2007 թվականից հետո էր, որ Ստեփանակերտում շշուկներ տարածվեցին, որ քաղաքի կենտրոնական հատվածում «Պարգեւ սրբազանը սեփական առանձնատուն է կառուցում»: Երեւի այդ տպավորությունը ցրելու համար կառույցի մոտ հայտնվեց ցուցանակ, որ հուշում էր, որ տեղում կբացվի Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարան: Զուգահեռաբար մեկնարկեց Ստեփանակերտի «մայր տաճարի» շինարարությունը:
Վահրամ Աթանեսյան
Այս թեմային անդրադառնալու կարիք, երեւի, չլիներ, եթե Կարպիս Փաշոյանի եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի հարցազրույցի ընթացքում սրբազան հայրը չհիշեցներ, որ Արցախում Հայ առաքելական եկեղեցու առաջին հոգեւոր սպասավորն ինքն է եղել՝ որպես Գանձասարի սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցու վանահայր: Սրբազանը հիշեցնում է, որ Գանձասարում հոգեւոր ծառայության է նշանակվել 1989 թվականին: Երիտասրդներին այդ թվականը ոչինչ չի ասում, բայց ավագ սերնդի մանավանդ քաղաքական գործիչները, հավանաբար, գիտեն, որ 1989 թվականի հունվարի 12-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հատուկ կառավարման կոմիտե՝ ԽՄԿԿ ԿԿ բաժնի վարիչ Արկադի Վոլսկու գլխավորությամբ:
Խորհրդային կենտրոնական իշխանությունները փաստացի արտոնել են Հայաստան-Լեռնային Ղարաբաղ մշակութային եւ հոգեւոր կապերի հաստատումը: Մենք չենք կարող ճշտել՝ Լեռնային Ղարաբաղում էջմիածնական հոգեւոր սպասավորության հաստատումը կատարվել է Լեռնային Ղարաբաղը Բաքվի հոգեւոր թեմի կանոնիկ տարածք ճանաչելու՞ սկզբունքով, թե՞ նախադրյալ էր, որպեսզի վերականգնվի Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վկայում է, որ 1991 թվականին ինքը ծառայության է հրավիրվել Էջմիածին: Նա չի նշում իրեն փոխարինածի ինքնությունը, բայց հանրահայտ է, որ Միքայել վարդապետ Աջապահյանին Արցախում փոխարինել է Պարգեւ եպիսկոպոս Մարտիրոսյանը: Եւ նա արդեն ոչ թե Գանձասարի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վանահոր, այլ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի կարգավիճակ ուներ:
Որքանո՞վ է իրական այս պատմությունը՝ կարող են հաստատել կամ հերքել իրադարձությունների անմիջական ականատեսները, բայց Ստեփանակերտում երկար ժամանակ պատմում էին, որ Շուշիի ազատագրման ռազմագործողությունից առաջ Պարգեւ սրբազանը պահանջել է Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում ապամոնտաժել Լենինի արձանը, եւ իշխանություններն ու Պաշտպանության բանակի հրամանատարությունը համաձայնել են: 1992 թվականի ամռանն, այսպիսով, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարանը հաստատվել է Շուշիում: Թեմակալ առաջնորդի նստավայր է ընտրվել Ղազանչեցոց եկեղեցուն շատ մոտ երկհարկանի մի առանձնատուն: Պետական արարողակարգով սահմանված էր, որ տաղավար տոներին ԼՂՀ իշխանության բարձրագույն ներկայացուցիչները Ղազանչեցոց եկեղեցում մասնակցում էին պատարագին: Թվականը կարելի է արխիվներում ճշտել, բայց, երեւի, 2007 թվականից հետո էր, որ Ստեփանակերտում շշուկներ տարածվեցին, որ քաղաքի կենտրոնական հատվածում «Պարգեւ սրբազանը սեփական առանձնատուն է կառուցում»: Երեւի այդ տպավորությունը ցրելու համար կառույցի մոտ հայտնվեց ցուցանակ, որ հուշում էր, որ տեղում կբացվի Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարան: Զուգահեռաբար մեկնարկեց Ստեփանակերտի «մայր տաճարի» շինարարությունը: Ավելի վաղ կառուցվել, օծվել եւ գործում էր սուրբ Ստեփանոս եկեղեցին:
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարանը Շուշիից Ստեփանակերտ տեղափոխելու եւ «մայր տաճար» կառուցելու ի՞նչ անհրաժեշտություն կար: Այդ որոշումն ընդունել է Գարեգին Բ ամենայն Հայոց կաթողիկո՞սը, Գերագույն հոգեւոր խորհու՞րդը, թե՝ Հայաստանի եւ Արցախի իշխանությունները: Պատմականորեն Արցախում գործել է Աղվանից կամ Գանձասարի կաթողիկոսությունը: 1823 թվականին ցարական Ռուսաստանը կայացրել է, եթե կարելի է ասել՝ «պաիտետային որոշում». Միաժամանակ լուծարվել է Ղարաբաղի խանությունը եւ Գանձասարի կաթողիկոսությունը: Կաթողիկոսության փոխարեն ստեղծվել է մետրոպոլիտություն՝ Բաղդասար Հասան-Ջալալյանի գլխավորությամբ, բայց արդեն՝ Շուշիում: Այսինքն, ցարական իշխանությունը լուծարել է Գանձասարի կենտրոնը եւ սահմանել, որ Արցախի հայ բնակչության «հոգեւոր մայրաքաղաքը» Շուշին է: Քառասունչորսօրյա պատերազմից մեկ տարի առաջ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարանն ինչու՞ Շուշիից տեղափոխվեց Ստեփանակերտ, Ղազանչեցոց եկեղեցին ինչու՞ նսեմացավ, Արցախի քաղաքական ղեկավարությունն ինչու՞ ՀԱԵ տաղավար տոներն սկսեց նշել Ստեփանակերտի նորակառույց «մայր տաճարում»: Մի՞թե այդ պահից Շուշին արդեն «դժբախտ եւ դժգույն քաղաք էր»: