Ու հենց այդ պատճառով էլ նախկիններն ու ներկաները հավասարապես ամեն ինչ անում են ցանկացած այլընտրանք խափանելու համար՝ մեջտեղ բերելով ձայներ փոշիացնողների՝ գրպանային ընդդիմադիրների և այլնի։ Հայաստանի համար սովորական քաղաքական աճպարարություն է։
Մեր Ուղին
Գյումրիի քաղաքապետի ընտրությունների համար ծավալված ընտրապայքարում հատկապես տեսանելի է այն, որ հասարակությունը, խոշոր հաշվով հավասարապես հիասթափված է թե՛ նախկիններից, թե՛ ներկաներից։ Նախկինները, որ ամեն կերպ փորձում են Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի բոլոր ձախողումներից օգտվելով ավելի «մաքուր» երևան, երևի թե չեն ուզում ընդունել, որ մարդիկ իրենց մերժել են դեռևս 2018թ․ այն պարզ պատճառով, որ դրանից առաջ երկար տարիներով Հայաստանում իշխել է համակարգային կոռուպցիան ու մենաշնորհը։ Դրան զուգահեռ՝ մարդիկ նաև հիասթափվել են Փաշինյանից ու իր թիմից։ Նույնիսկ առանց Արցախի մասին խոսելու էլ նկատելի է, որ մարդիկ Փաշինյանին մեղադրում են իր խոստումները չկատարելու՝ մասնավորապես ներքաղաքական կայունություն մտցնելու, սոցիալ-տնտեսական էական բարեփոխումներ անելու(ոչ թե ցուցանիշներ, որոնք առանձնապես չեն ազդում շարքային մարդու վրա, դրան գումարած մեծ թանկացումներ են բոլոր ոլորտներում), «նախկին հանցագործներին» պատժելու, բանկային սարսափելի տոկոսների բեռը թեթևացնելու և այլ առումներով։ Փաշինյանը, ունենալով 90 տոկոս վստահության քվե, իսկ 2021թ 50 տոկոսից ավելին, խոշոր հաշվով մսխեց իր քաղաքական ողջ ռեսուրսը և այսօր, քաղաքական այլընտրանք ունենալու պարագայում հասարակությունը գուցե 10 տոկոս էլ ձայն չտա նրան։
Ու հենց այդ քաղաքական այլընտրանքի դեմ են պայքարում նախկիններն ու ներկաները, որովհետև մարդիկ հավասարապես զզված են երկուսից էլ ու փոփոխություն են ուզում։ Որովհետև մի կողմից նախկին հանցագործ ռեժիմն է, մյուս կողմից պոպուլիստը։ Իսկ եթե լինի այլընտրանք, ապա այս երկուսը պարզապես տեղ ու դեր չեն ունենա քաղաքական-հասարակական դաշտում։
Ու հենց այդ պատճառով էլ նախկիններն ու ներկաները հավասարապես ամեն ինչ անում են ցանկացած այլընտրանք խափանելու համար՝ մեջտեղ բերելով ձայներ փոշիացնողների՝ գրպանային ընդդիմադիրների և այլնի։ Հայաստանի համար սովորական քաղաքական աճպարարություն է։
Նախկիններն ու ներկաները ուզում են, որ իրենցից բացի ոչ ոք չլինի, որպեսզի «բաժանիր, որ տիրես» սկզբունքով ժողովրդին կիսեն երկու մասի ու անընդհատ վերարտադրվեն ոչ թե հանուն այլ ընդդեմ սկզբունքով։
Ու հենց այդ ամենի դեմ պայքարի լավ օրինակ կարող է լինել Եվրաքվեի նախաձեռնության անդամ Լևոն Բարսեղյանի հաղթանակը, քանի որ Բարսեղյանը չի եղել պետական կառույցներով հարստացած և ոչ էլ աչքի է ընկել նախկինների «հաղթարշավի ժամանակ»։ Լևոն Բարսեղյանը կարող է լինել այն ցուցիչը, որով մարդիկ կմերժեն Նախկիններին ու ներկաներին, բայց կունենան այլընտրանք։ Նման մեկ դեպք արդեն իսկ տեղի է ունեցել, երբ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ երևանցիների մեծագույն մասը չգնաց ընտրությունների և մերժեց բոլորին, բայց չունեցավ նաև այլընտրանք։ Հիմա Գյումրին կարող է այլընտրանքի սկիզբ դառնալ՝ առնվազն ներկաներին ու նախկիններին սթափեցնելու առումով։
Այդ իսկ պատճառով էլ Գյումրու քաղաքապետի առաջիկա ընտրությունները ցույց կտան, թե արդյո՞ք մարդիկ պատրաստ են պայքարել նախկինների տեռորի ու Փաշինյանի «լենդ լիզի» դեմ, թե դեռևս բավականաչափ չեն զզվել այս ամենից՝ իրական փոփոխություն արձանագրելու առումով։ Գյումրու ընտրությունները նաև իրենց տեսակի նախադիտում կդառնան 2026-ի ընտրություններից առաջ։