Մաս 44
2021թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ, «Արդարություն» եւ «ԱԺԿ» խմբակցությունները վերստին միասնական հայտարարությամբ պահանջեցին Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Քաղաքական երեք ուժերն, ընդսմին, նրան արգելեցին ընտրություններում աջակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը եւ Նիկոլ Փաշինյանին:
Վահրամ Աթանեսյան
Ընտրությունների օրը, սակայն, տարածվեց լուսանկար, որ, ենթադրաբար, Արայիկ Հարությունյանին պատկերում էր իշխող կուսակցության նախընտրական շտաբում: Ի պատասխան իրեն հասցեագրված սուր քննադատության, Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ոչ ոք չի կարող արգելել Երեւան իր այցը եւ սահմանափակել շփումների շրջապատը:
Մայիսի 28-ին, օգտագործելով Հայաստանի անկախության հռչակման հերթական տարեդարձի առիթը, ՀՅԴ-ն, «Արդարությունը» եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» Ստեփանակերտում կազմակերպեցին բազմամարդ երթ, որ սկսվեց Սուրբ Հակոբ եկեղեցուց եւ ձգվեց մինչեւ հուշահամալիր: Միջոցառման կազմակերպմանը կառավարության մասնակցությունը թեեւ ակնհայտ չէր, բայց երթին պետական մարմինների, ուսումնական հաստատությունների, տասնյակ ՀԿ-երի ղեկավարների, ինչպես նաեւ շրջաններից հատուկ այդ նպատակով գործուղվածների ներկայությունը վկայում էր, որ իշխանությունները նույնպես տուրք են տվել ամբոխավարությանը:
Հատկանշական էր, որ երթի մասնակիցները թեեւ կրում էին «Առանց թուրքի Հայաստան» ցուցապաստառներ, բայց վանկարկում էին «Առանց Նիկոլ Հայաստան»:
Չափազանց խորհրդանշական էր, որ Հայաստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակից, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նոր կառավարության ձեւավորումից հետո Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ՌԴ Զինված ուժերում նոր նշանակում ստացավ: Նրան փոխարինեց գեներալ-մայոր Վոլկովը:
Զինադադարին հաջորդած առաջին ամսվա իրադարձություններին լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ գեներալ-մայոր Վոլկովը ներկա է գտնվել Հադրութի վերջին երկու գյուղերի՝ Հին Թաղերի եւ Խծաբերդի ադրբեջանական գրավմանը, որի ընթացքում ավելի քան ութ տասնյակ հայ զինծառայողներ զինաթափվել եւ գերեվարվել էին: Ըստ պաշտոնապես չհերքված տեղեկությունների, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Լեռնային Ղարաբաղից ետ է կանչվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անձնական նախաձեռնությամբ:
Մինչ այդ ադրբեջանական մամուլը տասնյակ հրապարակումներ էր արել՝ Մուրադովին մեղադրելով «հայ անջատողականների հետ համագործակցության» եւ «ադրբեջանցի զինվորականների հետ կոպիտ վարվելու» մեջ: Վստահություն ներշնչող աղբյուրների ներկայացմամբ՝ Շուշիի մերձակայքում դիրքային բարելավում իրականացնելու ադրբեջանական կողմի մի քանի փորձը Մուրադովի կողմից կանխվել է, վերջին անգամ՝ զրահամեքենա գործի դնելու առարկայական սպառնալիքով:
Ստեփանակերտում ազգային-հայրենասիրական ուժերի հերթական «սրացումը» համընկավ 2021 թվականի ներխորհրդարանական հակասություններին, որ դրսեւորվեցին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հասցեին որոշ լրատվամիջոցներով եւ սոցիալական մեդիայով հակաքարոզչությամբ: Քաղաքական շրջանակներից հայտնի դարձավ, որ ՀՅԴ, «Արդարություն» եւ «ԱԺԿ» խմբակցությունները մտադիր են հանդես գալ Թովմասյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ: Տարածված տեղեկությունների համաձայն՝ ընդդիմությունը Թովմասյանին մեղադրում էր «օրենսդրական նախաձեռնություններին ընթացք չտալու» եւ «Արայիկ Հարությունյանի կցորդ լինելու» մեջ:
Ըստ երեւույթին, այդ ճնշումներն ունեցան բավական շոշափելի ազդեցություն: 2022 թվականի հունվարի վերջին հանրային գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը ֆեյսբուքի անձնական էջում հայտարարություն տարածեց, որ հեռախոսազրույց է ունեցել Արցախի խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանի հետ, եւ նա խոստացել է «շրջանառության մեջ դնել «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը»:
Մի քանի օր անց Ազգային ժողովի պաշտոնական կայքէջը հրապարակեց այդ օրենքի նախագիծը՝ կից ծանուցելով, որ այն «միասնաբար հեղինակել են խորհրդարանի բոլոր հինգ խմբակցությունները»: Մինչ այդ նույն «խանդավառությամբ» Արցախի Ազգային ժողովը միաձայն ընդունել էր ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու ճանաչելու մասին օրենքը, որ Արայիկ Հարությունյանը ստորագրել էր նույն օրը: Նման շտապողականության եւ Արցախի սահմանադրությունը կոպտորեն խախտելու քննադատությանն ի պատասխան Արցախի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը հանրությանը վստահեցրել էր, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը «մոտ ապագայում կգործարկի Ստեփանակերտի օդանավակայանը»: Հանրության շրջանում նաեւ լուրեր էին տարածվել, որ Ռուսաստանը «մտադիր է քաղաքացիություն շնորհել արցախցիներին եւ երաշխավորել ընդմիշտ անվտանգություն»: Նման քննարկումներ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության, Ռուսաստանի պաշտոնական որեւէ ներկայացուցչի հետ կայացե՞լ են, թե՞ տարածվում էին «մատից ծծած» լուրեր՝ դժվար, գրեթե անհնար է պարզել: Փաստ է, որ Ստեփանակերտը 2022 թվականն սկսել է ազգային-հայրենասիրական քարոզչությամբ:
(Շարունակելի)