Նույն սցենարը նորից բերում են օրակարգ, դրա համար էլ ասացի՝ այդ մարդիկ ուշադրության կարիք ունեն, փորձում են իրենց կարևոր զգալ, դրա համար էլ նման բաներ են նախաձեռնում:
Ալխաս Ղազարյան
ՀՀ-ում իմփիչմենթի օրակարգ չկա, ուր մնաց թե լուրջ վերաբերվենք դրան, ուզում են իրենց անձի վրա ուշադրություն հրավիրել. Ալխաս Ղազարյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը
– Տիկի՛ն Ղազարյան, նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցով «Արթուն ենք» քաղաքացիական շարժման անդամները 107 պատգամավորի անունով նամակներ են փոխանցել խորհրդարան, ընդդիմությունից կոնկրետ քայլեր են ակնկալում Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի հարցով: Գործընթացը ինչպե՞ս եք գնահատում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը ո՞րն է:
– Առհասարակ, այս գործընթացները, որ ամեն գարուն-աշուն տեղի են ունենում՝ «Զարթիր, լաո»-ն, հիմա էլ՝ «Արթուն ենք»-ը, պարզվում է՝ քնած էլ չեն, ռեբրենդինգ են եղել: Բավականին անլուրջ պրոցես է, որի վերաբերյալ խմբակցությունը, բնականաբար, ոչ մի օրակարգային հարց չունի: Շատ անլուրջ է, այնքան որ ուզում են իրենց անձի վրա ուշադրություն հրավիրել, կարծում եմ, որ որևէ նման օրակարգ Հայաստանում չկա, ուր մնաց թե մենք էլ լուրջ վերաբերվենք դրան:
– Բացի իրենց անձերի վրա ուշադրություն հրավիրելուց, ինչպես ասում եք, ըստ ձեզ, նախաձեռնողներն այլ նպատակ չունե՞ն:
– Երբ նայում ենք, թե ովքեր են նախաձեռնել իմփիչմենթի գործընթացը, պարզ է դառնում, որ այդ մարդիկ անընդհատ ինչ-որ պրոցեսներ են փորձում գեներացնել, ուզում են իրենց այդպիսով կարևոր զգալ, բայց, կարծում եմ, անիմաստ: Արդեն ծիծաղելու էլ չէ, իրականում շատ անլուրջ քայլեր են, առհասարակ լուրջ չեմ վերաբերվում:
– Ձեր ընդդիմադիր գործընկերների դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի:
– Դա նրանց խնդիրն է, բայց այս մարդիկ ավելի շատ հենց նրանց են վատ վիճակի մեջ դնում, որովհետև չեմ կարծում, թե խորհրդարանական ընդդիմությունն էլ է լուրջ վերաբերվում այս գործընթացին: Ես վստահաբար կարող եմ ասել, որ ինձ համար շատ անլուրջ է այս պրոցեսը:
– Տիկի՛ն Ղազարյան, երբ Բագրատ Սրբազանի պայքարի շրջանակներում էլ նման գործընթացի մասին խոսվեց, ի վերջո այն կյանքի չկոչվեց, սկսեցին քննարկումներն առ այն, որ խորհրդարանական ընդդիմությունն է հենց ձեր քաղաքական ուժի՝ իշխանության մնալու միակ այսպես կոչված գրավականը: Համակարծի՞ք եք եղած դիտարկումներին, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ձեզ օգնում է, քան՝ խանգարում:
– Համակարծիք չեմ, բայց փաստն այն է, որ նրանց բոլոր նախաձեռնությունները հաջողությամբ չեն պսակվում, ու նրանց ամեն փորձ ձախողվում է: Ձեր հիշատակած Բագրատ Գալստանյանի նույն սցենարը նորից բերում են օրակարգ, դրա համար էլ ասացի՝ այդ մարդիկ ուշադրության կարիք ունեն, փորձում են իրենց կարևոր զգալ, դրա համար էլ նման բաներ են նախաձեռնում:
Իմփիչմենթի համար նրանք պետք է թեկնածու առաջարկեին, բայց ոչինչ չեն անում, իրականում շատ անլուրջ իրավիճակ է: Ընդդիմադիր գործընկերները թող մի հատ իրենց սկսած տարաձայնությունները հարթեն, որ սկսել են իրար դեմ աշխատել, որ 2026-ին կարողանան ավելի ուժեղ ընդդիմադիր երևալ ու արևի տակ իրենց տեղը զբաղեցնեն, հետո նոր խոսեն իմփիչմենթի մասին: Մարդիկ, որոնք այս նախաձեռնությունը սկսել են, միշտ վերջում պարզվում է՝ ինչ-որ մեկի հորդորով կամ առաջարկությամբ են դա անում: Այս դեպքում դեռ երկու անձ է երևում, բայց այդ երկուսն էլ այնքան անվստահելի են հանրության աչքին, որ իրենց սկսած պրոցեսին լուրջ վերաբերվելը անիմաստ է:
– Ընդդիմության ցանկացած նմանատիպ նախաձեռնություն չի հաջողվում, որովհետև հանրության մոտ նրանք վստահությո՞ւն չունեն, թե՞ հանրությունն իսկապես գոհ է ձեր քաղաքական թիմի պաշտոնավարման արդյունքներից կամ հետևանքներից, տիկի՛ն Ղազարյան:
– Ես կարող եմ ասել, որ հանրության կողմից գնահատականը կտրվի 2026-ին, բայց հանրությունն արդեն գնահատել է փաստը, որ Հայաստանում ընտրություններն իրականացվում են ազատ, արդար ու թափանցիկ, ու նման կերպով իշխանափոխություն անելը զուտ շոու է:
Փաստ է նաև, որ մինչև հիմա երևացող ընդդիմադիրները հանրային աջակցություն չունեն, դրա համար էլ նրանց որևէ նախաձեռնություն հաջողության չի հասնում: Հեղափոխությունից հետո իշխանություն կարող է ձևավորվել միայն ընտրությունների արդյունքում, իսկ հասարակությունն իր գնահատականը կտա 2026-ին:
Քրիստինե Աղաբեկյան
Աղբյուրը՝ MediaLab.am https://medialab.am/299065/
