Մաս 45
Ռուսաստանի զինվորական բարձրաստիճան հրամանատարությունը դեռեւս Բաքվում էր, երբ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի թույլտվությամբ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները գրավեցին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը՝ բռնատեղահանելով բոլոր խաղաղ բնակիչներին: Նույն օրը Փառուխից կազմակերպվեց ռուսաստանցի բլոգեր Միկա Բադալյանի ուղիղ եթերը, որի ընթացքում նա համոզում էր, որ բանակցություններ են ընթանում, որպեսզի ՊԲ նախկինում զբաղեցրած դիրքերում տեղակայվեն ռուս խաղաղապահներ:
Վահրամ Աթանեսյան
Ո՞վ էր կանխածրագրել իրադարձությունների հատկապես այդ ընթացքը, արդյոք դա քաղաքական պայմանավորվածությունների, թե՞ «սպոնտան հայրենասիրության» պոռթկում էր՝ պատասխանը, հավանաբար, կփորձի գտնել կամ, գուցե, կգտնի ապագա պատմաբանը, քաղաքագետը: Մենք այդքան հավակնոտ չենք, որպեսզի անստույգ «դիպաշարից» խորքային եզրակացություններ անենք, բայց փաստ է, որ ղարաբաղյան Շարժման հերթական տարեդարձին ընդառաջ՝ 2022 թվականի փետրվարի 18-ին Արցախի Ազգային ժողովը միաձայն քվեարկության ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը: Այն սահմանում էր, որ քառասունչորսօրյա պատերազմից հետո ադրբեջանական օկուպացիայի տակ են անցել ոչ միայն Հադրութի շրջանը, Մարտակերտի եւ Ասկերանի, ինչպես նաեւ Մարտունու շրջանների տասնյակ բնակավայրեր եւ Շուշի քաղաքը, այլեւ միջազգայնորեն «Լեռնային Ղարաբաղի շուրջ», բայց անվերապահորեն ադրբեջանական ճանաչված բոլոր տարածքները, որ երբեւէ պետք է վերադառնան Արցախի իրավազորությանը՝ ինչպես սահմանված է սահմանադրությամբ եւ «Վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքով:
Առկա իրավիճակում նման օրենքի ընդունումը մարտահրավեր էր ոչ միայն Ադրբեջանին, այլեւ միջազգային հանրությանը եւ առաջին հերթին հենց Ռուսաստանի Դաշանությանը, որ չափազանց փխրուն իրավիճակում խաղաղապահ առաքելություն էր իրականացնում: Բարդ է ասել, թե ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որքանո՞վ էր տեղյակ նման օրենք ընդունելու ներքին կամ արտաքին հանգամանքներով պայմանավորված նպատակահարմարությանը: Առարկայական փաստ է, որ «Բռնազավթված տարածքների մասին» ԼՂՀ օրենքի ընդունումից չորս օր անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրավիրվեց Կրեմլ, որտեղ փետրվարի 22-ին Վլադիմիր Պուտինի հետ ստորագրեց ռազմավարական համագործակցության մասին Հռչակագիր: Նույն օրը Վլադիմիր Պուտինը Կրեմլում հյուրընկալեց նաեւ Պակիստանի վարչապետ Իմրան Խանին: Փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինը ստորագրեց Դոնբասում «հատուկ ռազմագործողություն սկսելու մասին» հրամանագիր, Ռուսաստանի զինված ուժերն անցան Ուկրաինայի դեմ լայնածավալ հարձակման: Կրեմլում Պուտին-Ալիեւ բանակցություններից մեկ ամիս անց՝ 2022 թվականի մարտի 22-ին Բաքու գործուղվեց ՌԴ ԶՈՒ բարձրաստիճան պատվիրակություն, որ գլխավորում էր ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ գեներալ-գնդապետ Կիմը: Ռուսաստանի զինվորական բարձրաստիճան հրամանատարությունը դեռեւս Բաքվում էր, երբ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի թույլտվությամբ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները գրավեցին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը՝ բռնատեղահանելով բոլոր խաղաղ բնակիչներին: Նույն օրը Փառուխից կազմակերպվեց ռուսաստանցի բլոգեր Միկա Բադալյանի ուղիղ եթերը, որի ընթացքում նա համոզում էր, որ բանակցություններ են ընթանում, որպեսզի ՊԲ նախկինում զբաղեցրած դիրքերում տեղակայվեն ռուս խաղաղապահներ:
Իրականությունը, մինչդեռ, այն էր, որ Փառուխը գրաված ադրբեջանական հատուկ նշանակության զորաջոկատները հարձակման են անցել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Երկրօրյա ծանր մարտերում Պաշտպանության բանակն ունեցավ հինգ զոհ, հակառակորդի առաջխաղացումը կանխվեց, բայց բարձունքի մի հատվածը մնաց թշնական վերահսկողության տակ: Փառուխի դեմ ագրեսիայից մոտ երկու շաբաթ առաջ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ գտնվող հատվածում պայթեցվել էր Լեռնային Ղարաբաղը սնուցող գազատարը: Հանրության շրջանում խոսակցություններ տարածվեցին, որ «Արայիկ Հարությունյանը Փառուխը հանձնել է, որպեսզի վերականգնվի գազամատակարարումը»: Քննադատության եւ ասեկոսեների թիրախում էր նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Ղարաբաղյան առաջին պատերազմում Բալասանյանը կամավորական ջոկատի առաջնորդից հասել է Ասկերանի պաշտպանության շրջանի հրամանատարի պաշտոնի, հետագայում արժանացել գեներալ-մայորի եւ Արցախի հերոսի կոչման: Հանրության շրջանում, այդուհանդերձ, նա ուներ առաջին պատերազմում ադրբեջանական կողմի հետ պատանդների, գերիների եւ զորհվածների աճյունների փոխանակման հացերով բանակցողի համարում: Նրան վերագրվում էր, որ «նախկին կապերի հաշվին մշտական կապի մեջ է ադրբեջանցիների հետ»:
Արցախի Ազգային ժողովում բավական երկչոտ ձայներ հնչեցին, որ «Փառուխի հանձնումը» պետք է խորհրդարանական լսումների առարկա դառնա, բայց քաղաքական ուժերից ոչ մեկը պաշտոնապես նման հարց չբարձրացրեց: Ադրբեջանական քարոզչությունը պնդեց, որ «Փառուխի ազատագրումն անխուսափելի եւ անհրաժեշտ ռազմագործողություն էր, քանի որ հայկական ուժերն այդ դիրքերից սպառնում էին Աղդամում վերականգնողական աշխատանքներին»: Խիստ դիտարժան է, որ Փառուխի գրավումից մոտ մեկ շաբաթ առաջ ԱրցախԹՎ-ն հատուկ ռեպորտաժ էր պատրաստել այդ դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող՝ ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման մասին, որի հիմնական «ուղերձն» այն էր, որ զորախումբը «պատրաստ է ամենավճռական հակահարվածը տալու հակառակորդի ցանկացած ոտնձգության»:
(Շարունակելի)