Արցախ

«Գաղտնիք Ղարաբաղի»

Մաս 48

Ի՞նչ նպատակով էր կազմակերպվել ՀՅԴ-Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյան տեղեկատվա-քարոզչական «պինգ-պոնգը», որ ակնհայտորեն շրջանցում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:

Վահրամ Աթանեսյան

2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին Ստեփանակերտում քաղաքական «միջսեզոն» էր: Առանձնակի ինտրիգային հայտարարությամբ հանդես եկավ պետական նախարար Արտակ Բեգլարյանը եւ հանրությանն իրազեկեց, որ հանդիպումներ է ունենում Ռուբեն Վարդանյանի հետ: Դա հստակ ուղերձ էր, որ նա պատրաստվում է հրաժարական տալ, որպեսզի Ռուբեն Վարդանյանը նշանակվի պետական նախարար: Տեղեկություններ էին տարածվում նաեւ Ռուբեն Վարդանյանի եւ Ազգային ժողովի խմբակցությունների հետ հանդիպումների մասին: Արդյունքում կայացվեց քաղաքական եւ իրավական առումով ոչ մի երկրի պատմության մեջ նախադեպը չունեցող որոշում. Ռուբեն Վարդանյանը, որ մինչ այդ Լեռնային Ղարաբաղում որեւէ պաշտոն չէր զբաղեցրել, քաղաքական գործունեությամբ չէր զբաղվել, նշանակվեց պետական նախարար եւ ստացավ ամենալայն լիազորություններ, այդ թվում նրան վերապահվեց արտաքին քաղաքականության մշակման եւ կոորդիանացման իրավունք, որ սահմանադրությամբ Արցախի նախագահի բացառիկ մենաշնորհն է՝ որպես պետության եւ գործադիր իշխանության միանձնյա ղեկավարի:
Առկա արդեն իսկ ճգնաժամային իրավիճակում, երբ Լաչինի միջանցքի իրավական կարգավիճակը փաստացի չեղարկված էր, Ռուբեն Վարդանյանը պետական նախարարի պաշտոնն ստանձնելուց հետո կայացրեց ոչ մի առումով չհիմնավորված որոշում. նա կառավարության առաջին նիստում հայտարարեց, որ բոլոր նախարարները պաշտոնազրկվում են, բայց պիտի շարունակեն կատարել պարտականությունները՝ մինչեւ ինքը «նոր թիմ կհավաքագրի»:
Պատահական զուգադիպությու՞ն էր, թե այդպես էր ծրագրված, բայց Ռուբեն Վարդանյանը պետական նախարար նշանակվեց 2022 թվականի հոկտեմբերի 26-ի Պուտին-Փաշինյան-Ալիեւ լիակատար ձախողված հանդիպումից մի քանի օր կամ մեկ շաբաթ հետո: Այդ բանակցությունների քաղաքական իմաստն այն է, որ Ռուսաստանի նախագահը փաստացի ընդունեց Իլհամ Ալիեւի պնդումը, որ «Ղարաբաղի մասին խոսելու իմաստ այլեւս չկա»,- եւ եռակողմ հանդիպման մասին ամփոփիչ հայտարարության մեջ այդ թեման լիովին անտեսվեց:
Ստեղծված իրավիճակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարցուպատասխանի առիթն օգտագործելով՝ հրապարակայնացրեց, որ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում եւ ղարաբա-ադրբեջանական զորքերի շփման գծում ապառազմականացման քայլեր մշակելու տարբերակը: Փաշինյանը պարզորոշ հայտարարեց, որ ապառազմականացման հասնելու դեպքում Պաշտպանության բանակը «կանցնի այլ գործառույթների կատարման»: Մինչ այդ Ստեփանակերտում արդեն խոսվում էր, որ Պաշտպանության բանակի զրահատեխնիկան, հրետանային եւ այլ միջոցները «պետք է դուրս բերվեն»: Օգոստոսյան լարվածությունից հետո նոյեմբերի 5-ին ադրբեջանական կողմն առաջին անգամ կրակ բացեց Խարամորթի ուղղությամբ՝ թիրախավորելով դաշտային աշխատանքներ կատարող գյուղատնտեսական տեխնիկան: Մարդկային կորուստներ, բարեբախտաբար, չեղան, բայց ազդակը շատ ընդգծվար էր:
Նոյեմբերի 17-ին ՀՅԴ Արցախի ԿԿ «Ապառաժ» պաշտոնաթերթը ծանուցեց, որ Պաշտպանության բանակի զինաթափման եւ լուծարման մասին լուրերը ճշտելու նպատակով դիմել է Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին եւ ստացել գրավոր պատասխան: Այն, սակայն, ձեւակերպված էր ոչ թե Բալասանյանի, այլ՝ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայության անունից: Ըստ այդմ՝ Արցախի իշխանությունները «չեն ունեցել եւ չունեն Պաշտպանության բանակը զինաթափելու եւ լուծարելու նպատակ»: Գրավոր պատասխանում շեշտված էր, որ ընդհակառակը՝ ամեն ինչ արվում է, որպեսզի «Պաշտպանության բանակի սպառազինումը կատարելագործվի, եւ այն վերածվի ռազմավարական նշանակության խնդիրներ լուծելու ունակ զորամիավորման»:
Հարց է, թե բախտորոշ նշանակության հարցի մասին պարզաբանումների համար Դաշնակցության պաշտոնաթերթն ինչու՞ չէր դիմել նախագահ Արայիկ Հարությունյանին կամ թեման հրապարակայնացնելու ի՞նչ անհրաժեշտություն կար, եթե Արայիկ Հարությունյանի հրամանագրով Անվտանգության խորհրդի բոլոր նիստերին մասնակցում էին ԱԺ քաղաքական ուժերի ղեկավարները, այդ թվում՝ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը, որ իրեն հուզող հարցերի պատասխանը կարող էր ստանալ ԱԽ նիստում:
Ի՞նչ նպատակով էր կազմակերպվել ՀՅԴ-Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյան տեղեկատվա-քարոզչական «պինգ-պոնգը», որ ակնհայտորեն շրջանցում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Արդյոք դա Լեռնային Ղարաբաղում, ղարաբա-ադրբեջանական զորքերի շփման գծում ապառազմականացման գաղափարին Ստեփանակերտի մերժողական պատասխանը չէ՞ր: Եւ ո՞վ կբացահայտի գաղտնիքը, որ «Ապառաժի» տեղեկատվական «ագրեսիայից» ուղիղ երկու շաբաթ հետո ադրբեջանցի «էկոակտիվիստները» Քարինտակի խաչմերուկում փակեցին Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը:
(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *