Արցախ

«Գաղտնիք Ղարաբաղի»

Մաս 29

Հունիսի 15-ին Հայաստանից եւ Արցախից մի խումբ քաղաքական, հանրային գործիչներ եւ մտավորականներ Շուշիում կազմակերպեցին փակ քննարկում, որի արդյունքում մամուլին տրամադրվեց «Հռչակագիր» անվանված մի փաստաթուղթ: Այն վճռականապես մերժում էր ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող ցանկացած տարածքի հանձնումն Ադրբեջանին։

Վահրամ Աթանեսյան

Ապրիլյան քառօրյա մարտերից հետո ավելի քան տասնամյա բացակայությանը վերջ տալով՝ Ստեփանակերտ այցելեց Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Չնայած իշխանությունների ձեռնարկած հակաքարոզչությանը եւ «պրոֆիլակտիկ» միջոցառումներին, մայրաքաղաքի հուշահամալիրում նրան դիմավորելու, նրան լսելու էին հավաքվել հազարավոր մարդիկ: Սամվել Բաբայանը ներկայացրեց տարածաշրջանում ստեղծված ռազմա-քաղաքական իրավիճակի իր գնահատականը՝ շեշտը դնելով բանակի վերակազմավորման, առաջնակարգ սպառազինություններ ձեռք բերելու եւ ուժերի հարաբերակցությունը վերականգնելու առաջնահերթության վրա:

Քաղաքական առումով այդ փուլում եռանդուն գործում էր ՀՅԴ Արցախի կառույցը: Դաշնակցությունը պնդում էր, որ եթե հանգամանքների բերումով բարդ է հասնել Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը կամ միավորմանը, ապա միանգամայն արդարացի կլինի, որ հայկական երկու պետությունները ստորագրեն ռազմա-քաղաքական փոխադարձ աջակցության մասին պայմանագիր:

Նման գաղափար Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը հասկանալ էր տվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ավելի հանգամանալի այդ մասին ավելի ուշ արտահայտվեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը եւ հրապարակայնացրեց, որ պայմանագրի տեքստի մշակումն արդեն սկսված է: Իրավական խոչընդոտները հաղթահարելու համար Հայաստանում «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում լրացում կատարվեց, որ թույլ էր տալիս իրավա-պայմանագրային կապեր ստեղծել նաեւ միջազգայնորեն չճանաչված պետությունների հետ:

Այդ քննարկումները, սակայն, առարկայական հունի մեջ չմտան: Ըստ երեւույթին, դեր խաղաց այն, որ նախ Վիեննայում, ապա Սանկտ-Պետերբուրգում քննարկվել էր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի վերահսկման մեխանիզմներ ներդնելու, այնուհետեւ «սուբստանտիվ բանակցություններ» սկսելու առաջարկությունը: Այդպես քաղաքական եւ փորձագիտական խոսույթ մտավ «Վիեննայի օրակարգ» բնորոշումը:

Գործնականում, սակայն, ինչպես իրազեկ շրջանակներն էին ասում, Ադրբեջանը պահանջում էր, որպեսզի հրադադարի վերահսկման մեխանիզմները ներդրվեն միայն «գրավյալ տարածքներից հայկական զորքերի հեռացումից հետո»: Այդ ամիսներին հայկական մամուլը հեղեված էր «հողերի հանձնման» մասին ամենատարբեր ենթադրություններով: Նույն խոսույթը տեղ ուներ նաեւ Ստեփանակերտում:

Հունիսի 15-ին Հայաստանից եւ Արցախից մի խումբ քաղաքական, հանրային գործիչներ եւ մտավորականներ Շուշիում կազմակերպեցին փակ քննարկում, որի արդյունքում մամուլին տրամադրվեց «Հռչակագիր» անվանված մի փաստաթուղթ: Այն վճռականապես մերժում էր ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող ցանկացած տարածքի հանձնումն Ադրբեջանին, միաժամանակ կոչ անում դիմել հնարավոր բոլոր միջոցների, որպեսզի վերադարձվեն քառօրյա մարտերում հակառակորդին անցած անխտիր բոլոր հողերը:

Հաջորդ օրը վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ «Սասնա ծռեր» խումբը գրոհով գրավել է ոստիկանության Երեւանի ՊՊԾ գունդը: Հետագայում կպարզվի, որ ՊՊԾ գունդը գրավելու մասին տեղեկությունը նախագահ Սերժ Սարգսյանն ստացել է Ստեփանակերտում, որտեղ, ինչպես քառասունչորսօրյա պատերազմից հետո Արթուր Թովմասյանն է պատմել, մի շարք հանդիպումներ է ունեցել եւ փորձել հիմնավորել ԼՂ շուրջ հինգ շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու անխուսափելիությունը:

Ըստ Արթուր Թովմասյանի, Սերժ Սարգսյանն ասել է, որ հակառակ դեպքում «Ղարս-Ղարսի փոխարեն Ստեփանակերտ-Ստեփանակերտ ենք երգելու»:
Հանրային կամ քաղաքական ի՞նչ շրջանակների հետ է Ստեփանակերտում հանդիպել Սերժ Սարգսյանը՝ մանրամասնություններ հայտնի չեն: Այդ օրերին տարածված էր, որ նրան շատ կոշտ հակադարձել է Վիտալի Բալասանյանը: Այլ աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը շատ լարված խոսակցություն է ունեցել վարչապետի պաշտոնն զբաղեցնող Արայիկ Հարությունյանի հետ: Որքանո՞վ են այդ խոսակցությունները հավաստի, որքանով՝ քաղաքական նպատակահարմարությունից մակաբերված՝ բարդ է հերքել կամ հաստատել:

Փաստ է, որ Երեւանում ՊՊԾ գունդը գրաված խմբի հետ առաջին բանակցողներից մեկը Վիտալի Բալասանյանն էր: 2012 թվականի նախագահական ընտրություններից հետո դա գեներալ Բալասանյանի առաջին հրապարակային «հայտնությունն» էր: Ըստ երեւույթին, դրանում դեր ուներ այն, որ «Սասնա ծռերի» գաղափարական առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը 1997 թվականին որպես դիվիզիայի հրամանատարի տեղակալ Բալասանյանի հետ ծառայել է Մարտակերտի պաշտպանական շրջանում:

ՊՊԾ գնդի «ապստամբների» հետ Վիտալի Բալասանյանի բանակցությունները, հեռուստատեսությամբ եւ մամուլով նրա անձի շուրջ ծավալված գերազանցապես դրական քարոզչությունը բավական նպաստավոր եղան Ստեփանակերտում նրա հետագա կարիերիայի համար: Ամենայն հավանականությամբ, իշխանություններին պետք էր մարտական գեներալի կերպարի «վերակերտում», որպեսզի հակակշռվի Սամվել Բաբայանի ազդեցությունը: Ինչու՞ էր ի սկզբանե խնդիր դրվել՝ Ստեփանակերտում կասեցնելու Սամվել Բաբայանի քաղաքական գործունեությունը, խոչընդոտելու նրա համակիրներին՝ առայսօր մնում է չբացահայտված։

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *