Մաս 54
Բաքվի արձագանքը չուշացավ. ադրբեջանական մամուլն Իլհամ Ալիեւի աշխատակազմի անունից հայտարարություն տարածեց, որ «Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչները հրավիրվում են Բաքու՝ քննարկելու ինտեգրացիայի եւ սոցիալ-տնտեսական կյանքի կազմակերպման հետ կապված հարցեր»:
Վահրամ Աթանեսյան
Գուրգեն Ներսիսյանը պետական նախարար նշանակվեց՝ ստանալով գրեթե նույն լիազորությունները, որ տրվել էին Ռուբեն Վարդանյանին, բայց նախագահի հրամանագրով արտաքին գործերի նախարարությունը հանվեց պետնախարարի համակարգմանը ենթակա գերատեսչությունների ցանկից: Կառավարությանը ներկայացնելով Գուրգեն Ներսիսյանին, Արայիկ Հարությունյանը նրան տվեց Գյուղի, գյուղատնեսության եւ Ներդրումային հիմնադրամների գործունեությունը ստուգելու ցուցում:
Տպավորություն էր, որ նա նախկին գլխավոր դատախազին հանձնարարում է շարունակել ավելի վաղ սկսած ստուգումները, որպեսզի հանրության շրջանում կարծիք ձեւավորվի, որ իշխանությունները հակակոռուպցիոն պայքար են սկսում: Բացառված չէ, որ դա շրջափակման ծանր ընկալումներից մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակ ուներ: Ստեղծված ծանրագույն իրավիճակում ոչ Գուրգեն Ներսիսյանը, ոչ իրավապահ համակարգը չէր կարող խորքային բացահայտումների գնալ: Դա կարող էր բերել ներքին լարվածության, նույնիսկ՝ բախումների:
Արայիկ Հարությունյանը, հավանաբար Ռուբեն Վարդանյանին «Իլհամ Ալիեւի պահանջով պաշտոնանկելու» մասին տարածված նարատիվը մեղմելու անհրաժեշտությունից դրդված, հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման «սկզբունքների» մասին հայտարարությամբ, որ իրականության հետ ոչ մի աղերս չուներ եւ չէր կարող ունենալ: Նա վերահաստատեց, որ Արցախի անկախությունը միակ ընդունելի կարգավիճակն է, իսկ Ադրբեջանի հետ բանակցությունները պետք է կազմակերպվեն միջազգային մեխանիզմների ձեւաչափով՝ «իրավահասարության սկզբունքի հիման վրա»:
Բաքվի արձագանքը չուշացավ. ադրբեջանական մամուլն Իլհամ Ալիեւի աշխատակազմի անունից հայտարարություն տարածեց, որ «Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչները հրավիրվում են Բաքու՝ քննարկելու ինտեգրացիայի եւ սոցիալ-տնտեսական կյանքի կազմակերպման հետ կապված հարցեր»:
Ստեանակերտն այդ հաղորդագրությանը պատասխանեց արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի՝ տեղական հեռուստատեսությանը տված մեկնաբանության մակարդակով: Բաբայանը հայտարարեց, որ Արցախը պատրաստ է քննարկումների, բայց Բաքվի պահանջը՝ «ներկայանալ որպես մեղք գործած աբորիգեններ, որ ներողություն են խնդրում»,-անընդունելի է: Ալիեւի աշխատակազմը երկու շաբաթ անց կրկնեց «հրավերը», իսկ արտաքին քաղաքականության հարցերով նրա օգնական Հաջիեւը հայտարարեց, որ «Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության հարցերը ենթակա են Ադրբեջանի սահմանադրությամբ կարգավորման, նրանք որեւէ հավելյալ արտոնություն չեն կարող ունենալ»:
Ոչ ոք առայսօր չգիտի՝ Ալիեւի աշխատակազմից ԼՂ-ում ռուսական զորախմբի հրամանատարության միջոցով կամ այլ խողովակով Բաքվում քննարկումներ կազմակերպելու գրավոր առաջարկություն Ստեփանակերտում ստացվե՞լ է, թե՞ գաղափարը հնչեցվել է միայն մամուլի միջոցով:
Հատնի չէ նաեւ, թե Բաքու մեկնելու, քննարկումներ անցկացնելու գաղափարն Արցախի նախագահի կողմից ներկայացվե՞լ է Անվտանգության խորհրդին, Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի առաջնորդներին, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին եւ Բակո Սահակյանին, Ռուբեն Վարդանյանին, ով պաշտոնաթողությունից հետո հայտարարեց, որ Արցախից չի հեռանա, կշարունակի պայքարել այն նպատակին հասնելու համար, որ ունի:
Այդ փուլում Ստեփանակերտի քաղաքական վերնախավի տարաձայնությունները դրսեւորվեցին արդեն գրեթե բացահայտ: Արայիկ Հարությունյանի նկատմամբ անվստահությունը գնալով խորանում էր, ի հակակշիռ ընդլայնվում էր Ռուբեն Վարդանյանի համակիրների շրջանակը, այդ թվում՝ շրջաններում եւ առանձին խոշոր համայնքներում: Ռուբեն Վարդանյանը եւ Ազգային ժողովի ՀՅԴ, «Արդարություն» ու «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավորները նախաձեռնեցին հանդիպումների շարք ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ գյուղական համայնքներում, Մարտակերտ, Ասկերան եւ Մարտունի քաղաքներում:
Հատկապես եռանդուն էր Ասկերանում ձեւավորված թիմը՝ շնորհիվ նրա, որ ՀՅԴ-ն այնտեղ ավանդական ազդեցություն ուներ: Այդ հանդիպումներն անցնում էին դեռեւս 1988 թվականին հնչած «Արդար պահանջ՝ ոչ մի նահանջ» կարգախոսով: Կենտրոնական իշխանությունը շատ արագորեն կորցնում էր կառավարման համակարգի վրա ազդեցությունը: Ասպարեզում հայտնվեցին քաղաքական եւ հանրային նոր դեմքեր, որոնից յուրաքանչյուրն ուներ «Արցախի փրկության ծրագիր»: Համակարգվա՞ծ-ուղղորդվա՞ծ էր այդ դեգրադացիան, թե՞ Արայիկ Հարությունյանի ու նրա թիմի ոչ ադեկվատության հետեւանք՝ մնում է չպարզաբանված:
(Շարունակելի)
