Միջազգային

Բախումը Քիչ Հավանական Է

Իրանի համար շատ ծանր է բանակցել Թրամփի հետ, որովհետև նույն Թամփն անձամբ հրամայել էր Իրանի գլխավոր հրամանատարներից մեկի սպանությունը Իրաքում,

Տիգրան Դավուդյան

Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական բախումը ես բացառում եմ, իսկ հնչող տարբեր հայտարարություններն ավելի շատ ուժի ցուցադրություն են. իրանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Տիգրան Դավուդյանը 

– Պարո՛ն Դավուդյան, ԱՄՆ-ից բացահայտ սպառնալիքներ են հնչում Իրանի հասցեին, օրերս էլ ապատեղեկատվություն տարածվեց, թե Իրանը փակել է օդային տարածքը, բանակը բերել առաջնային պատրաստության: Իրականում ի՞նչ է կատարվում, ու Իրանն ինչպե՞ս է արձագանքում, պատրաստվում ԱՄՆ-ից հնչող սպառնալիքներին:

– Իրավացի եք, ապատեղեկատվություն շատ է տարածվում. խնդիրը շատ պարզ է, ամբողջն արվում է Իրանի միջուկային հնարավորությունների սահմանափակման համար: Իսրայելը միշտ դժգոհ է Իրանի հետ համաձայնությունից ու Իսրայելը փնտրում է լարվածություն: Իսրայելի շահն է, որ արևմտյան երկրները չկարողանան համաձայնության գալ Իրանի հետ, նա ուզում է անպայման պատերազմ հրահրել, ու իրեն հովանավորի նաև ԱՄՆ-ն: 

Խնդիրն այն է, որ Իրանն Իսրայելին չի ընդունում որպես պետություն, նա Իսրայելին անվանում է բռնագրավված Պաղեստին, քանի որ Իրանի առաջին ղեկավարը մի շատ նշանավոր նախադասություն ունի, որ Իսրայելը պետք է վերանա աշխարհի քարտեզից, դրա համար էլ Իսրայելը շատ մտահոգ է Իրանի միջուկային հնարավորություններից ու անընդհատ հայտարարում է, ՄԱԿ-ին փաստեր է ներկայացնում, որ Իրանը ցանկանում է միջուկային ռումբ ստեղծել, ինչը վտանգավոր է Իսրայելի համար: 

Իրանի միջուկային հնարավորությունները, սակայն, մտահոգում են աշխարհի բոլոր երկրներին, իհարկե Իրանի լավագույն բարեկամները հիմա Ռուսաստանն ու Չինաստանն են, որոնք միջազգային ասպարեզում խիստ պաշտպանում են Իրանին, որովհետև փոխադարձ շահեր ունեն, բայց իրենք էլ հայտարարում են, որ համաձայն չեն, որ Իրանն ունենա միջուկային ռումբ: 

Իրանը միշտ հերքել է, որ իրենք միջուկային ռումբ ստեղծելու ցանկություն ունեն, բայց քանի որ Իրանը հսկայական քանակությամբ 60-տոկոսանոց հարստացրած ուրան ունի, դա մտահոգիչ է, որովհետև այդ չափով հարստացրած ուրանը կարող է հեշտությամբ հասնել 90 տոկոսի, իսկ դա արդեն ատոմային ռումբ ստեղծելու համար հումք է: 

Հիմա ԱՄՆ-ն նամակով շատ խիստ սպառնալիք է հղել Իրանի ղեկավարին, ամերիկյան մամուլն ասում է, որ այդ նամակում Թրամփը երկու ամսվա ժամանակ է նշանակել Իրանի համար, որպեսզի նստեն բանակցությունների սեղանի շուրջ, ու Իրանն ընդունի ապամոնտաժել իր հազարավոր ցենտրիֆուգները, որոնց միջոցով հարստացնում են ուրանը, նաև նոսրացնի արդեն հարստացրած ուրանը: 

Թրամփը երեք պահանջ է դրել Իրանի առաջ՝ միջուկային հնարավորություների սահմանափակում, հրթիռաշինության, հատկապես բալիստիկ հրթիռների արտադրության կասեցում, երրորդ՝ չմիջամտել տարածաշրջանի երկրների ներքին գործերին՝ ակնարկելով Լիբանանի «Հըզբոլլահին», Պաղեստինի ՀԱՄԱՍ-ին, սիրիական, իրաքյան ու եմենական ներկայությանը: Իրանն առաջին անգամ գրավոր նամակով պաշտոնապես պատասխանել է Թրամփի այդ նամակին: 

Փորձագետների կարծիքով՝ Իրանի համար շատ ծանր է բանակցել Թրամփի հետ, որովհետև նույն Թամփն անձամբ հրամայել էր Իրանի գլխավոր հրամանատարներից մեկի սպանությունը Իրաքում, դրա համար էլ Իրանում դեռ չեն շտապում ուղիղ բանակցել, ուզում են, որ միջնորդավորված բանակցությունը շարունակվի, բացի այդ էլ, իրենք Թրամփին համարում են անհուսալի բանակցող, նկատի ունենալով, որ 2018-ին Թրամփը ԱՄՆ-ի ստորագրությունը հետ վերցրեց միջուկային այդ համաձայնագրից, որը կնքվել էր 2015-ի: Այսինքն՝ Իրանը նախընտրում է միջնորդավորված բանակցությունները, որ ժամանակ շահի, իսկ ԱՄՆ-ն շտապում է: 

– Ռազմական բախումը հնարավոր համարո՞ւմ եք:

– Ռազմական բախումը բացառում եմ, ճիշտ է, Հնդկական օվկիանոսում ինչքան արդիական զենքեր է բերել ԱՄՆ-ն, Իրանն էլ մյուս կողմից իր հրթիռային քաղաքներն է ցուցադրել, տարբեր հայտարարություններ են հնչում, բայց դրանք, իմ համոզմամբ, ուժի ցուցադրություն են: 

Մեկ այ հետաքրքիր փաստ էլ կա, որ Սպիտակ տանը պարոն Թրամփի խորհրդականները, նախարարները համակարծիք չեն Իրանի հարցով: Իսրայելը կարող է ինչ-որ բաներ անել, այնուամենայնիվ, բայց Իսրայելը խոցելի է ու միայնակ չի կարող պաշտպանել իրեն: Հիշում եք, որ Իրանը 300 հրթիռ նետեց Իսրայելի գլխին, ու եթե այլ երկրներ չօգնեին Իսրայելին՝ ինչ էր լինելու այդ երկրի վիճակը: 

Իսրայելը միայնակ վախենում է ռազմական գործողության գնալ, իհարկե, կարող է միայնակ ռմբակոծել Իրանը, բայց դա ի՛նչ պետք է լինի, Իրանը 50 անգամ մեծ է Իսրայելից, դրա համար էլ Իսրայելն ուզում է ԱՄՆ-ին անպայման ներքաշել այդ պատերազմի մեջ, բայց ԱՄՆ-ն խուսափում է դրանից: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *