանա Գարեգին Նժդեհի հետ արմատական տարաձայնությունները:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *