Այս օրենքը, որ գրված է ապօրինի գույքի վերադարձ, ավելի շատ հնչում է որպես ազգային դավաճանություն, որովհետև հանուն մի խմբի բարեկեցության հարվածի տակ դնել մի ողջ ժողովրդի ու պետության ապագան, նրան պարտադրել ստորացուցիչ ու նվաստացնող աղքատություն, դա հենց պետական դավաճանություն է։
Մեր Ուղին
ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ հինգ տարի առաջ ընդունված «Ապօրինի գույքի վերադարձի մասին» օրենքը լիովին համապատասխան է ճանաչվել ՀՀ Սահմանադրությանը։ Ինչպես նշում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ Այս ընթացքում դատարան են ուղարկել 136 հայցադիմում՝ ավելի քան 527 միլիարդ դրամի, նաև 270 շարժական, 1381 անշարժ գույքի բռնագանձման պահանջով: Հաղորդավաթ Դավիթ Ստեփանյաննն էլ նշում է, որ այս պահին կա 1․7 մլրդ դոլարի գույք գտնվում է կալանքի տակ։
Այս թվերը հիրավի սարսափեցնող են։ Հայաստանում, ուր նվազագույն և միջին աշխատավարձը երբեք բավարար չեն եղել կարիքներն ամբողջությամբ հոգալու, հայաստանում, երբ ամեն առումով պակասությունն ու աղքատությունը աչք են ծակել և վերջապես Հայաստանում, ուր էժանագին մեքենա գնելն անգամ ճոխություն է թվում, իսկ հիփոթեքով բնակար ձեռքբերելն անհավանական հաջողություն և միաժամանակ նաև 20 տարի անվերջ պարտք փակելու անեծք, Հայաստանում կան մարդիկ, ովքեր ոչ թե հարստացել, այլ երկրի հնարավորությունները պարզապես քամել են իրենց գրպանը։ Հասկանալի է, որ Հայաստանում մեկը հարստացել է հազարի հաշվին, հարյուր հազարի հաշվին։ Ահա թե ինչու է բնակչության մեջ հսկայական թիվ կազմում աղքատությունը, այդքան քիչ են մշտապես ֆինանսավորվել և ֆինանսավորվում կրթությունն ոը գիտությունը, ինչու են թանգարաններն ու գրադարանները նման թշվառ վիճակում գտնվում, ինչու են ուսուցիչները աշխատում չնչին աշխատավարձով։ Որովհետև մի խումբ մարդիկ գտել են, որ իրենք պիտի ունենան ամեն ինչ, եթե նույնիսկ մյուսները անգամ չոր հացի հույսի էլ մնան, դա ոչինչ։
Իրականում այս օրենքը, որ գրված է ապօրինի գույքի վերադարձ, ավելի շատ հնչում է որպես ազգային դավաճանություն, որովհետև հանուն մի խմբի բարեկեցության հարվածի տակ դնել մի ողջ ժողովրդի ու պետության ապագան, նրան պարտադրել ստորացուցիչ ու նվաստացնող աղքատություն, դա հենց պետական դավաճանություն է։ Դավաճանությունը պոզով պոչով չի լինում։ Դավաճանությունը միայն դիրքերի տեղը մատնելով չէ։ Դավաճանությունը պետությանը կաթվածահար անող աղքատություն նվիրելն է։ Ըդն որում ոչ թե փոքրիկ գողություններ, ասենք որևէ նախարար ավելի էժան գնով է երկու սենյականոց բնակարան ստացել, կամ որևէ քաղաքապետ կարողացել է մի քանի տարի մանր մունր գումար այս ու անն տեղից քերելով մեկ երկու մեքենա գնել, ու ոչ էլ մանր խախտումներ, որ ինչ որ պաշտոնյա իր որդու 8 քննություններից մեկում հաջողացրել է մի քանի միավոր ավել նշանակել տալ։ Ո՜չ, ոչ թե պարզապես մանր դեպքեր, որ կարելի էր նույնիսկ ուշադրություն չդարձնել, այլ գայլային ախորժակով պետության ողնաշարը կրծելու փորձ, որի դիմաց նրանց պետերը, իսկ ավելի կոնկրետ Կրեմի էլիտան նրանց թույլատրել է թալանել հանրապետությունը մինչև վերջ՝ փոխարեն խոստացել են պաշտպանել նրանց իշխանությունը, եթե վերջիններս էլ իրենց հերթին պաշտպանեն Կրեմլի քաղաքականությունը։ Ու ստացվել է յուրատեսակ բաժանում՝ ՀՀ արտաքին հնարավորությունները Ռուսաստանին, իսկ ներքին բարիքը՝ իրենց։ Հայաստանը դարձրել են գաղութ, որի պետերը իրենք են եղել։ Հասկանալի է նաև, որ հենց այդ ապօրինի գույքի վերադարձը թույլ չտալու համար էլ նախկինները փրփուրները բերանին պատրաստ են ցանկացած գործողության՝ ընդհուպ արյունոտ վենդետայի, միայն թե չեզոքացնեն իշխանությանը, միայն թե պահպանեն իրենց գողացվածը։
Այժմ մի ուրիշ հարց է հասունանում։ Իշխանությունը, որ ձեռնարկել է այդ հանդուգն գործողությունը, կարողանալո՞ւ է դա տանել մինչև վերջ։ Իշխանությունը, որ միաժամանակ նաև աչքի է ընկնում իր ոչ պրոֆեսիոնալ կադրերով, այն էլ այնպիսի, որ վարչապետն անգամ խոստովանում է, որ կառավարությունում կադրերի սով կա, արդյո՞ք կարողանալու է այդ ողջ գույքը հետ վերադարձնել ու նաև քաղաքական գնահատական տալով օրինական դատավճիռ արձակի այդ խոշոր գողերի նատմամբ։ Իշխանությունը, որ քիչ մեղքեր չի գործել, որ ունի ոչ միայն կադրային սով, այլև խիստ անարդյունավետ կադրային աշխատանք, բազմաթիվ չիրականացված խոստումներ, բանակում դեռևս մնացող մթնոլորտի խունացած վիճակ ու էլի բազում բազմաթիվ չլուծած, բայց իր վրա վերցրած հարցեր, արդյո՞ք կարողանալու է աօպրինի գույքը հետ վերադարձնել ժողովրդին։ Ընդ որում վերադարձնել այնպես, որ բոլորը զգան, ոչ թե Փաշինյանի «հատիկ առ հատիկ» գրառումների ոճով, երբ ինչ որ մեքենա կամ մի քանի հարյուր մետր է վերադարձվում։ Ոչ, խոսքը հարյուր միլիոնավոր դոլարիների ու գրեթե 2 մլրդ դոլարի անշարժ գույքի մասին է։ Ըստ էության իշխանությունը պիտի ժողովրդին ոչ թե գույք, այլ Հայաստանը վերադարձնի։ Եթե կարողացավ՝ կեցցե, եթե ոչ, ապա իշխանությունը ևս կհամարվի գող, կամ էլ թուլամորթ։ Երկուսն էլ ծանր կազդեն ժողովրդի վրա։
Ընդ որում իշխանությունը պետք է հիշի մի բան։ Նա մինչև օրս այդպես էլ չկարողացավ վեթինգ անցկացնել ու բարեփոխել դատական համակարգը, հարուցված քրեական գործերի 90 տոկոսը շարունակում է մնալ օդում, կամ էլ կարճվում է անհասկանալի ու զայրացնող հիմքերով։ Արդյո՞ք այսքան տապալումներից հետո իշխանությունը կարող է ապօրինի գույքի վերադարձն իրականացնել, հաշվի առնելով, որ այդ հարցն այսպես, թե այնպես կապված է քաղաքականության ու քաղաքական գործիչների հետ։
Արդեն պարզ է, որ 2026-ի ընտրություններում իշխանությունները ժողովրդի վստահության քվեն փորձելու են շահել թալանը հետ բերելով, իսկ նախկինները՝ թուրքի դեմ պայքարելու, ազգադավ ու թուրք իշխանություններին հեռացնելու և հայրենիքը փրկելու կոչերով։ Իսկ կուլիսների հետևում կատաղի պայքար է ընթանալու ներկաների ու նախկինների մեջ։ Ո՞վ կհաղթի այս պայքարում։ Արդյո՞ք սա ևս մի հնար չի լինելու, որ նախկինները ներկաներին ինչ ինչ բաներ բաժին հանեն՝ իրենց հանգիստ թողնելու պահանջով և սպառնալիքով, որ եթե մինչև հիմա Ռուսաստանի ծանր ձեռքը չի զգացվել որևէ դիվերսիոն որյունոտ ձևով, ապա հիմա կզգացվի։ Եվս մեկ հարց։
Ու այս ամենում հայրենիքն ու Հայաստանը մնում են հեռու հեռու և կա միայն գայլի պայքար՝ իր որսը պահպանելու համար, որս, որը նրանք արել են իրենց պետության ու ժողովրդի հաշվին։
2026-ին ընդառաջ իշխանություններն այս հարցերին պիտի իրենք իրենց մեջ պատասխան տան, իսկ հասարակությունն այնքան հեռատես լինի, որ թույլ չտա, որ հայրենիքի դիմակով գողը նորից անցի իր արհեստավարժ զբաղմունքին։
Իհարկե երանելի է, որ գան վերջապես երրորդ ուժերը գան ու բոլորին փրկեն ներկա-նախկին կռվից, բայց նրանք դեռևս չկան, եթե կան էլ, ապա թույլ են, առանց ռեսուրս, մասնատված ու աննկատ։