Հայաստան

Իրադրությունն Արագ Է Փոփոխվում

Թուրքիայում ես բացարձակ որևէ հնարավորություն չեմ տեսնում, որ կատարվողն ինչ-որ կերպ անդրադառնա Հայաստանի նկատմամբ քաղաքականության վրա, որովհետև այդ քաղաքականությունը թուրքական էլիտայի քաղաքականությունն է, ու տարբեր սերունդներ, կուսակցություններ այդ քաղաքականությունը վարում են արդեն 30 տարի: Այդ քաղաքականության հիմքում հետևյալ մոտեցումն է, որ Հայաստանն ավելի շատ է շահագրգռված հարաբերությունները կարգավորել, քան Թուրքիան, դրա համար էլ Հայաստանը պետք է գին վճարի:

Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերություններն այլևս առաջնային չեն, և իշխանությունները պետք է դա հաշվի առնեն. Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալումից հետո Թուրքիայում բողոքի ցույցեր են սկսվել: Ինչի՞ց սկսվեց այդ ամենը, ու ի՞նչ շարունակություն սպասել:

– Այս ամենը բացատրվում է նրանով, որ նախ՝ որոշ հարցումների համաձայն՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի վարկանիշը հիմա ավելի բարձր է, քան Էրդողանինը: Երկրորդ՝ առաջիկա օրերին նախատեսված էր, որ պետք է տեղի ունենար գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) ընդհանուր ժողովը, որը պետք է Իմամօղլուին ընտրություններում ընտրեր որպես այդ կուսակցությունից նախագահի թեկնածու, որոնք պետք է անցկացվեն 2028-ին: Երրորդ՝ Թուրքիայում արդեն մեկ ամսից ավելի է՝ բավական ինտենսիվ են դարձել խոսակցությունները այն մասին, որ Էրդողանը պատրաստվում է մեկ անգամ ևս իր թեկնածությունն առաջադրել նախագահի ընտրություններին:

Նա սա կարող է անել հետևյալ կերպ՝ անցկացնելով արտահերթ ընտրություններ, ու չի բացառվում, որ Էրդողանն իսկապես այդ մտադրությունն ունի, ու ինքը մտավախություն ունի, որ Իմամօղլուն կարող է հաղթել, դրա համար կազմակերպեց նրա հետ կապված այս ամենը:

Մեղադրանքները լուրջ են ու կապված են այն հանգամանքի հետ, որ նա իր մոտ մարդկանց պաշտոնների է նշանակել Ստամբուլի քաղաքապետարանում ու նրանց միջոցով կազմակերպել է մեծ զեղծարարություններ: Այն գումարը, որի յուրացման համար մեղադրվում է, շատ մեծ է:

Մյուս մեղադրանքը կապված է այն հանգամանքի հետ, որ նա գործարքի է գնացել Քրդստանի բանվորական կուսակցության ներկայացուցիչների հետ ու նրանց պաշտոններ է տվել, իսկ այդ կուսակցությունը փետրվարի վերջից սկսել է մեկ գործընթաց, որ ենթարկվում է իրենց նախկին առաջնորդ Օջալանի կոչին ու դադարեցնում է կամ զինադադար է հայտարարում իշխանությունների դեմ պայքարում: Այս երկու հիմնական մեղադրանքներն են, որոնք շատ լուրջ են:

– Իսկ այդ մեղադրանքները շինծո՞ւ են, թե՞ իսկապես այդպես է:

– Բարդ հարց է, բայց պարզվում է, որ Թուրքիայի հատուկ մարմինները տարիներ շարունակ հետևել են Իմամօղլուի գործունեությանը ու շատ մեծ գործ են կազմել, համենայնդեպս, կամաց-կամաց այդ մեղադրանքները հայտնի են դառնում, իսկապես շատ են դրանք: Ու կա մի վարկած, որը որոշ թուրքական թերթեր են առաջ քաշում, որոնք կապված են Էրդողանի հետ, որ այդ քրգործի հետ կապված նյութերի մի մասը տրամադրել են հենց Ժողովրդահանրապետական կուսակցության անդամները, այսինքն՝ Իմամօղլուի կուսակիցները, իհարկե, դժվար է միանշանակ պնդել, բայց ասում են, որ ցուցմունքներ են տվել նրա դեմ:

Մյուս հետաքրքիր վարկածն էլ է արդեն Թուրքիայում քննարկվում, որ ինքը՝ Իմամօղլուն, իմացել է, որ իր դեմ նման գործ է նախապատրաստվում, ու շատ արագ կազմակերպել է կուսակցության այդ ընդհանուր ժողովը, որ նախագահի ընտրություններում իրեն իբրև թեկնածու առաջադրի, չնայած ընտրություններին դեռ երեք տարի կա, որպեսզի այս ամենը ներկայացվի որպես քաղաքական հետապնդում:

Դժվար է ասել՝ դրանք ճիշտ են, թե՞ չէ, բայց այս վարկածները քննարկվում են:

Հետագա զարգացումների մասով քննարկվում է, որ եթե իշխանությունը կարողանա այս մեղադրանքները հիմնավորել, այդ ընդդիմադիր կուսակցությունը չի կարողանա երկրով մեկ իշխանությունների դեմ զանգվածային ընդվզումներ կազմակերպել, ու դա կհանգեցնի նրան, որ Իմամօղլուին կմեկուսացնեն, ու նրա պաշտոնում կնշանակեն ժամանակավոր մի ադմինիստրատոր Թուրքիայում, ու այդպիսով Ժողովրդահանրապետական կուսակցությունը կկորցնի Ստամբուլը:

Մամուլում նաև քննարկվում է այն, որ կարող է նաև մեղադրանք առաջադրվել այս կուսակցության երկրորդ կարևոր դեմքին՝ Անկարայի քաղաքապետին, որը Թայվանում էր ու Իմամօղլուին ձերբակալելուց հետո վերադարձել է Թուրքիա:

Մի հանգամանք էլ նշեմ, որ Ստամբուլում, Անկարայում ու մի քանի քաղաքներում ցույցեր կազմակերպվում են հիմնականում ուսանողների կողմից, բայց ստացվող ինֆորմացիայից կարող ենք դատել, որ Ժողովրդահանրապետական կուսակցությանը չի հաջողվում երկրով մեկ զանգվածային ընդվզում կազմակերպել:

Սա ցուցիչ է այն բանի, որ եթե սա կազմակերպվել է Էրդողանի կողմից, որ իր հիմնական հակառակորդից ազատվի, ապա շատ լավ հաշվարկել է, այսինքն՝ ընդվզումները մի քիչ էլ կշարունակվեն, բայց զանգվածային ոչինչ չի լինի, ու, ի վերջո, Իմամօղլուին կմեկուսացնեն, և իշխանական ուժերը Ստամբուլը կվերցնեն իրենց հսկողության տակ:

Այստեղ նաև շատ կարևոր տնտեսական խնդիր կա, որովհետև մարտի 19-ին լիրայի հետ կապված բավական անկում է տեղի ունեցել, բայց արդեն երեկ նշաններ կային, որ Ստամբուլի Կենտրոնական բանկը կարողացել է գահավիժումը կասեցնել:

Իհարկե, Թուրքիայի տնտեսական վիճակը բավական վատ է, դժգոհություն կա, ֆինանսական ճգնաժամ է և այլն, բայց այսօրվա տվյալները վկայում են այն մասին, որ կարծես թե կարողացել են անկումը կանգնեցնել, ու Էրդողանի գլխավոր հակառակորդը՝ տնտեսական դժգոհությունը, այնքան էլ մեծ վտանգ չի ներկայացնում: Էրդողանը կարծես թե հսկողությունը պահում է իր ձեռքին:

– Ստացվում է, որ այս գործողությունը միտված է հիմնական հակառակորդից ազատվելո՞ւն:

– Կարելի է այդպես մեկնաբանել, որովհետև Թուրքիայի հատուկ մարմինները տարիներ շարունակ աշխատել են Իմամօղլուի դեմ ու մեղադրանքներ հավաքել, իսկ դա նշանակում է, որ վերևից պատվեր է եղել:

– Պարո՛ն Սաֆրաստյան, ասացիք, որ Էրդողանը կփորձի արտահերթ ընտրությամբ առաջադրել թկնածությունը, ինչո՞ւ, հերթականով չի՞ կարող:

– Ո՛չ, արդեն իրավունք չունի: Կա՛մ պետք է Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնի, կա՛մ արտահերթի գնա: Էրդողանին, ինչպես նշեցի, կարծես թե հաջողվում է հաղթահարել տնտեսական բարդ փուլը, բայց դեռ վաղ է այդ մասին ասել, որովհետև իսկապես դժգոհությունը մեծ է:

– Երբ նման իրավիճակներ են լինում թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում, մեզանում առաջին հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս դա կազդի այս երկրների՝ Հայաստանի նկատմամբ ունեցած քաղաքականության վրա: Այս մասով ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել:

– Դե, Ադրբեջանում նման իրավիճակներ չեն կարող լինել, որովհետև Ադրբեջանը լրիվ այլ տիպի պետություն է, այնտեղ գործը չի կարող դրան հասնել: Իսկ Թուրքիայում ես բացարձակ որևէ հնարավորություն չեմ տեսնում, որ կատարվողն ինչ-որ կերպ անդրադառնա Հայաստանի նկատմամբ քաղաքականության վրա, որովհետև այդ քաղաքականությունը թուրքական էլիտայի քաղաքականությունն է, ու տարբեր սերունդներ, կուսակցություններ այդ քաղաքականությունը վարում են արդեն 30 տարի: Այդ քաղաքականության հիմքում հետևյալ մոտեցումն է, որ Հայաստանն ավելի շատ է շահագրգռված հարաբերությունները կարգավորել, քան Թուրքիան, դրա համար էլ Հայաստանը պետք է գին վճարի: Հիմքում սա է եղել, որը 30 տարուց ավելի կիրառվում է, հիմա էլ նախապայմանը դրվել է՝ Ադրբեջանի հետ պայմանագրի կնքումը:

– Երբ ՀՀ բյուջեի հաշվին թուրք լրագրողներ էին հրավիրվել Հայաստան, դա ի՞նչ արձագանք ստացավ Թուրքիայում, ու այդ լրագրողները ի՞նչ մեսիջներ են հաղորդել Հայաստանից թուրք հասարակությանը:

– Թուրքիայում դա առանձնապես մեծ արձագանք չգտավ: Մեծ մասը բացասական էր գրել, կային մարդիկ, որ կարճ, լավ հաղորդումներ էին պատրաստել իրենց այցի մասին: Վատն էլ էին գրել, լավն էլ:

Մի կարևոր հանգամանք կա, որ մեր իշխանությունները պետք է հաշվի առնեն. այսօր Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար չունեն այն նշանակությունը, ինչ ունեին մի քանի տարի առաջ, հիմա Թուրքիան այլ տարածաշրջաններով է հետաքրքրված, ավելի մեծ խնդիրներ է իր առաջ դրել: Եթե առաջ լիներ, ապա թուրք լրագրողների այս այցը Հայաստան ավելի մեծ արձագանք կստանար, իսկ հիմա արձագանքն այնքան էլ մեծ չէր:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *