Մաս 46
Պարզապես ուշադրություն է հայցում հանգամանքը, որ ՀՅԴ Բյուրոյի «Շրջաբերականը», թեեւ ոչ ուղղակի հղումով, բայց ենթադրում է իրավիճակ, երբ Հայաստանը կարող է անդամակցել «միութենական պետությանը» եւ Արցախի հայկականության պահպանման դիմաց ինքնիշխանության կորուստ ունենալ:
Վահրամ Աթանեսյան
2022 թվականի ապրիլի 14-ին Ստեփանակերտում, ամենայն հավանականությամբ, շատ քիչ մարդ էր տեղյակ, որ մեկ շաբաթ առաջ ՀՅԴ Բյուրոն «Շրջաբերական» է տարածել, որտեղ առաջնահերթություն էր գնահատվում Արցախի «հողային ամբողջության վերականգնումը», ինչպես նաեւ Ադրբեջանի ենթակայությունից դուրս կարգավիճակը: Ըստ երեւույթին, Դաշնակցության այդ ռազմավարությունը կապ ուներ «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի հետ, որի ստորագրումը, սակայն, նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից ուշացել էր:
Ինչու՞ ենք առանձնացնում ապրիլի 14-ը: Նույն ամսի 6-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հանդես եկավ ծավալուն ելույթով, որի հիմնական ուղերձն այն էր, որ ԼՂ-ում ռուսական զորախումբը կամ չի կարողանում, կամ չի ցանկանում ապահովել իր վերահսկողության գոտու ամբողջությունը եւ խաղաղ բնակչության անվտանգությունը: Փաշինյանը հայտարարեց, որ միջազգային գործընկերները հորդորում են ԼՂ կարգավիճակի հարցում իջեցնել նշաձողը, որ թույլ կտա բնակչության իրավունքների եւ անվտանգության ապահովման հարցում հասնել որոշակի կոնսենսուսի: Փաշինյանը թույլ տվեց չափազանց ենթատեքստային ձեւակերպում անել, որ եթե ԼՂ կարգավիճակի հարցում նշաձող չիջեցվի, անվտանգության միջազգային մեխանիզմներ չձեւավորվեն, ապա Լեռնային Ղարաբաղը «Փառուխ առ Փառուխ հանձնվելու է»: Հայաստանի վարչապետն այդպիսով հստակ հասկացրեց, որ Փառուխը հանձնվել է, եւ դրանում որոշիչ դեր է խաղացել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի լռելյայն աջակցությունը: Որեւէ հիմնավոր փաստ չկա, որպեսզի պնդենք, որ ՀՅԴ Բյուրոյի «Շրջաբերականը» Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունների ուղղակի պատասխանն էր, բայց փաստ է, որ այն հեղինակվել եւ շարքերին է հղվել Ազգային ժողովում Փաշինյանի սենսացիոն ելույթի հաջորդ օրը, իսկ մեկ շաբաթ հետո՝ ապրիլի 14-ին ԼՂ կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու անթույլատրելիության մասին հայտարարություն տարածեց Արցախի Ազգային ժողովը:
Այդ հայտարարությունն, ընդսմին, Հայաստանի վարչապետին զրկում էր ԼՂ ժողովրդի անունից նրա կարգավիճակի հարցում բանակցություններ վարելու իրավունքից, վերահաստատում հավատարմությունը 1991թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեին եւ ընդհանրացնում, որ «Արցախը չի եղել եւ չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում»: Այս ձեւակերպումն արտառոց էր այնքանով, որ խոսքը ոչ թե առհասարակ Ադրբեջանի, այլ հատկապես անկախ Ադրբեջանի կազմում Արցախի գոյության անհնարինության մասին է: Հստակ տպավորություն էր թողնվում, որ Արցախը կարող է լինել կամ կվերադառնա ոչ անկախ Ադրբեջանի կազմ՝ ինչպես գրեթե յոթանասուն տարի ինքնավար մարզի կարգավիճակով գտնվել է խորհրդային Ադրբեջանի սահմաններում: Պարզապես ուշադրություն է հայցում հանգամանքը, որ ՀՅԴ Բյուրոյի »Շրջաբերականը», թեեւ ոչ ուղղակի հղումով, բայց ենթադրում է իրավիճակ, երբ Հայաստանը կարող է անդամակցել «միութենական պետությանը» եւ Արցախի հայկականության պահպանման դիմաց ինքնիշխանության կորուստ ունենալ:
Այդ շրջանում Ստեփանակերտի քաղաքական շրջանակների հիմնական խոսույթն այն էր, որ Ուկրաինայի «հարցերը լուծելուց հետո Ռուսաստանն անցնելու է Ադրբեջանին եւ պատժելու է ռուս խաղաղապահների նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքի համար»: Հայտնի է նույնիսկ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունը, որ քիչ է մնացել՝ այնպիսի իրավիճակ է ստեղծվելու, որ մեզ մնալու է «միայն թամաշա անել»: Արցախի Ազգային ժողովի հայտարարությունից որոշ ժամանակ անց, ինչպես իրազեկ աղբյուրներն են ասում, Ստեփանակերտ է գործուղվել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Նա խնդիր է ունեցել հանդիպելու խորհրդարանի քաղաքական ուժերի եւ խմբակցությունների ղեկավարների հետ: Մարուքյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանին եւ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին, խորհրդարանի խմբակցությունների ղեկավարներն առաջարկել են Մարուքյանի հետ հանդիպումն անցկացնել տեսախցիկների առկայությամբ, որպեսզի «ամեն մի բառ ձայնագրվի եւ ներկայացվի ժողովրդի դատին»:
Հատուկ հանձնարարություններով դեսպանը, բնականաբար, այդ գռեհիկ նախապայմանն ընդունել չէր կարող, եւ հանդիպումը չի կայացել: Ստեփանակերտը փաստացի այդ փուլից սկսած քաղաքական «պորտալարը» Երեւանի հետ խզել է: Ըստ երեւույթին, ամեն ինչ կանխածրագրված էր այնպես, որ ազգային-գաղափարական Արցախը պետք է համահայկական «վերածննդի» կենտրոն լինի: Ո՞վ է հեղինակել այդ արկածախնդրությունը, ովքե՞ր էին իրական հովանավորները՝ չբացահայտված է մնում:
(Շարունակելի)