26.5 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 29

Հունի­սի 15-ին Հայաստա­նից եւ Արցա­խից մի խումբ քաղա­քա­կան, հանրա­յին գործիչներ եւ մտա­վո­րա­կաններ Շուշիում կազմա­կերպե­ցին փակ քննարկում, որի արդյունքում մամուլին տրա­մադրվեց «Հռչա­կա­գիր» անվանված մի փաստա­թուղթ: Այն վճռա­կա­նա­պես մերժում էր ԼՂՀ վերահսկո­ղության տակ գտնվող ցանկա­ցած տարածքի հանձնումն Ադրբե­ջա­նին։

Վահրամ Աթա­նեսյան

Ապրիլյան քառօրյա մարտե­րից հետո ավե­լի քան տասնամյա բացա­կա­յությա­նը վերջ տալով՝ Ստե­փա­նա­կերտ այցե­լեց Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը: Չնա­յած իշխա­նություննե­րի ձեռնարկած հակա­քա­րոզչությա­նը եւ «պրոֆի­լակտիկ» միջո­ցա­ռումնե­րին, մայրա­քա­ղա­քի հուշա­հա­մա­լի­րում նրան դիմա­վո­րե­լու, նրան լսե­լու էին հավաքվել հազա­րա­վոր մարդիկ: Սամվել Բաբա­յա­նը ներկա­յացրեց տարա­ծաշրջա­նում ստեղծված ռազմա-քաղա­քա­կան իրա­վի­ճա­կի իր գնա­հա­տա­կա­նը՝ շեշտը դնե­լով բանա­կի վերա­կազմա­վորման, առաջնա­կարգ սպա­ռա­զի­նություններ ձեռք բերե­լու եւ ուժե­րի հարա­բե­րակցությունը վերա­կանգնե­լու առաջնա­հերթության վրա:

Քաղա­քա­կան առումով այդ փուլում եռանդուն գործում էր ՀՅԴ Արցա­խի կառույցը: Դաշնակցությունը պնդում էր, որ եթե հանգա­մանքնե­րի բերումով բարդ է հասնել Հայաստա­նի կողմից ԼՂՀ անկա­խության ճանաչմա­նը կամ միա­վորմա­նը, ապա միանգա­մայն արդա­րա­ցի կլի­նի, որ հայկա­կան երկու պետություննե­րը ստո­րագրեն ռազմա-քաղա­քա­կան փոխա­դարձ աջակցության մասին պայմա­նա­գիր:

Նման գաղա­փար Եվրա­միության անդամ երկրնե­րի դեսպաննե­րի հետ հանդիպմա­նը հասկա­նալ էր տվել Հայաստա­նի նախա­գահ Սերժ Սարգսյա­նը: Ավե­լի հանգա­մա­նա­լի այդ մասին ավե­լի ուշ արտա­հայտվեց Հայաստա­նի փոխարտգործնա­խա­րար Շավարշ Քոչարյա­նը եւ հրա­պա­րա­կայնացրեց, որ պայմա­նագրի տեքստի մշա­կումն արդեն սկսված է: Իրա­վա­կան խոչընդոտնե­րը հաղթա­հա­րե­լու համար Հայաստա­նում «Միջազգա­յին պայմա­նագրե­րի մասին» օրենքում լրա­ցում կատարվեց, որ թույլ էր տալիս իրա­վա-պայմա­նագրա­յին կապեր ստեղծել նաեւ միջազգայնո­րեն չճա­նաչված պետություննե­րի հետ:

Այդ քննարկումնե­րը, սակայն, առարկա­յա­կան հունի մեջ չմտան: Ըստ երեւույթին, դեր խաղաց այն, որ նախ Վիեննա­յում, ապա Սանկտ-Պետերբուրգում քննարկվել էր ղարա­բա­ղա-ադրբե­ջա­նա­կան զորքե­րի շփման գծում հրա­դա­դա­րի վերահսկման մեխա­նիզմներ ներդնե­լու, այնուհե­տեւ «սուբստանտիվ բանակցություններ» սկսե­լու առա­ջարկությունը: Այդպես քաղա­քա­կան եւ փորձա­գի­տա­կան խոսույթ մտավ «Վիեննա­յի օրա­կարգ» բնո­րո­շումը:

Գործնա­կա­նում, սակայն, ինչպես իրա­զեկ շրջա­նակներն էին ասում, Ադրբե­ջա­նը պահանջում էր, որպեսզի հրա­դա­դա­րի վերահսկման մեխա­նիզմնե­րը ներդրվեն միայն «գրավյալ տարածքնե­րից հայկա­կան զորքե­րի հեռա­ցումից հետո»: Այդ ամիսնե­րին հայկա­կան մամուլը հեղե­ված էր «հողե­րի հանձնման» մասին ամե­նա­տարբեր ենթադրություննե­րով: Նույն խոսույթը տեղ ուներ նաեւ Ստե­փա­նա­կերտում:

Հունի­սի 15-ին Հայաստա­նից եւ Արցա­խից մի խումբ քաղա­քա­կան, հանրա­յին գործիչներ եւ մտա­վո­րա­կաններ Շուշիում կազմա­կերպե­ցին փակ քննարկում, որի արդյունքում մամուլին տրա­մադրվեց «Հռչա­կա­գիր» անվանված մի փաստա­թուղթ: Այն վճռա­կա­նա­պես մերժում էր ԼՂՀ վերահսկո­ղության տակ գտնվող ցանկա­ցած տարածքի հանձնումն Ադրբե­ջա­նին, միա­ժա­մա­նակ կոչ անում դիմել հնա­րա­վոր բոլոր միջոցնե­րի, որպեսզի վերա­դարձվեն քառօրյա մարտե­րում հակա­ռա­կորդին անցած անխտիր բոլոր հողե­րը:

Հաջորդ օրը վաղ առա­վոտյան հայտնի դարձավ, որ «Սասնա ծռեր» խումբը գրո­հով գրա­վել է ոստի­կա­նության Երեւա­նի ՊՊԾ գունդը: Հետա­գա­յում կպարզվի, որ ՊՊԾ գունդը գրա­վե­լու մասին տեղե­կությունը նախա­գահ Սերժ Սարգսյանն ստա­ցել է Ստե­փա­նա­կերտում, որտեղ, ինչպես քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո Արթուր Թովմասյանն է պատմել, մի շարք հանդի­պումներ է ունե­ցել եւ փորձել հիմնա­վո­րել ԼՂ շուրջ հինգ շրջաններն Ադրբե­ջա­նին վերա­դարձնե­լու անխուսա­փե­լիությունը:

Ըստ Արթուր Թովմասյա­նի, Սերժ Սարգսյանն ասել է, որ հակա­ռակ դեպքում «Ղարս-Ղարսի փոխա­րեն Ստե­փա­նա­կերտ-Ստե­փա­նա­կերտ ենք երգե­լու»:
Հանրա­յին կամ քաղա­քա­կան ի՞նչ շրջա­նակնե­րի հետ է Ստե­փա­նա­կերտում հանդի­պել Սերժ Սարգսյա­նը՝ մանրա­մասնություններ հայտնի չեն: Այդ օրե­րին տարածված էր, որ նրան շատ կոշտ հակա­դարձել է Վիտա­լի Բալա­սանյա­նը: Այլ աղբյուրնե­րի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյա­նը շատ լարված խոսակցություն է ունե­ցել վարչա­պե­տի պաշտոնն զբա­ղեցնող Արա­յիկ Հարությունյա­նի հետ: Որքանո՞վ են այդ խոսակցություննե­րը հավաստի, որքա­նով՝ քաղա­քա­կան նպա­տա­կա­հարմա­րությունից մակա­բերված՝ բարդ է հերքել կամ հաստա­տել:

Փաստ է, որ Երեւա­նում ՊՊԾ գունդը գրա­ված խմբի հետ առա­ջին բանակցողնե­րից մեկը Վիտա­լի Բալա­սանյանն էր: 2012 թվա­կա­նի նախա­գա­հա­կան ընտրություննե­րից հետո դա գենե­րալ Բալա­սանյա­նի առա­ջին հրա­պա­րա­կա­յին «հայտնությունն» էր: Ըստ երեւույթին, դրա­նում դեր ուներ այն, որ «Սասնա ծռե­րի» գաղա­փա­րա­կան առաջնորդ Ժիրայր Սեֆիլյա­նը 1997 թվա­կա­նին որպես դիվի­զիա­յի հրա­մա­նա­տա­րի տեղա­կալ Բալա­սանյա­նի հետ ծառա­յել է Մարտա­կերտի պաշտպա­նա­կան շրջա­նում:

ՊՊԾ գնդի «ապստամբնե­րի» հետ Վիտա­լի Բալա­սանյա­նի բանակցություննե­րը, հեռուստա­տե­սությամբ եւ մամուլով նրա անձի շուրջ ծավալված գերա­զանցա­պես դրա­կան քարոզչությունը բավա­կան նպաստա­վոր եղան Ստե­փա­նա­կերտում նրա հետա­գա կարիե­րիա­յի համար: Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, իշխա­նություննե­րին պետք էր մարտա­կան գենե­րա­լի կերպա­րի «վերա­կերտում», որպեսզի հակակշռվի Սամվել Բաբա­յա­նի ազդե­ցությունը: Ինչու՞ էր ի սկզբա­նե խնդիր դրվել՝ Ստե­փա­նա­կերտում կասեցնե­լու Սամվել Բաբա­յա­նի քաղա­քա­կան գործունեությունը, խոչընդո­տե­լու նրա համա­կիրնե­րին՝ առայսօր մնում է չբա­ցա­հայտված։

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ