Մաս 47
Օգոստոսի 5-ին Արցախի կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ Բերձոր քաղաքի, Աղավնո եւ Սուս գյուղերի հայ բնակչությունը տարհանվում է, փոխվում է Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու երթուղին:
Վահրամ Աթանեսյան
2022 թվականի գարունը Լեռնային Ղարաբաղում տագնապալի էր: Ադրբեջանական կողմը Փառուխ-Քարագլուխ հատվածում դիրքային առաջխաղացում ապահովելուն զուգահեռ շփման գծի ողջ երկայնքով անցավ հրադադարի բացահայտ խախտումների: Ընդ որում, կրակը հիմնականում վարում էին դիպուկահարները՝ թիրախ ընտրելով ինչպես դաշտային աշխատանքներ կատարող մարդկանց եւ գյուղատնտեսական տեխնիկան, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները՝ դպրոցներ, մանկապարտեզներ, բնակելի առանձնատներ:
Ադրբեջանական կողմն այդ ընթացքում կիրառեց նաեւ հոգեբանական ազդեցության միջոցներ. շփման գծին հարող հայկական բնակավայրերի բնակիչների բարձրախոսերով կոչ էին անում անհապաղ լքել տները, քանի որ հակառակ դեպքում կարժանանան մահվան: Օրվա բոլոր ժամերին Ադրբեջանի զինված ուժերի դիրքերից տարածվում էր բարձր երաժշտություն: Ռուսական զորախումբն այդ ամենի հանդեպ կատարյալ անտարբեր էր:
Պարզ էր, որ մարտի 22-ին Բաքու այցելած ռուսաստանյան բարձրաստիճան զինվորականությունն Ալիեւին վստահեցրել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական զորախումբը ոչ մի միջամտություն չի ցուցաբերի:
Արդեն հունիսին Ադրբեջանը նախագահի մակարդակով հնչեցրեց Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի նոր երթուղուն անցնելու պահանջ: Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Շուշին շրջանցող ճանապարհի հարցը կողմերը պետք է համաձայնեցնեին երեք տարվա ժամկետում, բայց Ադրբեջանը միակողմանի քայլերի էր դիմել եւ կառուցել Լաչինը շրջանցող «մայրուղի»:
Արցախի հանրային շրջանակներում լայնորեն տարածված էր, որ «գործարք է կայացել»: Ու՞մ հետ է Ադրբեջանը «համաձայնեցրել» Լաչինը շրջանցող ճանապարհի կառուցումը՝ պարզ չէ առայսօր: Երեւանը մի քանի անգամ հայտարարել է, որ բանակցություններն ընթացել են Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ՝ ռուսական զորախմբի հրամանատարության միջնորդությամբ:
Արցախի իշխանությունները պաշտոնապես հավաստիացնում էին, որ «Լաչինի միջանցքի իրավական ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենում, փոխվում է միայն երթուղին, որ կշարունակի մնալ ռուս խաղաղապահների հսկողության ներքո»: Հուլիսի վերջին, սակայն, իրավիճակը կտրուկ սրվեց, երբ ադրբեջանական զինված ուժերը գրոհեցին Լաչինի միջանցքին հարող բոլոր բարձունքները եւ տիրացան դրանց: Բախումների ընթացքում ՊԲ երկու սպա զոհվեց, ավելի քան երկու տասնյակ շարքայիններ վիրավորվեցին:
Օգոստոսի 5-ին Արցախի կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ Բերձոր քաղաքի, Աղավնո եւ Սուս գյուղերի հայ բնակչությունը տարհանվում է, փոխվում է Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու երթուղին: Նույն օրն ադրբեջանական բանակի ստորաբաժանումները մտան Լաչին: Ադրբեջանական կողմի վերահսկողությանն անցան Արցախը սնուցող գազատարը եւ էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը: Քաղաքական շրջանակներից տեղեկություն տարածվեց, որ Արցախի կառավարության առաջարկությունը՝ կառուցելու Շուշին շրջանցող ճանապարհահատված, որ թույլ կտար Ստեփանակերտը կապել Գորիսի հետ, ռուսական զորախմբի հրամանատարությունը չի ընդունել՝ պատճառաբանելով, որ Ադրբեջանի կառավարությունը համաձայնություն չի տալիս: Ակնհայտ դարձավ, որ Արցախի շուրջ օղակ է «հյուսվում»: Խիստ արտառոց էր, որ ռուսական զորախումբը տեղաբաշխվեց նոր երթուղու ոչ թե Հայաստանին սահմանակից հատվածում, այլ՝ Հակարոյի կամրջից արեւելք՝ իրավաբանորեն Ադրբեջանին պատկանող տարածքում: Փաստացի դա Լաչինի միջանցքի իրավական կարգավիճակի չեղարկում էր:
Սեպտեմբերին Forbes-ի ռուսերեն տարբերակը հրապարակեց Ռուբեն Վարդանյանի հետ հարցազրույց: Հարցին, թե նա պատրաստվում է Լեռնային Ղարաբաղում պետական պաշտոն զբաղեցնել, Վարդանյանը պատասխանել էր, որ չէր ցանկանա «Ռուսաստանին անհարմար դրության մեջ դնել»: Նույն տեղում, սակայն, Վարդանյանը համոզմունք էր հայտնել, որ Ադրբեջանի համար իր հետ «բանակցելը հեշտ կլինի»: Այդ տեսակետը նա հիմնավորել էր իր կենսագրությամբ, որ «պատերազմին չի մասնակցել»: Ստեփանակերտում, այդպիսով, տպավորություն ստեղծվեց, որ միջազգային հեղինակություն եւ կապեր ունեցող Ռուբեն Վարդանյանը կարող է իրավիճակ փոխել: Ո՞վ էր այդ նարատիվի իրական հեղինակը՝ մնում է մեծ հարցական:
(Շարունակելի)