Մենք էլ ենք շատ լավ հասկանում, որ հիմա այն չի ստորագրվի, ինչի համար իշխանությունը հիմա ավելորդ գրգռի հասարակությանը, ինչի համար ընդդիմությանը հավելյալ լծակներ տան, որ նրանք քննադատեն իշխանությանը:
Դավիթ Ստեփանյան
Հայաստանը չի կարող միայնակ ստիպել Ադրբեջանին գնալ խաղաղության, դա փաստ է. Դավիթ Ստեփանյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը
– Պարո՛ն Ստեփանյան, Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի հրապարակել-չհրապարակելու հարցը քննարկում են Ադրբեջանի հետ, հավելելով, որ «հենց ստորագրեցինք, այն կհանրայնացվի։ Պատկերացրեք՝ ինչ աստիճանի մտավախություն չունենք, որ պատրաստակամություն ենք հայտնում ստորագրել և հրապարակել»: Ձեր գնահատմամբ՝ սա ճի՞շտ մոտեցում է:
– Այս իրավիճակում ճիշտ կամ սխալ մոտեցում չկա մեկ պարզ պատճառով, որ Ադրբեջանը չի ստորագրելու այդ փաստաթուղթը: Իրավիճակը, որն այսօր ունենք մեր երկրի հարաբերությունների մասով, աշխարհաքաղաքական կոնտեքստով, մեր տարածաշրջանում ինչ է կատարվում, ընդհանուր համատեքստում, եթե մենք գնահատում ենք իրավիճակը այս պահին, սա շատ կարևոր է՝ այս պահին, Ադրբեջանն այդ փաստաթուղթը չի ստորագրի:
Ադրբեջանն այդ փաստաթուղթը ստորագրելու է միայն այն դեպքում ու այն ժամանակ, երբ իրավիճակը ռադիկալ փոփոխության ենթարկվի, դրա համար Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ուղղակի բառակույտ է ու ոչ մի հետևանք չի կարող ունենալ այս պահին, նորից եմ ասում՝ այս պահին, որովհետև այս վիճակում այդ փաստաթուղթը չի ստորագրվի:
– Իսկ ինչո՞ւ այդ տեքստը չի հրապարակում հայկական կողմը:
– Չի հրապարակվում, որովհետև մենք էլ ենք շատ լավ հասկանում, որ հիմա այն չի ստորագրվի, ինչի համար իշխանությունը հիմա ավելորդ գրգռի հասարակությանը, ինչի համար ընդդիմությանը հավելյալ լծակներ տան, որ նրանք քննադատեն իշխանությանը: Ու ես կարծում եմ, որ գոնե այս հարցում կա համաձայնություն Ադրբեջանի հետ, որ Ադրբեջանն էլ չի ցանկանում, որ այդ փաստաթուղթը հրապարակվի, որովհետև այս փաստաթուղթը հիմա չի ստորագրվի:
– Եթե չէր ստորագրվելու, ապա ինչո՞ւ կողմերը հայտարարություն տարածեցին, որ տեքստը համաձայնեցված է, երկու կողմի համար էլ այն ձեռնտու է:
– Որովհետև Ադրբեջանը հիմա ստեղծում է հիմքեր Հայաստանի վրա հետագա հարձակման համար, Ադրբեջանը ձգտում է էսկալացիոն սցենարի, նրան ձեռնտու չեն այս պահին Հայաստանի հետ խաղաղություն ու այս պայմանով: Մեր կառավարության կողմից սա քայլ էր, որ սրանով ցույց տար մեր կառուցողականությունը ու Ադրբեջանի ապակառուցողականությունը ու ինչ-որ առումով փորձել ստիպել Ալիևին գնալ փաստաթուղթը ստորագրելու ճանապարհով:
Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ այդ տեքստի համաձայնեցման մասին հնչած հայտարարությունից հետո. Նիկոլ Փաշինյանը հերթով զանգեց Մոսկվա, Թեհրան, Փարիզ ու բոլորին տեղյակ պահեց, որ ամեն ինչ պատրաստ է, մենք պատրաստ ենք խաղաղության, ու ոչ մի խնդիր չկա, իսկ Ալիևը հակառակը պնդեց:
Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, թե ինչու ադրբեջանական կողմն առաջինը հայտարարեց տեքստի համաձայնեցման մասին, նոր հայկական կողմը, այդտեղից ինձ պարզ դարձավ, որ ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրվի, որովհետև կար համաձայնություն այդ հարցում, ու մեր ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ դա նշեց, որ պետք է համատեղ հայտարարությամբ հանդես գային, այսինքն՝ այդ մարդիկ այն աստիճան չեն ուզում մեզ հետ որևէ լուրջ հարաբերություն հաստատել, որ նույնիսկ չեն ուզում համաձայնեցված հայտարարությամբ հանդես գալ:
Այս առումով սա քայլ էր մեր կառավարության կողմից, որ մենք պատրաստ ենք խաղաղության, ինչը համապատասխանում է իրականությանը, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Ադրբեջանը հիմա ամեն ինչ անում է, որպեսզի այդ ամենը բարդի մեզ վրա, որ մեր Սահմանադրությունն է խնդրահարույց և այլն:
– Ադրբեջանը այս պահին կգնա ռազմական էսկալացիայի ՞, թե՞ ոչ, պարո՛ն Ստեփանյան:
– Եթե այս պահին ասելով նկատի ունենք առաջիկա մեկ-երկու շաբաթը՝ չի գնա, բայց հետագայում մենք չենք կարող ասել, թե իրավիճակն ինչպես կզարգանա: Շատ տարբեր քեյսեր կան, որոնք շատ կարևոր են, ու շատ կարևոր է, թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան Իրանի շուրջ, ամենակարևորը սա է, դրանից է կախված՝ Ադրբեջանը կգնա՞, թե՞ չի գնա:
– Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի այն մտքին, որ մեզ միջնորդներ պետք չեն, որովհետև նախորդ դեպքերը մեզ համար պետք է դաս լինեն, ու ճիշտը երկկողմ շփումն ու բանակցություններն են:
-Չեմ կարող միանշանակ համաձայնել և միանշանակ չհամաձայնել, որովհետև Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցությունները, որոնք 92 թվականից մեկնարկել են, ցույց են տվել, որ այդ միջնորդությունը, մեղմ ասած, այնքան էլ արդյունավետ չէ:
Հիմա մենք պետք է ֆիքսենք ամենակարևորը՝ Հայաստանը չի կարող միայնակ ստիպել Ադրբեջանին խաղաղության գնալ, դա փաստ է: Եթե այդ միջնորդությունը, օրինակ՝ ԱՄՆ-ի, իր մեջ ենթադրում է, որ լինելու է ճնշում Ադրբեջանի վրա, ուրեմն այդ միջնորդությունը մեզ պետք է, եթե միջնորդությունը ենթադրում է այն, ինչ եղել է Մինսկի խմբի համանախագահության տարիներին, այն, որ միջնորդներն իրենց շահերն են սպասարկել ու որևէ կերպ հանգուցալուծմանը չեն նպաստել, ուրեմն մեզ միջնորդ պետք չէ:
Այս հարցում ամեն ինչ կախված է միջնորդության դերակատարությունից, թե ինչ նպատակ ունի միջնորդությունը, ու ինչ ազդեցություն ունի միջնորդը տվյալ դեպքում Ադրբեջանի վրա, որովհետև պարզ է, որ այս պահին միակ կողմը, որը չի ուզում խաղաղության գնալ, Ադրբեջանն է:
– Իսկ Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է հրաժարվում, ասենք, ԱՄՆ-ի միջնորդությունից:
– Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվել, ԱՄՆ-ն այդպիսի առաջարկ չի արել, ու հիմա դուք շատ նուրբ թեմա եք արծարծում. ԱՄՆ-ի միջնորդությունը Թրամփի իշխանության պայմաններում մեզ համար կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանք, ու սա չենք կարող հաշվի չառնել:
Մի կողմից մեզ շատ ձեռնտու է, որ ԱՄՆ-ն դառնա միջնորդ, բայց մենք որևէ երաշխիք չունենք, որ դրա արդյունքում չենք կարող հայտնվել այն նույն վիճակում, ինչում հայտնվեց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Սպիտակ տանը՝ այդ հայտնի բեմադրման ժամանակ, որին բոլորս հետևում էինք:
Կարծում եմ, որ իշխանության ներսում էլ են սա շատ լավ հասկանում, երբ որ այդ նույն իրավիճակում կարող է հայտնվել Նիկոլ Փաշինյանը, մեր կոնֆլիկտում Ադրբեջանի հետ, ցավոք Հայաստանն է, ու մենք իրավունք չունենք այդ ռիսկերը հաշվի չառնելու: Եթե իշխանության լինեին դեմոկրատներն ու Բայդենի վարչակազմը, իսկ պարոն Սալիվանը լիներ ազգային անվտանգության գլխավոր խորհրդական, մեզ համար որևէ խնդիր չէր կարող առաջանալ, ու այն ժամանակ գիծը դա էր, ու Ադրբեջանն ամեն ինչ անում էր, որ դրան հակառակվեր, ինչն իր մոտ ստացվեց:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am