Հայաստան

Կառավարությունը Արցախցուն Չի Լքել

Արցախցիների առաջ նախևառաջ պատասխանատու են իրենց բոլոր իշխանությունները, գոնե այս անգամ ես գոհունակությամբ կարող եմ ասել, որ արցախցիները վերջապես դիմում են ճիշտ հասցեատիրոջը, իրենց խնդիրները բարձրաձայնում:

Դավիթ Ստեփանյան

Կարծում եմ՝ Կառավարությունն այսօր անում է առավելագույնն արցախցիների համար, դրանից ավելի չեմ կարծում, թե կարող է. Դավիթ Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, օրեր առաջ Արցախի ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա էր, արցախահայությունը պահանջում էր «թալանի վերադարձ», ակցիայի մասնակիցների հարցերին պատասխանեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, նշեց, որ բոլոր թղթերը հանձնել է ՀՀ գլխավոր դատախազություն ու որ ոչ մի կերպ չի կարող ազդել ՀՀ իշխանությունների որոշումների վրա: Ինչպե՞ս եք գնահատում արցախահայության այս քայլը:

– Արցախում գոյություն ուներ այսպես կոչված հիմնադրամ, որին ուղղվում էին ՀՀ հարկատուների գումարները՝ որպես աջակցություն Արցախին, չգիտեմ՝ վարկի տեսքով էր ձևակերպվում, թե այլ, ու այդ հիմնադրամի միջոցով տարբեր ծրագրեր էին իրականացնում կամ չէին իրականացնում Արցախում: Հիմնադրամի համար պատասխանատու էին, եթե չեմ սխալվում, Արցախի կառավարությունն ու անձամբ նախագահը:

Հետո, x ժամանակից սկսած, հիմնադրամը սկսեց զբաղվել նաև այլ գործունեությամբ՝ գորշ սխեմաներ էին գործում, փողեր էին լվացվում, Ռուսաստանից էին գումարներ գալիս ու, իհարկե, այդ ամեն ինչը ինչ-որ նեղ շրջանակի մարդկանց շահերից ելնելով: Ես հատուկ չեմ ուզում անուններ տալ, որովհետև այդ մարդկանցից շատերը հիմա գտնվում են Բաքվի բանտերում, մարդիկ, որոնց մատն այդ ամենի մեջ ժամանակին խառն է եղել: Հիմա Արցախը չկա, այդ հիմնադրամը՝ ևս, հետևապես այդ գումարներն էլ չկան, բայց որտեղ են գումարները՝ որևէ մեկին հայտնի չէ:

Հիմա այս մարդիկ փորձում են հասկանալ, թե այդ գումարները որտեղ են, ու ես չեմ կարծում, թե պարոն Շահրամանյանը կարող է սպառիչ պատասխան տալ այդ հարցին, որովհետև հիմնադրամի գործունեությանը, որի մասին ես եմ խոսում, ոչ միայն ինքն է մասնակից եղել, այլ նաև Արցախի շատ ուրիշ նախագահներ ու պետական այլ պաշտոնյաներ: Այնպես որ, այդ գորշ սխեման ժամանակին լավ աշխատել է, ժամանակին մարդիկ լավ հարստացել են ժողովրդի հաշվին, ու հիմա ո՛չ գումարները կան, ո՛չ հիմնադրամը, ու ես շատ լավ հասկանում եմ այդ մարդկանց դժգոհությունը, որոնք ուզում են հասկանալ, թե որտեղ են այդ գումարները, որովհետև իրենք այսօր ձեռնունայն վիճակում են հայտնվել:

– Շահրամանյանի ասածը, թե ամեն բան Դատախազությանն է հանձնված, արժանահավատ չե՞ք համարում, որ ասում եք, թե չի կարող սպառիչ պատասխան տալ:

– Ես կարող եմ հասկանալ, որ ինքը հանձնել է Դատախազությանը, բայց Հայաստանի գլխավոր դատախազությունը հիմա ի՞նչ կարող է անել: Ես այստեղ շատ լուրջ կասկածներ ունեմ, նա ասում է, թե հանձնել է դատախազություն, որ իր վրայից պատասխանատվությունը գցի, որովհետև ինքը շատ կարճ ժամանակ է անմիջական պատասխանատու եղել այդ հիմնադրամի համար, ինձ թվում է՝ այն ժամանակ, երբ այդ հիմնադրամի գումարներն արդեն չկային, իմ կարծիքն է, ես չգիտեմ: Դրա համար էլ ինքն ասում է, որ Դատախազությունում է, թող իր բոլոր նախկինները, որ մինչև իր գալը ղեկավարել են Արցախի Հանրապետությունը, իրենք պատասխան տան: Շահրամանյանն ամեն ինչ անելու է, որ իր վրայից պատասխանատվությունը գցի ու միգուցե, ես չգիտեմ, նա իրոք իրավացի է այս հարցում, որովհետև շատ կարճ ժամանակ է եղել Արցախի նախագահ ու շատ կարճ ժամանակ է տնօրինել կամ չի էլ տնօրինել այդ հիմնադրամը:

– Պարո՛ն Ստեփանյան, իսկ ընդհանրապես, սոցիալական խնդիրների մասով ովքե՞ր պետք է իսկապես օգնեն արցախահայությանը, ի՞նչ ծրագրեր պետք է արվեն, որպեսզի այդ թեմայով այսքան աղմուկ չբարձրանա, մարդիկ չթիրախավորվեն:

– Եթե խոսում ենք արդարության դիրքերից՝ կարծում եմ, որ արցախցիների առաջ նախևառաջ պատասխանատու են իրենց բոլոր իշխանությունները, գոնե այս անգամ ես գոհունակությամբ կարող եմ ասել, որ արցախցիները վերջապես դիմում են ճիշտ հասցեատիրոջը, իրենց խնդիրները բարձրաձայնում:

Ինչ վերաբերում է իրական լուծումներին, ես կարծում եմ, որ Հայաստանի Կառավարությունն այսօր անում է առավելագույնը, ինչ կարող է: Այսպիսի արտոնյալ պայմաններ երբևիցե որևէ փախստական Հայաստանում չի ունեցել՝ ոչ Բաքվի հայերը, ոչ ադրբեջանահայերը, ոչ սիրիահայերը երբեք նման օգնություն չեն ստացել պետությունից, իրականությունը սա է: Հիմա, մեր արցախցի հայրենակիցներին մենք բոլորս օգնում ենք ու փորձում այնպես անել, որ նրանք հաստատվեն Հայաստանում, չեմ կարծում, որ պետությունը դրանից ավելի կարող է անել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *