Հայաստան

Պաուլ Ռորբախի «Դաշնակցական Առեղծվածը»

Հայկական քաղաքական ուժերը, մասնավորապես՝ ՀՅԴ-ն, տեղյա՞կ չէին, որ Ռորբախը ոչ թե հումանիստ, այլ Գերմանիայի ռազմա-քաղաքական շահերը ծրագրավորողներից մեկն է, սերտորեն կապված է Թուրքիայի զինվորականության հետ, ծանոթ չէի՞ն արեւմտահայության բռնատեղահանության նրա գաղափարին, չէի՞ն կարող կողմնորոշվել, որ պատերազմի դեպքում օսմանյան կառավարությունը գործի է դնելու հենց այդ՝ արեւմտահայության գաղթեցման ծրագիրը:

Վահրամ Աթանեսյան

Պաուլ Ռորբախի «դաշնակցական» առեղծվածը 1914 թվականին, այլ տեղեկություններով՝ 1912-ին Բեռլինում հիմնադրվում է «Հայ-գերմանական ընկերություն» անվանված հասարակական կազմակերպություն, որին նպատակն էր «օգնել արեւմտահայությանը»: Կազմակերպության նախագահ է ընտրվում կաթոլիկ հոգեւորական, դոկտոր Իոհաննես Լեփսիուսը, տեղակալ՝ Պաուլ Ռորբախը, իսկ քարտուղար՝ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը: Նրան է վերապահվում նաեւ հայ-գերամանական մշակութային «Մեսրոպ» ամսագրի խմբագրի պարտականությունը:
Ավետիք Իսահակյանը «Դաշնակցության գործով» ցարական իշխանությունների հետապնդումներից խուսափելու նպատակով 1909 թվականին անցել է Թուրքիա, որոշ ժամանակ ապրել Կոստանդնուպոլսում, ապա՝ տեղափոխվել Եվրոպա: Լինելով դաշնակցական, նա չէր կարող «Հայ-գերմանական ընկերության» քարտուղար եւ մշակութային ամսագրի խմբագրի պարտականություն ստանձնել, եթե չունենար ՀՅԴ ղեկավար մարմնի՝ Բյուրոյի, համաձայնությունը:
Արտառոց է, որ «Գերմանա-հայկական ընկերության» փոխնագահ է ընտրվել Պաուլ Ռորբախը, որը թուրք-գերմանական դաշնակցային հարաբերությունների ջատագովը եւ «Բաղդադի երկաթուղու» ծրագրի հեղինակն է: Ընդ որում, նա այդ թեմայով արդեն իսկ 1902 թվականին տպագրված աշխատություն ուներ, որով հիմնավորում էր Թուրքիայում գերմանական ազդեցության ամրապնդման գործում այդ երկաթուղու կարեւորությունը: Նույն տեղում նա Թուրքիայում հայկական հարցի լուծման տարբերակ է առաջարկում արեւմտահայության գաղթեցումը դեպի Միջագետք եւ բնակեցումը Բաղդադի երկաթուղու երկարության տարածքներում:
Ըստ որոշ տեղեկությունների, Պաուլ Ռորբախը, հանդես գալով որպես քաղաքացիական ուսումնասիրող, իրականում հանդիսացել է Գերմանիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական հետախուզության սպա եւ կոնկրետ զբաղվել է ապագա պատերազմում Օսմանյան Թուրքիայի մասնակցության ծրագրավորմամբ: Հայկական քաղաքական ուժերը, մասնավորապես՝ ՀՅԴ-ն, տեղյա՞կ չէին, որ Ռորբախը ոչ թե հումանիստ, այլ Գերմանիայի ռազմա-քաղաքական շահերը ծրագրավորողներից մեկն է, սերտորեն կապված է Թուրքիայի զինվորականության հետ, ծանոթ չէի՞ն արեւմտահայության բռնատեղահանության նրա գաղափարին, չէի՞ն կարող կողմնորոշվել, որ պատերազմի դեպքում օսմանյան կառավարությունը գործի է դնելու հենց այդ՝ արեւմտահայության գաղթեցման ծրագիրը:
Հարյուր տարի մեզ ներշնչել են, որ գերմանացի հոգեւորական Իոհաննես Լեփսիուսը արեւմտահայության ցեղասպանության առաջին դատապարտողներից է: Բայց ոչ ոք չի հարցրել, թե կաթոլիկ քահանան եւ Օսամանյան կայսրության ռազմական դաշնակից Գերմանիայի Գլխավոր շտաբի ռազմական հետախույզ Պաուլ Ռորբախն ու հայ բանաստեղծ, դաշնակցական ականավոր գործիչ Ավետիք Իսահակյանին ի՞նչ է միավորել, որ միասնաբար «Գերմանա-հայկական ընկերություն» են հիմնադրել: Եւ ինչու՞ ՀՅԴ-ն այդքան անհանդուրժողական է պատմական անցյալը գոնե մեր ներսում քննելու ցանկացած փորձի դեմ:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *