Հայաստան

Ալիևի «Հնազանդ Հայաստան» Ծրագիրը

5 տարի առաջ ստորագրված «Նոյեմբերի 9-ի» 9-րդ կետն Ադրբեջանը մինչև հիմա օգտագործում է՝ Հայաստանին հարկադրելու իրեն «Զանգեզուրի միջանցք» տալ։ Այսինքն, այս կետը նա գործիքայնացնում է՝ Հայաստանի դեմ ռազմական ագրեսիաները բացատրելի դարձնելու նպատակով՝ այն համատեքստում, որ Հայաստանը չի կատարում իր պարտավորությունը։ Խաղաղության համաձայնագրով Հայաստանի վրա դրվում են նոր պարտավորություններ, որոնք կատարելու դեպքում՝ Հայաստանը զրկվելու է Ադրբեջանի ռազմական ագրեսիան կանխարգելում որոշ բուֆերներից։

Ռոբերտ Անանյան

Ադրբեջանն իրագործում է «Հնազանդ Հայաստան» ռազմավարական ծրագիրը, որը եթե ստացվի՝ շատ լավ իր համար, իսկ եթե չի ստացվի՝ ոչինչ չի կորցնի։ Ես չեմ կիսում այն համոզմունքը, որ Ադրբեջանը իրոք Հայաստանի հետ իրավահավասար խաղաղություն հաստատելու նպատակ ունի։ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանը դարձնել իր համար վերահսկելի, ոչ կենսունակ, իրեն հնազանդ պետություն։ Ի՞նչ գիտեմ, որ Ադրբեջանը դա ցանկանում է։ Ոչ, ես չունեմ հետախուզական տվյալներ, ոչ էլ հեքիաթ եմ կարդացել, ես դատում եմ Հայաստանին ներկայացված Ադրբեջանի պահանջների տրամաբանությունը վերլուծելով։ Ադրբեջանի առանձին-առանձին պահանջները Հայաստանին՝ կազմում են այդ ռազմավարության փազլը։

«Հնազանդ Հայաստան» նպատակին հասնելու համար Ադրբեջանը Հայաստանին առաջադրել է պահանջների փաթեթ։ Եկեք մի պահ պատկերացնենք, թե ինչպիսին կլինի Հայաստանը, եթե Ադրբեջանի բոլոր պահանջները կատարի։ Ադրբեջանը ձգտելու է հասնել բոլոր պահանջների կատարմանը՝ կիրառելով ռազմաքաղաքական ճնշման, խաբկանքների հնարքներ։ Ինչքան շատ պահանջներ կարողանա կատարել տալ՝ այնքան ավելի հնազանդ կլինի Հայաստանը։ Իսկ պահանջներից յուրաքանչյուրին կատարումը հնազանդության տարրեր են պարունակում։

Ադրբեջանը փուլերի է բաժանել իր պահանջների կատարմանը հասնելու պրոցեսը, որպեսզի կատարումը հեշտ լինի։

ԵՄ դիտորդներին հայ-ադրբեջանական սահմանից հեռացնելու, միջազգային դատական հայցերից հրաժարվելու պահանջներն արտացոլված են Խաղաղության համաձայնագրի նախագծում, և արդեն համաձայնեցված են։ Սա առաջին փուլն է։

Ադրբեջանի ամենածայրահեղական պահանջները ներառված չեն համաձայնագրի նախագծում, սակայն ադրբեջանական կողմը ձգտելու է հասնել դրանց կատարմանը համաձայնագրի ստորագրումից հետո՝ երկրորդ փուլով։ Սխալ է այն տեսակետը, որ Ադրբեջանն այդ լրացուցիչ պահանջների առաջադրմամբ՝ ընդամենը նպատակ ունի արհեստականորեն խոչընդոտել պայմանագրի կնքումը։ Այս գործոնը կա իհարկե, սակայն կարծում եմ երկարաժամկետ հեռանկարում՝ Ադրբեջանը նպատակ է դնում 17 համաձայնեցված կետեր պարունակող Համաձայնագրով զրկել Հայաստանին պաշտպանական որոշ մեխանիզմներից, այնուհետև՝ այդ համաձայնագրից ստանալ նոր «Նոյեմբերի 9-ի հայտարարություն», որը գործիքայնացնելով՝ փորձելու է հասնել արդեն լրացուցիչ պահանջների կատարմանը։

2020 թվականի պատերազմի ավարտն ազդարարած «Նոյեմբերի 9-ի հայտարարության» կետերի մեծ մասը կատարել է Հայաստանը, իսկ Ադրբեջանն ու Ռուսաստանը չեն կատարել իրենց պարտականությունները։ Բայց չնայած դրան՝ «Նոյեմբերի 9-ի» հայտարարության 9-րդ կետը Բաքուն և Մոսկվան դարձրել են Հայաստանին ճնշելու գործիք, ինչի արդյունքում ռազմական ագրեսիաներ են իրականացրել։ Ռուսներն ու ադրբեջանցիները հայտարարում են, որ Հայաստանը պարտավորվել է ռուսական վերահսկողությամբ «Զանգեզուրի միջանցք» տրամադրել, սակայն իր այդ պարտականությունը չի կատարել։ Հայաստանի կողմից տրված «խոստման» չկատարումը պատճառ է դարձել, որ Ադրբեջանը ագրեսիաների գնա։

2022 թվականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումը տեղի է ունեցել Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերի վրա։ Սյունիքով Ռուսաստանն ու Ադրբեջանն ուզում են միջանցք ստանալ դեպի Նախիջևան և Թուրքիա։ Վերջին օրերին Ադրբեջանը 8 անգամ մեղադրել է Հայաստանին՝ սահմանի հարավարևելյան հատվածի ուղղությամբ ադրբեջանական մարտական հենակետերի վրա կրակոցներ արձակելու մեջ։ Արդեն նշել եմ, որ պատահական չի նշվում այս ուղղությունը։ Ադրբեջանը պետք է կարողանա իր առաջիկա ռազմական հարձակումը Սյունիքի մարզի ուղղությամբ բացատրել ինչ-որ կերպ։ Դա Հայաստանի ամենանեղ հատվածն է, որտեղով նրանք ցանկանում են «Զանգեզուրի միջանցք ստանալ»։ Այսինքն, մեծ հավանականությամբ՝ առաջիկա ագրեսիան Ադրբեջանը իրագործելու է հենց այս ուղղությամբ։

Տեսեք, 5 տարի առաջ ստորագրված «Նոյեմբերի 9-ի» 9-րդ կետն Ադրբեջանը մինչև հիմա օգտագործում է՝ Հայաստանին հարկադրելու իրեն «Զանգեզուրի միջանցք» տալ։ Այսինքն, այս կետը նա գործիքայնացնում է՝ Հայաստանի դեմ ռազմական ագրեսիաները բացատրելի դարձնելու նպատակով՝ այն համատեքստում, որ Հայաստանը չի կատարում իր պարտավորությունը։ Խաղաղության համաձայնագրով Հայաստանի վրա դրվում են նոր պարտավորություններ, որոնք կատարելու դեպքում՝ Հայաստանը զրկվելու է Ադրբեջանի ռազմական ագրեսիան կանխարգելում որոշ բուֆերներից։

Խոսքը ԵՄ դիտորդներին սահմանից հեռացնելու, միջազգային իրավական հայցերից հրաժարվելու կետերի մասին է։ ԵՄ դիտորդների հեռացումը սահմանից՝ Ադրբեջանին տալու է շանս՝ հորինել կեղծ պատումներ այն մասին, թե իբր՝ Հայաստանի զինուժը «888» անգամ հարձակվել է ադրբեջանական դիրքերի վրա, և ինքը հարկադրված է եղել լռեցնել հայկական կրակակետերը։ Եթե ԵՄ դիտորդները չլինեն սահմանին, միջազգային հանրությունը չի իմանալու, որ հարձակված կողմը Ադրբեջանն է։ ԵՄ դիտորդների հեռացումն Ադրբեջանի կարևոր նպատակներից է, քանի որ ինքը միայն այդ դեպքում կկարողանա Սյունիքի հետ սահմանը գորշ գոտու վերածել, իրավիճակը մանիպուլացնել կեղծ տեղեկություններով, Հայաստանին կեղծ մեղադրանքներ վերագրել, և հարձակվել։

ԵՄ դիտորդները, մինչդեռ, փակում են սահմանային իրավիճակը մանիպուլացնելու հնարավորությունը։ Նրանք մի քանի անգամ արդեն հերքել են Բաքվի կեղծ մեղադրանքները՝ սահմանին հայկական զինուժի կուտակումների, կրակոցներ արձակելու վերաբերյալ։ Բայց միայն ԵՄ դիտորդների դուրսբերումը բավարար չէ։ Ադրբեջանն ուզում է համոզված լինել, որ առաջիկա ռազմական ագրեսիաները միջազգային դատական ատյաններ չեն ներկայացվելու և ինքը իրավական հետևանքների չի բախվելու։ Այո, Ալիևը չի ձերբակալվի բայց որոշ խնդիրներ կունենա իմիջի առումով, ինչը չի ուզում։

Որպեսզի Հայաստանը հնարավորություն չունենա միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ հայցեր ներկայացնել, որպեսզի Ադրբեջանի դեմ խտրականության հիմքով ներկայացված հայցերը չհամալրվեն նոր փաստերով, Բաքուն պահանջել է, որ կողմերը պարտավորվեն առաջիկայում չներկայացնել նոր հայցեր։ Իսկ եթե Ադրբեջանը հարձակվի և Հայաստանը հայց ներկայացնի նրա դեմ, Բաքուն կմեղադրի հայկական կողմին Համաձայնագիրը խախտելու մեջ, և ավելի ագրեսիվ քայլերի կդիմի։

Սահմանից ԵՄ դիտորդների հեռացման միջոցով Ադրբեջանը ստանում է սահմանում իրավիճակը լարելու հնարավորություն։ Միջազգային հայցերից հրաժարվելու դեպքում՝ Ադրբեջանը ստանում է անպատիժ ագրեսիայի դիմելու հնարավորություն։ Հայաստանի ձեռքերը կապելով այս մեխանիզմներ զրկելու միջոցով՝ Ադրբեջանը կանցնի Երկրորդ փուլի կատարմանը, որը Համաձայնագրից դուրս մնացած պահանջների կատարման փուլն է։

Ադրբեջանը մերժում է նաև Հայաստանի առաջարկը՝ ստեղծել միջադեպերի հետաքննության հայ-ադրբեջանական մեխանիզմ։ Սա Ադրբեջանի ձեռքերը կապող մեխանիզմ կլինի։ Կարող է հետաքննությամբ պարզվել, որ Հայաստանը չի կրակել Ադրբեջանի դեմ, վերջինս ապացույցներ չներկայացնի։ Հայաստանը կարող է իր միջազգային գործընկերների հետ կիսվել հետաքննության արդյունքներով, և կապացուցվի, որ Հայաստանը չի կրակել, և էսկալացիան չի հրահրվել հայկական կողմից։

Նույն կերպ՝ Ադրբեջանը չի համաձայնվում զինված ուժերի սպառազինության գործընթացի վերահսկման մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկին։ Սա թույլ կտա Հայաստանին և միջազգային գործընկերներին հասկանալ, թե արդյոք ադրբեջանական սպառազինման տեմպը, որակը և զենքերի տեսականին առաջիկա պատերազմի նախապատրաստություն են։ Ադրբեջանը հարձակվողակա՞ն զենքեր է գնում, թե՞ պաշտպանական։ Ադրբեջանը մերժում է նաև այս մեխանիզմի ստեղծումը, որպեսզի՝ մնա անվերահսկելի զինվող պետություն։

Այսինքն՝ Ադրբեջանը մերժում է իրավիճակը վերահսկելի պահելուն միտված Հայաստանի առաջարկները (միջադեպերի համատեղ հետաքննության և սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ) և պահանջում է հրաժարվել հավանական ադրբեջանական ագրեսիան զսպող մեխանիզմներից (հեռացնել ԵՄ դիտորդներին սահմանից, հետ քաշել միջազգային հայցերից)։

Ադրբեջանը ցանկանում է այս կառուցվածքը ստանալ Խաղաղության համաձայնագրով, երբ Հայաստանը զրկվում է զսպող բուֆերներից, իսկ ինքը որևէ կերպ չի գալիս թափանցիկության և միջազգային վերահսկման դաշտ։
Երկրորդ փուլը ներառում է Ադրբեջանի այն պահանջները, որոնք ներառված չեն Խաղաղության համաձայնագրում, սակայն դրանց կատարումը Հայաստանը կդարձնի ոչ կենսունակ, թույլ կազմավորում։

Ադրբեջանի մարտավարությունն այն է, որ Խաղաղության համաձայնագրով Հայաստանին կզրկի միջազգային պաշտպանական բուֆերներից, ինչը իրեն շանս կտա առավել հեշտ հասնել երկրորդ փուլի պահանջների կատարմանը։
Ինչպես Ադրբեջանի պաշտոնյաներն են ասել, Համաձայնագրից դուրս իրենց գլխավոր պահանջը Հայաստանի Սահմանադրությունը փոխելն է։ Նոր Սահմանադրություն ընդունելու Ադրբեջանի պահանջը նպատակ ունի հարցականի տակ դնել Հայկական պետության իրավական հիմքերը, զրկել այն գաղափարներից, որ դրվել են Հռչակագրում։

Ես չեմ համարում, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միավորելու հարցը ակտուալ կարող է լինել առաջիկա տասնամյակներում։ Հայաստանի Սահմանադրական դատարանը, ըստ էության, որոշել է, որ Ղարաբաղը իրավական իմաստով Հայաստանի մաս չէ, և տարածքային պահանջներ Հայաստանի Սահմանադրությունում առկա չեն։
Չեմ կարծում, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման պետք է դրվի Ցեղասպանության ճանաչումը։ Հայաստանի ոչ մի իշխանություն դա չի արել, և այսօր էլ սխալ քայլ կլինի։

Ադրբեջանի կարծիքով՝ Հայաստանից պահանջելով փոխել Սահմանադրությունը, նա զրկելու է հայերին իրենց պետության ստեղծման հիմքում դրված նպատակներից և արժեքներից։ Ադրբեջանը այս պրոցեսը դիտարկում է որպես հայերին իրենց դավանած պետականաստեղծ արժեքներից զրկելու միջոց։ Ես սա իհարկե ցնդաբանություն եմ համարում, սակայն պետք է հասկանալ, թե Ադրբեջանը ինչ է տեսնում նոր Սահմանադրության ընդունման պահանջի տակ։ Դա առաջարկ է հայ ժողովրդին՝ կամովին հրաժարվել Ղարաբաղից, ցեղասպանության միջազգային ճանաչման պրոցեսներից։

Ադրբեջանի ընկալմամբ՝ սա է հայերին գաղափարապես «դենացիֆիկացնելու» կամ իր ընկալմամբ՝ Ադրբեջանի նկատմամբ լոյալ հանրություն դարձնելու միջոցը։ Ադրբեջանը չի հավատում իրական խաղաղությամբ ժողովուրդների համագործակցության և հաշտեցման գաղափարին, և կարծում է՝ միայն «հայերի դենացիֆիկացիան» կապահովագրի իրեն հետագա պատերազմներից։ Մինչդեռ Հայաստանում Ադրբեջանի դեմ պատերազմի մասին խոսելն այսօր մարգինալ և քննադատվող խոսույթ է։ Մեկուկես տարի առաջ Լեռնային Ղարաբաղը բռնի տեղահանվում էր և հայաթափվում էր, Հայաստանից քանի՞ մարդ գնաց մասնակցելու սեպտեմբերի 19-ի պատերազմին։ Հայաստանի բանակը չմտավ պատերազմի մեջ։

Ադրբեջանը պահանջում է Հայաստանից՝ իրեն հանձնել ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի մասնակիցներին։ Այս պահանջը դրվում է Բաքվի «դատավարության» համատեքստում։ Խոշտանգումների և հոգեներգործուն միջոցների կիրառմամբ՝ Ադրբեջանը Ղարաբաղի նախկին ռազմական և քաղաքական ղեկավարներից կորզում է ցուցմունքներ, որոնց նպատակը հիմնավորելն է «Հայաստանի՝ օկուպանտ լինելու» թեզը։ Այս ծանր մեղադրանքը Ադրբեջանը փորձում է համալրել փաստերով, որպեսզի հիմնավորի իր այն պահանջը, թե ինչու պետք է Հայաստանը չզինվի, ունենա խիստ սահմանափակ թվով զինված ուժեր։ Այսինքն, օկուպանտի մեղադրանքը Հայաստանի ռազմական պոտենցիալի զարգացումը թույլ չտալու նպատակով է։

Ադրբեջանը Հայաստանից նաև պահանջում է փոխհատուցում տրամադրել՝ հասցրած վնասների համար։ Ադրբեջանական վերջին հաշվարկներով՝ խոսքը 60 միլիարդ դոլարի մասին է, սակայն նախկինում խոսում էին 150 միլիարդ դոլարի մասին։ Եթե Բաքուն հասնի իր այս պահանջի կատարման՝ Հայաստանը կարող է սնանկանալ։ Ադրբեջանն այս պահանջը դնում է, որպեսզի հասնի դրա կատարմանը կամ ստանա տարածքային փոխհատուցում, եթե հայկական կողմը չկարողանա նման գումար վճարել։ Կոմպենսանցիայի պահանջը Հայաստանին հնազանդեցնելու ռազմավարության մեջ առանցքային նշանակություն ունեցող դրույթ է։ Ադրբեջանը պահանջում է նաև, որ Հայաստան վերադառնան 300 000 ադրբեջանցիներ։

ԱԳ նախարար Բայրամովը իր վերջին հոդվածում գրել էր, որ նրանց իրավունքների պաշտպանության հարցը իրենց օրակարգում է։ Կարծում եմ՝ սխալ է նաև այն տեսակետը, թե ադրբեջանցիների Հայաստան վերադարձի հարցը Բաքուն առաջ է քաշում միայն՝ հայերի Ղարաբաղ վերադարձի օրակարգը չեզոքացնելու նպատակով։ Ես կարծում եմ՝ Ադրբեջանի ռազմավարական նպատակների մեջ մտնում է 300 000 ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձը։

Դա Ադրբեջանին ինստիտուցիոնալ գործիքներ կտա՝ միջամտելու Հայաստանի ներքին գործերին։ Ադրբեջանը կարող է Հայաստանում գտնվող ադրբեջանցիներին դրդել՝ բախումների գնալ տեղի հայկական բնակչության հետ, և հայերի կողմից «ճնշվող ադրբեջանցիներին փրկելու նպատակով»՝ զորք կմտցնի Հայաստան։

Ըստ էության, գործ ունենք Հայաստանի հնազանդեցման մի մեծ ծրագրի հետ, որը բաժանված է մի քանի քայլերի և փուլերի։

Այս պրոցեսի նպատակը Հայաստանը ոչ կենսունակ, Ադրբեջանին հպատակ պետություն դարձնելն է։ Որպեսզի այս ծրագիրը խոչընդոտների չհանդիպի, Ադրբեջանը պահանջում է նաև, որ Հայաստանը զենք չգնի, իսկ գնած զենքը հետ վերադարձնի դա վաճառած երկրներին։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նույնիսկ ասել է, որ Հայաստանի Զինված ուժերի դեմ պետք է միջազգային սահմանափակվում մտցվի․ Ադրբեջանի ընկալմամբ՝ ոչ միայն զենքի գնումը պետք է սահմանափակվի, այլև՝ զինուժի անձնակազմը պետք է կրճատվի՝ Ադրբեջանի հետ ոչ համեմատելի թվաքանակի գալով։

Ադրբեջանը պահանջում է Հայաստանից չզինվել, սակայն մերժում է սպառազինությունների վերահսկման Երևանի առաջարկը։ Ըստ Բաքվի՝ չզինվելու գործոնը պետք է միայն Հայաստանին վերաբերվի։ «Հնազանդ Հայաստանը» չպետք է ուժ ունենա՝ Ադրբեջանի ռազմական ճնշումներին դիմագրավելու համար։ Ադրբեջանը նաև մինչև վերջ ավարտին չի հասցնելու սահմանազատումը, որպեսզի գոյություն ունենան սահմանի ոչ սահմանազատված և ոչ կոնկրետ տեղամասեր, որոնց ուղղությամբ հարձակումներ կիրականացնի։

Համոզված եմ՝ երբեք Ադրբեջանը չի գնալու Սյունիքի մարզում սահմանազատման, որովհետև «Զանգեզուրի միջանցքի» գրավման հավանականությունը էականորեն կնվազի։ Հայաստանն առաջարկել էր սահմանազատումն անցկացնել Սյունիքից, սակայն ի վերջո հիմք է ընդունվել Ադրբեջանի առաջարկը, և որոշվել է պրոցեսն առաջ տանել հյուսիսից։ Դժվար չի գուշակել, որ այդ տրամաբանությամբ՝ սահմանազատման ենթակա վերջին հատվածը Սյունիքն է լինելու։ Խիստ կասկածում եմ, որ սահմանազատումը կավարտվի։ Պատահական չէ, որ բոլոր 8 հաղորդագրություններում Ադրբեջանը նշել է, որ հրադադարը խախտվել է հարավարևելյան հատվածում՝ Սյունիքի սահմանին։

«Հնազանդ Հայաստանը» չպետք է վերահսկի ռեգիոնի հեգեմոն Ադրբեջանի երթևեկը դեպի Նախիջևան և Թուրքիա։ Այս կոնցեպտի սպասարկման նպատակ ունի Ադրբեջանի պահանջը Հայաստանին՝ անխոչընդոտ միջանցք տալ դեպի Նախիջևան, որը նա անվանում է «Զանգեզուրի միջանցք»։
Ես դավադրապաշտական տեսությունների սիրահար չեմ, և երբեք իմ վերլուծությունները չեմ հիմնում ոչ փաստացի տվյալների վրա։ Սակայն Ադրբեջանը նույնիսկ որոշել է, թե ինչ անուն պետք է ունենա այս նոր Հայաստանը՝ «Արևմտյան Ադրբեջան»։

Այս բոլոր պահանջները կատարելու դեպքում Հայաստանը կդառնա անկենսունակ պետություն, կկորցնի անկախությունը, և չեմ բացառում՝ որոշ ժամանակ անց Ադրբեջանը ռազմական օկուպացիայի ենթարկի Հայաստանը։ Սա ցնորամիտ, հիվանդագին երևակայության արդյունք հանդիսացող սցենար կարող էր դիտարկվել, եթե մեզ հարց չտայինք, թե ինչու է Ադրբեջանը ստեղծել Հայաստանի հնազանդեցման երկփուլանի ծրագիրը, որը բաղկացած է նախնական և հիմնական պահանջներից։ Ի՞նչ մեկ ընդհանուր նպատակի են ծառայում Համաձայնագրում եղած և Համաձայնագրից դուրս Ադրբեջանի դրած պահանջները։

Նախնական պահանջները ներառված են 17 կետերի մեջ, որոնք պետք է զրկեն Հայաստանին միջազգային զսպման մեխանիզմներից։ Իսկ հիմնական պահանջները առաջ կքաշվեն Համաձայնագրի ստորագրումից հետո, որի կատարման պարագայում՝ Հայաստանը կդառնա Ադրբեջանին հնազանդ պետություն։ Ես չեմ լսել ադրբեջանցի մի պաշտոնյայի հայտարարություն, որ Խաղաղության 17 կետանոց համաձայնագրի ստորագրումից հետո՝ այլևս չեն պահանջելու Հայաստանից փոխել Սահմանադրությունը, այլևս չեն պահանջելու կոմպենսացիա չտալ, այլևս չեն պահանջելու սպառազինություն ձեռք չբերել, հրաժարվելու են պատերազմի մասնակիցներին հանձնելու պահանջից կամ դադարեցնելու են Բաքվի դատավարությունը։ Ի՞նչ փաստեր կան, որոնք մեզ հուշում են, որ Խաղաղության համաձայնագրի կնքումով պատմությունն ավարտվելու է, և Ադրբեջանը չի ձգտելու լրացուցիչ պահանջների կատարմանը։

Ավելին՝ ես լսել եմ նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել և պետք է կատարի Ադրբեջանի պահանջները։ Չեմ բացառում, որ Ադրբեջանը ստորագրի 17 կետանոց Խաղաղության համաձայնագիրը։ Սակայն որպեսզի Հայաստանը համոզված լինի, որ Ադրբեջանը նպատակ չունի այս պրոցեսի արդյունքում ստանալ Հայաստանի հնազանդեցում, ադրբեջանական կողմը պետք է հրաժարվի Խաղաղության համաձայնագրից դուրս գտնվող պահանջների առաջադրումից։ Այն օրը, երբ Ադրբեջանը կհրաժարվի Համաձայնագրից դուրս գտնվող պահանջներից, ես կընդունեմ, որ այդ երկիրն իրապես խաղաղություն է ուզում Հայաստանի հետ, և որ նրա նպատակը «Հնազանդ Հայաստանը» չէ։

Գրառումը՝ Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *