Երբ ընտրությունները փակում են շրջափուլը, կուսակցությունները սկսում են նախապատրաստվել հաջորդ ընտրություններին։ Պետությունները կայանում են այս ճանապարհով։
Մուղնի
Իրեն հարգող, հայրենիքի եւ ժողովրդի ճակատագրով մտահոգ քաղաքացին պետք է տագնապի, երբ ընդդիմության առաջնորդներից մեկը հայտարարում է, որ «գաղտնի ծրագիր ունի» եւ Նիկոլ Փաշինյանը «շուտով դառնալու է ընդդիմադիր»։
Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո խոսել իշխանափոխության մասին, ընդ որում՝ հանրայնացնել, որ դրան հասնելու «ծրագիրը գաղտնիք է», միայն մի բան է նշանակում․ ընդդիմությունը Հայաստանում բռնի իշխանափոխության ծրագիր ունի։
Այս ենթադրությունը ավելի է ամրապնդվում, երբ նկատի ենք ունենում, որ Սահմանադրական դատարանը քննարկում է յոթ կուսակցությունների բողոքը։ Հետեւում է, որ ընդդիմությունը, ավելի կոնկրետ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, ՍԴ որոշումը, ինչպիսին էլ որ այն լինի, չի ճանաչելու։
Հակառակ դեպքում նա կասեր, որ սպասում են ՍԴ վճռին, որից հետո կտան իրավիճակի իրենց քաղաքական գնահատականը եւ կհայտարարեն հետագա քայլերի մասին։

Նիկոլ Փաշինյանին «ընդդիմադիր դարձնելու» մասին Սամվել Կարապետյանի հայտարարությունը, ցավոք, որոշակի շրջանակների ոգեւորության առիթ է տվել։ Վտանգավորը դա է, երբ հանրության անունից հանդես եկող առանձին «փորձագետների» թվում է, թե «ցանկացած հեղափոխություն արդարացված է»։
Ամեն ինչից զատ, հանրությունը պետք է մտահոգվի իր անվտանգությամբ։ Իշխանազավթման ցանկացած փորձ, անկասկած, լուրջ հարված է երկրի ներքին կայունությանը եւ միաժամանակ արտաքին դերակատարներին ազդակ։ Մի իրավիճակում, երբ հարեւան տարածաշրջաններում «ամեն ինչ եռում է», եւ կայունության հեռանկարները մշուշոտ են, Հայաստանում «նավակ ճոճելու» ցանկացած փորձ ազգային անվտանգության սպառնալիք է։
Քաղաքական մրցակցությունը, պայքարը, հակամարտությունը ունի մի սահման․ երբ ընտրությունները փակում են շրջափուլը, կուսակցությունները սկսում են նախապատրաստվել հաջորդ ընտրություններին։ Պետությունները կայանում են այս ճանապարհով։
Մուղնի
Վերոնշյալ գրառումը՝ Մեր Ուղին‑ի խմբագրական կազմը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ.
