Մաս 27
2015 թվականը Լեռնային Ղարաբաղի պետական-քաղաքական կյանքում շրջադարձային էր. առաջին անգամ խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին միայն համամասնական ընտրակարգով: Ինչպես եւ սպասվում էր, մրցապայքարի առաջատար դարձավ վարչապետ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունը, երկրորդ տեղն զբաղեցրեց ՀՅԴ-ն, իսկ ԱԺԿ-ն, որ մի քանի տարի առաջ Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն ուներ, բավարարվեց «պատվավոր» երրորդ տեղով: Խորհրդարան անցավ նաեւ Հայկ Խանումյանը, որի գլխավորած կուսակցությունը հաղթահարել էր հինգ տոկոսի շեմը:
Վահրամ Աթանեսյան
Չնայած ԱԺԿ-ի քաղաքական բացահայտ ձախողմանը, կուսակցության առաջնորդ Աշոտ Ղուլյանը երրորդ անընդմեջ ժամկետով ընտրվեց Ազգային ժողովի նախագահ, իսկ փոխնախագահի պաշտոնն զբաղեցրեց ՀՅԴ անդամ Վահրամ Բալայանը: Քաղաքական այդ դասավորությունը, սակայն, բխում էր ոչ թե իրողությունից, այլ ներքին պայմանավորվածությունների արդյունք էր: Ընդ որում, իրազեկ աղբյուրներն ասում էին, որ վարչապետ Արայիկ Հարությունյանը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմավորելու նպատակ է ունեցել, բայց վերջին պահին նրա այդ հավակնությունները զսպվել են:
Ո՞րն էր Արայիկ Հարությունյանին խորհրդարանում քաղաքական մեծամասնություն ունենալուց «զրկելու», ինչպես նաեւ ներքին կյանքում ՀՅԴ բացառիկ դերակատարության ընդգծման պատճառը՝ դժվար է անգամ ռետրո-հայացքով բացատրել: Խորհրդարանական ընտրություններից հետո Դաշնակցությունը ոչ միայն Ազգային ժողովում, այլեւ գործադիր իշխանության տարբեր կառույցներում շատ պատկառելի ներկայություն ունեցավ:
Ըստ երեւույթին, խնդիր էր դրված «Ազատ հայրենիքի» ազդեցությունը հակակշռել Դաշնակցության ներկայացվածությամբ, որ դրսեւորվում էր հատկապես փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի շուրջ նոր գործարար շրջանակների ձեւավորմամբ: Դաշնակցությանն անցավ նաեւ առանձնացված մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունը: Դա թույլ էր տալիս երիիտասարդության շրջանում ռազմա-հայրենասիրական քարոզչություն ծավալել, կազմակերպել զանազան «ճամբարներ»՝ ներգրավելով նաեւ Հայաստանից եւ Սփյուռքից մասնակիցների:
Ներքաղաքական կյանքում, սակայն, խուլ դժգոհություն էր խմորվում՝ կապված հատկապես կադրային քաղաքականության եւ տնտեսական ոլորտի բացահայտ քվոտավորման հետ: Չնայած կառավարության հռչակած ուղեգծին, որ «խրախուսվում է փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը», գործող Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից վարկ ստանալը վերածվել էր բյուրոկրատական քաշքշուկի:
Փոխարենը մի քանի տնտեսվարողներ, որ իշխանության ամենաբարձր ատյանների հովանավորությունն էին վայելում, ձեւակերպում էին խոշոր, հաճախ մի քանի հարյուր միլիոն դրամի հասնող վարկեր, որոնց արդյունավետությունը տնտեսական կյանքում ոչնչով չէր արտահայտվում:
Աճող դժգոհությունները կառավարելու համար գործադիր իշխանությունը հարկադրված էր գնալ ամբոխահաճ քայլերի. կառավարությունը գումարներ էր հատկացնում ոչ միայն ծնելիության, այլեւ ամուսնությունների խթանմանը: Գործնականում մի քանի հարյուր հազար դրամի աջակցությունը հենց հարսանեկան արարողությունների ժամանակ էլ ծախսվում էր, բայց առօրյա օգտակարության իմաստով մարդկանց համար դա երկրորդական նշանակություն ուներ:
Սոցիալական լուրջ ծրագիր կարող էր լինել հիփոթեկային վարկավորումը՝ հնարավորություն տալով, որ երիտասարդ ընտանիքներն ունենան իրենց տունը կամ բնակարանը, բայց իրականում հազարավոր դիմողներից հաջողության էին հասնում եզակիները. հովանավորչությունը համատարած էր, իսկ գործադիր իշխանությունը միջամտելու փորձ անգամ չարեց: Քաղաքական որեւէ նշանակություն չունեցավ նաեւ մշտական հիմունքներով գործող խորհրդարանի ձեւավորումը: Ուժի մեջ էր նախագահի միասնական թեկնածու Բակո Սահակյանին սատարելու համաձայնությունը: Խորհրդարանից միակ ընդդիմադիր խոսքը հնչեցնում էր Հայկ Խանումյանը, որ կարճ ժամանակ անց դարձավ մյուս գրեթե բոլոր ուժերի թիրախը:
Ու՞մ էր ձեռնտու Ստեփանակերտում քաղաքական ճահճացումը, գործադիր իշխանության կոռումպացվածությունը եւ ժողովրդից կատարյալ խորթացումը: Երեւանն ինչու՞ էր լռելյայն դիտորդի դեր ստանձնել՝ արցախյան դրամայի փակ «տեսարաններից» է:
(Շարունակելի)