Մաս 46
Պարզապես ուշադրություն է հայցում հանգամանքը, որ ՀՅԴ Բյուրոյի «Շրջաբերականը», թեեւ ոչ ուղղակի հղումով, բայց ենթադրում է իրավիճակ, երբ Հայաստանը կարող է անդամակցել «միութենական պետությանը» եւ Արցախի հայկականության պահպանման դիմաց ինքնիշխանության կորուստ ունենալ:
Վահրամ Աթանեսյան
2022 թվականի ապրիլի 14-ին Ստեփանակերտում, ամենայն հավանականությամբ, շատ քիչ մարդ էր տեղյակ, որ մեկ շաբաթ առաջ ՀՅԴ Բյուրոն «Շրջաբերական» է տարածել, որտեղ առաջնահերթություն էր գնահատվում Արցախի «հողային ամբողջության վերականգնումը», ինչպես նաեւ Ադրբեջանի ենթակայությունից դուրս կարգավիճակը: Ըստ երեւույթին, Դաշնակցության այդ ռազմավարությունը կապ ուներ «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի հետ, որի ստորագրումը, սակայն, նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից ուշացել էր:
Ինչու՞ ենք առանձնացնում ապրիլի 14‑ը: Նույն ամսի 6‑ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հանդես եկավ ծավալուն ելույթով, որի հիմնական ուղերձն այն էր, որ ԼՂ-ում ռուսական զորախումբը կամ չի կարողանում, կամ չի ցանկանում ապահովել իր վերահսկողության գոտու ամբողջությունը եւ խաղաղ բնակչության անվտանգությունը: Փաշինյանը հայտարարեց, որ միջազգային գործընկերները հորդորում են ԼՂ կարգավիճակի հարցում իջեցնել նշաձողը, որ թույլ կտա բնակչության իրավունքների եւ անվտանգության ապահովման հարցում հասնել որոշակի կոնսենսուսի: Փաշինյանը թույլ տվեց չափազանց ենթատեքստային ձեւակերպում անել, որ եթե ԼՂ կարգավիճակի հարցում նշաձող չիջեցվի, անվտանգության միջազգային մեխանիզմներ չձեւավորվեն, ապա Լեռնային Ղարաբաղը «Փառուխ առ Փառուխ հանձնվելու է»: Հայաստանի վարչապետն այդպիսով հստակ հասկացրեց, որ Փառուխը հանձնվել է, եւ դրանում որոշիչ դեր է խաղացել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի լռելյայն աջակցությունը: Որեւէ հիմնավոր փաստ չկա, որպեսզի պնդենք, որ ՀՅԴ Բյուրոյի «Շրջաբերականը» Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունների ուղղակի պատասխանն էր, բայց փաստ է, որ այն հեղինակվել եւ շարքերին է հղվել Ազգային ժողովում Փաշինյանի սենսացիոն ելույթի հաջորդ օրը, իսկ մեկ շաբաթ հետո՝ ապրիլի 14-ին ԼՂ կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու անթույլատրելիության մասին հայտարարություն տարածեց Արցախի Ազգային ժողովը:
Այդ հայտարարությունն, ընդսմին, Հայաստանի վարչապետին զրկում էր ԼՂ ժողովրդի անունից նրա կարգավիճակի հարցում բանակցություններ վարելու իրավունքից, վերահաստատում հավատարմությունը 1991թվականի դեկտեմբերի 10‑ի հանրաքվեին եւ ընդհանրացնում, որ «Արցախը չի եղել եւ չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում»: Այս ձեւակերպումն արտառոց էր այնքանով, որ խոսքը ոչ թե առհասարակ Ադրբեջանի, այլ հատկապես անկախ Ադրբեջանի կազմում Արցախի գոյության անհնարինության մասին է: Հստակ տպավորություն էր թողնվում, որ Արցախը կարող է լինել կամ կվերադառնա ոչ անկախ Ադրբեջանի կազմ՝ ինչպես գրեթե յոթանասուն տարի ինքնավար մարզի կարգավիճակով գտնվել է խորհրդային Ադրբեջանի սահմաններում: Պարզապես ուշադրություն է հայցում հանգամանքը, որ ՀՅԴ Բյուրոյի »Շրջաբերականը», թեեւ ոչ ուղղակի հղումով, բայց ենթադրում է իրավիճակ, երբ Հայաստանը կարող է անդամակցել «միութենական պետությանը» եւ Արցախի հայկականության պահպանման դիմաց ինքնիշխանության կորուստ ունենալ:
Այդ շրջանում Ստեփանակերտի քաղաքական շրջանակների հիմնական խոսույթն այն էր, որ Ուկրաինայի «հարցերը լուծելուց հետո Ռուսաստանն անցնելու է Ադրբեջանին եւ պատժելու է ռուս խաղաղապահների նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքի համար»: Հայտնի է նույնիսկ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունը, որ քիչ է մնացել՝ այնպիսի իրավիճակ է ստեղծվելու, որ մեզ մնալու է «միայն թամաշա անել»: Արցախի Ազգային ժողովի հայտարարությունից որոշ ժամանակ անց, ինչպես իրազեկ աղբյուրներն են ասում, Ստեփանակերտ է գործուղվել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Նա խնդիր է ունեցել հանդիպելու խորհրդարանի քաղաքական ուժերի եւ խմբակցությունների ղեկավարների հետ: Մարուքյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանին եւ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին, խորհրդարանի խմբակցությունների ղեկավարներն առաջարկել են Մարուքյանի հետ հանդիպումն անցկացնել տեսախցիկների առկայությամբ, որպեսզի «ամեն մի բառ ձայնագրվի եւ ներկայացվի ժողովրդի դատին»:
Հատուկ հանձնարարություններով դեսպանը, բնականաբար, այդ գռեհիկ նախապայմանն ընդունել չէր կարող, եւ հանդիպումը չի կայացել: Ստեփանակերտը փաստացի այդ փուլից սկսած քաղաքական «պորտալարը» Երեւանի հետ խզել է: Ըստ երեւույթին, ամեն ինչ կանխածրագրված էր այնպես, որ ազգային-գաղափարական Արցախը պետք է համահայկական «վերածննդի» կենտրոն լինի: Ո՞վ է հեղինակել այդ արկածախնդրությունը, ովքե՞ր էին իրական հովանավորները՝ չբացահայտված է մնում:
(Շարունակելի)
