Արցախ

«Գաղտնիք Ղարաբաղի»

Վերջին ձեւակերպումն այդ փաստաթղթի ամենավտանգավոր կետն է, բայց դժվար է ասել, թե ի՞նչ իրավիճակի հետ գործ կունենայինք, եթե Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը փորձեր հակադրվել կամ չհամաձայնվեր ռուս-ադրբեջանական միասնական պահանջին:

Վահրամ Աթանեսյան

Մաս 66

Սեպտեմբերի 17-ին Արցախի գյուղական բոլոր համայնքներում հայտարարվել է աշխարահազորայինների հավաք: Այդ կառույցի ստեղծման շուրջ տարածված տեսակետներին անդրադառնալն այս պահին նպատակահարմար չէ. Բաքվում ընթացող «դատավարության մեղադրյալներին» վերագրվում է նաեւ «ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու եւ Ադրբեջանի դեմ ագրեսիվ պատերազմի նախապատրաստվելու հանցավոր արարք», ուստի ճիշտ չէր լինի, եթե հրապարակվեր  նրա թվաքանակի, կառուցվածքի մասին որեւէ տեղեկություն: Փաստ է, որ ինքնապաշտպանական այդ կառույցն ստեղծվել եւ գործել է, մեկօրյա հակաահաբեկչական պատերազմում կանգնած է եղել խրամատներում եւ անուրանալի ավանդ է մուծել խաղաղ բնակավայրեր թշնամու հատուկ նշանակության ստորաբաժանումների սրընթաց ներխուժումը կանխելու, արդյունավետ դիմադրություն կազմակերպելու գործում:

Բուն մարտական գործողությունները տեւել են մինչեւ սեպտեմբերի 20-ի առավոտյան ժամերը: Թշնամին, ունենալով ոչ միայն թվաքանակի, այլեւ զինտեխնիկայի հսկայական առավելություն եւ գործի դնելով իր տրամադրության տակ առկա բոլոր սպառազինությունները, կարողացել է ճեղքել շփման գիծը, վերահսկողության տակ առնել հաղորդակցության ուղիների մեծ մասը: Սեպտեմբերի 20-ին, ինչպես իրազեկ աղբյուրներն են ասում, ռուսական զորախմբի հրամանատարարությունն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին է փոխանցել հայտարարության մի նախագիծ, որն, ըստ էության, անվերապահ կապիտուլյացիայի վերջնագիր էր:

Պահպանված տեսագրությունից երեւում է, որորոշում ընդունելու համար Սամվել Շահրամանյանը հրավիրել է ինչպես նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին, այնպես էլ խորհրդարանի քաղաքական ուժերի առաջնորդներին: Ստեղծված իրավիճակում որեւէ խորհրդակցություն արդեն անիմաստ էր. ադրբեջանական «կոմանդո» ջոկատներն արդեն Ստեփանակերտի արվարձաններում էին, եւ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությունը չէր կարող ներկայացված փաստաթուղթը մերժել:  Այն նախատեսում էր կրակի դադարեցում, ՊԲ կազմացրում եւ զինաթափում, ինչպես նաեւ «Լեռնային Ղարաբաղից Հայաստանի զինվածուժերի մնացորդների դուրս բերում»:

Վերջին ձեւակերպումն այդ փաստաթղթի ամենավտանգավոր կետն է, բայց դժվար է ասել, թե ի՞նչ իրավիճակի հետ գործ կունենայինք, եթե Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը փորձեր հակադրվել կամ չհամաձայնվեր ռուս-ադրբեջանական միասնական պահանջին: Օրվա երկրորդ կեսին Արցախի Ազգաին ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը եւ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը «բանակցությունների» են մեկնել Եվլախ:

Այդ ընթացքում ի՞նչ հարցեր են քննարկվել՝ արցախյան կողմի բանագնացները մանրամասնություններ չեն հայտնում: Վերջերս Դավիթ Մելքումյանն ասել է, որ հիմնականում հումանիտար բնույթի հարցեր են շոշափվել: Այլ աղբյուրների պնդմամբ՝ ադրբեջանական կողմը Եվլախում ներկայացրել է հինգ նախկին եւ գործողպաշտոնյայի անուն, որ պետք է կամավորներ կայանային եւ հանձնվեին: Ըստ Թաթուլ Հակոբյանի հրապարակման, Բաքուն պահանջել է Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Բաբայանին, Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին եւ ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանին: Որքանո՞վ է հավաստի այս տեղեկությունը, որ Թաթուլ Հակոբյանը հրապարակել է՝ կարելի է դատել այդ առթիվ Ստեփանակերտի ներկայացուցիչների լռությամբ:

Ըստ երեւույթին, Ադրբեջանն իրոք պահանջել է, որպեսզի նշված անձինք կամավոր հանձնվեն: Խնդիրն այն է, թե Եվլախում Դավիթ Մելքումյանը եւ Սերգեյ Մարտիրոսյանը քննարկե՞լ են Արցախի խաղաղ բնակչության տարհանման հարցը: Այսինքն, Ադրբեջանը հինգ անձանց կամավոր հանձնվելու դիմա՞ց է երաշխավորել, որ Լաչինի միջանցքը կբացի եւ խաղաղ բնակչությանն անվտանգ «տարհանվելու» հնարավորություն կտա, թե՞ Ստեփանակերտի ներկայացուցիչներն են մերժել Ադրբեջանի ենթակայությամբ ապրելու տարբերակը:

Վստահելի աղբյուրներն, ի դեպ, ասում են, որ Արցախի պատվիրակությունը Եվլախում ադրբեջանական կողմից բենզին է խնդրել, որպեսզի կազմակերպվի բնակչության տարհանումը: Այս տեղեկությունը Դավիթ Մելքումյանը եւ Սերգեյ Մարտիրոսյանը ոչ հաստատել են, ոչ՝ հերքել:  Փաստէ, որ սեպտեմբերի 20-ի օրվա երկրորդ կեսին ռուսական զորախմբի հրամանատարությունը Ստեփանակերտի օդանավակայանում ապաստանած հազարավոր խաղաղ մարդկանց արտաքսել է եւ հայտարարել, որ նրանց ապահովության համար ոչ մի պատասխանատվություն չեն կրում:

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *